From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրվում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում է ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։
Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում են ստացել ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)[6]։ Վերջին չորս գրքերը հաջորդաբար ռեկորդ են սահմանել` ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։
Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենտեզի, արկածային, դետեկտիվ, թրիլլեր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն համարվում է մանկական գրականություն։
Գրքի հրատարակությամբ սկզբում զբաղվել են Bloomsbury (Միացյալ թագավորություն) և Scholastic Press (ԱՄՆ) հրատարակչությունները, սակայն հետագայում գրքերը բազմիցս հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից ողջ աշխարհում։
Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures կինոընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին։ Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար։
Ստեղծագործության մեջ հանդիպում են էլֆեր, դիցաբանական մի շարք էակներ՝ միաեղջյուր, ցլեմարդ և այլն, սակայն հեղինակը հարստացրել է ստեղծագործությունը նոր էակներով, որոնց չեն հանդիպում և ոչ մի այլ դիցաբանական գրվածքում։
Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրվել է ավելի քան հինգ տարիների ընթացքում, հրապարակվել 1997 թվականին։ Հեղինակը խոստովանում է, որ նման արդյունք սպասել գրեթե անհնար է համարել, հատկապես, երբ երկու տարբեր հրատարակչություններից մեկն անմիջապես մերժել էր տպագրել գիրքը՝ համարելով այն անմիտ ստեղծագործություն։ Այնուամենայնիվ գիրքը հրատարակվել է մեկ այլ հրատարակչության կողմից ընդամենը 1000 տպաքանակով, որի մեծ մասը ուղարկվել են մանկական գրադարաններ։
Այնուհետև Ռոուլինգը հաջորդ գրքի ստեղծման համար գրանտ է ստացել Շոտլանդական The Scottish Art Council ընկերության կողմից, և արդեն 1998 թվականին պատրաստ էր հրապարակման երկրորդ գիրքը` «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»։
1999 և 2000 թվականներին լույս են տեսել հաջորդ երկու՝ «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը», «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքերը։ Այնուհետև երեք տարի շարունակ հեղինակը լռել է. Ռոուլինգը այդ ընթացքում չի աշխատել նոր գրքի վրա։ Հիմնական պատճառը ամուսնությունն էր, այնուհետև երկու երեխաների լույս աշխարհ գալը։ Որից հետո, 2003 թվականին լույս է տեսել «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գիրքը։ Իսկ հաջորդ՝ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գիրքը լույս է տեսել 2005 թվականին։ Վերջին՝ յոթերորդ գիրքը լույս է տեսել 2007 թվականի հուլիսին, որով էլ Ռոուլինգը եզրափակել է գրքաշարը։
Սակայն մինչ գիրքը կհայտնվեր գրախանութներում, ոմանց հաջողվել է առաջ ընկնել և տպագրել ստեղծագործությունը։ Պարզվել է, որ մի քանի հաքերների հաջողվել է ձեռք բերել գրքի թվային տարբերակը և հրատարակել այն նախքան պաշտոնապես կհայտարարվեր գրքի վաճառքի մասին։ Գրքի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մի քանի ժամում վաճառվել էր տասնյակ հազարավոր թվաքանակով գիրք, որոնք փաստորեն անօրինական էին։ Այսպիսով տասը տարի անց Ռոուլինգը հայտարարել է, որ այլևս չի լինելու մեկ այլ գիրք Հարրի Փոթերի մասին, սակայն ավելի ուշ լուրեր են տարածվել այն մասին, որ պատրաստվում է հրապարակվել գիրք, որում մանրամասն կներկայացվեն ստեղծագործությունում տեղ գտած բոլոր կերպարներն ու էակները։
