Խույթ, գրաբար՝ Խոյթ (արտասանվում է Խույթ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, գտնվում է Սասունի արևելյան կողմում, Տարոն գավառից հարավ-արևելք, Սանասունք լեռան հարավային կողմում։ Խիստ լեռնային գավառ է, ցուրտ կլիմայով և աղքատ բնությամբ[1]։
Կլիմա
Ուներ մոտ 1190 կմ² տարածություն՝ շրջապատված անտառապատ լեռներով։ Կլիման բարեխառն է, մակերևույթը՝ հարթ։ Կենտրոնն էր համանուն բերդը։ Գավառի միջով հոսում է Բռնաշեն գետը։ Խույթը սահմանակից էր Սասուն գավառին, ուստի աղբյուրներում հաճախ այդ երկու տեղանունները գործածված են միևնույն նշանակությամբ։
Պատմություն
4-րդ դարի երկրորդ կեսին միացվում է Տարոնի Մամիկոնյանների նախարարությանը, իսկ արաբական տիրապետության շրջանում և ավելի ուշ Սասունի հետ կազմում էր մեկ իշխանություն։ Խույթի հայությունը հայտնի էր օտար լուծի նկատմամբ իր ոչ հնազանդ վերաբերմունքով, Խույթից էր Հովնանը, որը 9-րդ դարի կեսերին Հայաստանում արաբական լծի դեմ ծավալված ապստամբության նշանավոր առաջնորդներից էր։
Խութեցիները հնուց հայտնի էին իրենց ազատասեր ու քաջակորով բնավորությամբ։ Նրանց կենցաղը, բարքերը, նիստուկացը նկարագրել է IX—X դդ. պատմագիր Թովմա Արծրունին՝ 851—852 թթ.-ի ժողովրդական ապստամբության առնչությամբ։ Այս ապստամբության ժամանակ Խույթի լեռնականները, Հովնան Խութեցու գլխավորությամբ, 851 թ.-ի գարնանամուտին, իջնելով լեռներից, ծանր պարտության են մատնել արաբական խալիֆայության զորքին, սպանել նրա զորապետ Յուսուփին։ Այդ դրվագը արտացոլվել է «Սասունցի Դավիթ» էպոսում։ Ապստամբությունը հիշատակում են նաև արաբ մատենագիրներ Բելազուրին և Թաբարին, Հայաստանի անկախության կորստից հետո էլ Խույթը պահպանել է իր կիսանկախ վիճակը։
1459—1460 թթ.-ին հակաթուրքական պայքարին մասնակցելու նպատակով Խույթից, որպես բանագնաց, Հռոմ է մեկնել (պապի հետ բանակցելու) Հեթումը։ 1514 թվականից հետո Խույթն ընկել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրքիայի կազմում Խույթը մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ Բռնաշենի հետ կազմելով առանձին նահիե։
Ճարտարապետական կոթողներ
Խույթում XV դարում հիշվում է Քեռգու գյուղաքաղաքը։ Այդտեղ էր գտնվում Սբ. Աղբյուրիկ (Աղբերկա) կամ Վանդիր վանքը, որը կառուցվել էր V—VI դդ.։ Վանքը եպիսկոպոսանիստ էր, ուր իր կյանքի վերջին տարիներին եղել է Գրիգոր Մագիստրոսը։ Գմբեթավոր էր, պարսպապատ և ծառայում էր որպես ամրոց։ X—XIII դդ. այն եղել է Սասունի իշխանների դամբարանը։
Եղեռնի տարիներին
1915 թ.-ին Խույթն ուներ 19 հայաբնակ գյուղ։ Բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ 1916 թ.-ի գարնանը ռուս կազակների մի զորամաս մտել է Խույթ և ազատել նրա մնացած բնակիչներին (որոնք եղեռնի ժամանակ թաքնվել էին լեռնածերպերում) և տեղափոխել Մուշ՝ ապահովելով նրանց սննդամթերքով։ 1917 թ.-ի վերջին Խույթի ողջ մնացած բնակիչներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակի ու Թալինի շրջանների գյուղերում։
Խույթի Կոռ գյուղում է ծնվել հայ նշանավոր փիլիսոփա, Գլաձորի համալսարանի հիմնադիր Ներսես Մշեցին (XIII—XIV դդ.)։
Տես նաև
Գրականություն
- Թ. Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»
- Պետոյան Վ., Սասնա ազգագրությունը, Ե., 1965
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.