Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-թաթեր, Հարավային Կովկասի արևելյան շրջանները պատմականորեն բնակեցրած թաթախոս (այսինքն՝ իրանախոս) հայերի ենթախումբ։ Թաթերենը ուսումնասիրող գիտնականների մեծ մասը, ինչպիսիք են Բորիս Միլլերը և Իգրար Ալիևը, փաստում են, որ հայ-թաթերը էթնիկ հայեր են, որոնք թաթերենը ընդունել են որպես իրենց մայրենի լեզու[1]։ Դա բացատրվում է մի կողմից հայ-թաթերի ինքնանույնականացմամբ, որոնք Միլլերի ուսումնասիրության ընթացքում հայտարարել են, որ իրենք իրենց հայ են համարում, մյուս կողմից՝ իրենց բարբառի լեզվական որոշ առանձնահատկություններով[2]։
Հայ-թաթեր | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
անհայտ |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Թաթերեն և հայերեն | |||
Հավատք(ներ) | |||
Իսլամ և քրիստոնեություն |
Գերմանացի գիտնական Ադամ Օլեարիոսը 1637 թվականին պատմական Շիրվանով (ժամանակակից կենտրոնական Ադրբեջան) շրջագայել է և հիշատակել Շամախի քաղաքում հայերի համայնքի գոյության մասին, որը «ուներ իր սեփական լեզուն», բայց նաև «թյուրքերենով էր խոսում, ինչպես բոլոր մարդիկ Շիրվանում»[3]։ Հնագետ Վլադիմիր Սիսոևը, որը 1925 թվականին այցելել է Շամախի և նկարագրել միջնադարյան հայկական եկեղեցու ավերակները, հարցազրույցներ է կատարել տեղի բնակիչների հետ, որոնք Շամախիում և նրա շրջակայքում հայերի առաջին բնակավայրերը թվագրել են 16-րդ դարի վերջերով կամ 17-րդ դարի սկզբներով[4]։ Լեռնային Շիրվանը պատմականորեն խառը բնակեցված եղել է թաթերով և թյուրքախոսներով՝ առաջիններս աստիճանաբար ձուլվելով վերջիններիս։
Օլեարիուսը, Բակիխանովը և Միլլերը վկայում են Շիրվանի հայերի շրջանում ձուլման բարձր աստիճանի մասին․ նրանցից ոմանք ընդունել են իսլամը (դա շարունակվել է նաև 18-րդ դարում), իսկ մյուսներն ընդունել են թաթերենը՝ պահպանելով իրենց քրիստոնեությունը[4]։ 20-րդ դարասկզբին միայն երկու գյուղ է եղել, որտեղ շարունակել են ապրել թաթալեզու քրիստոնյա հայեր՝ Մատրասան և Քիլվարը։ Ինչ վերաբերում է հայ-թաթերի ծագմանը, ապա Միլլերը մեջբերում է Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանին, որը պնդում է, որ նրանցից առնվազն մի քանիսը 18-րդ դարում Արցախից տեղահանվածներ են եղել[2]։ Քիլվարի հայերը պնդում էին, որ իրենք ծագում են Եդեսիայի միջնադարյան գաղթականներից[5]։ Համեմատելով հարավային թաթերենը հայ-թաթական բարբառների հետ՝ Միլլերը հանգել է այն եզրակացության, որ Մատրասայի հայերը հնարավոր է առաջին վերաբնակներն են եղել Ապշերոն թերակղզուց, որտեղ պատմականորեն հաստատված է քրիստոնեական համայնքի առակայությունը։ Որոշ հայ-թաթեր (օրինակ՝ Գարաջալլուի բնակիչները), որոնք որպես մայրենի լեզու ընդունել էին թաթերենը, 18-րդ դարի վերջերին թյուրքախոս են դարձել[2]։
