From Wikipedia, the free encyclopedia
Լեշմանիոզ, Լեշմանիա տիպի պարազիտների պատճառով առաջացող հիվանդություն[1]։ Այն տարածվում է որոշակի տարածքներում ապրող թռչող միջատների՝ մլակների, մոծակների և այլն, խայթոցի հետևանքով[1]։ Հիվանդությունը կարող է ներկայանալ երեք տիպով՝ մաշկային, մաշկալորձաթաղանթային, ընդերային լեշմանիոզ[1]։ Մաշկային տարբերակը լինում է մաշկի վրա խոցերի առաջացմամբ, իսկ մաշկալորձթաղանթային տեսակը ներկայանում է խոցերի առաջացմամբ մաշկին, բերանի և/կամ քթի խոռոչների լորձաթաղանթների վրա։ Ընդերային տեսակի ժամանակ սկզբում դիտվում են մաշկային խոցեր, որին հետագայում ավելանում է ջերմությունը, էրիթրոցիտների քանակի նվազումը և օրգանոմեգալիան՝ մեծացած լյարդը և փայծաղը[1][2]։
Լեշմանիոզ | |
---|---|
Տեսակ | Էնդեմիկ հիվանդություններ և հիվանդության կարգ |
Պատճառ | Leishmania?, Leishmania donovani?, L. infantum?, Leishmania braziliensis?, L. mexicana?, L. major? և L. tropica? |
Հիվանդության ախտանշաններ | Խոց, mouth ulcer?, տենդ, սպլենոմեգալիա, սակավարյունություն և լյարդի մեծացում |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, ELISEA?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, արյունաբանություն և Giemsa stain? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Leishmaniasis Վիքիպահեստում |
Ինֆեկցիաները մարդկանց մոտ առաջանում են մոտ 20 տեսակից ավելի Լեշմանիաների հետևանքով[1]։ Ռիսկի գործոններն են հանդիսանում աղքատությունը, թերսնուցումը, անտառահատումը և ուրբանիզացումը[1]։ Բոլոր երեք տեսակները լեշմանիոզ հիվանդությունները ախտորոշվում են մանրադիտակի տակ հարուցչին հայտնաբերելուց հետո[1]։ Որպես լրացում, ընդերային տարբերակը, երբեմն, ախտորոշվում է արյան թեստերի միջոցով[2]։
Լեշմանիոզը կարելի է կանխարգելել հատուկ պայմաններում քնելով, օրինակ միջատասպան նյութերով պատված ցանցով պաշտպանված վրաններում[1]։ Այլ կանխարգելման մեթոդներից են ինսեկտիցիդների օգտագոծումը, որի շնորհիվ նվազում է միջատների տարածումը, ինչպես նաև կանխարգելման մեթոդ է հիվանդ մարդկանց վաղաժամ հայտնաբերումը և բուժումը[1]։ Բուժման անհրաժեշտությունը կախված է նրանից թե որտեղ է հիվանդությունը ձեռք բերվել, Լեշմանիայի տեսակից, և ինֆեկցիայի տիպից[1]։ Ընդերային հիվանդությունը բուժելու նպատակով օգտագործվող հավանական դեղորայքից են լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ն[3], որը հանդիսանում է պենտավալենտ անտիմոնալիսի և պարոմոմիցինի[3] համադրություն է, օգտագործվում է նաև միլտեֆոզինը[4]։ Մաշկային տարբերակի ժամանակ օգտակար կարող են լինել պարոմոմիցինը, ֆլյուկոնազոլը, պենտամիդինը[5]։
Մոտ 4-12 միլիոն մարդ ներկայումս ախտահարված է[6][7]։ Հիվադներ են հայտնաբերվում մոտ 98 երկրներում[2]։ Մոտավորապես 2 միլիոն նոր դեպքեր են դիտվում տարեկան[2] և 20-50 հազար մահվան դեպքեր են գրանցվում ամեն տարի[1][8]։ Մոտ 200 միլիոն մարդ Ասիայում, Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Եվրոպայում ապրում են այն տարածքներոմ, որտեղ հիվանդությունը տարածված է[2][9]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է զեղչեր որոշ դեղորայքների վրա, որպեսզի հիվանդության բուժումը լինի հասանելի[2]։ Այս հիվանդությունը դասակարգվում է որպես մոռացված տրոպիկական հիվանդություն[10]։ Հիվանդությունը կարող է հանդիպել որոշ կենդանիների մոտ, օրինակ շների և կրծողների դասին պատկանող կենդանիների մոտ[1]։
