Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կուրտ Քոբեյնը ամերիկյան Nirvana գրանջ խմբի վոկալիստն է, որը 1994 թվականի ապրիլի 8-ին՝ մահվանից չորս օր անց գտնվել է մահացած իր Սիեթլի (Վաշինգտոն) տանը։ Համաձայն ոստիկանական զեկույցի, նա հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած, գետնի վրա ընկած և կրծքավանդակի հատվածում ատրճանակ դրված, իսկ քիչ հեռու նամակ է գտնվել։ Պաշտոնական տարբերակում ասվում է, որ Կուրտի մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն այդ թեմայի շուրջ բազմաթիվ տեսություններ են պտտվում, ամենահայտնիներից մեկը սպանության վարկածն է։
1994 թվականի սկզբին Կուրտ Քոբեյնի վերաբերմունքը իր կնոջ՝ Hole խմբի վոկալիստ Քորթնի Լավի և Nirvana-ի այլ անդամների հետ մեծապես վատացել էր։ Քոբեյնը տառապում էր հերոինի ծանր կախվածությունից։ Մի քանի անգամ բուժման կուրսեր անցնելուց հետո նա անընդհատ վերադառնում էր թմրադեղերի օգտագործմանը։ Դեյվ Գրոլը՝ Քոբեյնի կենսագիրը, Չարլզ Քրոսի հետ հարցազրույցում հիշում է․ «Նա շատ լուռ էր։ Խույս էր տալիս իր բոլոր հարաբերություններից, ոչ ոքի հետ չէր շփվում»[1]։ Քրիստ Նովոսելիչը (հիշելով նրանց՝ դիլերի մոտ համատեղ այցը, որից Քոբեյնը հերոին էր ձեռք բերում) ավելի կտրուկ է արտահայտվել՝ «Այն, ինչ նա ցանկանում էր, դա միչև գիտակցության կորուստը լավ ժամանակ անցկացնելն էր․․․ Մահանալ, ահա թե ինչ էր նա ուզում»[2]։ 1994 թվականի սկզբին Նիրվանային առաջարկել են մասնակցել Lollapalooza երաժշտական փառատոնին, սակայն նա մերժել է առաջարկը, որը Քորթնիի հետ կռիվների նոր ալիք է բարձրացրել։ Նա կարծում էր, որ պետք չէ նման հնարավորությունն բաց թողնել։ Այսպիսով Կուրտի հարաբերությունները մենեջերի հետ ավելի լարվեցին[3]։
1994 թվականի մարտի սկզբին Քոբեյնը, իր խմբի հետ շրջագայության մեջ գտնվելով, ստացավ բրոնխիտների և կոկորդի բորբոքում։ Ամսի երկուսին նա բուժման նպատակով Հռոմ ժամանեց, իսկ հաջորդ օրը նրան Քորթնի Լավն այցելեց։ Առավոտյան Լավը ամուսնուն ուշաթափված գտավ։ Երաժիշտն անմիջապես հիվանդանոց տեղափոխվեց և միայն հաջորդ օրը գիտակցության եկավ։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա մոտ ֆլունիտրազեպամի (անգլ.՝ Flunitrazepam) չարաշահում է, որը նա շամպայնով էր ընդունել։ Կուրտը ասում էր, որ դա պատահական չարաշահում էր, սակայն շատերը դա որպես առաջին ինքնասպանության փորձ են համարում։ Հինգ օր անց նրան դուրս են գրում, և ամուսինները վերադառնում են իրենց Սիեթլյան տուն։
Մարտի 18-ին Լավը ոստիկանություն է կանչում՝ հաղորդելով, որ իր ամուսինը զենքով փակվել է սենյակում է սպառնում է ինքնասպանություն գործել։ Երբ ոստիկանությունը ժամանեց, Քոբեյնն ասաց, որ չէր պատրաստվում ինքն իրեն սպանել, այլ ուղղակի ցանկանում էր «թաքնվել» Քորթնիից, որի հետ մեծ վեճի էր բռնվել։ Ոստիկանությունը մի քանի զենք (Քոբեյնը հրաձգությամբ էր հետաքրքրվում և զենքերի հավաքածու ուներ) և մի քանի անհայտ ծագմամբ դեղերի տարա առգրավեց։
