From Wikipedia, the free encyclopedia
Հանգըլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը[1]։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին)[2][3], չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։
Հանգըլ | |
---|---|
Տեսակ | phonemic transcription?, phonetic writing system?, featural writing system?, alphabetic writing system?, վանկային գիր, արհեստական գրային համակարգ և միատառ այբուբեն |
Լեզուներ | կորեերեն |
Ստեղծման վայր | Կորեական թերակղզի |
Կազմված է | 51 նշան |
Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակաշրջան | 1446 թվականից |
Ստեղծվել է | 1446 թվական |
Հեղինակ | մի խումբ գիտնականներ Սեջոնգ Մեծի ղեկավարությամբ |
Կարգավիճակ | գործող |
ISO 15924 | Hang |
Hangul Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Այժմ հանգըլը Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի պաշտոնական գրային համակարգն է։ Այն նաև համապաշտոնական գիր է Յանբյան-Կորեական ինքնավար շրջանում և Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում։ Այն նաև օգտագործվում է գրելու համար Չիա-Չիա լեզուն, որով խոսում են Ինդոնեզիայի Բաու-Բաու քաղաքում։
Այբուբենը բաղկացած է 19 բաղաձայններից և 21 ձայնավորներից։ Ի տարբերություն լատիներենի այբուբենի, որի տառերը գրվում են հաջորդականորեն, Հանգըլի տառերը խմբավորվում են վանկային կաղապարների մեջ։ Օրինակ՝ կորեերեն «մեղու» բառը գրվում է «꿀벌», այլ ոչ «ㄲㅜㄹㅂㅓㄹ»[4]։ Քանի որ հանգըլի մեջ միավորվում են այբբենական և վանկային գրային համակարգերի հատկանիշները, այն երբեմն բնութագրվում է որպես «այբբենական-վանկային գիր»[5][6]։ Ինչպես ավանդական ճապոներեն և չինարեն գրություններում, հանգըլում տեքստերը պատմականորեն գրվել են վերևից ներքև, աջից ձախ, և այսօր էլ ոճական նպատակներով կիրառվում է գրության այս ձևը։ Ներկայումս հանգըլը սովորաբար գրվում է ձախից աջ՝ բառերի արանքում բացատով և կետադրական նշաններով[7]։
Շատ լեզվաբաններ հանգըլը համարում են աշխարհի ամենատրամաբանական գրային համակարգը, մասամբ այն պատճառով, որ դրա բաղաձայնների տառերի տեսքը նմանակում է բաղաձայնի արտաբերման պահին խոսողի բերանի ձևին[8]։
Կորեական այբուբենը նախկինում կոչվում էր Հունմինջոնգըմում(훈민정음)՝ մի փաստաթղթի անունով, որով 1446 թվականին գիրը ներկայացվել է կորեցիներին[9]։ Ներկայումս Հարավային կորեացիները այբուբենն անվանում են հանգըլ(한글) տերմինով, որը ստեղծվել է 1912 թվականին։ Տերմինը կազմված է հին կորեերեն հան (한) բառից, որը նշանակում է «մեծ», և գըլ (글) բառից, որը նշանակում է «գիր»։ Հան բառը սովորաբար վերաբերում է Կորեային, այսպիսով անվանումը կարող է նշանակել նաև «Կորեական գիր»[10]։ Դրան լատինատառ մի քանի անվանումներ են տվել.
Հյուսիսային կորեացիները կորեերենի այբուբենը անվանում են Չոսոնգուլ (조선글), Չոսոն բառից, որը Հյուսիսայի Կորեայում երկրի անվանումն է[11]։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Կորեայի վերնախավը գրելու համար նախընտրում էր չինական հիերոգլիֆները (հանջա)։ Նրանք հանջան անվանում էին ջինսո (진서) կամ «իսկական տառեր»։ Միևնույն ժամանակ նրանք հանգըլն անվանում էին ամքըլ (암클), որը նշանակում էր «կանանց գիր», և ահետգըլ (아했글), որը նշանակում է «երեխաների գիր», չնայած այս մասին գրավոր արձանագրություններ չկան[12]։
Հանգըլի կողմնակիցները այն անվանում էին ջոնգ-ըմ, որը նշանակում է «ճիշտ արտասանություն», գուգմուն (국문)՝ «ազգային գիր» և ոնմուն (언문)՝ «մայրենի գիր»։
Գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ձախից աջ։ Հյուսիսային Կորեայում 1949 թվականից օգտագործվում է միայն հանգըլ, Հարավային Կորեայում՝ խառը գիրը։
Հանգըլի առանձնահատկությունը այն է, որ տառերը միավորվում են խմբերի, որոնք մոտավորապես համապատասխանում են վանկերի։ ժամանակակից կորեական այբուբենում կա 40 գրանիշ։
Հանգըլի ստեղծումից առաջ Կորեայում մարդիկ հիմնականում գրում էին դասական չինարենով՝ միևնույն ժամանակ կիրառելով տեղական հնչյունային համակարգեր, որոնք ստեղծվել էին հանգըլից դեռևս հարյուրավոր տարիներ առաջ։ Այդ գրերի շարքում են Իդուն, Հյանգչալը, Գուգյեոլը և Գակպիլը[13][14][15][16]։ Սակայն կորեերենի և չինարենի միջև մեծ տարբերությունների, ինչպես նաև հիերոգլիֆների ահռելիվը թվի պատճառով ցածր դասի կորեացիների մեծ մասը անգրագետ էին[17]։ Հասարակ ժողովրդին կրթելու նպատակով Սեջոն թագավորը անձամբ ստեղծեց և տարածեց նոր այբուբեն[18]։
Հանգըլը այնպես էր կառուցված, որ նույնիսկ նվազագույն գիտելիք ունեցող մարդիկ կարող էին կարդալ և գրել։ Այս այբուբենի մասին կա մի հայտնի ասացվածք. «Իմաստունը կարող է ծանոթանալ նրանց հետ մինչ առավոտը վերջանա; և նույնիսկ հիմարը կարող է սովորել դրանք տաս օրվա ընթացքում»[19]։
Նախագիծը ավարտվեց 1443 թվականի դեկտեմբերին կամ 1444 թվականի հունվարին։ Այս մասին վկայություններ կան 1446 թվականի մի փաստաթղթում, որը կոչվում էր Հունմինջոնգըմում, որից էլ ծագել էր այբուբենի նախնական անվանումը։ Հունմինջոնգըմումի հրատարակման օրը՝ հոկտեմբերի 9-ը Հարավային Կորեայում նշվում է՝ որպես հանգըլի օր։ Հյուսիսային Կորեայում այդ օրը հունվարի 15-ն է։
1940 թվականին հայտնաբերվել է մի փաստաթուղթ՝ «Հունմինջոնգըմում Հերյե» անվանումով («Հունմինջոնգըմի բացատրություն և օրինակներ»)։ Այս փաստաթղթում բացատրվում է, որ բաղաձայնների ձևը հիմնված է արտասանական հնչյունաբանության վրա, իսկ ձայնավորների ձևավորումը՝ ին և յանի և ձայնային ներդաշնակության վրա։
1440-ականներին հանգըլը բարձր խավի կողմից, ինչպես նաև գիտնական Չո Մանրիի և կորեացի կոնֆուցիականների կողմից արժանացավ մեծ քննադատության։ Նրանք համարում էին, որ Հանջան կորեերենի համար ամենաճիշտ գրային համակարգն է։ Նրանք հանգըլը համարում էին նույնիսկ սպառնալիք՝ իրենց կարգավիճակին։ Սակայն, հանգըլը ներմուծվեց ազգային մշակույթ, ինչպես նախատեսել էր Սեջոն թագավորը։ Այն հիմնականում օգտագործում էին կանայք և ժանրային գրողները[20]։ Հանգըլը այնքան մեծ տարածում էր գտել անգրագետ մարդկանց շրջանում, որ Յոնսանգուն թագավորը 1504 թվականին արգելեց դրա կիրառումը[21], իսկ Չունջոն թագավորը 1506 թվականին վերացրեց Էոնմունի նախարարությունը՝ կառավարական մի հաստատություն, որը զբաղվում էր հանգըլի ուսումնասիրությամբ[22]։
