դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Նաիմա Վիֆսթրանդ կամ Սիրի Նաիմա Մաթիլդա Վիֆսթրանդ (շվեդ.՝ Siri Naima Matilda Wifstrand, շվեդերեն արտասանություն: [ˈnâjma ˈvîːfstrand], սեպտեմբերի 4, 1890[1], Կունգսհոլմ, Շվեդիա[1] - հոկտեմբերի 23, 1968[1], Գուստավ Վազա, Շվեդիա[1]), շվեդ կինոդերասանուհի, օպերետային երգչուհի, տրուբադուր, ռեժիսոր և կոմպոզիտոր։ Միջազգայնորեն, նա առավել հռչակավոր է դարձել հասուն տարիներին Ինգմար Բերգմանի մի շարք ֆիլմերում խաղացած իր խիստ արտահայիչ երկրորդային դերերով[4]։
Նաիմա Վիֆսթրանդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1890[1] |
Ծննդավայր | Կունգսհոլմ, Շվեդիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1968[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Գուստավ Վազա, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[2][3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Սիրի Նաիմա Մաթիլդա Վիֆսթրանդը ծնվել է Ստոկհոլմում, 1890 թվականին։ Նրան մեծացրել է մայրը։ Նրա մանկությունն անցել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ֆլեմինգաթան փողոցում (շվեդ.՝ Fleminggatan)։ Վիֆսթրանդը երբևէ դերասանական կրթություն չի ստացել, բայց արվեստը կատարելապես ուսումնասիրել է այն ժամանակ, երբ նա 1905 թվականին միացավ Աննա Լունդբերգի թատերախմբին, որն այն ժամանակ հեղինակավոր և հարգված թատերական ընկերություն էր Շվեդիայում։ Նա նրանց հետ ճանապարհորդեց մի քանի տարի՝ հայտնվելով փոքր դերերում և օժանդակ տեսարաններում։ Այսպիսով նա ստացավ փոքր դերեր Հելսինկիի և Ստոկհոլմի թատրոններում։ Բայց այդ ժամանակ Վիֆսթրանդը չէր մտածում դերասան դառնալու մասին, փոխարենը նա ձգտում էր երգչուհի դառնալ։ Եվ որպես մեծագույն օպերետային երգչուհի էլ նա հայտնի դարձավ և 30 տարի շարունակ վայելում էր շատ հաջող աստղային կարիերան Շվեդիայում (որպես դերասանուհի նրա խոսքային դերերը եղել են դրանից շատ ժամանակ անց, երբ երգչուհու կարիերայից հետո, 1940-ական թվականներին նա աստիճանաբար հասավ դերասանական վարպետության, իսկ այնուհետև ճանաչում ստացավ որպես շվեդական բեմի և կինոյի երկրորդային դերեր կատարող լավագույն դերասանուհի)։
Վիֆսթրանդը երաժշտական ու երգեցողական կրթություն ստանալով Ստոկհոլմում, Շվեդիայի երաժշտական թագավորական ակադեմիայում, 1910 թվականին մեկնում է Լոնդոն և հետագա կրթությունը շարունակում Ռայմոնդ ֆոն զուր-Մյուհլենի (գերմ.