From Wikipedia, the free encyclopedia
Հեթումյաններ,հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։
Հեթումյաններ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Տիրույթներ | Լամբրոն բերդ |
Տիտղոսներ | Իշխան Հայոց Թագավոր |
Հիմնադիր | Օշին |
Մեծագույն ներկայացուցիչ | Հեթում Ա |
Հիմնում | 1073 |
Ավարտ | 1372 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապեռոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։
Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և 1175 թ.–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201 թ.–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։
1126 թ.–ին Կոստանդինը որդուն՝ Հեթում Ա–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լևոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սև լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապու հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։
«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը և ուրիշ մասունքներ Մէլքունը հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գևորգ վանքում» - 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։
Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական Կոստանդին Դ, որին հաջորդեց հորեղբորորդի Կոստանդին Ե։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 332)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.