16-րդ դարի վերջում հանգըլը սկսեց ծաղկում ապրել։ Զարգացան գրականության կասա և սիջո ժանրերը։ 17-րդ դարում հանգըլով գրված վեպերը տարածում գտան[23]։ Իսկ մինչ այդ հանգըլի ուղղագրությունը բավականին անկանոն էր դարձել։ 1796 թվականին հոլանդացի գիտնական Իսաակ Տիտսինգը առաջին անգամ արևմուտք բերեց հանգըլով գրված գիրք։ Նրա փոքր գրադարանում կար ճապոներեն մի գիրք՝ «Սանգոկու Ցուրան Զուսեցու» («三国通覧図説» ՝ Երեք երկրների պատկերազարդ նկարագրություն), որի հեղինակն է Հայաշի Շիհեյը[24]։ Այս գիրքը հրատարակվել է 1785 թվականին։ Այնտեղ նկարագրված է Չոսոն արքայատոհմը[25] և Հանգըլը[26]։ 1832 թվականին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի արևելյան թարգմանության ֆոնդը աջակցեց Տիտսինգի ֆրանսերեն թարգմանության կրճատ հրատարակմանը[27]։ 19-րդ դարում կորեական ազգայնականության աճի, Կաբոյի բարեփոխականների ճնշումների և դպրոցներում և գրականության մեջ հանգըլի տարածման շնորհիվ[28] հանգըլը 1894 թվականին պաշտոնական կարգավիճակ ստացավ։ 1895 թվականին հանգըլը սկսեց օգտագործվել տարրական դպրոցներում։ 1896 թվականին տպագրվեց հանգըլով գրված առաջին թերթը՝ Թոնգնիփ Սինմունը[29]։ Չնայած այս ամենին՝ վերնախավը շարունակում էր գործածել չինական հիերոգլիֆները, իսկ հասարակ ժողովուրդի մեծ մասը անգրագետ էր։
Ճապոնիայի գերիշխանության ժամանակաշրջանում, որը սկսվել էր 1910 թվականին, ճապոներենը դարձավ Կորեայի պաշտոնական լեզուն։ Սակայն, հանգըլը շարունակում էր ուսուցանվել կորեական դպրոցներում, և կորեերենը գրվում էր հանջա-հանգըլ խառը գրով, որտեղ բառարմատների մեծամասնությունը գրվում էր հանջայով, իսկ քերականական ձևերը՝ հանգըլով։ Ճապոնիան արգելեց վաղ շրջանի կորեական գրականությունը, իսկ հանրակրթական դպրոցները պարտադիր դարձան բոլոր երեխաների համար։
Հանգըլի ուղղագրությունը մասամբ ստանդարտացվեց 1912 թվականին։ Այդ ժամանակ «արե» (ㆍ) ձայնավորը սկսեց օգտագործվել միայն սինո-կորեական արմատներում, շեշտված բաղաձայնները ստանդարտացվեցին և դարձան ㅺ, ㅼ, ㅽ, ㅆ և ㅾ, իսկ բառավերջի բաղաձայնները՝ ㄱ, ㄴ, ㄹ, ㅁ, ㅂ, ㅅ, ㅇ, ㄺ, ㄻ և ㄼ։ Երկար ձայնավորների վրա դրվում էր դիակրիտիկ կետ, սակայն դա վերացվեց 1921 թվականին։
Գաղութային երկրորդ բարեփոխումը իրականացվեց 1930 թվականին։ «Արե» (ㆍ) ձայնավորը լիովին վերացվեց, շեշտված բաղաձայնները վերափոխվեցին ㄲ, ㄸ, ㅃ, ㅆ և ㅉ-ի, թույլատրվեց բառավերջի՝ ավելի շատ թվով բաղաձայնների (ㄷ, ㅈ, ㅌ, ㅊ, ㅍ, ㄲ, ㄳ, ㄵ, ㄾ, ㄿ և ㅄ) գործածությունը։ Այդ կերպ ուղղագրությունը դարձավ ավելի ձևահնչույթային։ ㅆ բաղաձայնը գոյականների միջև գրվում էր առանձին (առանց ձայնավորի), իսկ անվանական 가 մասնիկը ներմուծվեց՝ ձայնավորներից հետո գրվող ㅣմասնիկի փոխարեն։
Ջու Սի-Գյոնգը, ով 1912 ստեղծել է Հանգուլ տերմինը, 1933 թվականին հիմնադրեց« Կորեերենի հետազոտության հասարակություն»ը (հետագայում վերանվանվել է՝ «Հանգուլի հասարակություն»), որը 1933 թվականին «Հանգուլի ստանդարտացված համակարգ»-ով բարեփոխեց ուղղագրությունը։ Հիմնական փոփոխությունը հանգըլի՝ ձևահնչույթական դարձնելն էր։ Սակայն դա պետք է արվեր այնպես, որ այն լիներ հնարավորինս գործնական։ 1940 թվականին հրատարակվեց օտար լեզուների ուղղագրության գրադարձության համակարգ։
1938 թվականին Ճապոնիան արգելեց դպրոցներում կորեերենի գործածումը՝ որպես մշակութային ձուլման քաղաքականություն[30], և կորեական դպրոցները սահմանվեցին օրենքից դուրս[31]։
Ժամանակակից հանգըլի վերջնական ուղղագրությունը հրապարակվել է 1946 թվականին՝ Կորեայի անկախացումից անմիջապես հետո։ 1948 թվականին Հյուսիսային Կորեայում փորձեր արվեցին հանգըլը լիովին ձևահնչույթաբանական դարձնել՝ նոր տառեր ավելացնելով, իսկ 1953 թվականին Լի Սին Մանը փորձեց հեշտացնել ուղղագրությունը՝ վերադարձնելով 1921 թվականի գաղութային շրջանի ուղղագրությունը, բայց այս երկու փոփոխություններ գործածության մեջ եղան միայն մի քանի տարի։
Ե՛վ Հյուսիսային Կորեան, և՛ Հարավային Կորեան որպես պաշտոնական գրային համակարգ օգտագործել են հանգըլը, ինչպես նաև խառը գիրը՝ պակասեցնելով հանջայի գործածությունը։ 1970-ականների սկզբներին կառավարության միջամտությամբ հարավում հանջայի գործածությունը առևտրային և ոչ պաշտոնական գրություններում կտրուկ անկում ապրեց։ Այդ ժամանակ Հարավային Կորեայի թերթերում Հանջան օգտագործվում էր միայն հապավումներ կազմելու, ինչպես նաև համանունները տարբերակելու համար։ Հարավային Կորեայում հանջայի գործածության վերաբերյալ շատ քննարկումներ և վիճաբանություններ են տեղի ունեցել։ Հյուսիսային Կորեան 1949 թվականին ընդունեց հանգըլը՝ որպես միակ գրային համակարգ՝ լիովին արգելելով հանջայի գործածումը։
Համարվում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեայում մարդկանց մոտ 99 %-ը գրագետ է, սակայն կառավարության անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարավում ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ 25 %-ը լավ չի տիրապետում հանգըլին[32]։ Սեուլի Հունմինջոնգըմ հասարակությունը փորձում է տարածել հանգըլը ասիական այն լեզուներում, որոնք չունեն գրային համակարգ[33]։ 2009 թվականին Ինդոնեզիայի Բաու-Բաու քաղաքը ոչ պաշտոնապես ընդունել է հանգըլը՝ որպես չիա-չիա լեզվի գիր[34][35][36]։ Այդ լեզվի լեզվակիրներին Սեուլում մեծ հյուրընկալություն են ցուցաբերել. նրանց դիմավորել է Օ Սե Հունը՝ Սեուլի քաղաքապետը[37]։ 2012 թվականին հաստատվեց, որ Ինդոնեզիայում հանգըլի տարածուման փորձերը ձախողվել են[38]։ Սակայն այնտեղ դեռ կան մարդիկ, ովքեր օգտագործում են հանգըլը։
Հանգըլի տառերը կոչվում են «ջամո» (자모)։ Հանգըլում կան 19 բաղաձայններ և 21 ձայնավորներ։
Ժամանակակից հանգըլում օգտագործվում են հետևյալ բաղաձայնները.