1998 թվականին ամերիկյան հայտնի Worner Brosers կինոընկերությունը գնել է առաջին երկու գրքերի հիման վրա ֆիլմ նկարահանելու հեղինակային իրավունքը։
Ֆիլմի էկրանավորումն է'լ ավելի մեծ ճանաչում է բերել գրքի հեղինակին, իսկ ֆիլմը դարձել է ամենահաջողակ ֆիլմերից մեկը։ Ֆիլմի ողջ բյուջեն կազմել է 125 միլիոն ամերիկյան դոլլար, իսկ եկամուտը ավելի քան 970 մլն։ Առաջին ֆիլմը էկրան է բարձրացել 2001 թվականի նոյեմբերին, սակայն աշխատանքները սկսվել էին դրանից մեկուկես տարի առաջ։
Ֆիլմի ռեժիսոր է Քրիս Կոլուբոսը, ով բավական երկար ժամանակ փնտրում էր ֆիլմի գլխավոր հերոսին և ավելի քան 16 հազար թեկնածուներից ընտրել է Դենիել Ռեդկլիֆին, ում ծնողներն այդքան էլ կողմ չէին, որ իրենց միակ զավակը դերասանական կարիերա սկսի։ Սակայն պատահական հանդիպման ժամանակ Քրիս Կոլուբոսը անձամբ է առաջարկել Դենիելի ծնողներին երեխային կաստինգին ներկայացնել, ու նա անմիջապես ընտրվել է գլխավոր հերոսի դերում։ Այդ ուրախալի լուրը Դենիելին հայտնել են նրա տարեդարձի օրը, որը փոխելու էր նրա ողջ կյանքը։
Ֆիլմի նկարահանումները բավական դանդաղ են ընթացել, քանի որ երեխաները նկարահանման հարթակում են եղել ընդամենը չորս ժամ և հիմնական ժամանակը ծախսվել է փորձերի վրա։ Հաճախ ստիպված են եղել օրեր շարունակ աշխատել ընդամենը մեկ դրվագի նկարահանման համար։ Այսօր արդեն երիտասարդ դերասանները հիշում են, որ ամենաբարդը հենց առաջին ֆիլմն է եղել։ Նրանց համար այդ աշխարհը բացարձակ նոր էր և դժվար էր մտնել դերի մեջ։
Առաջին ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, Warner Bros. կինոընկերությունն անմիջապես ձեռնամուխ է եղել երկրորդ ֆիլմի նկարահանումների սկսվելուն, որից հետո գնե է մնացած բոլոր գրքերի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմաշարի վրա աշխատել են չորս հայտնի ռեժիսորներ՝ Քրիս Կոլուբոսը, Ալֆոնսո Կուարոնը, Մայքլ Նյուելը, և Դեյվիդ Յեյթսը։ Չնայած ռեժիսորների փոփոխությանը, հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չեն կատարվել։
Սա այն հիմնական պատճառներից մեկն է եղել, որ միլիոնավոր հանդիսատեսը ֆիլմի շարունակությանը մեծ անհամբերությամբ է սպասել, քանի որ նորից տեսնելու էր այն դերասաններին, ովքեր դարձել էին ֆիլմի կոլորիտային կերպարները։
Հաջորդ՝ «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմը էկրան է բարձրացել 2002 թվականին, իսկ 2004 թվականին՝ «Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորը», որի ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը։ Այս ֆիլմը կարելի է ասել ամենահետաքրքիրն է։ Գիրքը բավական շատ է ընթերցվել, սակայն մնացած այլ ֆիլմերի համեմատ այն ամենաքիչ հասույթ ունեցած ֆիլմն է՝ 795 միլիոն ( ֆիլմի բյուջեն կազմեց 130 մլն)։ Այս ստեղծագործությունը բեկումնային է, քանի որ այստեղ հանդիպում են նոր կերպարներ և հերոսներ։ Ռոուլինգը համարձակորեն նոր այնպիսի կերպաներ է ստեղծել, ինչպիսին են դեմենտորները, Կտցաթևը և այլն։ Հերոսները ստիպված են նորանոր փորձությունների միջով անցնել, անգամ ժամանակը ետ տալ։ Ավելին, Հարրին գտնում է իր կնքահորը (նրան մարմնավորում է հայտնի դերասան Գարի Օլդմանը), հայտնի է դառնում ծնողների սպանության իսկական մեղավորը և այլ մանրամասներ։
