From Wikipedia, the free encyclopedia
Կազակություն (ուկրաիներեն՝ Козаки́, ռուս.՝ казаки, լեհ.՝ Kozak), զինվորական դաս Արևելյան Եվրոպայում 18-20-րդ դարերի սկզբին։
14-17-րդ դարերում կազակությունն ընդգրկում էր պարհակից ազատ ու վարձու աշխատողներին, երկրի ծայրամասում զինվորական ծառայություն կատարողներին և այսպես կոչված՝ «ազատ կազակներին»։ 18-19-րդ դարերում նրանց մեծ մասը հարկատու դաս դարձավ, մյուսները մտան Դոնի, Կուբանի, Օրենբուրգի, Աստրախանի, Սիբիրի և այլ կազակային զորքերի մեջ։ Ճորտացումից և լեհական ու լիտվական իշխանությունների լծից փախչող գյուղացիները, 15-րդ դարի երկրորդ կեսից հաստատվելով Դոնի, Դնեպրի և Յաիկի ստորին ավազաններում, իրենց կոչում Էին ազատ մարդիկ՝ կազակներ։
Հարևան ֆեոդալական իշխանություններին և կիսաքոչվոր ժողովուրդներին դիմադրելու համար 15-16-րդ դարերի սկզբին նրանք ստեղծեցին Դոնի, Վոլգայի, Դնեպրի (Չերկասի) և մյուս կազակային զինվորական համայնքները։ 16-րդ դարի առաջին կեսին առաջացավ Զապորոժյան Սեչը։ Ուկրաինայում կազակները դարձան հակալեհական ժողովրդական ապստամբությունների հիմնական ուժը։
16-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի առաջին կեսը նրանց օգնում և զինված պայքարին մասնակցում Էին ուկրաինական քաղաքների հայ համայնքները։ Կազակները զգալի ներդրում ունեցան ոչ միայն երկրի սահմանների պաշտպանության, այլև Հյուսիսային Կովկասի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի յուրացման գործում։
Կազակության տնտեսական կյանքի հիմքը սկզբում որսորդությունն ու անասնապահությունն էր, 17-րդ դարի երկրորդ կեսից տարածվեց նաև երկրագործությունը։
16-17-րդ դարերում գոյության համար կարևոր միջոց էր ավարը։ Կազակության ներսում հենց սկզբից առաջացան սոցիալական շերտեր՝ չքավորներ և ունևորներ։ Առաջինները 17-18-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների շարժիչ ուժերից էին, իսկ վերնախավը 19-րդ դարի սկզբին ընդգրկվեց Ռուսաստանի ազնվական դասի մեջ։ 16-17-րդ դարերին կազակությունը ինքնավար էր։ Կարևոր հարցերը լուծվում Էին ընդհանուր ժողովում՝ ռադայում։
Ցարական կառավարությունը վերնախավի աջակցությամբ 1721 թվականից կազակությանը ենթարկեց իր իշխանությանը։ Հետմաններն ու ավագները սկսեցին նշանակվել կենտրոնից։ 1775 թվականին վերացվեց Զապորոժյան Սեչը։ Իր ռազմական ավանդույթների և լավ պատրաստականության շնորհիվ կազակությունը զգալի դեր խաղաց 18-20-րդ դարերի սկզբներին Ռուսաստանի մղած պատերազմներում։
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ցարական կառավարությունը երկրի հարավային սահմանների պաշտպանության նպատակով որոշեց կազակներով բնակեցնել Արաքսի հովիտը և ստեղծել, այսպես կոչված՝ «Արաքսի կազակությունը», բայց այդ ծրագիրը չիրագործվեց։ 19-րդ դարի վերջից կապիտալիստական հարաբերությունները թափանցեցին նաև կազակների շրջանը։ Շերտավորումը խորացավ։ 1905-1907 թվականներին կազակային մի շարք զորամասեր մասնակցեցին հեղափոխական շարժումներին, 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ անցան ապստամբների կողմը։
Դոնում, Թերեքում, Սիբիրում ստեղծվեցին կազակային դեպուտատների խորհուրդներ։ 1918 թվականի մարտ-մայիսին Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում ստեղծվեցին Դոնի, Կուբան-Սևծովյան և Թերեքի սովետական հանրապետությունները։ 1920 թվականին կազակությունը որպես զինվորական դաս վերացվեց, ստեղծվեցին նրանցից կազմված հեծելազորային դիվիզիաներ, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) հերոսաբար մարտնչեցին ռազմաճակատներում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կազակություն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 154)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.