Հետևյալ աղյուսակում ներկայացված են 19 բաղաձայնները՝ այբբենական կարգով։ Հանգըլի բաղաձայնները կարող են տարբեր հնչողություն ունենալ՝ կախված վանկում դրանց զբաղեցրած դիրքից։ Որոշ բաղաձայններ հանդիպում են կամ միայն սկզբնական կամ վերջնական դիրքում։
Տառեր | ㄱ | ㄲ | ㄴ | ㄷ | ㄸ | ㄹ | ㅁ | ㅂ | ㅃ | ㅅ | ㅆ | ㅇ | ㅈ | ㅉ | ㅊ | ㅋ | ㅌ | ㅍ | ㅎ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հնչողություն | Սկզբնատառ | գ | կկ | ն | դ | տտ | ռ | մ | բ | պպ | ս | սս | – | ջ | ջջ | չ | ք | թ | փ | հ |
Վերջնատառ | կ | կ | ն | տ | – | լ | մ | պ | – | տ | տ | նգ | տ | – | տ | կ | տ | պ | հ |
Հանգըլի բաղաձայնները կարող են միանալ 11 խմբերի մեջ, որոնք բոլորը հանդիպում են վանկի վերջում։ Դրանք են ㄳ, ㄵ, ㄶ, ㄺ, ㄻ, ㄼ, ㄽ, ㄾ, ㄿ, ㅀ ևㅄ։
Հետևյալ աղյուսակում ներկայացված են ժամանակակից հանգըլի 21 ձայնավորները։ Լեզվաբանները տարբեր կարծիքներ ունեն հանգըլի ձայնավորների հնչույթների և երկհնչյունների թվի մասին[39]։
Տառեր | ㅏ | ㅐ | ㅑ | ㅒ | ㅓ | ㅔ | ㅕ | ㅖ | ㅗ | ㅘ | ㅙ | ㅚ | ㅛ | ㅜ | ㅝ | ㅞ | ㅟ | ㅠ | ㅡ | ㅢ | ㅣ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հնչողություն | ա | է | յա | յե | օ | է | յո | յե | օ | վա | վե | o | յո | ու | ո | վե | վի | յու | ը | ի | ի |
Հանգըլի այբբենական կարգը կոչվում է գանադա (가나다 순)՝ այբուբենի առաջին երեք տառերի անուններով։ Հանգըլի այբբենական կարգում բաղաձայնները խառնված չեն ձայնավորների հետ։ Սկզբում թվարկված են ետնալեզվային բաղաձայնները, ապա առաջալեզվայինները, շրթնայինները և շչական բաղաձայնները։ Ձայնավորները հաջորդում են բաղաձայններին։
1446 թվականին Հունմինջոնգըմում տրված այբբենական կարգը հետևյալն էր.
1527 թվականին Չո Սեջինը առաջարակել է այբբենական հետևյալ կարգը.
Սա ժամանակակից այբբենական կարգերի հիմքն է։ Այբուբենը այս տեսքն ուներ կորեերենի լարված բաղաձայնների և դրանցով կազմվող կրկնակի բաղաձայնների զարգացումից, ինչպես նաև ㅇ (նուլ) ևㆁ (նգ) տառերի միավորումից առաջ։ Այսպիսով, երբ Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի կառավարությունները սկսեցին ամբողջովին կիրառել հանգըլը, նրանք տարբեր կերպ դասավորեցին տառերը։ Հարավային Կորեայում նմանատիպ տառերը միասին խմբվեցին, այնինչ Հյուսիսային Կորեայում նոր տառերը ավելացվեցին այբուբենի վերջում։
Հարավային Կորեայում կրկնակի տառերը անմիջապես հաջորդում են այն բաղաձայններին, որոնցից կազմվել են.
Սկզբում թվարկված են միահնչյուն ձայնավորները, ապա այն ձայնավորները, որոնք ենթարկվել են յոտացման (ձայնավորին ավելացել է յոտա ( յ ) տառը), ապա վերջիններիս ավելացված ի ձայնավորով հնչյունները։ «Վ» - ով սկսվող երկնչյունները դասակարգվում են՝ ըստ իրենց ուղղագրության։
Վերջնատառերի (받침) դասակարգումը հետևյալն է.
ㄱ ㄲ ㄳ ㄴ ㄵ ㄶ ㄷ ㄹ ㄺ ㄻ ㄼ ㄽ ㄾ ㄿ ㅀ ㅁ ㅂ ㅄ ㅅ ㅆ ㅇ ㅈ ㅊ ㅋ ㅌ ㅍ ㅎ
Յուրաքանչյուր վանկ սկսվում է բաղաձայնով (կամ համրㅇ-ով), որին հաջորդում է ձայնավոր (օրինակ՝ ㄷ + ㅏ = 다)։ Որոշ վանկեր, ինչպիսիք են «달»-ը և «닭»-ը վերջում ունեն բաղաձայն կամ բաղաձայնային խումբ (받침)։ Այսպիսով, կան «երկտառ» վանկերի 399 հնարավոր տարբերակներ, երկուսից ավելի տառերից կազմված վանկերի՝ 10773 և հանգըլի բոլոր տառերի վանկակազմական 11,172 հնարավոր տարբերակներ։
Հյուսիսային Կորեայում այբբենական կարգը ավելի ավանդական է։ Նոր, կրկնակի տառերը դրվում են բաղաձայններից հետո՝ㅇ(նուլ) տառից առաջ՝ այբբենական ավանդական կարգը չխախտելու համար։
Բոլոր երկտառերը և եռատառերը՝ ներառյալ հին երկհնչյուններ ㅐ-ը և ㅔ-ը, դրվում են հասարակ ձայնավորներից հետո՝ այդպիսով պահպանելով Չո Մանրիի այբբենական կարգը։ Վերջնատառերի կարգը հետևյալն է.
Բացառությամբ այն դեպքի, երբ ㅇ-ը գտնվում է բառասկզբում, այն արտասանվում է ինչպես ռնգային «նգ» հնչյունը, որը ժամանակակից լեզվում հանդիպում է միայն բառավերջում։ Կրկնակի տառերը դրվում են ամենավերջում, իսկ միացված բաղաձայնները անմիջապես հաջորդում են իրենց հիմնային բաղաձայններին։
Հանգըլի տառերին անվանումներ է տվել կորեացի լեզվաբան Չո Սեջինը 1527 թվականին։ Հարավային Կորեայում օգտագործվում են նույն անունները։ Դրանցից շատերը կազմված են հետևյալ ձևով՝ տառ+ ի + ը+ տառ։ .
