Յոզեֆ Մարկվարտ

From Wikipedia, the free encyclopedia

Յոզեֆ Մարկվարտ

Յոզեֆ Մարկվարտ (գերմ.՝ Josef Markwart, դեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2], Reichenbach am Heuberg[3] - փետրվարի 4, 1930(1930-02-04)[4][2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։

Արագ փաստեր Յոզեֆ ՄարկվարտJosef Markwart, Ծնվել է ...
Յոզեֆ Մարկվարտ
Josef Markwart
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2]
Reichenbach am Heuberg[3]
Մահացել էփետրվարի 4, 1930(1930-02-04)[4][2] (65 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Գործունեության ոլորտպատմություն[5] և արևելագիտություն[5]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան և Բոննի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][6] և հոլանդերեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Josef Markwart Վիքիպահեստում
Փակել

Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894 - 1900 թթ.-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900 - 1911 թթ.-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ, դասախոս, 1912 թ.-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս, որտեղ 1920 թ.-ին հիմնել է իրանական և հայկական բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։

Դոկտորի աստիճան է ստացել 1893 թ.-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ.թ.ա. V - IV դդ.) կորած երկի մասին գրած աշխատության համար։ Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ., 1901 թ.) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։

Մարկվարտի հայագիտական ավանդը

Հայագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա - Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։

Մարկվարտն ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։

Մարկվարտը և Հայկական հարցը

Մարկվարտը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ., 1914 թ.), քննադատել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.