Մարտի 25-ին Քորթնի Լավը Կուրտի ընկերներից և նրա ձայնագրման ստուդիայի աշխատակիցներից տասը հոգու կանչեց, որպեսզի նրան համոզեն թմրադեղերի կախվածությունից բուժվելու գնալ։ Դժգոհ Քոբեյնը եկածների հետ կտրուկ էր վերաբերվում, բողոքում և վիրավորում էր նրանց, սակայն, վերջիվերջո համաձայնվում է ռեաբիլիտացիայի կուրս անցնել։ Մարտի 30-ին նա ժամանում է Լոս Անջելեսի «Էքսոդուս» կլինիկան։ Կլինիկայի աշխատակիցները չէին կասկածում նրա հնարավոր դեպրեսիկ տրամադրվածության մասին։ Կուրտն արտաքնապես իրեն հանգիստ էր պահում և նույնիսկ ուրախ խաղում էր իր մեկուկես տարեկան դստեր՝ Ֆրենսիս Քոբեյնի հետ, երբ նրան բերել էին հորը տեսնելու։ Դա վերջին անգամն էր, երբ նա տեսնվում էր դստեր հետ. նույն գիշեր նա դուրս եկավ բակ՝ ծխելու և մագլցեց երկու մետրանոց ցանկապատի վրայով (նույնը օրը առավոտյան նա կատակեց, որ դա կարող էր «փախչելու հիմար ճանապարհ» լինել)։ Օգտվելով իր բանկային քարտից նա տոմս գնեց դեպի Սիեթլ։ Ինքնաթիռում պարզվեց, որ նրա հարևանը Guns N' Roses-ի բաս կիթառահար Դաֆ Մաքկագանն էր։ Չնայած Քոբեյնի անբարյացակամ վերաբերմունքին դեպի Guns N' Roses, նա, երևում էր, որ ուրախ էր Դաֆին տեսնել։ Նրանք քննարկում էին ընդհանուր ծանոթներին, Կուրտը խոստովանեց, որ հեռացել է կլինիկայից, Մաքկագանը, որը նույնպես ռեաբիլիտացիոն բուժում էր անցել, իր ըմբռնությունը արտահայտեց։ Քոբեյնը իրեն սիրալիր էր պահում, սակայն Մաքկագանը ավելի ուշ խոստովանեց, որ ինչ-որ բան նրա պահվացքում իրեն շփոթեցնում էր՝ «Բնազդս ինձ ասում էր, որ ինչ-որ բան այն չէր»[4]։
Հետագա օրերին Կուրտին նկատել էին Սիեթլի տարբեր վայրերում, սակայն ո՛չ Քորթնի Լավին, ո՛չ էլ խմբի նրա ընկերներին չէր հաջողվում պարզել նրա ճշգրիտ գտնվելու վայրը և նրա հետ կապի մեջ մտնել։ Քորթնի Լավը արգելափակել էր նրա բանկային քարտը, ասելով, որ այն գողացված է, որպեսզի սահմանափակի նրա տեղաշարժումը, և մասնավոր դետեկտիվ էր վարձել, որպեսզի օգնի հետևել և գտնել Քոբեյնին։
1994 թվականի ապրիլի 8-ին առավոտյան ժամը 8։30 Գարի Սմիթ անունով էլեկտրատեխնիկը Քոբեյնի տուն ժամանեց անվտանգության համակարգ տեղադրելու նպատակով։ Տունը գտնվում էր Սիեթլում՝ «171 Lake Washington Blvd East» հասցեում։ Սմիթը մի քանի անգամ տուն զանգահարեց, սակայն դուռը ոչ ոք չէր բացում։ Հետո նա տան մոտ գտնվող ավտոտնակում կայանված Վոլվո մակնիշի մեքենան նկատեց և որոշեց, որ տան տերերը ներսում են՝ ավտոտնակում կամ ջերմոցում, որը տեղակայված էր ավտոտնակի վերևում։ Սմիթը ստուգեց ավտոտնակը, այնուհետև աստիճաններով բարձրացավ ջերմոց։ Ջերմոցի ապակե դռան միջից Սմիթը մարմին նկատեց և ենթադրեց, որ ինչ-որ մեկը քնած է, սակայն ուշադիր նայելով՝ նա ձախ ականջի մոտ արյուն և զենք նկատեց, որը դրված էր մարմնի վրա։ Այսպես էլ հայտնաբերվեց Կուրտ Քոբեյնը։ Ժամը 8:45 Գարի Սմիթը զանգահարեց ոստիկանություն և տեղի ռադիոկայան։ Կուրտը հետմահու նամակ էր թողել՝ գրված կարմիր գրիչով։ Նամակում նա բողոքում էր, որ «արդեն վաղուց երգ լսելուց և գրելուց հաճույք չի ստանում», որից նա «չէր կարողանում գլուխ հանել»՝ խոստովանելով իր «մեղքի զգացումը»[5]։ Նամակը հասցեագրված էր իր մանկության երևակայական ընկերոջը՝ «Բոդդա»-ին։
Փորձաքննությունը ցույց տվեց, որ Քոբեյնը արդեն մի քանի օր է, ինչ մահացել էր, և մահվան ճշգրիտ ամսաթիվը ապրիլի 5-ն էր։ Երաժշտի արյան մեջ մեծ քանակությամբ հերոին էր հայտնաբերվել։ Ոստիկանական զեկույցում նշված էր, որ մահը վրա է հասել «գլխին հրազենային վնասվածք ստանալու» արդյունքում. մահվան պատճառը ինքնասպանությունն էր։ Չնայած դիրիժոր Դավիթ Վուդարդ Կոբեյնի համար Dreamachine էր կառուցել, այն լուրերն այն մասին, որ Կոբեյնը մեծապես օգտագործում էր սարքը իր ինքնասպանությանը նախորդող օրերին, հակասում էին ավելի ուշ զեկույցները[6]։