1796 թվականի Վալերիան Զուբովի ղեկավարած պարսկական արշավանքից հետո, Քիլվարի և Թալաբիի բնակիչների մեծ մասը և Գարաջալլուի որոշ բնակիչներ, ընդամենը 50 ընտանիք, որոշել են հեռանալ զորքերի հետ միասին և հիմնադրել Եդիսիա գյուղը (Եդեսիա քաղաքի պատվին, որտեղից, ինչպես կարծում էին, եկել էին իրենց նախնիները) Ռուսաստանի ժամանակակից Ստավրոպոլի երկրամասում[5]։ 1926 թվականին նրանք դեռևս թաթերենի լավ իմացություն ունեին և տեղացիների կողմից կոչվել են մալախանցիներ (թաթերեն «mal xan», այսինքն՝ Գուբայի խանության հպատակները)[2]։ Ըստ այլ աղբյուրների՝ Եդիսիայի հայերը Կիզլյարի արվարձաններում բնակվողների հետ միասին խոսել են թյուրքական բարբառով, որը նրանք անվանում էին «բիզիմջա» («մեր խոսվածք») և ընդունել էին դեռևս Շիրվանում[6][7][8]։
Մնացած հայ-թաթերը մինչև Արցախյան առաջին պատերազմի բռնկումն ապրել են Մատրասայում և Քիլվարում, ինչից հետո նրանք ստիպված եղան փախչել Հայաստան։ Ի սկզբանե Մատրասայի հայերը նախատեսում էին բնակչության փոխանակում կատարել Հայաստանում ադրբեջանցիների կողմից բնակեցված Շիդլի գյուղի բնակիչների հետ, սակայն Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով այդ գյուղն ավերվել է, ինչի հետևանքով այդ ծրագիրը անիրագործելի է դարձել։ 1989 թվականին նրանք միասին տեղափոխվել են Արագածոտնի մարզ, որտեղ հիմնել են Դպրեվանք գյուղը[9]։ Դեռևս կան 6000 հայ-թաթեր, որոնք բնակվում են Եդիսիայում[5]։
Մատրասայի և Քիլվարի հայ-թաթերը իրենց լեզուն անվանել են «պարսերեն» (պարսկերեն), մինչդեռ Հյուսիսային Կովկասում և Աստրախանում բնակվող հայ-թաթ գաղթականներն իրենց լեզուն անվանել են «գեղեցերեն» («գյուղական խոսվածք»)[6] և այն օգտագործել են իրենց համայնքում որպես ներխմբային լեզու[10]։ Ըստ հայ հետազոտող Արմեն Հակոբյանի՝ թաթերենը առաջին անգամ հիշատակվել է որպեսՇիրվանի որոշ հայերի մայրենի լեզուն 18-րդ դարում[11]։ Բորիս Միլլերը նրանց բարբառը նմանեցրել է մուսուլմանական թաթերենի կենտրոնական բարբառների հետ, որոնց հետ հայ-թաթերի բարբառը փոխադարձաբար հասկանալի էր՝ ի տարբերություն հրեա-թաթերի բարբառի։ Աբշերոն թերակղզու Բալախանու և Սուրախանու գյուղերի բնակիչները, որոնք խոսում են մուսուլմանական թաթերենի հարավային բարբառով, հայտնել են, որ հեշտությամբ են հասկանում հայ-թաթերի բարբառը[2]։
Բացի Քյոհնա Խաչմազից և Գարաջալլուի նախկին հայ համայնքից, որտեղ հայ բնակչությունը թյուրքախոս էր, հայ-թաթերը թաթերենով են շփվել հայ-թաթական այլ գյուղերի բնակիչների հետ։ Քիլվարի հայ-թաթերը հաճախ երկլեզու են եղել՝ խոսելով և թաթերենով, և ադրբեջաներենով։ Մինչև 1912 թվականն ադրբեջաներենով են շփվել հայալեզու հայերի հետ։ 20-րդ դարասկզբին պետական կրթության ներդրումը հանգեցրել է նրան, որ հայ-թաթերը սովորել են հայոց լեզու, որը, սակայն, օգտագործել են միայն դրսի հայերի հետ շփվելիս կամ որպես գրավոր լեզու։ Այդ գործընթացը սաստկացել Է խորհրդային տարիներին։ Արդեն 1980-ական թվականների վերջերին հայ-թաթերը ամբողջությամբ ընդունել էին հայերենը որպես մայրենի լեզու[2]։
Այսօր հայ-թաթական բարբառը գրեթե մեռած է համարվում. հայ-թաթերի մեծ մասը ներայումս խոսում են հայերեն կամ ռուսերեն։ 2002 թվականին Ռուսաստանում միայն 36 հայեր են խոսել թաթերեն որպես առաջին կամ երկրորդ լեզու[12]։ Հայաստանում թաթախոս հայերի ընդհանուր թիվն անհայտ է, սակայն նրանց թիվը հիսունից ավել է[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.