՝ Raimund von zur-Mühlen) մոտ։ Ուսումնառությունից հետո նա Սկանդինավիայի ամենճանաչված երգչուհիներից մեկն էր։ 1913-1918 թվականներին նա աշխատել է Օսկարսթիեթերն (Oscarsteatern - Շվեդիայի օպերետայի և երաժշտության առաջատար բեմ) թատրոնում և երկար տարիներ շրջագայել է Շվեդիայում և Սկանդինավիայում։ Նրա մեծագույն շրջադարձը եղավ 1916 թվականին Կալմանի Չարդաշի թագուհին (Die Csárdásfürstin) օպերետում կոմսուհի Ստասիի դերը (սոպրանո)։ 1920-ական թվականներին նա աշխատել է հիմնականում Օսլոյի և Կոպենհագենի օպերաներում։ Երկար տարիներ նա ապրել է Լոնդոնում, որտեղ նա նաև հանդես է եկել միայնակ՝ իր կիթառով կատարելով տրուբադուրական երգեր։ Հետաքրքրականն այն, որ երբ Բրիտանիայում տեղի ունեցավ հեռուստատեսային հեռարձակման առաջին փորձերը, Վիֆսթրանդը դարձավ, այսպես ասած, առաջին «հեռուստաաստղերից» մեկը, քանի որ նա 1930-ական թվականներին հայտնվեց հեռուստատեսությունում և կատարեց մի շարք երգեր։
1937 թվականին շվեդ բեմադրիչ Պեր Լինդբերգը (Per Lindberg) դերասանուհուն տվեց Պեչումի կնոջ՝ Սելի Պեչումի (անգլ.՝ Celia Peachum) դերը Բրեխտի Երեք գրոշանոց օպերայում (շվեդ.՝ Tolvskillingsoperan), որը չափազանց հաջող բեմադրություն էր և շրջագայեց Ռիքսթիեթերնի (շվեդ.՝ Riksteatern - Շվեդիայի Ազգային պետական թատրոն) հետ։ Երբ Բերտոլդ Բրեխտը հետագայում հեռացավ Գերմանիայից՝ նացիստների պատճառով, նա առաջին անգամ տեղափոխվեց Շվեդիա, որտեղ նա մի որոշ ժամանակ ապրեց և գրեց Կուրաժ մայրիկը հատկապես Վիֆսթրանդի համար, բայց, ցավոք, անձամբ նա երբեք էլ չխաղաց այդ դերը, իսկ այն դարձավ Բրեխտի ամենահաջող պիեսներից մեկը։ Վիֆսթրանդը Շվեդիայում գտնվելու ընթացքում օգնել է Բրեխտին ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական բնակության վայրերով։
Նաիմա Վիֆսթրանդը 1940-ական թվականներին պլանավորում էր թողնել բեմական կարիերան` դիմելով ռեժիսորությանը, նախ` 1944-1946 թվականներին՝ Շվեդիայի Թագավորական օպերայում։ Այնուամենայնիվ, 1940-ական թվականներին շվեդական որոշ ֆիլմերում մի քանի հաջողակ օժանդակ դերերի շնորհիվ, որտեղ Նաիման զարմացրեց քննադատներին և ներկայացավ որպես զարմանալիորեն ուժեղ և խարիզմատիկ կերպարային դերասանուհի, Շվեդիայի մի շարք երիտասարդ բեմադրիչներ և կինոռեժիսորներ մոտեցան նրան և դերեր առաջարկեցին դրամատիկական ներկայացումներում։ Այս երիտասարդ ռեժիսորներից մեկը Ինգմար Բերգմանն էր։ Ավելի ուշ Վիֆսթանդը դարձավ ռեժիսորի խմբի ամենահուսալի և վաղեմի դերասաններից մեկը։ Մալմյոյի քաղաքային թատրոնում Բերգմանի գործունեության բոլոր լեգենդար տարիներին (1954-1961) Վիֆսթրանդը եղել է խմբի մասը։ Հետագայում Բերգմանը նրան դերեր տվեց նաև իր ամենահիշարժան սկզբնական ֆիլմերից մի քանիսում, ինչպիսիք են՝ Վայրի ելակ, Ամառային գիշերվա ժպիտներ և Կախարդը։ Դրանից բացի, 1962-1963 թվականներին Վիֆսթրանդն աշխատել է նաև Ստոկհոլմի նորաբաց քաղաքային թատրոնի թիմի հետ, իսկ Գյոթենբուրգի քաղաքային թատրոնում՝ 1964 թվականից։
Նաիմա Վիֆսթրանդն ամուսնացած է եղել կապիտան Էրլինգ Նիելսենի հետ 1921-1928 թվականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.