Լեշմանիոզի նշաններից են մաշկի վրա առաջացող վերքերը, որոնք արտահատվում են վարակված միջատի խայթոցից մոտ շաբաթներ կամ ամիսներ անց։
Լեշմանիոզը կարելի է բաժանել հետևյալ տիպերի[11]՝
Լեշմանիոզը համարվում է փայծաղի զգալի մեծացման (շոշափումով հայտնաբերվող) դասական պատճառներից մեկը։ Այս օրգանը նորմայում չի շոշափվում որովայնի ֆիզիկական զննման ժամանակ։ Ծանր դեպքերում այն կարող է գերազանցել իր չափսերով լյարդին։
Լեշմանիոզը փոխանցվում է ախտահարված էգ մլակների կամ այլ թռչող միջատների խայթոցով[1]։ Այս միջատները տարածում են նախակենդանի Լեշմանիայիային[1]։ Մլակները ներմուծում են վարակիչ փուլում գտնվող՝ մետացիկլիկ պրոմաստիգոտներին, այրունածծման փուլում (1)։ Մետացիկլիկ պրոմաստիգոտները, երբ հասնում են դեպի բացված վերքը ֆագոցիտոզի են ենթարկվում մակրոֆագերի կողմից (2) և վերածվում են ամաստիգոտների (էուկարիոտ օրգանիզմ՝ պրոտիստ բջիջ, որը չունի արտաքինից պատող տեսանելի թարթչային կամ մտրակներ պարունակող շերտ) (3)։ Ամաստիգոտները բազմանում են վարակված բջջի մեջ և ախտահարում տարբեր հյուսվածքներ։ Կախված նրանից, թե որ որտեղ է գտնվում Լեշմանիան, այդեղ էլ առաջանում են բորբոքային փոփոխությունները (4)։ Կախված ախտահարված հյուսվածքի դիֆերենցացիայից առաջանում են հիվանդության համապատասխան տեսակները։ Մլակները վարակվում են այն ժամանակ, երբ ծծում են հիվանդ տիրոջ արյունը, կուլ տալով ամաստիգոտներով վարակված մակրոֆագեին(5,6)։ Միջատի մարսողական համակարգում պարազիտը դառնում է պրոմաստիգոիտ (7), որը բազմանում է, տարբերակվում է մետացիկլիկ պրոմաստիգոիտի և միգրաիցայի է ենթարկվում դեպի միջատի կնճիթը(8)։
Ուսումնասիրելով Լեշմանիայի երեք կենսաբանական տեսակների (L. major, L. infantum, and L. braziliensis) գենոմային կազմը, ստացվել է պարազիտների կենսաբանական կազմի մասին բազմաթիվ տեղեկություններ։ Օրինակ, ցույց է տրվել, որ Լեշմանիայի սպիտակուց կոդավորող գեները հասկացվում են որպես մեծ պոլիցիստրոնիկ միավորներ գլխից գլուխ կամ պոչից պոչ տիպով։ Լեշմանիան ունի յուրահատուկ գենի էքսպրեսիան ռեգուլյացիայի ենթարկող հատկություն, որի շնորհիվ հարմարվում է շրջակա միջավայրի փոփոխություններին։ Իմանալով այդ տեղեկությունները ստեղծվում են հնարավորություններ նոր դեղորայքներ և պատվաստումներ ստեղծելու համար[13]։
Չնայած այն բանին, որ Նոր Աշխարհում, գրականությունը նշում է միայն մարդու համար Լեշմանիայով վարակվելու(Lutzomyia) մեկ տեսակի փոխանցող, Գալատիի կողմից 2003 թվականին արված հետազոտությունը առաջարկել է նոր դասակարգում Նոր Աշխարհի մլակների համար։ Այս հետազոտությանը ավելացվել են փոխանցողների որոշակի ենթատեսակներ։ Աշխարհի այլ տեղերում, լեշմանիոզի հիմնական փոխանցող է համարվում Ֆլեբոտոմուսը[13]։