Ապրիլի 10-ին՝ «Seattle Center» մշակութային կենտրոնի այգում տեղի է ունեցել Քոբեյնի հանրային հոգեհանգիստը։ Արարողությանը միացված էր Նավոսելիչի, Գրոլի և Լավի՝ նախապես ձայնագրված ուղերձները, որտեղ Լավը ամուսնու՝ հետմահու նամակից որոշ հատվածներ էր կարդում։ Հոգեհանգստի վերջում Լավն անձամբ է ներկայացել։ Այրին շփվել է սգացող երկրպագուների հետ և մահացած ամուսնու հագուստի մի մասն է բաժանել[7]։ Հարազատների և մտերիմների համար մասնավոր հոգեհանգիստը տեղի է ունեցել նույն օրը՝ Միասնական Ճշմարտության Եկեղեցում (անգլ.՝ Unity Church of Truth)[8]։
Քոբեյնի մարմինը դիակիզվել է։ Քորթնի Լավը, որը բուդդիստ էր, փոշու մի մասը Իտակայում (Նյու Յորք) գտնվող Բուդդիստական Հետազոտությունների Նամջլ Համալսարանի Վանք (անգլ.՝ Namgyal Monastery Institute of Buddhist Studies) բերեց, որտեղ այն օրհնվեց և խառնվեց կավի հետ, որից ծիսական հուշարձան պատրաստվեց։ 1999 թվականի Հիշատակի Օրը, երաժշտի մոր՝ Վենդի Քոբեյնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Քոբեյնի հետ վերջնական հրաժեշտի արարողությունը։ Ներկա էին Վենդին, Քորթնի Լավը, Կուրտի հայրը՝ Դոնալդ Քոբեյնը, Կուրտի ընկերուհի և նախկին սիրելի Թրեյսի Մարանդերը և Ֆրենսիս Քոբեյնը, ինչպես նաև արարողությունը անցկացնող բուդդիստ վանականը։ Այն ժամանակ, երբ նա հիշատակի աղոթքներ էր կարդում, Ֆրենսիսը հոր դիակիզված փոշին շաղ էր տալիս Մակլեյն-Կրիկում (Օլիմպիա)[9], որտեղ Քոբեյնը պարբերաբար բնակվում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։
Քոբեյնի սպանության վարկածի մասին խոսել է ամերիկացի լրագրող Ռիչարդ Լին, որը երաժշտի մահվանից մեկ շաբաթ անց թողարկեց «Կուրտ Քոբեյնը սպանվել է» հաղորդումների շարքը։ Այնտեղ նա ներկայացնում է ոստիկանական զեկույցի մանրամասներ և անճշմարտանման տեսահոլովակներ[10]։
Ավելի ուշ սպանության վարկածին կողմնակից է դառնում 1993 թվականի ապրիլի 3-ին՝ Քոբեյնի՝ 1994 թվականի ապրիլի 1-ի կլինիկայի փախուստից հետո, Քորթնի Լավի (ով այդ ժամանակ Լոս Անջելեսում էր) կողմից վարձած մասնավոր դետեկտիվ Թոմ Գրանտը։ Քորթնին Թոմ Գրանտին վարձել էր Կուրտին որոնելու համար, որի գտնվելու վայրը 1994 թվականի ապրիլի 1-ից անհայտ էր (ռեաբիլիտացիոն կլինիկայից փախչելուց հետո), ինչպես նաև պարզել այն անձի ինքնությությունը, որը փորձել էր նրա մահվանից մի քանի օր առաջ օգտվել Կուրտի արգելափակված բանկային քարտից (ավելի ուշ Քորթնին Գրանտին խոստովանեց, որ ստել էր բանկային քարտի վերաբերյալ՝ փորձելով սահմանափակել ամուսնու տեղաշարժը, նա չեղարկել էր նրա բանկային քարտը՝ ասելով, որ այն գողացված է)։ Գրանտի խոսքերով, նրան այդ ենթադրությանը դրդեց Քորթնիի շփոթեցնող վկայությունները։ Ընթացքում Գրանտը, իր կարծիքով, հետաքրքիր փաստերի շարք սահմանեց։ Մասնավոր դետեկտիվը հաստատում էր, որ ինչ-որ մեկը ցանկանում էր ինքնսպանություն բեմադրել և այն բավականին համոզիչ կերպով ստացվել է։ Գրանտի կարևոր փաստարկներն դարձավ հետևյալ փաստերը՝