Սկզբում Չոն ㅈ, ㅊ, ㅋ, ㅌ, ㅍ ևㅎտառերին տվել էր անկանոն միավանկ անուններ՝ ջի, չի, կի, տի, պի և հի, քանի որ դրանք չէին գործածվում բառավերջում, ինչպես սահմանված էր Հունմինջոնգըմում։ Սակայն 1933 թվականին նոր ուղղագրության ստեղծումից հետո վերականգնվեցին տառերի նախկին անունները, քանի որ նոր ուղղագրությունը թույլ էր տալիս բաղաձայններին դրվել բառի վերջում։
Հյուսիսային Կորեայում ուղղագրության պաշտոնական ընդունումից հետո տառերի անվանումները կանոնակարգվեցին։
Հետևյալ աղյուսակում ներկայացված են Հարավային Կորեայում հանգըի բաղաձայնների անունները։ Տառերը դասակարգված են՝ ըստ այբբենական կարգի։
Բաղաձայն | ㄱ | ㄲ | ㄴ | ㄷ | ㄸ | ㄹ | ㅁ | ㅂ | ㅃ | ㅅ | ㅆ | ㅇ | ㅈ | ㅉ | ㅊ | ㅋ | ㅌ | ㅍ | ㅎ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անուն | 기역 | 쌍기역 | 니은 | 디귿 | 쌍디귿 | 리을 | 미음 | 비읍 | 쌍비읍 | 시옷 | 쌍시옷 | 이응 | 지읒 | 쌍지읒 | 치읓 | 키읔 | 티읕 | 피읖 | 히읗 |
Հնչողություն | գիյոկ | սանգգիյոկ | նիըն | դիգըտ | սանգդիգըտ | ռիըլ | միըմ | բիըպ | սանգբիըպ | սիոտ | սանգսիոտ | իընգ | ջիըտ | սանգջիըտ | չիըտ | քիըք | թիըթ | փիըփ | հիըտ |
Հանգըլի ձայնավորների անունները համընկնում են նրանց արտասանության հետ և գրվում են հետևյալ կերպ՝ ㅇ + ձայնավոր։ Օրինակ՝ ㅏ ձայնավորը գրվում է 아, սկզբի ㅇ-ն համր է։
Հետևյալ աղյուսակում ներկայացված են Հյուսիսային Կորեայում հանգըլի բաղաձայնների անունները։ Տառերը դասակարգված են՝ ըստ այբբենական կարգի։
Բաղաձայն | ㄱ | ㄴ | ㄷ | ㄹ | ㅁ | ㅂ | ㅅ | ㅈ | ㅊ | ㅋ | ㅌ | ㅍ | ㅎ | ㄲ | ㄸ | ㅃ | ㅆ | ㅇ | ㅉ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անուն | 기윽 | 니은 | 디읃 | 리을 | 미음 | 비읍 | 시읏 | 지읒 | 치읓 | 키읔 | 티읕 | 피읖 | 히읗 | 된기윽 | 된디읃 | 된비읍 | 된시읏 | 이응 | 된지읒 |
Հնչողություն | գըկ | նիըն | տիըտ | ռիըլ | միըմ | բիըպ | սիըտ | ջիըտ | չիըտ | քիըք | թիըտ | փիըփ | հիըտ | տոնգիըկ | տոնդիըտ | տոնբիըպ | տոնսիըտ | իընգ | տոնջիըտ |
Հյուսիսային Կորեայում բաղաձայնի անունը կարող է կազմվել նաև հետևյալ կերպ՝ տառ+ ը (ㅡ), օրինակ՝ կը (그)՝ ㄱ տառի համար և սսը (쓰) ㅆ տառի համար։
Ինչպես Հարավային Կորեայում հանգըլի ձայնավորների անունները համընկնում են նրանց հնչողության հետ։
Հանգըլի տառերի գրելաձևը նման է չինարենի հիերոգլիֆների գրելաձևին։ Երկու գրերում էլ մասնիկների գրելու հերթականությունը նույնն է, չնայած կորեերենում կան ㅇև ㅎտառերը, որոնցում առկա է շրջանի տեսքով մասնիկը, որը չկա չինարենի հիերգլիֆներում։
Շատ լեզվաբաններ գովել են հանգըլը տառերի հատկանիշային կառուցվածքի համար ՝ այն անվանելով «ուշագրավ», «հրաշալի» և «ստեղծված ամենակատարյալ հնչյունային համակարգը»[40]։ Հիմնական պատճառը, որ հանգըլը արժանացել է գովասանքների, այն է, որ բաղաձայնները ձևավորված են այնպես, որ նրանց տեսքից հասկացվում է նրանց արտասանությունը, քանի որ բաղաձայնների կառուցվածքը նմանակում է նրանց արտաբերման հատկանիշներին։ Ավելին, ձայնավորներ ը բաղկացած են ուղղահայաց կամ հորիզոնական գծերից, որի շնորհիվ նրանց հեշտ է տարբերակել բաղաձայններից։
Գրային համակարգերում կոդավորումը կարող է իրականացվել ձևույթային (լոգոգրաֆային համակարգերում, ինչպիսին է օրինակ հանջան), վանկային (վանկային գրերում, օրինակ՝ կանա) կամ հատույթային (այբբենական գրերում, ինչպիսիք են հայերենը, լատիներենը) մակարդակներով։ Հանգըլում որոշ դեպքերում նույնիսկ կան հատուկ մասնիկներ, որոնք մատնանշում են որոշակի հատկանիշներ, օրինակ՝ արտաբերման վայրը (շրթնային, առաջնալեզվային, ետնալեզվային, ըմպանային) և արտաբերման եղանակը (պայթական, ռնգային, շչական, հագագային) բաղաձայնների համար, յոտացումը (նախորդող ի ձայնավորով), ձայնային ներդաշնակությունը և այլ հատկանիշներ ձայնավորների համար։
Օրինակ՝ ㅌ (թ) բաղաձայնը բաղկացած է երեք մասնիկներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը. վերևի մասնիկը ցույց է տալիս, որ ㅌ-ն պայթական է, ինչպես ㆆ, ㄱ g, ㄷ d, ㅈ հնչյունները, որոնցում առկա է միևնույն մասնիկը; միջին մասնիկը ցույց է տալիս, որ ㅌ-ն հագագային է, ինչպես ㅎ, h, ㅋ ք, ㅊ չ հնչյունները, իսկ ներքևի մասնիկը ցույց է տալիս, որ ㅌ-ն ատամնահիմքային է, ինչպես ㄴ ն, ㄷ դ, and ㄹ լ հնչյունները։ Երկու բաղաձայններ՝ ㆁ-ը ևㅱ-ը, ունեն երկակի արտասանություն (առաջինը՝ նգ [ŋ], երկրորդը՝ մ [m],վ [w]) և բաղկացած են երկու մասնիկներից, որոնք համապատասխանում են այդ երկու արտասանություններին։
Ձայնավորների դեպքում տառի հիմնական գծին միացված կարճ գիծը ցույց է տալիս, որ դա այն ձայնավորներից է, որ կարող է ենթարկվել յոտացման։ Երբ ձայնավորն արդեն յոտացվում է, ավելանում է երկրորդ գծիկը։ Մասնիկի դիրքը ցույց է տալիս, թե ներդաշնակության որ դասին է պատկանում ձայնավորը, «լուսավո ՞ր» կամ դրական (վերևում կամ աջ կողմում), թե՞ «խավար» կամ բացասական (ներքևում կամ ձախ կողմում)։ Ժամանակակից այբուբենում հավելյալ ուղղահայաց գիծը ցույց է տալիս, որ հնչյունը ի ձայնավորի ազդեցությամբ անմիջական փոփոխության է ենթարկվել։ Օրինակ՝ ㅏ [ա], ㅓ [ա], ㅗ [օ], և ㅜ [ու] ձայնավորները դարձել են ㅐ [է], ㅔ [ե], ㅚ [օ], ևㅟ [վի]։ Սակայն սա ուղղակի գրի զարգացման արդյունք է, այլ ոչ տառերի հատուկ ձևավորում։
Չնայած գիրը հատկանիշային է, այն գործնականում հանդես է գալիս որպես սովորական այբուբեն։ ㅌտառը կարդացվում է ինչպես սովորական բաղաձայն՝ «թ», իսկ ㅔերկհնչյունը կարդացվում է ուղղակի «է »։
Բացի տառերից հանգըլում սկզբում եղել են նաև դիակրիտիկ նշաններ՝ ցույց տալու համար տոնը։ Բարձր տոնով վանկերի (거성) ձախ կողմում դրվում էին կետեր (ᅟᅠ〮), բարձրացող տոնով վանկերի (상성) վրա դրվում էին կրկնակի կետեր (ᅟᅠ〯)։ Սակայն սրանք այլևս չեն կիրառվում։ Չնայած ձայնավորի երկարությունը կորեերենում հնչույթային է, այն այլևս չի նշվում։
Ըստ խոսելու օրգանների՝ բաղաձայնները բաժանվում են 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ կառուցվածք։ Այդ կառուցվածքների հիման վրա հավելյալ մասնիկների միջոցով ստեղծվում են նոր տառեր։ Հիմնական կառուցվածքները ներկայացնում են լեզվի, քիմքի, ատամների և կոկորդի դիրքը հնչյուններն արտասանելիս։
Այս խմբերին տրված կորեերեն անունները վերցված են չինարենի հնչյունաբանությունից.