Ընդերային հիվանդությունը սովորաբար հարուցվում է Leishmania donovani, L. infantum, կամ L. chagasi[2] կողմից, սակայն չի բացառվում այդ հարուցիչների կողմից հիվանդության այլ տեսակների առաջացումը[2]։
Մաշկային ձևը հարուցվում է ավելի քան Լեշմանիայի 15 տեսակների կողմից[2]։
Ռիսկի գործոններ են համարվում աղքատությունը, թերսնուցումը, անտառահատումը, սանիտարական ցածր պայմանները և ուրբանիզացիան[1]։
Լեշմանիոզը ախտորոշվում է արյունաբանական լաբորատորիայում ամաստիգոտի (Լեշման-Դոնովանի մարմնիկներ) ուղղակի վիզուալիզացիայի շնորհիվ։ Պերիֆերիկ արյան չմակարդված նմուշը կամ փայծաղից, լիմֆատիկ հանգույցներից, մաշկի վերքերից վերցված ասպիրատները բարակ շերտով անցկացվում են առարկայական ապակու վրա և ներկվում Գիմզայի ներկով (pH 7.2)։ Առարկայական ապակին մշակում են մոտ 20 րոպեի չափով։ Ամաստիգոտները երևում են արյան և փայծաղի մոնոցիտներում կամ շատ հազվադեպ շրջանառող նեյտրոֆիլներում, ասպիրացված հյուսվածքի մակրոֆագերում։ Դրանք փոքր, շրջանաձև 2-4 μմ դիամետրով, անկանոն ցիտոպլազմայով մարմնիկներ են։ Ունեն կորիզ և փոքր, ցուպիկանման կինետոպլաստ։ Հաճախ կարելի է ամաստիգոտներ նկատել ազատ շրջանառելով արյան բջիջների միջև[14]։ Ինչևէ, հյուսվածքներից օրինակների վերցնումը հաճախ ցավոտ է հիվանդի համար և ախտահարված բջիջների հայտնաբերումը լինում է դժվարաված։ Սա է պատճառը, որ մշակվում է ոչ ուղղակի իմունոլոգիական ախտորոշման մեթոդներ, այդ թվում իմունոֆերմենտային անալիզ ( անգլերեն՝ enzyme-linked immunosorbent assay, ELISA), հակածին պատված փայտիներ, ուղղակի ագլյուտինացիայի թեստեր։ Չնայած այն բանին, որ այս թեստերը ունեն լայն տարածում, դրանք չեն համարվում ստանդարտ ախտորոշիչ թեստեր, քանի որ չունեն բավարար սպեցիֆիկություն և զգայունություն։
Մշակվել են բազմաթիվ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստեր, որոնք օգտագործվում են Լեշմանիայի ԴՆԹ հայտնաբերելու նպատակով[2]։ Այս թեստը համարվում է բարձր ախտորոշիչ սպեցիֆիկություն և զգայունություն ունեցող հիվանդությունը հայտնաբերող հետազոտություն։ Ամենազգայուն ՊՇՌ թեստերը օգտագործում են փոքր շղթայով ԴՆԹ, որը հայտնաբերվում է պարազիտի մոտ։ Կինետոպլաստային ԴՆԹ-ն պարունակում է միտոքոնդրիալ սպիտակուցների հաջորդականություն իր մեծ շղթաներում (~25-50 պարազիտի հաշվարկով), և ուղեկցող ՌՆԹ իր փոքր շղթաներում (~10'000 պարազիտի հաշվարկով)։ Այս սպեցիֆիկ մեթոդով, հնարավոր է հայտնաբերել Լեշմանիա, անգամ եթե փորձանմուշում պարազիտների քանակը շատ քիչ է։ Երբ լինում է անհրաժեշտություն ախտորոշելու Լեշմանիայի սպեցիֆիկ տեսակները՝ այս ՊՇՌ մեթոդները ունեն առավելություններ այլ հետազոտությունների նկատմամբ[15]։
Հիվանդության բազմաթիվ տեսակներ փոխանցվում են կենդանիներից, սակայն լինում են դեպքեր, երբ այն տարածվում է մարդուց այլ մարդկանց։ Մարդկանց մոտ վարակը առաջանում է մոտ 21-30 տեսակներից, որոնք ախտահարում են նաև կաթնասուններին[16]։ Տարբեր տեսակներ ունեն միմյանց հետ նմանություն, սակայն շնորհիվ իզոֆերմենտային անալիզի, ԴՆԹ սեկվեստավորման անալիզի կամ մոնոկլոնալ հակամարմինների շնորհիվ դրանց տարբերակումը լինում է ավելի հեշտ։
