Հակոբ Հովհաննիսյան (կենսաքիմիկոս)

հայ կենսաքիմիկոս, քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia

Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7 (19), 1875[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 22, 1941(1941-12-22)[1][2]), կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1925), ԵՊՀ ռեկտոր (1922-1930), ԵրԲԻ կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1930-1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Կենսագրություն

Ծնվել է Շուշիում։ Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում։ 1903 թվականին Հայդելբերգի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։ Վերադառնալով Շուշի՝ 1904-1907 թվականներին քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում։ Այնուհետև Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում զբաղվել է ֆիզիկական քիմիայի ու մանրէաբանության ուսումնասիրությամբ։

1907-1920 թվականներին Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբորատորիան։ 1917 թվականին ընդունվել է կոմկուսի շարքերը, դարձել եռանդուն քաղաքական գործիչ։ 1918 թվականին եղել է Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար։ 1920-1921 թվականներին աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921 թվականին՝ փոխադրվել Երևան և աշխատել ժողկոմխորհում։

1922-1930 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։ 1924 թվականին համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոն, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937 թվականին գործել է բժշկական ինստիտուտում։ 1925 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն։

Հովհաննիսյանի գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են C վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հեդվածների։ Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման և նույնիսկ ինստիտուտի ժամանակակից շենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են Հակոբ Հովհաննիսյանի անվան հետ։

Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր։

Բազմիցս եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և Հայաստանի Կենտգործկոմի անդամ։

Ստալինյան բռնարարքների զոհերից է։ Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին։ Վախճանվել է 1941 թվականի դեկտեմբերի 22-ին աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[3][4]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.