Remove ads
Միխայիլ Բուլգակովի երկրորդ կինը From Wikipedia, the free encyclopedia
Լյուբով Եվգենևնա Բելոզերսկայա (ռուս.՝ Любо́вь Евге́ньевна Белозе́рская, սեպտեմբերի 18 (30), 1895, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1987[2], Մոսկվա, ԽՍՀՄ), Միխայիլ Բուլգակովի երկրորդ կինը (1925-1932 թվականներ)։
Լյուբով Բելոզերսկայա ռուս.՝ Любовь Евгеньевна Белозерская | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18 (30), 1895 |
Ծննդավայր | Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 27, 1987[2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բուժքույր, խմբագիր և գրող |
Ամուսին | Միխայիլ Բուլգակով և Ilya Vasilevsky? |
Ծնողներ | հայր՝ Evgeny Belozersky? |
Լյուբով Բելոզերսկայան ծնվել է Լեհաստանում, Եվգենի Միխայլովիչ Բելոզերսկու և Սոֆյա Վասիլևնա Բելոզերսկայայի ընտանիքում։ Լյուբովից բացի ընտանիքում եղել է ևս երեք երեխա՝ Վերա (ծնվել է 1888 թվականին), Նադեժդա (ծնվել է 1891 թվականին) և Յուրի (ծնվել է 1893 թվականին)։ Հոր մահվանից հետո ընտանիքը տեղափոխվել է Պենզա։
Լյուբով Բելոզերսկայան ավարտել Սանկտ Պետերբուրգի Դեմիդովյան իգական գիմնազիան։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1914 թվականին, Բելոզերսկայան, ավարտելով գթության քույրերի դասընթացները, հոսպիտալներում խնամել է վիրավորների։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լյուբով Բելոզերսկայան Պետրոգրադից տեղափոխվել է կենտրոնական Ռուսաստանում գտնվող գյուղ՝ ընկերուհու մոտ։
1918 թվականին Բելոզերսկայան տեղափոխվել է Կիև, որտեղ հանդիպել է ծանոթ լրագրող Իլյա Մարկովիչ Վասիլևսկուն, որին ճանաչում էր դեռ Պետերբուրգից, և որը գրում էր «Не-Буква» կեղծանունով։ Նա ամուսնացել է Վասիլևսկու հետ և 1920 թվականի փետրվարին ամուսնու հետ Օդեսայից արտագաղթել Կոստանդնուպոլիս (այդ ժամանակաշրջանի որոշ դեպքեր օգտագործվել են Միխայիլ Բուլգակովի «Վազք» պիեսում)։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա՝ Մարսել, ապա Փարիզ։ Փարիզում Իլյա Վասիլևսկին հրատարակել է սեփական թերթը՝ «Свободные мысли» (հայ.՝ «Ազատ մտքեր»), իսկ Լյուբով Եվգենևնան հանդես է եկել բալետային թատերախմբերի կազմում Փարիզի թատրոններում։ 1921-1922 թվականների ձմռանն ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, որտեղ Վասիլևսկին սկսել է համագործակցել խորհրդամետ «Накануне» թերթում։ Այդ ժամանակ տվյալ թերթը տպագրում էր Միխայիլ Բուլգակովի ակնարկներն ու ֆելիետոնները։
Լյուբով Բելոզերսկայան Վասիլևսկուց բաժանվել է 1923 թվականի վերջին։ 1924 թվականի հունվարի սկզբին՝ «Накануне» խմբագրության կողմից Ալեքսեյ Տոլստոյի պատվին կազմակերպված երեկոյի ընթացքում, Բելոզերսկայան ծանոթացել է Միխայիլ Բուլգակովի հետ։ Բուլգակովի ու Բելոզերսկայայի ամուսնությունը գրանցվել է 1925 թվականի ապրիլի 30-ին։
