երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Մարտիրոսյան (անգլ.՝ Haig Mardirosian, 1947[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ, համերգային երգեհոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր, Տամպայի համալսարանի արվեստի և գրականության քոլեջի դեկան, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր։ Հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ամենանշանավոր բեմերում։ Ունի ավելի քան մեկ տասնյակ առևտրային ձայնագրություններ, որոնք ներառում են Բախի, Բրամսի, Լիստի, Պետր Էբենի և Ժան Լանգլեի երգեհոնային ստեղծագործությունների հայտնի կատարումները[2]։
Հայկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1947[1] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգեհոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Տամպայի համալսարան |
Haig Mardirosian Վիքիպահեստում |
1977 թվականին Հայկ Մարտիրոսյանը հրավիրվում է ելույթ ունենալու Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվող երգեհոնի միջազգային շաբաթին՝ դառնալով դրան մասնակցած առաջին ամերիկացին։ 1989 թվականին նա երկու ամերիկացիներից մեկն էր, որոնք ելույթ ունեցան խորհրդա-ամերիկյան երգեհոնային երաժշտության առաջին (և միակ) փառատոնում։ 1999 թվականին նրան շնորհվեց շվեյցարա-ամերիկյան մշակութային փոխանակման գործընկերային Ensemble Corund-ի դրամաշնորհ, որը հանգեցրեց ուսումնական և հյուրախաղային շրջագայության Շվեյցարիայում։ Ընդհանուր առմամբ նա տվել է ավելի քան 500 մենահամերգ իր կարիերայի ամենակարևոր վայրերում և ներկայացուցչական կազմակերպությունների հովանավորությամբ, այդ թվում՝ Ամերիկյան երգեհոնահարների գիլդիայի և Կանադայի երգեհոնահարների թագավորական քոլեջի հովանավորությամբ[2]։
Որպես կոմպոզիտոր, դիրիժոր և երգեհոնահար Մարտիրոսյանը հնչել է WDR-ով, BBC-ով, Բելգիայի ռադիոյով, «Ամերիկայի ձայնով», ABC-ով, Ազգային հանրային ռադիոյով և Ամերիկյան հանրային մեդիայով։ Դրանք ներառում են Հարվարդի համալսարանի հայտնի Բուշ-Ռայզինգեր թանգարանից արված կարևոր հեռարձակումները[2]։
Երգչախմբի, լարային և հարվածային գործիքների համար նրա նոր «Ռեքվիեմի» պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերին Վաշինգտոնում[3]։
Մարտիրոսյանը 25 տարի որպես քննադատ աշխատել է Fanfare Magazine-ում՝ ձայնագրությունների մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար ամսագրում, 26 տարի The American Organist-ում նա գրել է ձայնագրությունների, պարտիտուրների, գրքերի և նոր մեդիաների վերաբերյալ ակնարկներ։ Դրանց հրապարակումը նա շարունակում է իր ամսական խմբագրական սյունակում՝ Vox Humana-ում։ Նա նաև հոդվածներ է հրապարակել The Diapason-ում և The Journal of American Organbuilding-ում[2]։
1993 թվականին Մարտիրոսյանը մեկնել է Ստոկհոլմ՝ Շվեդական ինստիտուտի դրամաշնորհի հովանու ներքո ուսումնասիրելու և գրելու Օտտո Օլսոնի երաժշտության մասին։ Ընդհանուր առմամբ նա հրապարակել է ավելի քան 1900 հոդված։ Նա նաև ակտիվ է որպես խողովակային երգեհոնների նախագծման և կառուցման խորհրդատու[2]։
Հայկ Մարտիրոսյանը ձայնագրվել է Centaur Records-ի համար։ Ձայնագրությունները ներառում են Օռլանդ դե Լասուսի մոտետներով երկու մեսսաները, որտեղ Մարտիրոսյանը ղեկավարում է Համբարձման և Սուրբ Ագնեսի եկեղեցու երգչախումբը (Վաշինգտոն)։ Նա նաև ձայնագրել է երգեհոնային սյուիտների հավաքածու, չեխ կոմպոզիտոր Պետր Էբենի երաժշտությունը և Յոհան Սեբաստիան Բախի, Clavierübung-ի III մասը։ 2008 թվականի աշնանը նա կարիերայում երկրորդ անգամ ձայնագրել է Յոհաննես Բրամսի երգեհոնային ստեղծագործությունները[2]։
Հայկ Մարտիրոսյանը նախկինում եղել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի ակադեմիական հարցերով դեկանը և երաժշտության պրոֆեսոր, ինչպես նաև Համբարձման և Սուրբ Ագնեսի եկեղեցու (Վաշինգտոն ԿՇ) երգեհոնահար և խմբավար, որտեղ ղեկավարել է պրոֆեսիոնալ երգչախումբը, որը հայտնի է պատարագային երգացանկի գլուխգործոցների բարդ ու յուրահատուկ մեկնաբանություններով[2]։ 2016 թվականից Մարտիրոսյանը Տամպայի Սուրբ Անդրեաս եպիսկոպոսական եկեղեցու երգեհոնահարն է[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.