Քոբեյնի երկու ձեռքերի վրա հայտնաբերվել է ներարկման երկու հետք, արյան մեջ հերոինի դոզա, որը երեք անգամ բարձրացնում էր մահացությունը (1,52 մգ մեկ լիտր արյան մեջ)։ Բժշկական փորձաքննությունը հաստատում է, որ հերոինի մեկ մահացու դոզան մարդուն մի քանի վայրկյանների ընթացքում կոմայի մեջ է գցում կամ սպանում է մինչև այն պահը, երբ նա կհասցնի ներարկիչի ասեղը հանել երակից։ Այն մարդը, որի արյան մեջ երեք մահացու դոզա էր առկա, դժվար թե կաողանար ներարկիչը և դրա հետ կապված գործիքները հետ դներ տուփի մեջ, վերցնել զենքը և իր գլխին կրակեր (փորձաքննությունը հենց այսպես էր վերականգնել դեպքերի հաջորդականությունը)[10]։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ այն մարդիկ, որոնք երկար ժամանակ օպիատներ են չարաշահում, թմրանյութերի հանդեպ հանդուրժողականությունը ավելի է բարձրանում։ Այն հարցին, թե արդյոք Քոբեյնը այդքան «վարժվել» էր հերոինին, որ նշված դոզան ոչ միայն նրան չսպանեց, այլ նաև գիտակցության կորտսի չհանգեցրեց, հինգ դատաբժշկական փորձագետներից երկուսը՝ «Dateline NBC»-ին տված հարցազրույցում համոզված պատասխան են տվել, մնացածը ասել են, որ եղած տեղեկությունը բավարար չէ հստակ եզրակացություն անելու համար[11]։ Ինչպես նաև նշվում է, որ Քոբեյնի արյան մեջ հերոին պարնակվելու տեղեկությունը գալիս է բժշկական կամ ոստիկանական ոչ պաշտոնական աղբյուրներից (ըստ Վաշինգտոն նահանգի օրենքների, այդպիսի տեղեկությունը համարվում է գաղտնի), իսկ հիմնվում է այն ըստ «Seattle Post-Intelligencer»-ի հայտարարության վրա, որը կարող է սխալ կամ ոչ ճիշտ լինել։
Գրանտի կարծիքով, Քոբեյնի հետմահու նամակը, որը հետաքննության ընթացքում ինքնասպանության վարկածի մասին միակ փաստարկն է, կյանքից հեռանալու կոնկրետ մատնանշում չէր պարունակում։ Նամակը Կուրտի կնոջը և աղջկան հասցեագրված չէր, այլ գրված էր Քոբեյի երկրպագուների համար, որոնց ասում է այն մասին, որ հեռանում է երաժշտական բիզնեսից։ Վերջին տողերը՝ «Քորթնի, կանգ չառնես, հանուն Ֆրենսիսի, հանուն նրա կյանքի, որը առանց ինձ ավելի երջանիկ կլինի․ ես սիրում եմ ձեզ» ավելի սեղմված է գրված, քան ամբողջ նամակը, և ըստ մահվան հանգամանքի կողմնակիցների, այն ավելացվել է մեկ այլ մարդու կողմից։ «Dateline NBC»-ի նույն հաղորդման շրջանակներում հարցաքննվել է ձեռագրի չորս փորձագետ, սակայն նրանցից ոչ ոք չի հաստատել այդ վարկածը։ Նրանցից մեկը ասել է, որ նամակը ամբողջությամբ գրված է Կուրտ Քոբեյնի կողմից և դրա ձեռագիրը, ներառյալ վերջին տողերը, համընկնում է նրա նամակի հետ։ Մյուս երեքը պատասխանել են, որ եղած տեղեկությունը բավարար չէ հստակ եզրակացություն անելու համար։ Պետք է պարզաբանել, որ ամբողջ հետաքննությունը անցկացվել է ոչ իրական նամակի, այլ նրա պատճենի միջոցով[11]։
Զենքի վրա, որից Կուրտը իբրև թե իր գլխին է կրակել, ոչ այլ մարդկանց, ոչ էլ հենց Կուրտի «հստակ» մատնահետքերը չեն հայտնաբերվել։ Իր մահվանից կարճ ժամանակ առաջ Քոբեյնը սկսել էր բաժանման փաստաթղթերի ձևակերպումը, ըստ որի՝ Կուրտի մահվանից հետո Քորթնի Լավը նախկին ամուսնուց ստացած ժառանգությունը (որպես այրի) 30 միլիոնից նվազելու էր մինչև մեկ միլիոն դոլար (որպես նախկին կին)։
Գրանտը եկավ այն եզրակացության, որ սպանության պատվիրատուն Քորթնի Լավն է։ Նրա կյանքի վերջին ամիսների ընթացքում Լավի հարաբերությունները Քոբեյնի հետ գտնվում էին վտանգավոր վիճակում։ Դետեկտիվը կարծում էր, որ երգչուհին վախեցել էր հնարավոր բաժանումից և նախընտրել էր ազատվել ամուսնուց։
