From Wikipedia, the free encyclopedia
«Հաղարջը» (ռուս.՝ «Крыжо́вник»), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը, որը հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» («Русская мысль») ամսագրում։ Պատմվածքը ներառված է «Փոքրիկ եռագրության» մեջ, որը բաղկացած էր «Պատյանով մարդը», «Հաղարջը», «Սիրո մասին» պատմվածքներից[2]։ Պատմվածքը մի մարդու մասին է, որը իր ամբողջ կյանքը կապում է նյութական գաղափարի հետ՝ երազելով ունենալ հաղարջի թփերով կալվածք։
Հաղարջը ռուս.՝ Крыжовник | |
---|---|
Հաղարջի թուփ | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1898 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1898 |
Թարգմանիչ | Վահե Միքայելյան[1] |
Առաջին անգամ «Հաղարջը» պատմվածքը տպագրվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի օգոստոսյան համարում։ «Հաղարջը» և «Սիրո մասին» պատմվածքները շարունակել են «Պատյանով մարդը» պատմվածքով սկսված «Փոքրիկ եռագրությունը», որը Չեխովը գրել է 1898 թվականին Մելիխովում։
Հայտնի իրավաբան Անատոլի Կոնին պատմել է Լև Տոլստոյին պետերբուրգցի պաշտոնյայի պատմությունը, որն իր ողջ խնայողությունները տվել էր ոսկե ասեղնագործություններով տոնական համազգեստ կարել տալու համար։ Կոստյումը կարում են, սակայն ոչ մի պարահանդես կամ ընդունելություն մոտական ժամանակներում չի նշմարվում։ Համազգեստը պահում են, իսկ աշնանը պարզվում է, որ նավթալինից ոսկեգույնը խամրել է։ Կես տարի անց չինովնիկը մահանում է, իսկ համազգեստը առաջին անգամ հագցնում են նրա դիակին։ «Հաղարջի» առաջին գաղափարը հիշեցնում է պետերբուրգցի պաշտոնյայի պատմությունը, որը Չեխովը կարող էր իմացած լինել հենց Կոնիից կամ էլ Տոլստոյի պատմելով։ Սակայն համազգեստի փոխարեն գլխավոր հերոսը երազում է հաղարջի թփերով կալվածքի մասին։
Չեխովի գրվածքներում «Հաղարջի» առաջին սևագրությունն ունի հետևյալ տեսքը.
Վերնագիր։ Х հաղարջը ծառայում է վարչությունում, սարսափելի ժլատ է, գումար է հավաքում։ Երազանք. ամուսնանալ, գնել կալվածք, կքնի արևի տակ... Ուտել սեփական շչին։ Անցել է 25, 40, 45 տարի։ Արդեն նա հրաժարվել է ամուսնությունից, երազում է կալվածքի մասին։ Վերջապես 60։ Կարդում է խոստումնալից, հրապուրիչ հայտարարություններ դեսյատինների, անտառակների, գետերի, լճակներ, ջրաղացների մասին։ Պաշտոնաթողություն։ Առևտրական միջնորդի միջոցով գնում է փոքր կալվածք լճի մետ։ Շրջում է իր այգում և զգում, որ ինչ-որ բան պակասում է։ Կանգ է առնում այն մտքի վրա, որ հաղարջներ չկան, ուղարկում է տնկարան։ Երկու-երեք տարի անց ստամոքսի քաղցկեղից հասնում է մահվան, նրան ափսեով հաղարջն են մատուցում։ Նա անտարբեր նայում է...[3] |
«Հաղարջը» բարձր են գնահատվել որոշ քննադատներ. Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն գտնում էր, որ այնտեղ շատ լավ մտքեր կան[4]։ Չեխովին ուղղված նամակում նա նշել է. «Չնայած մինչև մթագնում աշխատանքին ու նյարդային հևքին՝ հասցնում եմ կարդալ։ Հիմա փակել եմ գիրքը «Սիրո մասին» պատմվածքի վրա։ «Հաղարջը» լավն է։ Լավն է, որովհետև կա նաև քեզ հատուկ կոլորիտ, ինչպես ընդհանուր երանգով և ֆոնով, այնպես էլ լեզվով, և նաև այն պատճառով, որ շատ լավ մտքեր կան»։
Նատալյա Դուշինան հեղինակին գրել է. «Երբ ես կարդացի «Հաղարջը», ինձ համար սարսափելի էր և ցավում էի նրա համար, անսահման ափսոսում այդ աղքատ, միայնակ, տանջված մարդու հոգու համար։ «Սերը» ևս ես վերապրել եմ նրանց հետ, ովքեր այդքան հոգեհարազատ էին միմյանց, իսկ տեսքից պետք է օտար երևային։ Եվ ամենասարսափելին այն է, որ բոլոր դեպքերում պետք էր ապրել, ու կյանքը գնում էր իր սովորական ընթացքով և նույնիսկ բաժանումը վերապրել, և ստիպված էր ապրել, նույն պարապմունքներին գնալ, նույն մանրուքները, իսկ գիտակցությունը, որ չկա սիրելի մարդը, լցնում էր հոգին, և թվում էր՝ ապրել չի կարելի, այլ գոյատևել»։
Չեխովի կյանքի օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն և սերբախորվաթերեն։
Իվան Իվանիչը և Բուրկինը գնում են Միրոնոսիցկի գյուղի դաշտերով և որոշում են մտնել իրենց ծանոթ կալվածատեր Պավել Կոնստանտինովիչ Ալյոխինի մոտ, որի կալվածքը գտնվում էր Սոֆինո գյուղից ոչ հեռու։ Ալյոխինը՝ «մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, գիրուկ, երկար մազերով մի մարդ, որ ավելի շուտ պրոֆեսորի կամ նկարչի էր նման, քան թե կալվածատիրոջ», հյուրերին դիմավորում է ամբարի մոտ, որտեղ աղմկում էր քամհար մեքենան։ Նրա հագուստը կեղտոտ էր, իսկ դեմքը փոշուց սևացած էր։ Նա ուրախ էր հյուրերի համար և առաջարկում է նրանց գնալ լողանալու։ Լողանալով և փոխվելով՝ Իվան Իվանիչը, Բուրկինը և Ալյոխինը գնում են տուն, որտեղ մուրաբայով թեյ են խմում, ու Իվան Իվանիչը պատմում է իր եղբայր Նիկոլայ Իվանիչի պատմությունը։
Եղբայրների մանկությունն անցել էր հոր կալվածքում, որը սպայական աստիճանի հասնելով՝ թողել էր տոհմական ազնվականություն ու մի փոքրիկ կալվածք։ Նրա մահից հետո կալվածքը պարտքերի փոխարեն խլում են։ Նիկոլայը տասնինը տարեկանից աշխատում էր նահանգական հարկային պալատում և երազում էր իր համար գնել փոքրիկ կալվածք, ուրիշ ոչնչի մասին նա չէր կարողանում մտածել։ Ողջ ընթացքում նա պատկերացնում էր իր ապագա կալվածքը, որպես անպայման պետք է աճեին հաղարջներ։ Նիկոլայը փող էր կուտակում, թերսնվում էր, առանց սիրո ամուսնանում է մի պառավ, տգեղ այրի կնոջ հետ։ Կնոջը պահում է սովի մեջ, իսկ նրա փողերը իր անունով բանկում է դնում։ Կինը չի կարողանում տանել նման կյանքը և մահանում է, իսկ Նիկոլայն իր համար գնում է կալվածք, քսան հաղարջի թուփ է բերել տալիս, տնկում ու ապրում կալվածատիրոջ պես։ Երբ Իվան Իվանիչը այցելում է եղբորը, տհաճորեն զարմանում է, թե ինչպես է նա ծերացել, գիրացել ու փքվել։ Նա դարձել էր իսկական պարոն, շատ էր ուտում, դատ էր վարում հասարակության ու երկու գործարանների հետ։ Նիկոլայը եղբորը հաղարջ է հյուրասիրում, և նրա տեսքից երևում էր, որ գոհ է իր բախտից ու իրենից։
Այդ երջանիկ մարդուն նայելով՝ Իվան Իվանիչը «համակվում է մի ծանր, հուսահատության մոտեցող զգացումով»։ Կալվածքում անցկացրած ողջ գիշերվա ընթացքում նա մտածում է, թե ինչքան շատ մարդիկ են աշխարհում տառապում, գժվում, խմում, ինչքան երեխաներ են մահանում թերսնումից։ Եվ ինչքան այլ մարդիկ են ապրում «երջանիկ», «ցերեկն ուտում են, գիշերը քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում իրենց ննջեցյալներին»։ Նա մտածում է, որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան հետևը պետք է կանգնի «որևէ մեկը մուրճը ձեռքին» և թակոցով շարունակ հիշեցնի, որ կան դժբախտներ, որ կյանքը վաղ թե ուշ ցույց կտա նրան իր մագիլները, և «նրան ոչ ոք չի տեսնի ու չի լսի, ինչպես նա հիմա չի տեսնում ու չի լսում ուրիշներին»։ Իվան Իվանիչը, ավարտելով իր պատմությունը, ասում է, որ երջանկություն չկա, իսկ եթե կյանքն ունի իմաստ, ապա այդ իմաստն ու նպատակը բնավ էլ բախտավորության մեջ չէ, այլ մի ավելի բանական ու վեհ բանի՝ բարիք անելու մեջ։
Ոչ Բուրկինը, ոչ էլ Ալյոխինը գոհ չէին Իվան Իվանիչի պատմությունից։ Նրանց համար ձանձրալի էր լսել իր կալվածքի հաղարջներն ուտող պաշտոնյայի մասին պատմությունը։ Դրա փոխարեն նրանք երկուսն էլ հաճույքով կխոսեին շքեղ մարդկանց, տիկնանց մասին. այդ ամենի մասին նրանց հիշեցնում էր տան ողջ կահավորումը և հուշիկ քայլող սպասուհի գեղանի Պելագեյան։ Ալյոխինը խորամուխ չէր լինում Իվան Իվանիչի խոսքերում։ Նա չէր խոսում ոչ թե ձավարի, խոտի, ոչ թե կուպրի, այլ մի բանի մասին, որն ուղղակի չէր վերաբերում իր կյանքին, ուստիև ուրախ էր և ուզում էր, որ հյուրերը շարունակեն զրույցը։ Սակայն ուշ ժամ էր, և հյուրերը գնում են քնելու[5][6][7]։
«Հաղարջը» պատմվածքի հիման վրա 1967 թվականին նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմ։ Ռեժիսորներ՝ Լեոնիդ Պչյոլկին, Վսևոլոդ Պլատով, Լիդիա Իշիմբաևա։ Դերերում՝ Իվան Իվանովիչ՝ Ալեքսանդր Բորիսով, Նիկոլայ Իվանովիչ՝ Նիկոլայ Գրիցենկո, Պավել Կոնստատինովիչ՝ Յուրի Յակովլև, Բուրկին՝ Վսևոլոդ Պլատով։
2007 թվականին թողարկվել է ռեժիսոր Քրիսոֆեր Կոմտոնի ամերիկյան համանուն ֆիլմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.