Մոչե կամ մոչիկա, հին քաղաքակրթություն, որը զարգացում է ապրել մ․թ․ 100-700 թվականներին Պերուի հյուսիսում՝ ներկայիս Մոչե քաղաքի մոտակայքում։ Շատ գիտնականներ պնդում են, որ այս քաղաքակրթությունը ձևավորված չի եղել որպես մեկ միասնական կայսրություն կամ պետություն, եղել են իրարից անկախ ինքնավար պետական միավորներ, որոնք ունեցել են միանման մշակույթ և ճարտարապետություն, ինչպես երևում է առ այսօր գոյություն ունեցող պատկերագրերից և հուշարձաններից։
Պատմություն
Մոչիկա քաղաքակրթությունը հիմնված էր գյուղատնտեսության վրա։ Մեծ ներդրումներ էին կատարվում ջրանցքներ կառուցելու համար, որոնց ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակով։ Այս մշակույթը ուներ բավականին հարուստ կենսափորձ։ Նրանց թողած արտեֆակտներում արտացոլված է առօրյա կյանքը, պատկերված են ձկնորսության, որսորդության, կռվի, զոհաբերության և տարբեր արարողությունների դրվագներ։ Մոչե մշակույթը հայտնի է ջնարակված խեցեղենով, ոսկեգործական աշխատանքներով, հուշարձաններով և ոռոգման համակարգերով[1]։
Մոչե մշակույթի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝ վաղ շրջան (100–300 թթ․), միջին՝ (300–600 թթ․) և ուշ՝ (500–750 թթ․)[2]։
Պերուի հյուսիսում մ․թ․ա․ 200 թվականից մինչև մ․թ․ 200 թվականը իշխել է Սալինար մշակույթը։ Այն հաջորդել է Կուպիսնիկե մշակույթին և նախորդել է Մոչե մշակույթին։ Այս քաղաքակրթությունների թողած պատկերագրերի և խեցեգործության միջև կա որոշ զուգահեռականություն[3]։
Մոչե քաղաքակրթության տարածման շրջանը
Մոչե մշակույթը տարածված էր Պերուի հյուսիսային ափի մի քանի հարթավայրերում և զբաղեցնում էր մոտ 250 մղոն տարածք[4][5]։
Ուակա դել Սոլը Ռիո Մոչեում բրգաձև աղյուսե կառույց է։ Այն Պերուի նախակոլումբիական ամենամեծ հուշարձանն է, բայց այն 16-րդ դարում ավերել են իսպանացիները ոսկի փնտրելիս։ Մոտակայքում գտնվող Ուակա դե լա Լունան ավելի լավ է պահպանված։ Դրա ներսի պատերը զարդարված են բազմագույն որմնանկարներով, որոնք պարունակում են բարդ պատկերագրեր։ 1990-ականների սկզբներից այս վայրում սկսվել են հնագիտական պեղումներ։
Մոչիկա մշակույթի այլ հայտնի վայրեր են Սիպանը, Լոմա Նեգրան, Դոս Կաբեզասը, Պակատնամուն և այլն։ Վերջին 1300 տարիներին կողոպտիչները թալանել են աղյուսե ուակաները, կամ էլ դրանք ավերվել են բնական աղետներից։
Հյուսիսային և Հարավային Մոչե
Կան Մոչե քաղաքակրթության երկու հիմնական շրջաններ՝ հյուսիսային և հարավային, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձին պետական միավորը[6]։
Հարավային Մոչեն այս մշակույթի կենտրոնն է եղել։ Այն տարածված է եղել Չիկամա և Մոչե հարթավայրերում և առաջին անգամ հիշատակվել է Ռաֆայել Լարկո Հոյլի կողմից։ Ուակա դել Սոլ-ից մինչև Ուակա դե լա Լունա ընկած տարածքում հավանաբար եղել է մայրաքաղաքը։
Պիուրա քաղաքը կարճատև ժամանակով եղել է Մոչե քաղաքակրթության մաս, սակայն հետագայում անկախացել է։ Այս մշակույթի կենտրոններից շատերը եղել են անկախ և կառավարվել են տարբեր թագավորությունների կողմից, որոնք կապ են ունեցել միմյանց հետ։ Ժամանակ առ ժամանակ եղել է կենտրոնացված իշխանություն։
Պամպա Գրանդեն Մոչիկա քաղաքակրթության ամենամեծ վայրերից մեկն է եղել Այն զբաղեցրել է մոտ 400 հա տարածք։ Վայրը նախագծվել և կառուցվել է կարճ ժամանակում և ունի արարողակարգային մեծ համալիր։
Նյութական մշակույթ
Խեցեղեն
Մոչե մշակույթի խեցեղենը աշխարհում ամենաբազմազաններից մեկն է։ Ակնհայտ է, որ խեցեգործության մեջ օգտագործվել են կաղապարային տեխնոլոգիաներ, որոնց միջոցով իրականացվել է տարբեր ձևերի և չափերի խեցեղենի մասսայական արտադրություն։ Խեցեղենի վրա պատկերված են առօրյա կյանքից դրվագներ[7]։