Գրանտին աջակցել է փաստագրական ռեժիսոր Նիկ Բրոմֆայելդը՝ «Կուրտ և Քորթնի» (1998) ֆիլմ-հետաքննության հեղինակը։ Ռոք երաժիշտ Էլթոն Հուկի հետ տեսահարցազրույցում, որը ներառված է ֆիլմում, սպանության մասին տեսության կողմնակիցներ հաճախ չեն հայտնվում, որպես ևս մեկ ապացույց այն մասին, որ Քոբեյնը սպանվել է, այլ ոչ ինքնասպանություն գործել։ Այդ ձայնագրությունում Էլթոնը հայտարարում է, որ Քորթնի Լավը 50 000 դոլար է առաջարկել իր ամուսնուն սպանելու համար, հայտնում է, որ գիտի, թե ում կողմից է սպանվել երաժիշտը, սակայն հանցագործի անունը չի բացահայտում։ Միայն մեկ անգամ ինչ-որ «Ալանի» անուն հիշատակեց, որից հետո ծիծաղեց և ասաց․ «Ես այնպես կանեմ, որ ՀԴԲ-ն բռնի՛ այդ տղային»։ Դրանից ընդամենը մի քանի օր անց Էլթոնը գնացքի անիվների տակ է ընկնում (որը, ըստ դավադրության տեսության կողմնակիցների, նույնպես շատ կասկածելի է)։ Միևնույն ժամանակ, շատերը քննադատորեն են վերաբերվել Էլթոնի ցուցմունքներին․ այդպես, լրագրող Էվերետ Տուրը, Քոբեյնին կյանքի ընթացքում լավ ճանաչելով, իր՝ «Նիրվանա․ Իրական պատմություն» գրքում գրում է, որ Էլթոնը այդ հոլովակում բացահայտ ծաղրում է հարցազրույցավարներին։ Ինքը՝ Բրոմֆայելդը, հարցազրույցում, որը արվել էր «Կուրտ և Քորթնի» ֆիլմի թողարկումից հետո, հայտարարել է, որ չի հավատում սպանության վարկածին՝ «Ես կարծում եմ, որ նա ինքնասպան է եղել․․․ սակայն Քորթին նրան դրդեց դրան»[12]։
1999 թվականին Յան Հալպերինը և Մաքս Ուոլլեսը «Ո՞վ է սպանել Կուրտ Քոբեյնին» անվամբ գիրք հրատարակեցին, որում սպանության մասին հետաքննություն են արել, ինչպես նաև Թոմ Գրանտից հարցազրույց են վերցրել։ Ի վերջո, նրանք եկան այն եզրահանգման, որ թեև դավադրության տեսության համար մեծակշիռ ապացույցներ չունեն, Քոբեյնի մահը շատ հարցերով է շրջապատված և մահվան մասին գործը այդքան արագ պետք չէր փակել[10]։ 2004 թվականին նրանք գրեցին երկրորդ՝ «Սեր և մահ․ Կուրտ Քոբեյնի սպանությունը» գիրքը, որում վերլուծական եզրակացություններով էին կիսվում[13]։
2014 թվականի մարտին Քոբեյնի մահվան տարելիցի նախօրեին Սիեթլի ոստիկանական բաժինը նրա մահվան հետ կապված լրացուցիչ նյութեր հրապարակեց[14], այդ թվում դեպքի վայրից ավելի քան երեսուն լուսանկար[15]։ Բացի այդ, կասեցման և չբացահայտված գործերի հետախույզ Մայք Չեսինսկիի կողմից երկրորդ քննություն է իրականացվել, որի ընթացքում ոստիկանական փաստաթղթեր և հաշվետվություններ, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնական և սիրողական հրապարակումներ և փաստագրական ֆիլմեր՝ նվիրված երաժշտի մահվանը, վերլուծվել են։ Երկրորդ քննությունը հաստատել է նախնական եզրակացությունը՝ ինքնասպանություն[16][17]։ Հետաքննության ընթացքում որոշ մանրամասներ պարզաբնվեցին, որը մասնավորապես վերաբերվում էին նրան, թե ինչպես է զենքը աշխատել։ Նաև տեղեկություն է տարածվել, որի համաձայն ապրիլի երկուսին տղամարդը, որին ոստիկանությունը նույնականացնում էր որպես Կուրտ Քոբեյն, տաքսիով դուրս է եկել Քոբեյնների տանից և զենքերի խանութ այցելել, որտեղից փամփուշտների փաթեթ է ձեռք բերել՝ բացատրելով, թե վերջերս թալանվել է և ցանկանում է ինքն իրեն պաշտպանել։ Նունպիսի (բացված) փամփուշտների փաթեթ ապրիլի 2-ի խանութի կտրոնով հայտնաբերվել է Քոբեյնի մարմնի մոտ[16]։ Ոստիկանությունը հաստատել է, որ նյութերի մի մասը (ներառյալ բժշկական փորձաքննությունը), ըստ Վաշինգտոն նահանգի օրենքների, չի կարող հրապարակվել՝ ապահովելով նման փաստաթղթերի գաղտնիությունը[16]։ Թոմ Գրանտը, որը այդ պահին պատրաստվում էր Քոբեյնի մահվան նվիրված փաստագրական ֆիլմի՝ «Soaked in Bleach»-ի թողարկմանը, Սիեթլի ոստիկանությանը «անհասու» անվանեց և ավելացրեց, որ «նրանք դեռ կփոշմանեն այդ հայտարարության համար[14]։ Ի պատասխան, Չեսինսկին կասկածի տակ դրեց Գրանտի պրոֆեսիոնալիզմը և նրա հետաքննության մեթոդները[14]։