Դերասանական անձնակազմն աշխատել է գրեթե ամբողջ օրը։ Դենիելը նույնիսկ ազատ ժամանակ փորձել է հատուկ բարդ տեսարանների շարժումները և միայն բարդագույն ու էֆեկտներով հարուստ տեսարաններում են բեմահարթակը տրամադրել կասկադյորներին։ Մի խոսքով Ալֆոնսո Կուարոնից մեծ ջանք ու եռանդ է պահանջվել գրքի բոլոր մանրամասները 142 րոպեում տեղավորելու համար։ Հավանաբար դա միակ պատճառն է, որ ֆիլմում հայտնվել են մի քանի կիքսեր, որոնք չէին կարող վրիպել հանդիսատեսի աչքից։
Նշենք դրանցից մեկը. երբ դեմենտորները կանգնացնում են գնացքը, որով Հարրին ու իր ընկերներները ուղևորվում էին Հոգվարտս, օդի ջերմաստիճանն անմիջապես ընկնում է, անձրևի կաթիլները ապակու վրա բյուրեղների են վերածվում, սառույցի է վերածվում նաև սեղանի վրա դրված ապակյա շշով ջուրը, սակայն միայն երանգային փոփոխությամբ։ Բանն այն է, որ ջուրը սառչելիս և սառույցի վերածվելիս ընդարձակվում է, մեծանում է նրա ծավալը, իսկ այստեղ նման բան չի կատարվում։ Հավանաբար ռեժիսորը այնքան էր տարված իր աշխատանքով, որ մոռացել էր ջրի ամենակարևոր հատկություններից մեկի մասին։ Ինչևէ, ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել։
Հաջորդ ֆիլմը` «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» էկրան է բարձրացել 2005 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Նյուելը։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է գրքի հիման վրա և այստեղ կարելի է ոչ միայն նոր կերպարների հետ ծանոթանալ, այլև նորանոր արարածների հանդիպել։ Ֆիլմը հարուստ է հատուկ էֆեկտներով, գործողությունների արագ ու անսպասելի զարգացուներով և այն ավելի են գեղեցկացնում բազմաթիվ ու բազմապիսի ջրային չարքերն ու հսկա վիշապները, նորանոր բացահայտումներն ու հատկապես Վոլան դե Մորտի մարդկային կերպարանք ստանալը (չար ուժերի տիրակալին մարմնավորում է հայտնի օսկարակիր դերասան Ռեյֆ Ֆայնսը)։ Ֆիլմի բյուջեն 150 միլիոն դոլլար էր, սակայն հասույթը կազմեց մոտ 900 միլիոն դոլլար։
2007 թվականին լույս է տեսել վերջին գիրքը և նույն տարում հանդիսատեսին ներկայացվել է «Հարրի Փոթերը և Փյունիկ միաբանությունը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը, ում վստահվելու է հետագա բոլոր ֆիլմերի նկարահանումը։ Այստեղ ավելի ակնհայտ է չարի ու բարու սահմանագիծը։ Չար ուժերի տիրակալը իր բանակն է հավաքում, նրան օգնության են հասնում նախկին ընկերները, որոնք բանտարկված էին Ազկաբանում։ Ֆիլմի ավարտին սպանվում է Փոթերի միակ կախարդ ազգականը՝ Սիրիուս Բլեքը, որին սպանվում է կախարդ Բելատրիսան։ Հարրիին վերջապես պարզ է դառնում իր և Վոլան դե Մորտին վերաբերվող կախարդանքի մասին, սակայն հարցերն ավելի են շատանում։
Հաջորդ՝ ամենադրամատիկ և հետաքրքիր՝ «Հարրի Փոթերը և խառնարյուն արքայազնը» ֆիլմը հանդիսատեսի դատին է ներկայացվել 2009 թվականին։ Այն ամբողջովին տարբերվում է մնացած այլ ֆիլմերից։ Ռեժիսորը կրկին Դեյդիդ Յեյթն է։ Այստեղ արդեն ամեն ինչ ավելի ռեալ ու դրամատիկ է։ Սպանվում է ժամանակների ամենամեծ կախարդներից մեկը՝ Ալբուս Դամբլդորը, ով Հարրի Փոթերի անմիջական պաշտպանն էր։ Պարզ է դառնում կեղտոտ դավաճանության մասին։ Անսպասելի հարվածը գլխավոր հերոսին ստիպում է իր ընկերների հետ միասին հեռանալ դպրոցից և միայնակ պայքարել Չարի դեմ։ Այս ֆիլմն իր բյուջեով մյուսներից ամենածախսատարն է` 250 միլիոն դոլլար, սակայն բոլոր հույսերը արդարացվել են։ Ֆիլմի հասույթը կազմել է 950 միլիոն դոլլար և իհարկե հող նախապատրաստել ամենավերջին երկու ֆիլմի հաջողության համար։ 2010 թվականի աշնանը և 2011 թվականի ամռանն էկրան են բարձրացել վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան ընծաները» ֆիլմի համապատասխանաբար առաջին և երկրորդ մասերը։ Հանդիսատեսը մեծ անհամբերությամբ էր