Հասարակ | Հագագային | Լարված | |
---|---|---|---|
ետնալեզվային | ㄱ | ㅋ | ㄲ |
շփական | ㅅ | ㅆ | |
քմայնացված | ㅈ | ㅊ | ㅉ |
առաջնալեզվային | ㄷ | ㅌ | ㄸ |
երկշրթնային | ㅂ | ㅍ | ㅃ |
Ձայնավորները հիմնված են երեք տարրերի վրա.
Կարճ մասնիկները (կետերը) ավելացվում էին հիմնական տարրերին՝ ստանալու համար ձայնավոր տառեր։
Հանգըլում երբեք ձայնավոր տառերը չեն պարունակել վ ՝ բացառությամբ սինո-կորեական ծագում ունեցող բառերի։ Քանի որ օ-ն կամ ու-ն ա-ից կամ օ-ից առաջ դառնում էին [վ], և այդ հնչյունը ոչ մի տեղ այլևս չէր հանդիպում, այն միշտ կարելի էր վերլուծել ինչպես հնչույթային օ կամ ու, և [վ] հնչյունն արտահայտելու համար տառ հարկավոր չէր։ Սակայն երևում է ձայնային ներդաշնակություն. «խավար» ㅜ (ու)-ն «խավար» ㅓ(օ) -ի հետ դառնում է ㅝ (վո), իսկ «լուսավոր» ㅗ(օ)-ն «լուսավոր» ㅏ(ա)-ի հետ դառնում է ㅘ (վա)։
ㅣ(ի) -ով ավարտվող ձայնավորները սկզբումերկհնչյուններ էին։ Սակայն դրանցից որոշները դարձել են մաքուր ձայնավորներ.
Հանգըլում յ հնչյունի համար չկա որևէ տառ։ Փոխարենը՝ այս հնչյունը արտահայտվում է՝ ձայնավորի հիմնական գծին ավելացված կրկնակի մասնիկով։ 7 հիմնական ձայնավորներից չորսին կարող է նախորդել յ հնչյունը, և այս չորսը գրվում էին՝ գծին ավելացված կետի տեսքով։ Չինարենի կալիգրաֆիայի ազդեցությամբ այդ կետերը սկսեցին միացվել գծին, օրինակ՝ ㅓㅏㅜㅗ։ Նախորդող յ հնչյունը, որը կոչվում է յոտացում, արտահայտվում էր կետի կրկնությամբ, օրինակ՝ ㅕㅑㅠㅛ (յե, յե, յու, յո)։ Մնացած երեք ձայնավորները, որոնք չէին կարող յոտացվել, գրվում էին մեկ գծով ㅡㆍㅣ։
Հասարակ | Յոտացված |
---|---|
ㅏ | ㅑ |
ㅓ | ㅕ |
ㅗ | ㅛ |
ㅜ | ㅠ |
ㅡ | |
ㅣ |
Հասարակ յոտացված ձայնավորներն են.
Կան նաև երկու յոտացված երկհնչյուններ.
15-րդ դարի կորեերենում ձայնավորների ներդաշնակությանն ավելի մեծ ուշադրություն էր դարձվում, քան այսօր։ Քերականական ձևույթները փոփոխվում էին՝ կախված միջավայրից։ Դրանք խմբվում էին այնպես, որ մեկը մյուսին «ավելի ներդաշնակ դարձնեն»։ Սա ազդում էր լեզվի ձևույթաբանության վրա, և կորեերենի հնչույթաբանության մեջ սա բացատրվում էր ին և յան փիլիսոփայությամբ։ Եթե բառարմատը կազմող ձայնավորները «լուսավոր» էին, ապա դրան կցվող ածանցները ևս պետք է «լուսավոր» լինեին և հակառակը։ Կար նաև ձայնային ներդաշնակության երրորդ խումբ ՝ չեզոք ձայնավորները, որոնք կարող էին համադրվել և՛ «լուսավոր», և՛ «խավար» ձայնավորների հետ։
Կորեերենի չեզոք ձայնավորը ㅣ(ի)-ն է, Ին կամ խավար ձայնավորները՝ ㅡㅜㅓ(ը, ու, օ), որոնց կետերը ուղղված են ներքև և ձախ, յան կամ լուսավոր ձայնավորներն են ㆍㅗㅏ (ը, օ, ա), որոնց կետերը ուղղված են վերև և աջ։ Հունմին Ջոնգ-ըմ Հերյեում ասվում է, որ կետեր չունեցող տառերը՝ ㅡㆍㅣ, ներկայացնում են ինի, յանի և միջնորդության գաղափարները, այսինքն երկիրը, երկինքը և մարդուն։
Ձայնավորների ձևավորման մեջ գոյություն ուներ ևս մեկ՝ երրորդ չափորոշիչ հատկանիշ, այն է՝ ընտրել ㅡ մասնիկը՝ որպես ㅜ-ի և ㅗ-ի պատկերային հիմք, և ㅣմասնիկը՝ որպես ㅓ-ի և ㅏ-ի պատկերային հիմք։ Հորիզոնական և ուղղահայաց գծերի միջև ընդհանրությունները լիովին հասկանալու համար անհրաժեշտ կլիներ իմանալ, թե այս ձայնավորները 15-րդ դարում հնչյունային ինչ արժեքներ են ունեցել։
Անորոշ են հիմնականում ㆍㅓㅏ տառերը։ Որոշ լեզվաբաններ այս տառերը հիմնականում բնութագրում են որպես *a, *ɤ, *e, ուրիշները՝ *ə, *e, *a։ Լեզվաբանների մեկ այլ խումբ բնութագրում է դրանք որպես միջին ձայնավորներ՝ *ʌ, *ɤ, *a[41]։ Այս երրորդ բնութագրման համաձայն միջին կորեերենի ձայնավորները ներդաշնակություն են կազմում, թեպետ միայն սկզբնական ձայնավորի կամ էլ չորս միջին ձայնավորների առկայության դեպքում։
ㅣ *i | ㅡ *ɯ | ㅜ *u |
ㅓ *ɤ | ||
ㆍ *ʌ | ㅗ *o | |
ㅏ *a |
Սակայն հորիզոնական ㅡㅜㅗ (ը, ու, օ) տառերը միջին կամ բարձր ետնային ձայնավորներ են [*ɯ, *u, *o] և ցանկացած կառույցում կազմում են հնչյունաբնորեն համաձայնեցված խումբ։
Տառերի ձևի մասին հիմնական վկայությունների համաձայն՝ ձայնավորները ստեղծվել են նշանների միավորման արդյունքում։ Այստեղ «ㆍ»-ն ներկայացնում է արևը երկնքում կամ երկինքը, «ㅡ»-ն՝ երկիրը, իսկ «ㅣ»-ն՝ մարդուն[Ն 1][42]։ Կորեերենի ձայնավորների նախնական հաջորդականության համաձայն, որը նշված է Հունմինջոնգըմում, այս երեք տառերը թվարկվում էին սկզբում։ ㆍ ㅡ ㅣ-ին հաջորդում էին դրանցից կազմված բաղադրյալ տառերը։ Այսպիսով, ձայնավորների նախնական կարգը հետևյալն էր՝ ㆍ ㅡ ㅣ ㅗ ㅏ ㅜ ㅓ ㅛ ㅑ ㅠ ㅕ։ Ինչպես երևում է, երկու դրական ձայնավորների՝ (ㅗ ㅏ)-ի, որոնցում կա մեկ ㆍ մասնիկ, հաջորդում են երկու բացասական ձայնավորներ՝ մեկ ㆍ-ով, ապա երկու դրական ձայնավորներ, որոնցում առկա են երկու ㆍ-եր, իսկ դրանց հաջորդում են երկու բացասական ձայնավորներ՝ երկու ㆍ-ով։