Բուժումը որոշվում է ելնելով նրանից թե որ տիպն է հիվանդության, Լեշմանիոզի տեսակը և պարազիտին փոխանցող միջատի տեսակը, հիվադնության առաջացման վայրը[1]։ Ընդերային լեշմանիոզի համար, որը հանդիպում է Հնդկաստանում կամ Հարավային Ամերիկայում, խորհուրդ է տրվում օգտագործել լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ն և հաճախ բուժման նպատակով անհրաժեշտ է լինում նրա մեկ չափաբաժին[2][3]։ Մեկ չափաբաժին ամֆոտերինով բուժված դեպքերը 95 տոկոս են[2]։ Հնդկաստանում գրեթե բոլոր վարակները կայուն են պենտավալենտ անտիմոնալիսի նկատմամբ[2]։ Աֆրիկայում, խորհուրդ է տրվում օգտագործել պենտավալենտ անտիմոնալիսի և պարոմոմիցինի համադրությունը[3]։ Պետք է նշել, որ դրանք կարող են ունենալ արտահայտված կողմնակի ազդեցություններ[2]։ Միլտեֆոսինը, բերանացի ընդունվող դեղորայք է, արդյունավետ է և ընդերային և մաշկային լեշմանիոզների համար[4]։ Կողմնակի ազդեցությունները սովորաբար թեթև են, սակայն այն կարող է հանդիսանալ ծննդաբերական դեֆեկտների առաջացման պատճառ, եթե դեղորայքը ընդունվի հղիության առաջին 3 ամիսների ընթացքում[2][4]։ Այն չի օգնում L. major կամ L. braziliensis դեպքում[5]։
Մաշկային լեշմանիոզի բուժման հետ կապված ապացուցողական տվյալները թույլ են[2]։ Կան տարբեր տեղային օգտագործվող դեղորայք, որոնք կարելի է օգտագործել մաշկային լեշմանիոզի բուժման նպատակով։ Բուժման արդյունավետությունը կրկնին կախված է հարուցչի տեսակից, տեղային պարամոմիցինը արդյունավետ է L. major, L. tropica, L. mexicana, L. panamensis, և L. braziliensis դեպքում[5]։ Պենտամիդինը արդյունավետ է L. guyanensis-ի համար[5]։ Բերանացի ֆլյուկոնազոլը կամ իտրակոնազոլը արդյունավետ են L. major և L. tropica դեպքում[2][5]։ Ջերմային թերապիայի արդյունավետության մասին ապացուցողական տվյալները սկսած 2015 թվականից հուսալի չեն[18]։
200 երկրներից և տարածքներից, որոնք ԱՀԿ-ին տվյալներ են ներկայացնում, 97 երկրները և տարածքները էնդեմիկ են լեշմանիոզի համար[20]։ Լեշմանիոզի տարածվածությունը տատանվում է Կենտրոնական և Հաևավային Ամերիկայի խոնավ անտառներից մինչև Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի անապատները։ Այն ախտահարում է 12 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հանդիպում են 1․5-2 միլիոն նոր դեպքեր տարեկան[21]։ Ընդերային լեշմանիզը ունենում է 500,000 նոր դեպքեր տարեկան[22]։ 2014 թվականին, նոր դեպքերի ավելի քան 90 տոկոսը, որոնք տեղեկացվել են ԱՀԿ-ին, եղել են 6 երկրներում՝ Բրազիլիա, Եթովպիա, Սոմալի, Հարավային Սուդան և Սուդան[23]։ Սկսած 2010 թվականից, այն հանդիսացել է 52,000 մահվան դեպքերի պատճառ, 1990 թվականին մահվան դեպքերը եղել են 87,000[8]։
Հիվանդության տարբեր տիպեր ի հայտ են գալիս աշխարհի տարբեր ռեգիոններում[1]։ Մաշկային ձևը ամենահաճախը հանդիպում է Աֆղանստանում, Ալժիրում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Իրանում։ Մաշկալորձաթաղանթային տեսակը ավելի հաճախ հանդիպում է Բոլիվիայում, Բրազիլիայում, Պերույում։ Ընդերային տեսակը՝ Բանգլադեշում, Բրազիլիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և Սուդանում[1]։ Լեշմանիոզ հայտնաբերվում է նաև Ամերիկա մայրցամաքի բնակիչների մոտ՝ Արգենտինայից դեպի Հարավային Տեխաս, պետք է նշել, որ այն չի հանդիպում Ուրուգվայում կամ Չիլիում։ Կան տվյալներ, որ այն սկսել է տարածվել դեպի Հյուսիսային Տեխաս[24]։