սպասում ֆիլմի վերջին, որն էլ եզրափակելու էր ամբողջ ստեղծագործությունը։ Ռոուլինգը գրքի ամենավերջում բացահայտում է բոլոր մանրամասները, ավելի դրամատիկ երանգ հաղորդելով ստեղծագործությանը։ Պարզվում է՝ Հարրին պետք է մահանա միայն նրա համար, որպեսզի Վոլան դե Մորտը ևս մահանա, քանի որ դեռ մանուկ ժամանակ, երբ Հարրիի ճակատին դաջվել էր կայծակի նմանությամբ սպին, Վոլան դե Մորտի հոգու մի մասնիկը թափանցել էր Հարրիի մեջ։ Նրանք պետք է մեռնեն միասին… Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, ամեն ինչ ավելի երջանիկ ավարտ է ունենում։ Վոլան դե Մորտը մահանում է սեփական կախարդանքից, այն փայտիկի միջոցով, որով Հարրիին պետք է սպաներ։ Երկու ֆիլմերի համար ընդհանուր բյուջեն կազմել է 250 միլիոն դոլլար, սակայն երկու ֆիլմերից հավաքված հասույթը կազմել է ավելի քան 2 միլիարդ 300 միլիոն դոլլար։
Ռոուլինգը բավական աշխատանք է տարել ուսուցողական և դաստիարակչական նշանակություն հաղորդելու համար։ Գրքում օգտագործվել են նումերոլոգիական ու մի շարք հնարքներ, սիմվոլիկաներ, մեծաթիվ հետաքրքիր մտքեր, որոնք դարձել են անգամ թևավոր խոսքեր և ասույթներ, իսկ այն, որ «Հարրի Փոթերը» միայն երեխաների համար չէ, ավելի ճիշտ մեծերի համար է, կասկած չկա։
Դեպքերը տեղի են ունենում Երկրի վրա` Մեծ Բրիտանիայում, 1990-ական թվանկաններին։ Ի տարբերություն իրական աշխարհից, այստեղ սովորական մարդկանց հետ ապրում են հրաշագործներ կամ կախարդներ (մագեր)։ Նրանք շատ քիչ են, Անգլիայում նրանք շուրջ երեք հազարն են։ Այնուամենայնիվ, անգլիացի հրաշագործներն ունեն իրենց սեփական կառավարությունը (Մագերի նախարարություն), դպրոցը, թերթը, բանկը, ռադիոն, փողը և այլն։
Սովորական մարդկանց հրաշագործներն անվանում են մագլներ (պաշտոնական անվանումը՝ ոչ կախարդական մարդ)։ Սովորական մարդիկ չգիտեն հրաշագործների գոյության մասին։ Այն մարդկանց ում թույլատրվում է իմանալ մոգերի գոյության մասին դրանք են հրաշագործի կինը (ամուսինը), մոտ բարեկամները, ինչպես նաև տվյալ երկրի բարձր պաշտոնյաները (օրինակ Մեծ Բրիտանիայում՝ վարչապետը, այլ երկրներում այլ պաշտոնյաներ)։
Ցանկացած հարաշագործ կախարդ ունի իր կախարդական փայտիկը, վերջինս ինքն է ընտրում իր տիրոջը։ Նա այդ կախարդական փայտիկով կարող է կախարդանքներ (մագիա) անել, սակայն մինչ կախարդանքներ անելը մագերը պետք է անցնեն երկար և արդյունավետ վերապատրաստում իրենց ուսուցիչների կողմից։ Սովորական մարդիկ զրկված են կախարդանքներ անելու շնորհից և չեն կարող դրանք սովորել։ Հրաշագործի կյանքը հագեցած է կախարդանքներով։ Կախարդանքի օգնությամբ հրաշագործը կարող է շատ ավելին անել՝ սկսած կորած իրը գտնելուց մինչև սպանություն։
Հարաշագործ կախարդները համոզված են, որ չեն կարող խաղաղ ապրել սովորական մարդկանց հետ։ Աշակերտ մագերին արգելված է կախադանք կիրառել դպրոցի սահմաններից դուրս, այլապես նրանք կարող են պատժվել։ Իսկ եթե այնուամենայնիվ հարկադրաբար ստիպված է եղել կախարդանքի դիմել, ապա Մագիայի նախարարությունը զբաղվում է ջնջելով մեղադրական հիշողությունները։ Այն հրաշագործը, ում նախնիները եղել են սովորական մարդիկ՝ մագլներ՝ նրանց անվանում են մագլածին (վիրավորական անվանում` կեղտարյուն)։ Եթե հրաշագործի նախնիներից որևէ մեկը եղել է մագլ՝ նրան կոչում են խառնարյուն։ Եթե հրաշագործի նախնիներից առնվազն մինչը երկրորդ սերունդը եղել է հրաշագործ, ապա նրանց անվանում են զտարյուն հրաշագործ։ Հետևաբար լինում են նաև ռասիզմի դեպքեր։ Ամենաուժեղ հրաշագործների որոշակի մասը կամ խառնարյուն է, կամ մագլածին։ Որոշ հրաշագործներ օժտված են նաև հազվադեպ հանդիպող ունակություններով։