Կուրտի հարազատներից և ընկերներից ոմանք կասկածում էին, որ նա ինքնասպանություն է գործել, ոմանք էլ այդ արարքի հետ կապված իրենց տարակուսանքն են արտահայտել։ Քոբեյնի վաղ տարիքի ընկեր Մարկ Լանեգանը «Rolling Stone»-ին տված հարցազրույցում խոստովանել է՝ «Ես երբեք չեմ ենթադրել, որ նա ինքնասպանություն կգործի։ Կարծում էի, որ նրա մոտ ուղղակի ծանր շրջան է։» Sonic Youth-ի բասիստ Քիմ Գորդոնը, որը կյանքի ընթացքում ճանաչում էր երաժշտին, 2005 թվականի հարցազրույցում նկատել է՝ «Ես նույնիսկ վստահ չեմ, որ նա ինքնասպանություն է գործել։ Նրա որոշ հարազատներ այդպես չեն կարծում․․․» և հարցին, թե նա կարծում է, թե արդյոք Քոբեյնը անծանոթների կողմից սպանվել, նա դրական է պատասխանել։ Խոսելով «հարազատների» մասին՝ Քիմը, հնարավոր է, նկատի ուներ Լիլանդա Քոբեյնին, որը բացահայտ հայտարարել է, որ, իր կարծիքով, իր թոռը ինքնասպանություն չի գործել, այլ մարդասպանների զոհ է դարձել։ Նույն հարցազրույցում Sonic Youth-ի հիմնադիր, Քիմ Գորդոնի ամուսին Թրսթոն Մուռը Քոբեյնի ինքնասպանության մասին նույնպես մի քանի խոսք է ասել․ «Նա մահացել է ծանր մահով․ դա միայն թմրանյութերի չարաշահում չէր, նա իրեն բռնությամբ և դաժանությամբ է սպանել։ Դա այնքան․․․ ագրեսիվ է, իսկ կյանքում նա ագրեսիվ չէր, նա խելացի էր, նա անսովոր խելք ուներ։ Այնպես որ, նրա արարքը կարելի է միայն այսպես բացատրել՝ ահա, քո մերը, ինչպիսի իրադարձություն։ Բայց դա ․․ դրա հետ մի բան այն չէ, դրա մեջ անբնական մի բան կա։ Դա այդքան էլ չի տեղավորվում այն շրջանակների մեջ, որի մասին մենք տեղյակ ենք[18]։
Իր հերթին Կուրտի հարազատներից և ծանոթներից շատերը, այդ թվում նրա մայրը՝ Վենդի Քոբեյնը, և խմբի նախկին ընկերները սպանությանը թերահավատորեն են վերաբերվում և համաձայնվում են պաշտոնական եզրակացության հետ կամ էլ հրաժարվում են ընդհանրապես այդ թեմայով մեկնաբանություննր թողնել։ «Today» ամսագրին տված հարցազրույցում Վենդին ասել է․ «Քոբեյնի ինքնասպանությունը պատահական չէր։ Նա մանրամասնորեն մտածել էր իր քայլը և դրա իրականացման մեթոդիկան։ Վերջին երկու տարիները ես ապրում էի այն համոզմամբ, որ նա շուտով մահանալու է»[19]։ Այնտեղ էլ նա նշեց, որ, իր կարծիքով, «Հռոմում տեղի ունեցածը եղել է․ ․․ [նրա] կյանքից հեռանալու առաջին փորձը»՝ «Ես միանգամից հասկացա, որ նրա այդ ուրախ „վերականգնումը“ ոչ այլ ինչ էր, քան ծաղրական բեմադրություն։ Նա արդեն մեկ ոտքով գերեզմանի մեջ էր կանգնած»։ Կուրտի զարմուհի Բևերլին, որ մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ էր, հատկապես ընդգծել է այն փաստը, որ Քոբեյնների ընտանիքում սրանից առաջ մի քանի անգամ ինքնասպանության և հոգեկան հիվանդության դեպքեր են հանդիպել (մասնավորապես այն, որ նրա երկու հորեղբայրները ինքնասպանություն են գործել), իսկ Կուրտի մոտ երկբևեռ աֆեկտիվ խանգարում էր ախտորոշվել (հիվանդություն, որը պայմանավորված է կլինիկական դեպրեսիայով և տրամադրության անկմամբ, որը կարող է արտահայտվել ցասման շրջանում, էյֆորիայի, բարձր եռանդունությամբ, բարձր գրգռականությամբ, ցրվածությամբ և ավելորդ ինքնավստահությամբ)[20]։ Իր հայտնի զարմիկի մահից հետո նրան լրջորեն հետաքրքրեց ինքնասպանության թեման և դրա պատճառները և իրեն նվիրեց դեռահասների շրջանում ինքնասպանությունը կանխելու աշխատանքին՝ թողարկելով, ի թիվս այլ բաների, When Nothing Matters Anymore: A Survival Guide for Depressed Teens («Երբ արդեն ոչինչ նշանակություն չունի․ գոյատևման ձեռնարկ դեպրեսիվ դեռահասների համար») անվամբ գիրքը[21]։ Դեյվ Գրոլը նշել է, որ միշտ զգացել է, որ Կուրտին կոչված էր երիտասարդ մահանալ[22]։ Լրագրող և երաժիշտ Էվերենտտ Թրուն, որ քննադատորեն էր վերաբերվում «սպանության» շշուկներին, և որ Քոբեյնին և Քորթնի Լավին լավ էր ճանաչում, իր գրքում մեջբերում է Կուրտի ծանոթներից ևս մեկի՝ Ռենե Նավարրետեի մասին․ «Ավելի ուշ, մի տղա եղբորս միջոցով գտել էր ինձ և պատմել էր դավադրության տեսության մասին, նրա մասին, որ Կուրտին սպանել են։ Դա ծիծաղելի է։ Կուրտը ինքն է մի քանի անգամ ինձ ասել, որ, եթե պատրաստվի ինքնասպանություն գործել, ապա միայն այդպես, այդ կերպ։ Մենք կատակեցինք դրա շուրջ։ Կատակում էինք, թե որքան թմրանյութ է պետք օգտագործել, որ մարդ կարողանա գլխին զենք մոտեցնել, և այդպես էլ տեղի ունեցավ։ Այսպիսի հումոր ունեինք, մենք երեխայի պես զվարճանում էինք մարդկանց վրա»[23]։ Նիրվանայի մենեջեր Դեննի Գոլբերտը նույնպես կտրուկ է վերաբերվում սպանության վարկածին. իր՝ Dispatches From The Culture Wars: How The Left Lost Teen Spirit գրքում նա նշում է «հիմար ինտերնետային շշուկներ»-ի մասին, իբր «Քոբեյնը ինքնասպանություն չի գործել, այլ սպանվել է» և խոստովանում է, որ երաժշտի մահվան մասին մտքերը նրան դեռ ցավ են պատճառում[24]։ Կուրտի ընկեր, Earth դրոուն մետալ խմբի առաջնորդ Դիլան Կարլսոնը նույնպես սպանության վարկածին և Թոմ Գրանտին շատ կտրուկ արձագանքեց. «Կատարյալ ապուշ ... Ամբողջովին տհաս մարդ։ Ես նրա հետ եղել եմ այն երեք օրերի ընթացքում, ինչ նա այստեղ էր։ Ամբողջովին տհաս։ Նա սեփական հետույքը առանց քարտեզի չի գտնի»։ «Կուրտ և Քորթնի» ֆիլմում նա նշել է, որ «անձամբ կսպաներ» Քորթնիին կամ Կուրտի շրջապատից որևէ մեկին, եթե կարծեր, որ նրանք նրա մահվան մեջ ներգրավված են։
Wipers ազդեցիկ փանկ ռոք խմբի լիդեր Գրեգ Սեյջը, որ Կուրտի կուռքերից մեկն էր և ճանաչում էր նրան, իր հարցազրույցներից մեկում այսպես է մեկնաբանել Քոբեյնի մահը․
Ես այստեղ չեմ ուզում տեսաբանել և ինչ-որ ենթադրություններ անել, ես միայն գիտեմ այն, ինչ նա անձամբ է ինձ ասել՝ նա ընդհանրապես գոհ չէր իր վիճակից։ Կարծում եմ, որ հաջողությունը նրա համար ինչ-որ աղյուսե պատի էր նման։ Այս ամենին վերջ տալուց բացի նա այլ ելք չուներ․ նրա համար այս ամենը կեղծ էր, սակայն նա շատ անկեղծ մարդ է եղել, նրա մեջ ընդհանրապես կեղծիք չկար։ Այն օրը, նրա մահվանից մոտավորապես երկու շաբաթ առաջ, նա պատրաստվում էր գալ այստեղ, որպեսզի Լեդբելիից մի քանի քավեր ձայնագրեր։ Սակայն դա գաղտնի էր պահվում, քանի որ նրան հաստատ թույլ չէին տա։ Եվ մտածեք՝ նա այդ ժամանակ մի արդյունաբերության մեջ էր, որտեղ խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների մասին, և եթե այնտեղ պարզեին, որ նա ցանկանում է հեռանալ [բեմից], նրանք կյանքում թույլ չէին տա նրան դա անել, քանի որ, եթե նա ուղղակի հեռանար բեմից, նա ամբողջապես մոռացված կլիներ․ սակայն, եթե նա մահանար, ապա անմահ կդառնար[25]։.
