Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) առաջին խմբակները Բուլղարիայում ստեղծվել են 1894 թվականին։ Բուլղարիա եկած Գարեգին Խաժակի ջանքերով ՀՅԴ խմբակներ են կազմակերպվել Սլիվեն, Յամբոլ, Վառնա, Շումեն, Ռուսե քաղաքներում, ավելի ուշ՝ Պլովդիվում։ 1897 թ. Վառնայում հրավիրվել է Բալկաններում գործող դաշնակցական կազմակերպությունների առաջին շրջանային ժողովը, որն ընտրել է Կենտրոնական կոմիտե։ Բուլղարահայ դաշնակցականները կապ են հաստատել Բուլղարիայում գործող մակեդոնական ազգային-ազատագրական պայքարի ղեկավարների հետ և հիմնել «Հայ-մակեդոնական եղբայրություն» դաշինքը՝ ուղղված Օսմանյան կայսրության դեմ, Բուլղարիայի իշխանությունների թույլտվությամբ երկրում հիմնել են ռազմական դպրոց։ Այդ դպրոցի սաներից և կամավորներից է 1912 թ. կազմավորվել Հայկական վաշտը՝ Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Բուլղարիայի ՀՅԴ խմբակների շատ անդամներ անցել են Անդրկովկաս և համալրել հայ կամավորական ջոկատները։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն | |
---|---|
Տեսակ | Բուլղարիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1894 |
Երբ 1918 թվականին ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, Բուլղարիայում գործող դաշնակցականները հանդես են եկել «Օգնել հայրենիքին» կոչով, առաջ քաշել հայրենադարձության գաղափարը, սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից (1920 թ.) հետո հանրապետության նախկին ղեկավարներից և ՀՅԴ առաջնորդներից շատերը (Գարեգին Նժդեհ, Ռուբեն Դարբինյան, Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան և ուրիշներ) ապաստանել են Բուլղարիայում։
1920-ական թվականներին դաշնակցականները Բուլղարիայում հիմնել են հասարակական, մարզական, մշակութային կազմակերպություններ, կայուն դիրք գրավել համայնքի ղեկավար մարմիններում։ Բուլղարահայ համայնքում ծավալվել է նաև միջկուսակցական պայքար, որը հատկապես սրվել է 1920-1930-ական թվականներին։ Առաջին աշխարհամարտից հետո համայնքում ձևավորվել էր հնչակյաններից, ռամկավարներից և հայ կոմունիստներից բաղկացած «Ազգային բլոկ», որը ձգտում էր դուրս մղել դաշնակցականներին համայնքի քաղաքական կյանքից։ Դաշնակցականների դիրքերի թուլացմանը նպաստել են նաև ներքին հակասությունները։ 1937 թ. Գաեգին Նժդեհը և նրա կողմնակիցները անջատվել են ՀՅԴ հիմնական կառույցից և ստեղծել իրենց կազմակերպությունը, որն իր ազդեցությունն է տարածել բուլղարահայ հասարակական, մարզական-սկաուտական և մշակութային մի շարք միությունների վրա։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի կողմնակիցները կապ են հաստատել Բեռլինում հիմնված Հայ ազգային խորհուրդի հետ՝ հույս ունենալով, որ Գերմանիայի հաղթանակը Խորհրդային Միության դեմ հնարավոր կդարձնի Հայաստանի ազատագրումը կոմունիստական գերիշխանությունից։ Երբ պարզ է դարձել, որ հիտլերյան Գերմանիան պարտվելու է պատերազմում, Գարեգին Նժդեհի կողմնակիցների շարքերը ևս պառակտվել են։ 1944 թ., երբ Բուլղարիայում իշխանության գլուխ են անցել կոմունիստները, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվել է։ Բուլղարահայ դաշնակցականների ղեկավարներ Գարեգին Նժդեհը, Հովհաննես Դևեճյանը, Կ. Ղազարոսյանը, Օնիկ Փանիկյանը հանձնվել են Խորհրդային Միության դատական մարմիններին և դատապարտվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.