բրազիլացի-լիբանանցի-ֆրանսիացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս Գուն (արաբ․՝ كارلوس غصن, Kárlos Ġoṡn, պորտ.՝ Carlos Ghosn, ֆր.՝ Carlos Ghosn մարտի 9, 1954[2][3][4][…], Պորտու Վելյու, Բրազիլիա), Բրիտանական կայսրության շքանշանակիր, բրազիլացի-լիբանանցի-ֆրանսիացի[7] գործարար, որն այժմ ֆրանսիական Renault ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը, ճապոնական Nissan ընկերության նախագահը և նախկին գլխավոր գործադիր տնօրենը և Mitsubishi Motors-ի նախագահն է։ 2013 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիսը Գոնը եղել է ռուսական ԱվտոՎԱԶ ավտոմոբիլաշինական ընկերության նախագահը[8][9]։ Գոնը նաև Renault-Nissan Alliance ֆրանս-ճապոնական ռազմակավարական գործընկերային դաշինքի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենն է։ Դաշինքը, որը «Նիսանից» և «Ռենոյից» բացի ներառում է նաև «ԱվտոՎԱԶ»-ը և «Միցուբիշին», 2010-17 թվականներին զբաղեցրել է համաշխարհային ավտոմոբիլաշինական շուկայի մոտ 10%-ը՝ դառնալով աշխարհում երրորդ խոշոր ավտոմոբիլաշինական կոնցեռնը[10][11][12][13][14]։
Կառլոս Գոն արաբ․՝ كارلوس غصن[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1954[2][3][4][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Պորտու Վելյու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Լիբանան, Ֆրանսիա և Բրազիլիա |
Կրթություն | Ջամհուր քոլեջի Տիրամայրը, Փարիզի Ստանիսլասի քոլեջ, Սենտ-Լուիսի լիցեյ, Պոլիտեխնիկական դպրոց և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, գրող, ճարտարագետ և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Նիսսան և Ռենո |
Ամուսին | Carole Ghosn? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Caroline Ghosn? և Anthony Ghosn? |
Կայք | carlosghosn.info |
Carlos Ghosn Վիքիպահեստում |
«Ռենոյում» իր արմատական վերակազմավորումներից հետո, որը 1990-ականների վերջին ընկերությանը վերադարձրեց շահութաբերությունը, Գոնը հայտնի դարձավ որպես «Le Cost Killer»[15]։ 2000-ականների սկզբին «Նիսանը» դարձնելով ավտոմոբիլաշինական շուկայի ամենաագրեսիվ ընկերություններից մեկը, որը շրջադարձային էր ընկերության 1999 թվականի գրեթե սնանկացման ուղղով գնալուն, Գոնը ստացավ «Mr. Fix It»[16] մականունը։
«Նիսանի» ֆինանսական վիճակը կարգավորելուց հետո 2002 թվականին Fortune գործարար պարբերականը Գոնին պարգևատրեց «Տարվա ասիացի գործարար» մրցանակով[17][18]։
2003 թվականին «Fortune»-ը նրան ճանաչեց ԱՄՆ-ից դուրս բիզնեսում 10 ամենաուժեղ մարդկանցից մեկը[19], և թերթի ասիական խմբագրությունը նրան ճանաչեց տարվա մարդ։
Financial Times-ի և PricewaterhouseCoopers-ի համատեղ հետազոտություններով Կառլոս Գոնը ճանաչվեց 2003 թվականին աշխարհում ամենահարգված չորրորդ գործարարը[20] և ամենահարգված երրորդ գործարարը 2004-ին և 2005-ին[21][22][23]։
Գոնը և իր բիզնեսը արագ ճանաչման հասան Ճապոնիայում և ամբողջ աշխարհում[24][25], իսկ նրա կյանքը տեղ գտավ ճապոնական մանգաներում[26]։
Գոնը «Նիսանի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց 2017 թվականի ապրիլի 1-ին՝ շարունակելով մնալ ընկերության նախագահը։
Կառլոսի պապը՝ Բիչարա Գոնը Լիբանանից Բրազիլիա է գաղթել 13 տարեկան հասակում՝ հաստատվելով բրազիլա-բոլիվիական սահմանից ոչ հեռու գտնվող Սան-Միգել-դու-Գուապորե քաղաքում[27]։ Բիչարա Գոնը ձեռնարկատեր էր, որը ղեկավարում էր գյուղատնտեսական և ռետինե արտադրանքների, ավիացիայի ոլորտի մի քանի ընկերություններ[28]։ Նրա որդին՝ Ժորժ Գոնը ամուսնացավ նիգերական ծագմամբ կնոջ հետ, որի ընտանիքը նույնպես գաղթել էր Լիբանանից[29], և տեղափոխվեցին Ռոնդոնիա նահանգի մայրաքաղաք Պորտու Վելյու[30]։
Կառլոս Գոնը ծնվել է 1954 թվականի մարտի 9-ին Պորտո Վելյուում[30][31][32]։ Երբ նա ընդամենը երկու տարեկան էր, հակասանիտարական ջուր խմելու հետևանքով հիվանդացավ և մոր հետ տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո[30]։ Գոնն այնտեղ ամբողջությամբ չապաքինվեց և 1960 թվականին, երբ արդեն 6 տարեկան էր, մոր և քրոջ հետ տեղափոխվեց Բեյրութ, որտեղ ապրում էր իր տատը[30]։