Գրքում գլխավոր կերպարներն արտացոլում են մարդկային արժանիքներն ու հատկությունները։ Օրինակ Հարրին. նա մինչև 11 տարեկանը ոչինչ չգիտեր անգամ իր ծնողների մասին և չէր էլ կարող ենթադրել, որ ընդամենը մի քանի տարի անց միայն ինքը կկարողանա արժանի հարված հասցնել այն չար ուժերին, որոնք ցանկանում էին կործանել մի ողջ աշխարհ։ Ռոուլինգն առաջնային է համարել խարիզման և ոչ թե գիտելիքը։ Օրինակ, առաջին գրքում Սեվերուս Սնեյփը նսեմացնում է Փոթերին նրա համար միայն, որ վերջինս խոտաբույսերի տեսակների մասին տեղեկություններ չգիտի։ Սակայն Հարրին իսկական լիդեր էր, ընտրյալ, ում վիճակված էր մեծ գործեր իրականացնելու։
Ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Ալբուս Դամբլդորի կերպարը։ Այս հրաշագործ կախարդը լի է բարությամբ ու մեծ իմաստությամբ։ Ռոուլինգը չի էլ ցանկացել որևէ փոփոխություն մտցնել բարի հրաշագործ պապիկների կերպարի մեջ։ Նա ճերմակ մազերով է, երկար մորուքով, բարի ու միշտ խորհրդավոր ժպիտով, որ ասես ասում է՝ ես գիտեմ ավելին քո մասին, քան դու ինքդ։ Առաջին երկու ֆիլմերում Ալբուս Դամլդորի կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Ռիչարդ Հարրիսոնը, սակայն երկրորդ ֆիլմի նկարահանումների ավարտից քիչ անց նա վախճանվել է։ Հետագա բոլոր ֆիլմերում Ալբուս Դամլդորին մարմնավորում է Մայքլ Գեմբոնը։
Ողջ ստեղծագործության ամենահակասական ու ամենակենտրոնական կերպարներից մեկն է Սեվերուս Սնեյփը։ Այս հրաշագործ կախարդն, ում մարմնավորում է դերասան Ալան Ռիքմանը, ըստ մի շարք հարցումների, ամենասիրված և կարևոր հերոսն է։ Նրա խիստ ու միաժամանակ սառը հայացքից անհնար է հասկանալ որևէ բան։ Նա միշտ սև հագուստով է, ավելին, ժամանակին Վոլան դե Մորտի հանցակիցն է եղել։ Սակայն նա հավատարիմ է բարի ուժերին։ Նա տարիներ շարունակ օգնում է Դամբլդորին Չարի դեմ պայքարում, մնալով ստվերում։ Նա չի դավաճանում ամենավերջին պահին անգամ, երբ օգնում է Մալֆոյին սպանել Դամբլդորին, նա միայն իրականացնում է այն մեծ ծրագիրը, որի մի մասն էր Դամլդորի մահը։ Ստեղծագործության վերջում բացահայտվում է այն գաղտնիքը, թե ինչու էր նա միշտ Փոթերի հետ ավելի կոպիտ, քան մնացած աշակերտների հետ։ Հարրիի մեջ նա նրա հորն էր տեսնում, նրան ով ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ։ Այս դրամատիկ կերպարի խստության ու հպարտության ներքո Ռոուլինգը ներդրել է ամենազգացմունքային ու տառապած սիրտը։ Սնեյփը զոհվում է, սակայն մինչ այդ հասցնում է Հարրիին ասել ամեն ինչ։ Ի դեպ Ալան Ռիքմանը ստիպված էր մտնել իր իրական տարիքից մոտ 35 տարի ավելի փոքր կերպարի մեջ։
2011 թվականի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450 միլիոն գրքի օրինակ։ Կինոստուդիան բոլոր ֆիլմերի համար ծախսել է մոտ 1 միլիարդ 130 միլիոն ամերիկյան դոլար, իսկ 8 ֆիլմերից ստացված հասույթը կազմել է 7 միլիարդ 330 միլիոն դոլար։
Գիրքը թարգմանվել է 67 տարբեր լեզուներով, պահանջել է 10 տարվա աշխատանք, ստացել 9 ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակ, նկարահանումների ժամանակ նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ (կատուներ, բվեր, չղջիկներ, մկներ, առնետներ, շներ և այլն), ավելի քան 200 հմայախոսք, 300-ից ավելի նոր ու դիցաբանական էակներ, կատարվել է 5800 անգամ սպիի տեղադրում և գրիմ միայն Փոթերի համար, օգտագործվել 100 հազարից ավել տարբեր հագուստ և աքսեսուար դերասանական անձնակազմի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.