From Wikipedia, the free encyclopedia
Լեհահայոց հոգևոր հովվություն, [1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է առաքելական լեհահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Ուկրաինայի հայոց թեմին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[3]։
Լեհահայոց կրոնական համայնքը ձևավորվել է 11-13-րդ դարերում` Գալիցյան, Վոլինյան, Պոդոլյան հողերում, որոնք 14-րդ դար ում անցել են Լեհաստանի տիրապետության տակ: Մինչև 14-րդ դարը Հալիչի, Խոլմի, Կամենեց-Պոդոլսկի, Վոլինյան Վլոդիմեժի, Լուցկի, Լվովի գաղութահայության կրոնական կենտրոնը Լուցկն էր: 1340-ական թվականներին Լեհաստանի թագավոր Կազիմիր III Մեծը գրավել է Գալիցիան ու Վոլինիայի մի մասը: Ստեղծվում է Լվովի եպիսկոպոսությունը, որը հայտնի է նաև «Լվովի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսություն»՝ ի հեճուկս դրա լուծարումից հետո ստեղծված «Լվովի թեմի» կամ «Լվովի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոսության»։ Մինչև 1401 թվականը՝ Սուչավայի թեմի կամ եպիսկոպոսության հիմնումը, նրա կազմում էին նաև Ռումինիայի և Մոլդովայի հայկական համայնքների վանքերն ու եկեղեցիները։
Լուցկը սուրբ Ստեփանոս եկեղեցու հայ առաքելական ոչ պաշտոնական արքեպիսկոպոսարանով մնացել է Լիտվայի իշխան Լուբարտի ձեռքում: Լիտվական իշխանության քաղաքական ազդեցությունից հայ եկեղեցին զերծ պահելու նպատակով Կազիմիր Մեծը 1367 թվականին հատուկ դեկրետով հայ արքեպիսկոպոսարանը պաշտոնականացրել է և Լուցկից տեղափոխել արքունի քաղաք Լվով, որտեղ տեղի հայությունը դեռևս 1183 թվականից ուներ փայտաշեն, իսկ 1251 թվականից՝ աղյուսաշեն եկեղեցի: 1356 թվականին Կազիմիր Մեծը Լվովի և Կամենեցի հայ համայնքներին լայն արտոնությունների հետ միասին տվել է նաև անսահմանափակ թվով եկեղեցիներ ու վանքեր կառուցելու իրավունք: Միաժամանակ, ստեղծվում է Լվովի հայերի կանոնադրությունը։
1363 թվականին մեկնարկել է Լվովի սուրբ Աստվածածնի Վերափոխման քարաշեն տաճարի կառուցումը, որը 1367 թվականից դարձել է աթոռանիստ և ճանաչվել Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության կենտրոն: Ըստ եկեղեցու վիմագիր հիշատակարանի, տաճարը կառուցվել է հայ մեծահարուստներ Շահինշահի որդի Հակոբ Կաֆայեցու և Աբրահամի որդի Փանոս Հալիչեցու բարերարությամբ: 16-րդ դարում Լվովում և նրա արվարձաններում գործել են 9 հայկական եկեղեցի ու վանք, որոնցից առանձնանում են սուրբ Աստվածածնի Վերափոխման Մայր տաճարը, սուրբ Աննայի և սուրբ Հակոբի եկեղեցիներն իրենց համընդհանուր վանքով, սուրբ Խաչի եկեղեցին՝ իր վանքով: 1615 թվականից Լվովում սկզբնավորվել է հայկական տպագրությունը։
Կամենեց-Պոդոլսկում 11-14-րդ դարերում կառուցվել է 12 եկեղեցի: 1250 թվականին դեռևս գործող (հետագայում ավերվել է) եկեղեցուց հետո ամենահինը 1394 թվականին Խութլուբեյի որդի Սինանի ծախքով կառուցված սուրբ Նիկողայոս եկեղեցին էր, որը մեկ դար հետո վերանվանվել է սուրբ Աստվածածնի Վերափոխման: 1498 թվականին կառուցվել է առավել մեծ ու շքեղ նույնանուն (ավերվել է 1939 թվականին, կանգուն է զանգակատունը), 1522 թվականին՝ սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին: Վերջինիս բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600 թվականին կառուցել է կուսանոցի շենք:
15-17-րդ դարերում լեհահայ արքեպիսկոպոսության մեջ ընդգրկված էին Լեհաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Վոլոշչիզնայի հայկական համայնքների 22 թեմերը ենթարկվել են սուրբ Էջմիածնին: 17-րդ դարի վերջին՝ թուրքերի արշավանքների ժամանակ ավերվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Ստեփանոս Նախավկա, սուրբ Խաչ եկեղեցիները: Լուցկ, Լվով, Կամենեց-Պոդոլսկ քաղաքներում կառուցված 20-22 եկեղեցիներից բացի երկու տասնյակից ավելի եկեղեցիներ են գործել նաև 16-18-րդ դարերում հիմնադրված Լյուբլինի, Զամոշչի, Կուբաչիվցիի, Յարոսլավլի, Տիսմենիցայի, Յազլովեցի, Զլոչովի, Ժվանեցի, Սենյատինի, Ստանիսլավովի, Լիսեցի, Բժեժանիի, Մոգիլյով Պոդոլսկի, Ռաշկովի և լեհահայ այլ գաղթավայրերում: 1367 թվականին, ըստ հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու կոնդակի և Կազիմիր Մեծի դեկրետի, Լեհաստանի և Վալախիայի (հարավային Ռումինիա) Հայ առաքելական եկեղեցու անդրանիկ առաջնորդ է հաստատվել ժողովրդի կողմից ընտրված Գրիգորը: Լեհահայ արքեպիսկոպոսները կես տարի նստել են աթոռանիստ Լվովում, կես տարի՝ Կամենեց-Պոդոլսկում, որն ուներ եպիսկոպոսական տուն:
Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև 16-րդ դար վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է եղել լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել է 1627 թվականից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը գաղտնի ընդունած Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսը Նիկոլայ Թորոսովիչին Լվովի սուրբ Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու հիմնել արքեպիսկոպոսական նոր թեմ: Սկսվել է լեհահայերի կաթոլիկացումը, որոնք բնակվում էին ժամանակակից Ուկրաինայի, Մոլդովայի և Ռումինիայի տարածքներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից, առավելապես՝ ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում հազարավոր հայ առաքելական գաղթականների հոսքը Լեհաստան՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից և Հայաստանից։ Անկախության առաջին տարիներին հայերի հոսքը Հայաստանից շարունակվում է։ Ձևավորվում է հայկական նոր գաղութ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.