Լյուբով Բելոզերսկայայի հետ ամուսնության տարիներին Միխայիլ Բուլգակովը գրել է «Տուրբինների օրերը» (ռուս.՝ Дни Турбиных), «Բոսորագույն կղզի» (ռուս.՝ Багровый остров), «Զոյայի բնակարանը» (ռուս.՝ Зойкина квартира)։ Բելոզերսկայան Բուլգակովի համար ֆրանսերենից թարգմանել է Մոլիերի մասին գրքեր։ Գրողի թելադրմամբ նա գրել է «Փարիսեցիների պարտավորագիրը» (ռուս.՝ «Кабала святош») և «Ադամ և Եվա» (ռուս.՝ Адам и Ева) պիեսների բազմաթիվ էջեր, այն վեպի առաջին խմբագրության էջերը, որը հետագայում վերածվել է «Վարպետը և Մարգարիտան» վեպի (այդ ժամանակ դեռ առանց Մարգարիտայի)[3]։ Ըստ Բորիս Սոկոլովի՝ հենց Լյուբով Բելոզերսկայան է Բուլգակովին հուշել իր ապագա «Վարպետը և Մարգարիտան» վեպում գլխավոր հերոսուհու կերպարն ավելացնելու գաղափարը[4]։
Լյուբով Բելոզերսկայային են նվիրված «Սպիտակ գվարդիա» (ռուս.՝ «Белая гвардия») վեպը, «Շան սիրտ» (ռուս.՝ Собачье сердце) վիպակն ու «Փարիսեցիների պարտավորագիրը» («Մոլիեր») պիեսը։ Սակայն Լյուբով Բելոզերսկայայի անունն ամենաշատը կապված է «Վազք» պիեսի ստեղծման հետ. արտագաղթի ու արտագաղթյալների, Կոստանդնուպոլսի ու Փարիզի մասին Բելոզերսկայայի կենդանի պատմությունները գրողի համար ներշնչանքի աղբյուր են ծառայել պիեսի ստեղծման ժամանակ[3]։
1929 թվականի սկզբին ընտանեկան կյանքում սկսվել են բարդություններ։
«փաստ <...> Բուլգակովի կենսագրությունից. նա ստիպված է եղել գրել ընդհատումներով, և մի անգամ նա կնոջն ասել է, թե այդպիսի պայմաններում չի աշխատել նույնիսկ Դոստոևսկին։ Ինչին ստացել է հետևյալ պատասխանը. «Բայց դու ախր Դոստոևսկին չես»— Իգոր Վոլգին
Փետրվարին Միխայիլ Բուլգակովը ծանոթացել է Լյուբով Բելոզերսկայայի ընկերուհու՝ Ելենա Շիլովսկայայի հետ, և շուտով նրանց միջև սկսվել է սիրավեպ։1932 թվականի հոկտեմբերին նա դարձել է գրողի երրորդ կինը։ Լյուբով Բելոզերսկայայի հետ ամուսնալուծությունը կայացել է 1932 թվականի հոկտեմբերի 3-ին։
1933 թվականից Լյուբով Բելոզերսկայան աշխատել է «ЖЗЛ» թերթի խմբագրությունում, ապա Жургаз-ի «Исторические романы» խմբագրությունում։ 1945 թվականից հետո Բելոզերսկայան եղել է տառադարձության գծով գիտական խմբագիր «Սովետական մեծ հանրագիտարան» հրատարակչությունում, իսկ 1940-ական թվականներին՝ խմբագիր «Լիտերատուրնայա գազետայում», համագործակցել է «Огонёк» ամսագրի հետ։
1928-1930 թվականներին Բելոզերսկայան եղել է Վիկենտի Վերեսաևի երկերի ժողովածուի սրբագրիչ-խմբագիր, իսկ 1936 թվականից եղել է պատմաբան-ակադեմիկոս Եվգենի Տառլե գրական քարտուղարը։
1970-1980-ական թվականներին Բելոզերսկայան գրել է գիրք Բուլգակովի հետ կյանքի մասին («О, мёд воспоминаний» Արխիվացված 2018-07-02 Wayback Machine), ինչպես նաև գրքեր Կոստանդնուպոլսում և Փարիզում անցկացրած տարիների մասին («Ուրիշի շեմքի մոտ», ռուս.՝ «У чужого порога») և «Այդպես է եղել» (ռուս.՝ «Так было», Եվգենի Տառլեի հետ իր աշխատանքի մասին)։ Ռուսաստանում գրքերը լույս են տեսել նրա մահվանից հետո։
Լյուբով Բելոզերսկայան մահացել է 1987 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում։ Թաղվել է[5] Վագանկովյան գերեզմանատանը՝ իր հարազատների կողքին։
Բելոզերսկայայի մասին հուշեր հանդիպում են նրա հետ մտերիմ եղած Լիդիա Յանովսկայայի[6] և Ե. Մոնախովայի[7] գրքերում։ Բելոզերսկայայի ու Յանովսկայայի նամակագրությունը մասամբ հրատարակվել է[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.