Գոնն իր միջնակարգ կրթությունը ստացել է Լիբանանում գտնվող Ջամհուրի աստվածամոր տաճարի քոլեջում։ Հետագայում վերապատրաստման դասերի է հաճախել Փարիզում[33]։ 1974 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական, 1978-ին՝ Փարիզի լեռնային գործի բարձրագույն դպրոցները[31][34][35]։
1978 թվականին համալսարանն ավարտելուց հետո Գոնը 18 տարի անցկացրեց անվադողեր արտադրող եվրոպական խոշորագույն Michelin ընկերությունում[31][36]։ 1981-ին դարձավ ֆրանսիական Le Puy-en-Velay գործարանի կառավարիչը[31][37]։ 1984 թվականին նշանակվեց ընկերության անվադողերի արտադրության բաժնի արտադրության և հետազոտության ղեկավար[31][38]։
1985 թվականին, երբ Գոնը 30 տարեկան էր, նշանակվեց Միշլենի հարավամերիկյան բաժնի գլխավոր օպերացիոն տնօրեն[31][39][39][40]։ Գոնն ընկերության Հարավային Ամերիկայի բաժնում ստեղծեց ֆրանսիացիների, բրազիլացիների և այլ ազգերի լավագույն փորձի վրա հիմնված խաչաձև կառավարման թիմեր[41]։ Բրազիլիայում ունեցած բազմամշակույթ փորձը դրեց կառավարման իր բազմամշակույթ ոճի հիմքը և բազմազանության շեշտադրումը որպես բիզնես ակտիվ[41][42][43]։ Գոնի ղեկավարած բաժինը շահությաբերությանը վերադարձավ երկու տարում[41][44][45]։
Միշլենի հարավամերիկյան բաժնում իր առաքելությունը կատարելուց հետո Գոնը 1989 թվականին նշանակվեց ընկերության հյուսիս-ամերիկյան բաժնի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն և ընտանիքով տեղափոխվեց Հարավային Կարոլինայի Գրենվիլ քաղաք[46]։ 1990 թվականին նա հասավ մինչև «Michelin North America»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին[41][46]։ Գոնը նախագահեց ընկերությունը վերակառուցման փուլում, երբ այն նոր էր ձեռք բերել ամերիկյան Uniroyal Goodrich Tire Company ընկերությունը[31][47]։
1996 թվականին վատ վիճակում գտնվող ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը Գոնին հրավիրեց վաճառքի, առաջադեմ հետազոտությունների և արտադրության գծով գործադիր փոխնախագահի պաշտոնին և նրան հանձնվեց Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում «Ռենոյի» բաժինը[31][48]։ Գոնի արմատական փոփոխությունները «Ռենոյին» վերադարձրին շահությաբերությունը 1997 թվականին[15][49]։
1999 թվականի մարտին «Ռենոն» և «Նիսանը» ստեղծեցին Renault-Nissan Alliance դաշինքը, իսկ մայիսին «Ռենոն» ձեռք բերեց «Նիսանի» բաժնետոմսի 36.8%-ը[50]։ Պահպանելով իր տեղը «Ռենոյում»՝ Գոնը 1999 թվականի հունիսին միաժամանակ ստանձնեց Nissan-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, իսկ 2001 թվականի հունիսին դարձավ գլխավոր գործադիր տնօրեն[31]։ Երբ նա միացավ ընկերությանը, «Նիսանն» ուներ ընդհանուր մոտ 20 միլիարդ դոլարի պարտք (ավելի քան 2 տրիլիոն յեն)[40][51], և իր 46 մոդել ավտոմեքենաներից ընդամենը 3-ն էր վաճառվում Ճապոնիայում, որտեղ գոյանում էր հիմնական շահույթը[52]։ Ընկերությունը խորտակման ուղղուց հետ բերելը գրեթե անհնար էր թվում[53][54][55][56]։ 1999 թվականի հոկտեմբերին հրապարակված Գոնի «Նիսանի վերածննդի պլանում» նախատեսվում էր ընկերությանը շահութաբերությունը վերադարձնել 2000 թվականի ֆինանսական տարում, իսկ 2002 թվականի ֆինանսական տարվա վերջում շահութաբերության աճը հասցնել 4,5%-ի[57][58][59]։ Գոնը խոստացավ հեռանալ, եթե այս նպատակներին չհասնի[60]։ Գոնն իր «Նիսանի վերածննդի պլանով» կոչ էր անում աշխատողների քանակը կրճատել 21,000-ով (ընդհանուր աշխատուժի 14%-ը), հիմնականում Ճապոնիայում, փակել ճապոնական 5 գործարան, կրճատել մատակարարների թիվը բաժնետոմսերի փաթեթների քանակը[57][61][62]։ Գոնը չորրորդ ոչ ճապոնացին էր, որը դարձավ ճապոնական ավտոարտադրողի ղեկավար, Մարկ Ֆիլդսից, Հենրի Ուոլեսից և Ջեյմս Միլերից հետո[63]։ Աշխատատեղերի, գործարանների և մատակարարների քանակի կրճատմանը զուգընթաց Գոնը գնաց նաև «Նիսանում» գլխավոր և դրամատիկ կառուցվածքային և կորպորատիվ-մշակութային փոփոխությունների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.