Լեշմանիոզը, Լատինական Ամերիկայում, հայտնի է նաև papalomoyo, papa lo moyo, úlcera de los chicleros և chiclera անվանումներով[25]։ 2004 թվականին, Կոլումբիական բանակից 3400 զինվոր, ովքեր գտնվել են պետության հարավային մասում (ավելի կոնկրետ Մետա և Գուավաիրե բաժիններում)՝ հիվանդացել են լեշմանիոզով։ Պարզվել է, որ հիվանդ զինվորներից շատերը չեն օգտագործել պետության կողմից պաշտոնապես տրամադրված միջատասպան նյութերը, պատճառաբանելով, որ այն ունի տհաճ հոտ։ 2004 թվականին նկրարագրվել են մոտ 13,000 դեպք ամբողջ Կոլումբիայի տարածքում։ 2005 թվականի փետրվարին նկարագրվել են հիվանդության մոտ 360 նոր դեպքեր[26]։ Հիվանդությունը հայտնաբերվում է գրեթե ողջ Ասիայով և Միջին Արևելքով։ Աֆղանստանում հիվանդությունը գերազանցապես հանդիպում է Քաբուլում, քանի որ այս տարածքը ունի վատ սանիտարա-հիգիենիկ պայմանները, որի հետևանքով նկատվում է պարազիտ տարածող միջատների համար նպաստավոր պայմանների առաջացում[27][28]։
Ելնելով ԱՀԿ 2002 թվականի հետազոտություններից, Քաբուլում, վարակված մարդկանց քանակը եղել է ամենաքիչը 200,000 դեպք, իսկ երեք այլ քաղաքներում (Հերաթում, Ղանդահարում և Մազարի Շարիֆում) վարակված մարդկանց քանակ մոտ 70,000 է[29][30]։ Քաբուլը համարվում է մաշկային լեշմանիոզի ամենամեծ կենտրոնը, 2004 թվականի հետազոտություններով, հանդիպման հաճախականությունը եղել է մոտ 67,000 դեպք[31]։ Աֆրիկան, մասնավորապես նրա հյուսիսային և արևելյան մասերը[19], նույնպես հայտնի է լեշմանիոզի դեպքերով։ Լեշմանիոզը հիմնականում զարգացող երկրների հիվանդություն է, այն հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում, դրանք եզակի դեպքեր են (օրինակ՝ զինվորներ, որոնք ծառայել են իրենց հայրենիքից հեռու)։ Լեշմանիոզի դեպքեր, այդ թվում ընդերային լեշմանիոզ տեսակը, նկարագրվել են ամերիկացի զինվորների մոտ, ովքեր 1990 թվականին մասնակցել են Իրաք-Քուվեյթյան պատերազմին, ծառայել են Սաուդիան Արաբիայում և Իրաքում[32][33][34]։ 2005 թվականի սեպտեմբերին, հիվանդությունը հաստատվել է ամենաքիչը 4 նիդերլանդցի ծովահերների մոտ, ովքեր գտնվել են Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում։ Իրենք հետագայում հայրենադաձվել են բուժման նպատակով[35][36]։
Մ.թ.ա․ 7-րդ դարի արքա Աշուրբանիպալիի կավից սալիկների վրա Նկարագրվել են վերքեր, որոնք ըստ երևույթին նման են մաշկային լեշմանիոզին։ Այդ գրություններից որոշները համարվում են ավելի վաղ տեքստեր՝ 1500-2500 մ․թ․ա․։ Պարսիկ բժիշկները, այդ թվում Ավիցեննան, 10-րդ դարում տվել է այսպես կոչված «ցավոտ բալխի» նկարագրություն[37]։ 1956 թվականին, Ալեքսանդր Ռասսելը, թուրք հիվանդին զննելուց հետո, տվել է հիվանդության մանրակրկիտ նկարագրություն։ Հնդիկ բժիշկները այդ հիվանդությունը նկարագրում էին որպես kala-azar ( արտասանվում է kālā āzār, Ուրդու,Հինդի, Հինդի-ուրդու լեզուներից վերցված այսպես կոչված «սև տենդ», kālā նշանակում է սև և āzār