Միևնույն տեսության համաձայն՝ բաղաձայնների տեսքը նմանեցված է դրանց արտասանության համար անհրաժեշտ խոսքի օրգանների դիրքին։ Հունմին Ջոնգ-ըմում բաղաձայնների նախնական դասավորությունը հետևյալն էր՝ ㄱ ㅋ ㆁ ㄷ ㅌ ㄴ ㅂ ㅍ ㅁ ㅈ ㅊ ㅅ ㆆ ㅎ ㅇ ㄹ ㅿ
ㄱ, որը ներկայացնում է /k/ (կ) հնչյունը, գրաֆիկորեն նկարագրում է լեզվի դիրքը՝ հնչյունն արտաբերելու պահին. այն խոչընդոտում է օդի հոսքը;
ㅋ, որը ներկայացնում է /kʰ/ (ք) հնչյունը, կազմվել է ㄱ -ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㆁ, որը ներկայացնում է /ŋ/ (նգ) հնչյունը, կարող է առաջացած լինել ㅇ-ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㄷ, որը ներկայացնում է /t/ (տ) հնչյունը, առաջացել է ㄴ-ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㅌ, որը ներկայացնում է /tʰ/ (թ) հնչյունը, առաջացել էㄷ-ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㄴ, որը ներկայացնում է /n/ (ն) հնչյունը, գրաֆիկորեն բնութագրում է լեզվի դիրքը հնչյունն արտաբերելիս։ Այն հպված է վերին քիմքին;
ㅂ, որը ներկայացնում է /p/ (պ) հնչյունը, կազմվել է ㅁ-ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㅍ, որը ներկայացնում է /pʰ/ (փ) հնչյունը ㅂ-ի մի տարբերակ է, որը պտտված է 90 աստիճանով, իսկ հորիզոնական գծերը երկարացված են;
ㅁ, որը ներկայացնում է /m/ (մ) հնչյունը, գրաֆիկորեն նկարագրում է փակ բերանը՝ հնչյունը արտաբերելուց անմիջապես առաջ;
ㅈ, որը ներկայացնում է /tɕ/ (ջ) հնչյունը, առաջացել էㅅ-ից՝ հավելյալ մասնիկների կցմամբ;
ㅊ, որը ներկայացնում է /tɕʰ/ (չ) հնչյունը, կազմվել է ㅈ-ից՝ հավելյալ մասնիկի կցմամբ;
ㅅ, որը ներկայացնում է /s/ (ս) հնչյունը, գրաֆիկորեն բնութագրում է լեզվի և ատամների մոտավոր հպումը։
ㆆ, որը ներկայացնում է /ʔ/ (ըմպանային դադար) հնչյունը, գրաֆիկորեն բնութագրում է բաց կոկորդ, հորիզոնական գիծը ցույց է տալիս, որ հնչյունը հագագային է;
ㅎ, որը ներկայացնում է /h/ (հ) հնչյունը, ստեղծվել է ㆆ -ից ՝ հավելյալ մասնիկների կցմամբ, որը ցույց է տալիս ավելի ուժեղ շնչեղություն;
ㅇ, որը ներկայացնում է բաղաձայնի բացակայությունը, գրաֆիկորեն նկարագրում է բաց բերան, դրանից հետո անպայման արտաբերվում է որևէ ձայնավոր;
ㄹ, որը ներկայացնում է /ɾ/ (ռ)and /l/ (լ) հնչյունները, գրաֆիկորեն բնութագրում է ետ ծալված լեզուն հնչյուններն արտաբերելիս;
ㅿ, որը ներկայացնում է թույլ /z/ (զ) հնչյունը, կազմվել է ատամների դիրքի պատկերումից, սակայն չունի նույն ծագումը, ինչ ㅅ-ն և չի կազմվել դրանից։
Չնայած Հունմին ջոնգ-ըմ Հերյեում բաղաձայնների կառուցվածքը բացատրվում է արտասանական հնչյունաբանության տեսանկյունից՝ որպես լիովին նորարարական հայտնագործություն, կան որոշ տեսություններ, որոնց համաձայն Սեջոնգ թագավորը հանգըլի գաղափարը վերցրել է այլ աղբյուրներից։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Գերի Լեդիարդը ուսումնասիրել է հանգըլի և Մոնղոլիայի Յուան արքայատոհմի Ֆագս-փա գրի միջև եղած հնարավոր բոլոր նմանությունները։ Նա կարծում էր, որ հանգըլի ստեղծման գործում ֆագս-փա գրի դերը այդքան էլ մեծ չէր։
Յուրաքանչյուր ընթերցողի համար պետք է պարզ լինի, որ ընդհանուր առմամբ Փագս-փա գրի դերը բավականին սահմանափակ էր...Այս հետազոտությունից հետո ոչինչ ինձ այդքան չի կարող հուզել, որքան գրի պատմության ուսումնասիրության վերաբերյալ աշխատության մեջ հետևյալ պնդումը հայտնաբերելը. «Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Կորեերենի այբուբենը ծագել է մոնղոլական ֆագս-փա գրից»[43]։ Դրան զուգահեռ մեկ այլ տեսության համաձայն՝ բաղաձայնները ծագել են արտաբերման ընթացքում խոսողի շուրթերի և լեզվի դիրքից, սակայն սա կարծես թերահավատության պատճառ է դառնում[44]։ |
Լեդիարդը ենթադրում է, որ հանգըլի տառերից հինգի ձևը վերցված է Ֆագս-Փա գրից, իսկ ㅇ(նուլ)-ը հնարել էր Սեջոնգը։ Մնացած տառերը ստեղծվել էին այս վեց տառերի հիման վրա, ինչպես հիմնականում ասվում է Հունմին Ջոնգ-ըմ Հերյեում։ Սակայն, փոխառնված հինգ բաղաձայնները գրաֆիկորեն ամենահեշտ տառերը չէին, որոնք Հունմին Ջոնգըմ Հերյեում հիմնական են համարվում, փոխարենը դրանք չինարենի հնչույթաբանությանը բնորոշ ㄱ, ㄷ, ㅂ, ㅈ ևㄹ բաղաձայններն են։