Պերուի հյուսիսում գտնված խեցեղենում գունապնակը սահմանափակ է։ Այն ներառում է միայն սպիտակ և կարմիր գույները։ Խեցեղենը հիմնականում կավից է, դրա վրա առկա են մանրանկարներ։ Քանի որ կայսրության հարստության և բարգավաճման հիմքը հողագործությունն էր, խեցեղենի վրա պատկերված առօրյա կյանքի դրվագներից ամենաշատը հանդիպում են բերքի ոռոգման գործընթացը նկարագրող պատկերներ[8]։
Մանածագործություն
Մոչե ժողովուրդը կտորեղեն գործել է վիկունայի կամ էլ ալպակայի բրդից։ Մոչե ժողովրդի գործվածքներից և կտորեղենից շատ քչերն են պահպանվել, սակայն հայտնի է, որ նրանք բավականին լավ են տիրապետել այս արհեստին։
- Մոչե մշակույթի դիմանկարային նավ
- Հանգստացող եղջերու, Լարկո թանգարանի հավաքածու
- Ալպակայի բրդից գոբելեն (600–900թթ)
- Ոսկե ականջօղեր՝ զարդարված թանկարժեք քարերով
- Մոչե ժողովրդի զինվոր
- Կիսալուսնի ձև ունեցով զարդաքանդակ
Կրոն
Ծիսական ենթատեքստում և՛ պատկերագրերը, և՛ մարդկային կմախքների մնացորդները ցույց են տալիս, որ Մոչե մշակույթի կրոնական արարողություններում մեծ դեր է խաղացել մարդու զոհաբերությունը։ Այդ արարողության համար գոյություն ուներ հատուկ դաշույն, որը անվանվում էր տումի և ուներ կիսալուսնի ձև։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ծեսերի ժամանակ զոհաբերվողները այն մարդիկ էին, ովքեր պարտվում էին վերնախավի շրջանում կազմակերպվող մարտերում։ Մյուսներն այն կարծիքին են, որ զոհաբերվողները Մոչե ժողովրդի և այլ հասարակությունների միջև կռվի արդյունքում գերեվարված զինվորներն էին։ Մոչե քաղաքակրթության ուակա կոչվող հուշարձանների մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են խմբերով թաղված մարդկանց կմախքներ։ Կա վարկած, ըստ որի՝ մինչև զոհաբերելը մարդկանց տանջում էին մի քանի շաբաթ կամ էլ ուտում էին մաս-մաս[9]։ Մոչե մշակույթի պատկերագրերին բնորոշ է մի պատկեր, որը գիտնականներն անվանել են «գլխատիչ»։ Այն երբեմն ունի սարդի, երբեմն էլ որևէ թևավոր կենդանու կամ էլ ծովային հրեշի տեսք[10] Այս երեք հատկանիշները խորհրդանշում են հողը, ջուրը և օդը։ Երբ պատկերագրում բացի կենդանու գլխից առկա է նաև մարմինը, ապա նրա մի ձեռքում պատկերված է լինում դաշույն, իսկ մյուսում՝ կտրված գլուխ։
Անկում
Մոչե քաղաքակրթության քաղաքական կառուցվածքի անկման մասին կան մի քանի տեսություններ։ Որոշ գիտնականներ այն կապում են շրջակա միջավայրի փոփոխության հետ։ Անդերի սառցադաշտերի ուսումնասիրությունից երևում է, որ 536- 594 թվականներին այդ տարածքում տեղի են ունեցել կլիմայական փոփոխություններ, հավանաբար մի մեծ «Էլ-Նինյո» (կլիմայական երևույթ), որի արդյունքում սկսվել են ջրհեղեղներ և տեղատարափներ, որոնց էլ հաջորդել է երաշտը[11]։ Այս իրադարձությունները կարող էին պատճառ դառնալ Մոչե ժողովրդի կենսակերպի խաթարման համար, ինչն էլ իր հերթին թերահավատություն կառաջացներ կրոնի նկատմամբ, որը զոհաբերությունների դիմաց առաջարկում էր կյանքի համար բարենպաստ պայմաններ՝ լավ կլիմա և հարուստ բերք։
Կան այլ վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ կլիման չի եղել Մոչե քաղաքակրթության անկման պատճառը, քանի որ այն շարունակել է գոյություն ունենալ մինչև 650 թվականը։ Մոչե ժողովրդի՝ ավելի ուշ ժամանակաշրջանում հիմնադրած բնակավայրերին բնորոշ են բերդապատնեշները և պաշտպանական կառույցները։ Չնայած չկան վկայություններ այլ ժողովուրդների ներխուժման մասին, պաշտպանական ամրությունների առկայությունից երևում է, որ ժողովուրդը փորձել է պաշտպանվել ինչ-որ բանից։ Սա կարելի է բացատրել նրանով, որ կլիմայական փոփոխությունների պատճառով ռեսուրսները զգալի չափով պակասել են, և մարդիկ սկսել են կռվել դրանց համար, որի արդյունքում ստեղծվել է քաղաքական անկայուն իրավիճակ[12]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.