նշանակում է տենդ կամ հիվանդություն)։ Ամերիկյան երկրներից մաշկային լեշմանիոզի դեպքեր նկարագրվում են Էկվադորում և Պերույում։ Նկարագրված են կավե կուժերի վրա մաշկային վերքեր և դեֆորմացված դեմքեր։ Այս նկարագրությունները տրված են մոտ առաջին դարում։ Որոշ 15-16-րդ դարերի տեքստերում՝ Ինկերի կայսրության ժամանակներից մինչև Կոնկիստաներ մնացած ժամանակներում, նկարագրվում են «հովիտի հիվանդություն», «Անդեան հիվանդություն», «սպիտակ լեպտոսպիրոզ»։ Ենթադրվում է, որ դրանք մաշկային լեշմանիոզի նկարագրություններ են[38]։
Հայտնի չէ թե ով է առաջինը հայտնաբերել հարուցիչը։ Դեյվիդ Դուգլաս Կունինգհեմը, Անգլիո-հնդկական բանակի ավագ վիրաբույժը, հավանական է, որ տեսել է հիվանդությունը 1885 թվականին։ Սակայն նա չի կարողացել կապ հաստատել լեշմանիոզ հիվանդության հետ[39][40]։ Պյոտեր Բորովսկին՝ ռուս զինվորական վիրաբույժ, ով աշխատել է Տաշքենդում, նկարագրել է «արևելյան խոց», որը տեղաբնակները անվանել են նուրբ խոց։ 1898 թվականին, նա հրապարակել է հիվանդության պատճառ հանդիսացող հարուցչին։ Նա հստակ կապ է նկարագրել պարազիտի և հիվանդի միջև, իսկ պարազիտին հստակ համարել է նախակենդանի։ Պետք է նշել, որ իր հրատարակությունները եղել է ռուսերեն լեզվով և չեն շրջանառվել լայն շրջանակներում, որի հետևանքով իր տեղեկությունները իր կյանքի ընթացում միջազգային ճանաչում չեն ունեցել[41]։1901 թվականին, Լեշմաը անջատել է որոշակի օրգանիզմներ, որոնք նկարագրվել են փայծաղից անջատված բիոպտատում այն հիվանդի մոտ, ով մահացել է «Դում Դում տենդից» (Դում-Դումը քաղաք է, որը գտնվում է Կալկաթայի մոտ)։ Նա այդ օրգանիզմները նկարագրել է, որպես Տրիպանոսոմներ, որոնք հայտնաբերվել են առաջին անգամ Հնդկաստանում[42]։ Մի քանի ամիս անց, կապիտան Չարլզ Դոնովանը (1863–1951), հաստատել է հայտնագործությունը, և այն հետագայում հայտնի է դարձել, որպես Լեշման-Դոնովանի մարմնիկներ[43]։ Բայց Ռոնալդ Ռոսն է եղել այն գիտնականը, ով հաստատել է, որ Լեշման-Դոնովանի մարմնիկները եղել են նոր պարազիտի ներբջջային փուլ, նա այդ մարմնիկներին հետագայում անվանել է Լեշմանիա դոնովանի[44]։ Kala-azar-ի հետ կապը առաջին անագամ առաջարկվել է Չարլզ Դոնաանի կողմից, և այն հստակորեն նկարագրվել է Չարլզ Բենտլիի կողմից։ Նա հայնաբերել է L. donovani kala-azar-ով հիվանդի մոտ[45]։ Այս հիվանդությունը դարձել է լուրջ խնդիր Սիցիլիական պատերազմին մասնակցող զինվորների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Լեոնարդ Գուդվինի կողմից արված հետազոտությունը ցույց է տվել, որ պենտոստամը եղել է արդյունավետ բուժման միջոց[46]։
ՄեկԱշխարհ առողջության ինստիտուտը կրկնակի ներկայացրել է պարամոմիցին դեղորայքը, որը նախատեսված է լեշմանիոզի բուժման համար։ Այս դեղորայքը համարվում է օրֆան («որբ» դեղորայք)։ Անհայտ հիվանդությունների դեղորայքների նախաձեռնությունը նույնպես ակտիվորեն հետազոտում է դեղորայքներ այս հիվադնության բուժման համար։ Պարամոմիցինով բուժումը կկազմի մոտ 10 ամերիկյան դոլար։ Դեղորայքը հայտնաբերվել է 1960 թվականին, բայց չի մտել կիրառության մեջ, քանի որ հիվանդությունը մեծ մասամբ ախտահարել է աղքատ մարդկանց[47]։ Հնդկական իշխանությունները հաստատել են պարամոմիցինի վաճառքը 2006 թվականին օգոստոսին[48]։ ԱՀԿ-ը ներկայացրել է լիպոսոմալ ամֆոտերիցին Բ-ի մեկ սրվակի արժեքը, որը սահմանվել է 18 ամերիկյան դոլար։