Հունմին Ջոնգ-ըմում ասվում է, որ Սեջոնգ թագավորը հանգըլը ստեղծելիս օգտվել է 古篆 (Հին դրոշմագիր)-ից։ 古篆-ն երբեք չի ճանաչվել։ 古 (gǔ ՝գու) բառը նշանակում է «հին», որը թևաթափ է անում բանասերներին, քանի որ հանգըլը գործառույթային ոչ մի նմանություն չունի չինարենի 篆字 (zhuànzì )-ի՝ դրոշմագրի հետ։ Սակայն Լեդիարդը կարծում է, որ 古-ն օգտագործվում է որպես բառախաղ, և այն 蒙古(Měnggǔ՝ մընգգու-մոնղոլ) բառի վանկերից մեկն է, իսկ 古篆-ը ուղղակի 蒙古篆字(մոնղոլական դրոշմագիր)-ի հապավումն է։ Այսինքն 古篆-ն մոնղոլական ֆագս-փա գրի տարբերակներից է, որը նման է չինական դրոշմագրին։ Կորեայի պալատական գրադարանում կային ֆագս-փա գրով ձեռագրեր, որոշ դրոշմագրեր, և Սեջոնգի նախարարներից ոմանք լավ տիրապետում էին գրին։
Ըստ Լեդիարդի՝ փախառված հինգ տառերը պարզեցվել էին, որի շնորհիվ բաղաձայններից հնարավոր էր լինում կազմել տարբեր կապակցություններ, ինչպես նաև բաղաձայններին ավելացնել մասնիկներ՝ հագագային հնչյուններ (ㅋㅌㅍㅊ) ստանալու համար։ Ի հակադրություն ավանդական կարծիքներին՝ Լեդիարդի տեսության համաձայն՝ ոչ- պայթական բաղաձայնները (ㆁ ㄴ ㅁ ㅅ) ստեղծվել են՝ հիմնական տառերից մասնիկների հեռացմամբ, այլ ոչ թե կցմամբ։ Լեդիարդը սա պարզաբանում է՝ նշելեով, որ ավելի հեշտ է ㅂ տառից ստանալ ㅁտառը՝ հեռացնելով առաջինի երկու մասնիկները, քան ㅁ տառից ㅂ տառը ստանալը, ինչպես ընդունված է, քանի որ ㅂ տառի կառուցվածքը նման չէ այլ պայթականների կառուցվածքին։
«Նգ» տառի բացատրությունը ևս տարբերվում է ընդունված բացատրություններից։ Չինարեն շատ բառեր սկսվում էին «նգ»-ով, բայց մինչև Սեջոնգ թագավորի ժամանակները՝ չինարենում սկզբնական «նգ» հնչյունը համր էր, կամ էլ արտասանվում էր [ŋ], և միայն համր էր, երբ այդ բառերը փոխառվում և ընդգրկվում էին կորեերենի բառապաշարում։ Բացի այդ «նգ» տառի կառուցվածքը (կարճ ուղղահայաց գիծ, որը ստացվում էր՝ ㄱ տառի հորիզոնական մասնիկը հեռացնելով) նման կլիներ ㅣ[i] ձայնավորի կառուցվածքին։ Սեջոնգի առաջարկած մեկնաբանությունը լուծում է այս բոլոր խնդիրները։ ㄱտառից առաջացած ուղղահայաց մասնիկը կցվել էր ㅇնշանին՝ ստեղծելով ㆁ տառը (շրջանակ՝ վերևի մասում ուղղահայաց մասնիկով), որը արտահայտում էր և՛ սովորական [ŋ] արտասանությունը բառամիջում և բառավերջում, և՛ համր արտասանությունը բառասկզբում։
Երկու տարրերից բաղկացած մեկ այլ տառ, որն ուներ երկու արտասանություն, ㅱտառն էր, որը չինարեն 微-ի տառադարձությունն էր։ Այն արտասանվում էր [m] կամ [w]։ Այն կազմված էր ㅁ[m] և ㅇ(Ֆագս-փա գրի [w]-ից) մասնիկներից։ Փագս-փա գրում տառի տակ գրված շրջանակն արտահայտում էր ձայնավորներից հետո արտասանվող [w] հնչյունը։ Լեդիարդը պնդում է, որ ㅱ տառի ներքևում գրված է հենց այդ շրջանակը։ Այժմ Փագս-փա գրում չինարեն 微-ը տառադարձվում է որպես [w] հնչյունի հետ տառակապակցություն, որում [w]-ն գրվում է [h] -ի տակ։ Իրականում չինարենի 微非敷 բաղաձայնները փագս-փա գրում տառադարձվում էին [հ] տառի տարբերակների և [w] տառի միջոցով, իսկ հանգըլում նույն բանն արվում է ㅁㅂㅍ տառերին շրջանակ կցելով՝ ㅱㅸㆄ։
Հանգըլում կան բազմաթիվ հնացած տառեր, որոնք այլևս չեն գործածվում կորեերենում։ Այդ տառերից որոշնորը գործածվում են միայն արտահայտելու համար չինարենի հանգերի աղյուսակների հնչյունները։ Կորեերենի հնչյուններից որոշները, որոնք արտահայտվում են հնացած տառերով, դեռևս գործածվում են որոշ բարբառներում։
Հանգըլի նախնական համակարգում կրկնակի տառերն արտահայտում էին չինարենի հնչեղ բաղաձայնները (濁音) և չէին գործածվում կորեերենի բառերում։ Ավելի ուշ նմանատիպ մի համակարգ արտահայտում էր ժամանակակից կորեերենի լարված (ըմպանային) բաղաձայնները։
Շչական բաղաձայնները փոփոխվել էին՝ արտահայտելու համար չինարենի երկու տեսակի շչական՝ ատամնահիմքային և ետակոր բաղաձայնները (օրինակ՝ ս և շ)։ Այս երևույթը չկար կորեերենում։ Ավելին, այն անհետանում էր նաև հարավային չինարենից։
Նախնական բաղաձայններ | ㅅ | ㅆ | ㅈ | ㅉ | ㅊ |
---|---|---|---|---|---|
Չիդուըմ (ատամնահիմքային շչական) | ᄼ | ᄽ | ᅎ | ᅏ | ᅔ |
Ջոնգչիըմ (ետակոր շչական) | ᄾ | ᄿ | ᅐ | ᅑ | ᅕ |
Հանգըլը ձևահնչույթաբանորեն կորեերենին լիովին համապատասխանեցնելու համար Հյուսիսային Կորեայում գրային համակարգ ներմուծեցին վեց նոր տառեր, որոնք տպագրվեցին «Կորեերենի նոր ուղղագրություն»-ում և օգտագործվեցին պաշտոնապես 1948-ից 1954 թվականներին։
Վերականգնվեցին երկու հնացած տառեր՝ ⟨ㅿ⟩ (리읃), որն օգտագործվում էր սկզբնատառ /l/-ի և վերջնատառ /d/-ի արտասանությունները փոփոխելու համար, և ⟨ㆆ⟩ (히으), որն արտասանվում էր միայն ձայնավորների միջև։ Ներմուծվեցին ㄹտառի փոփոխված երկու տարբերակներ, մեկը՝ ㄹ-ի համար՝ որպես վերջնատառ (այս դեպքում այն համր հնչյուն է), մյուսը՝ ㄹ-ի համար, երբ այն արտասանվում է ձայնավորների միջև (այս դեպքում հնչյունը կրկնապատկվում է)։ ㅂ-ㅜ տառը, որը խառնուրդ է, ներմուծվեց այն բառերի համար, որոնք փոփոխվում էին այս երկու հնչյունների միջև (այսինքն /b/-ն ձայնավորից առաջ դառնում էր /w/)։ Ներմուծվեց նաև ⟨1⟩ ձայնավորը` յոտացման տարբեր դեպքերի համար։