Բնօրինակ տեքստ (անգլ.)Well, I can’t really speculate other than what he said to me, which was, he wasn’t at all happy about it, success to him seemed like, I think, a brick wall. There was nowhere else to go but down, it was too artificial for him, and he wasn’t an artificial person at all. He was actually, two weeks after he died, he was supposed to come here and he wanted to record a bunch of Leadbelly covers. It was kind of in secret, because, I mean, people would definitely not allow him to do that. You also have to wonder, he was a billion-dollar industry at the time, and if the industry had any idea at all of him wishing or wanting to get out, they couldn’t have allowed that, you know, in life, because if he was just to get out of the scene, he’d be totally forgotten, but if he was to die, he’d be immortalized.
Իսկ R.E.M. խմբի վոկալիստ Մայքլ Ստայպը հիշում է․
Ես հեռախոսով զրուցում էի նրա հետ՝ հուսահատորեն փորձելով նրան հանել այդ վիճակից։ Ամենաանկեղծ եղանակով, ինչպես մեծ եղբայր, Աստված իմ, ատում եմ այդ արտահայտությունը, փորձում էի նրան համոզել, որ կատարվածը սրտին մոտիկ չընդունի, որ նա դուրս կգա այս իրավիճակից։ Եթե Murmur-ը [R.E.M.-ի առաջին ալբոմը] վաճառվեր հինգ միլիոն օրինակով, մեզնից [խմբի անդամներից] ոչ ոք ողջ չէր մնա։ Ես իրոք այդպես եմ կարծում։ Ես կմահանայի, երբ մետակվալոնը արյանս մեջ լիներ։ Մետակվալոնի և «Jack Daniel’s»-ի մեծ չափաբաժնով կմահանայի[26]։.
Բնօրինակ տեքստ (անգլ.)That was me on the phone to him, desperately trying to get him out of the frame of mind he was in... In the most big-brotherly way -- God, I hate that term -- in the most genuine way, I wanted him to know that he didn't need to pay attention to all this, that he was going to make it through. If R.E.M. had sold 5 million copies of "Murmur," none of us would be alive to tell the tale. I really believe that. I'd have died with Quaaludes in my blood and a lot of Jack Daniels.
Քոբեյնի պապը՝ Լիլանդ Քոբեյնը, հրապարակավ հայտարարել է, որ Քոբեյնին համարում է սպանված, այլ ոչ թե ինքնասպանության գործած[27]։
ԶԼՄ-ներում և համացանցում պտտվող հետաքրքիր տեսությունը ասում է, որ Կուրտ Քոբեյնի ինքնասպանությունը կապված է երազի մեքենայի (անգլ.՝ The Dreamachine) հետ (ստրոբոսկոպ սարք, որը կարող է հալյուցինացիա առաջացնել), որը, իբր, հայտնաբերվել է այն տանը, որտեղ մահացել է Քոբեյնը[28]։ Իր մահվանից որոշ ժամանակ առաջ նա «ձգտում էր օգտագործել սարքը և ամենուր իր հետ էր տանում»[29]։ Հաղորդվում է, որ սեանսերից մեկի ժամանակ Քոբեյնը ձայն է լսել, որը նրան հրամայել է «մեկուսանալ», և նա ենթարկվել է։ Այնուամենայնիվ, առաջին լուրը, որ Քոբեյնի մահը կապված է երազի մեքենայի հետ, զգալի ժամանակ հետո է տարածվել և կասկածելի աղբյուրներից է գալիս․ ամեն ինչ ցույց է տալիս այն, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքային լեգենդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.