Պետք է նշել, որ բուժման նպատակով կարող է անհրաժեշտ լինի մի քանի սրվակների օգտագործում և այդ սրվակները պետք է պահվեն սառը պայմաններում[2]։
Մինչև 2017 թվականը արված հետազոտությունները վկայում են, որ մարդկանց համար պատվաստում հայտնաբերված չեն[49][50]։
Այն մարդիկ, ովքեր բուժվում են մաշկային լեշմանիոզից, պաշտպանված են հետագա վարակներից։ Հիմնվելով այս փաստի վրա շատ հասարակություններում դիտմամբ վարակել են խոցելի խմբերին պատկանող մարդկանց։ Օրինակ՝ բեդուինները օգտագործում են մլակի խայթոցը իրենց երեխաներին վարակելու նպատակով, իսկ միջին արևելքի բնակիչները օգտագործելով ասեղներ, վարակված մարդկանց վերքերից ստացված հեղուկով վարակել են չվարակված մարդկանց[51][52]։ Այս գործընթացը անվանում են «լեշմանիզացում»[53]։
Վաղ 1900-ականներին գիտնականները սովորել են մշակել պարազիտներին, որպես սրա շարունակություն 1940-ականներին Սոլ Ադլերը ներմուծել է լեշմանիզացման պրակտիկան, որը տարածվել է Իսրաելում և Ռուսաստանում մինչև 1980-ականները։ 1980-ականներից այս պրակտիկան դադարեցվել է, քանի որ լայն-սպեկտրի կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մարդկանց մոտ առաջանում են մաշկի երկարատև ախտահարում, փսորիազի տարածում, իմունաճնշում[51][52]։ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ 2 միլիոնից ավել մարդ պատվաստվել է այս եղանակաով[54][55]։ Մինչև 2006 թվականը նմանատիպ պատվաստումները օրինական էին և օգտագործվում էին Ուզբեկստանում[54]։
Կլինիկական հետազոտությունները սպանված պարազիտների օգտագործմամբ ունեցել են վիճելի արդունքներ 1940-ականներին, և նմանատիպ աշխատանքներ չեն վերասկսվել մինչև 1970-ականները։ Հուսալի փոքր կլինիկական հետազոտություններ սկսվել են 1990-ականներից ՝ Էկվադորում, Բրազիլիայում, Իրանում[51]։ Նախակլինիկական աշխատանքենրը գենետիկորեն մոդիֆիկացված կենդանի պարազիտներով պատվաստումների վերաբերյալ սկսվել է 1990-ականներից մինչև 2000-ականներ։ Այս ընթացքում սկսվել են նաև աշխատանքներ սինթետիկ պեպտիդներով, ռեկոմբինանատ սպիտակուցներով, գլիկոպրոտեիններով և գլիկոլիպիդներով լեշմանիաներից ստացված, մերկ ԴՆԹ-ով[51][53]։
Մինչև 2016 թվականը, այդ երկրորդ սերնդի պատվաստումների թեքնածուներիը չեն հասել շուկա, և որոշները ենթարկվել են կլինիկական թեստավորման[49]։ 2008 թվականին, Բրազիլիայում սկսվել է օգտագործվել շների համար նախատեսված պատվատումներ։ Այն հայտնի է որպես ԼիշՏեխ՝ ռեկոմբինանտ սպիտակուցի հիման վրա ստացած պատվաստանյութ[56]։ 2011 թվականին, շների համար ստեղծվել է պատվաստանյութ ԿանիԼիշը, որը ստեղծվել է L. infantum-ի հակամարմիններից։ Այն ստացել է որակավորում Եվրոպայում[53][56]։ Տարվում են աշխատանքներ շների համար մեկ մակարդակով բարձր սերնդի պատվաստանյութների ստեղծման նպատակով։ Այդ նոր հետազոտությունները սկսվել են 2017 թվականին Բրազիլիայում[50]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.