Կորեերենում տառերը, բացի քերականական որոշ ձևույթներից, առանձին-առանձին չեն կարող կորեերենի տարբեր տարրեր արտահայտել։ Փոխարենը, դրանք խմբվում են տարբեր վանկային և ձևաբանական կապակցություններում, որոնք պարունակում են ամենաքիչը երկու կամ երեք (1) բաղաձայն կամ կրկնակի բաղաձայն, որը կոչվում է սկզբնատառ (초성, 初聲 չոսոնգ ), (2) ձայնավոր կամ երկհնչյուն, որը կոչվում է միջնատառ (중성, 中聲 ջունգսոնգ), և երբեմն (3) բաղաձայն կամ բաղաձայնային կապակցություն՝ վանկի վերջում, որը կոչվում է վերջնատառ (종성, 終聲 ջոնգսոնգ)։ Երբ վանկի սկզբում չկա որևէ բաղաձայն, նրա տեղում օգտագործվում է զրո բաղաձայնը՝ ㅇ յունգը (ժամանակակից հանգըլում փոխարինող այսպիսի հնչյունները չեն օգտագործվում բառավերջում)։ Այսպիսով, կապակցությունը բաղկացած է ամենաքիչը երկու տառից՝ սկզբնատառից և միջնատառից։ Չնայած հանգըլն ավանդականորեն դասակարգվել է վանկերով, ժամանակակից ուղղագրությունում այն սկզբում դասակարգվում է ձևույթներով, ապա այդ ձևույթների մեջ՝ վանկերով։ Միայն մեկ բաղաձայն պարունակող ձևույթները առանձին չեն գրվում։
Որպես սկզբնատառեր և վերջնատառեր հանդես եկող բաղաձայնները սովորաբար տարբեր են։ Օրինակ՝ ㅇնգ-ն միայն հանդիպում է վերջում, մինչդեռ վերջում հանդիպող կրկնատառերը միայն ㅆ սս ևㄲ կկ տառերն են։
Չհաշված հնացած տառերը՝ այժմ հանգըլից կարող են կազմվել 11,172 կապակցություներ։
Կապակցությունների մեջ տառերը տեղադրությունը կախված է միջնատառի (ձայնավորի) կառուցվածքից։ Կան տառերի տեղադրության կայուն կաղապարներ։ Բաղաձայնների և ձայնավորների այնպիսի հաջորդականություններ, ինչպիսիք են ㅄ բս, ㅝ վո, կամ հնացած ㅵ բսդ, ㆋ ույե հաջորդականությունները, գչվում են ձախից աջ։
Ձայնավորները, կախված իրենց կառուցվածքից, գրվում են սկզբնատառ բաղաձայնների տակ՝ դեպի աջ, կամ էլ «փաթաթվում» են բաղաձայնին՝ գրվելով ներքևից դեպի աջ։ Եթե ձայնավորն ունի հորիզոնական առանց, ինչպես ㅡ ու-ն , ապա այն գրվում է սկզբնատառի տակ, իսկ եթե այն ունի ուղղահայաց առանցք, ինչպես ㅣ ի -ն, ապա այն գրվում է սկզբնատառի աջ կողմում, իսկ եթե այն միավորում է երկու ուղղություններն էլ, ինչպես ㅢ վի-ն , ապա այն «փաթաթվում» է բաղաձայնին։
|
|
|
Եթե առկա է վերջնատառ, այն գրվում է ներքևում՝ ձայնավորի տակ։ Սա կոչվում է 받침 բատչիմ «պահող հատակ»։
|
|
|
Բաղադրյալ վերջնատառը գրվում է ձախից աջ։
|
|
|
Կապակցությունները գրվում են հնչյունական հերթականությամբ՝ սկզբնատառ-միջնատառ-վերջնատառ, հետևաբար.
Հանգըլում վանկային կապակցությունները սովորաբար գրվում են հանջայի պես՝ միևնույն ձևի և չափի վանդակների մեջ. այս դեպքում այդ կապակցությունները, անկախ իրենց ձևից և չափից, պետք է զբաղեցնեն ամբողջ վանդակը և ունենան միևնույն չափը։
20-րդ դարի սկզբին փորձել են վերացնել հանգըլի վանկային կապակցությունները և այն եվրոպական գրերի ոճով գրել, այսինքն գրել այն գծայնորեն, օրինակ՝
ㅎㅏㄴㄱㅡㄹ for 한글[45]։
Մինչև 20-րդ դարը, հանգըլը չուներ հաստատված պաշտոնական ուղղագրություն։ Բաղաձայնային առնմանության, կապակցման, բարբառային ձևերի և այլ պատճառներով կորեերեն բառերը կարող են ուղղագրության տարբեր ձևեր ունենալ։ Սեջոնգ թագավորը ամենայն հավանականությամբ նախընտրում էր ձևահնչույթային ուղղագրությունը (ներկայացնում է բառարմատը), այլ ոչ հնչույթային ուղղագրությունը (ներկայացնում է հնչյունները)։ Սակայն սկզբում հանգըլու տիրում էր հնչույթային ուղղագրությունը։ Դարերի ընթացքում ուղղագրությունը մասնակիորեն դարձել է ձևահնչույթային։ Սա սկզբում դիտվել է գոյականների, ապա նաև բայերի շրջանում։ Ներկայումս հանգըլը հնարավորինս ձևահնչույթային է։ Հնչույթային ռոմանականացման, հնչույթային և ձևահնչույթային ուղղագրության միջև տարբերությունը երևում է motaneun sarami արտահայտության մեջ։
motaneun sarami [mo.tʰa.nɯn.sa.ɾa.mi]
մարդ, ով չի կարող դա անել
모타는사라미
/mo.tʰa.nɯn.sa.la.mi/
못하는사람이
|mot-ha-nɯn-sa.lam-i|
못–하–는 | 사람=이 | |
mot-ha-neun | saram=i | |
չի կարող անել [լրացուցիչ] | մարդ [լրացյալ] |
1894 թվականի Կաբոյի բարեփոխումից հետո Չոսոն արքայատոհմը, իսկ ավելի ուշ Կորեական Կայսրությունը, սկսել են հանգըլով պաշտոնական փաստաթղթեր գրել։ Մինչև 1910 թվականին Ճապոնիայի կողմից Կորեայի զավթումը՝ կառավարությունն իրականցրել է հանգըլի և հանջայի, ինչպես նաև ուղղագրության ճիշտ կիրառության մասին քննարկումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.