Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լատվիայի Ժողովրդական ճակատ (լատիշ․՝ Latvijas Tautes fronte, LTF) - Լատվիայում 1980-ական թվականների վերջերին սկիզբ առած և մինչև 1990-ականների կեսերը գործած քաղաքական շարժում, որն սկզբնական շրջանում աջակցում էր Խորհրդային Միությունում իրագործվող վերակառուցմանը, այնուհետև հանդես եկավ հանուն ԽՍՀՄ կազմից Լատվիան դուրս բերելու, նրա անկախությունն ապահովելու, տնտեսության բնագավառում շուկայական բարեփոխումներ իրականացնելու։ Իր գործունեությամբ LTF-ն նմանվում էր Էստոնիայի ժողովրդական ճակատին և լիտվական «Սայուդիս» շարժմանը։
LTF-ի տպագիր պարբերականը «Atmoda» («Զարթոնք») թերթն էր, որը լույս է ընծայվել 1989-1992 թվականներին, լատիշերեն և ռուսերեն։
Ժողովրդական ճակատի առաջին նախագահը Դայնիս Իվանսն էր, երկրորդը՝ Ռոմուալդաս Ռաժուկասը, երրորդը՝ Ուլդիս Աուգստկալիսը։
1940 թվականին Լատվիան, Էստոնիան և Լիտվան օկուպացվեցին Խորհրդային Միության կողմից։ Մերձբալթյան այս երկրներում անմիջապես «Անտառի եղբայրներ» անվանումով զինված դիմադրության շարժում սկիզբ առավ, որը տևեց մինչև 1991 թվականը։ Անկախությունը վերանվաճելու հնարավորությունն ընձեռվեց 1980-ական թվականներին, երբ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը փորձեց բարեփոխումներ իրականացնել երկրում։ Մասնավորապես՝ նրա հռչակած «գլասնոստ»-ի (հրապարակայնության) քաղաքականությունը խոսքի ազատության՝ ԽՍՀՄ-ում մինչ այդ երբևէ չեղած հնարավորություններ էր ստեղծում։ 1986 թվականից սկսած՝ լատիշները ընդդիմադիր գործողություններ կազմակերպեցին որոշակի իրադարձությունների առնչությամբ։ Մոսկվային մարտահրավեր նետելու գործում ձեռք բերված առաջին հաջողություններից էր Լատվիայի մայր գետի՝ Դաուգավայի վրա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շինարարության կասեցումը։ Բողոքի այս գործողությունների արդյունքում ձևավորվեց Շրջակա միջավայրի պահպանության ակումբը, որը միջավայրի պահպանման համար բողոքի գործողությունները դիտում էր իբրև միջոց խորհրդային ամբողջատիրական ռեժիմի դեմ ավելի լայնամասշտաբ պայքար ծավալելու։ Լատվիայի անկախացման համար շարժումն սկսվեց 1986 թվականին անկախության և մարդու իրավունքների համար ոչ մեծ ցույցերով։ «Հելսինկի-86»-ի կազմակերպած այդ ցույցերը ճնշվեցին Լատվիական ԽՍՀ-ի կառավարության կողմից։ Վճռորոշ պահը վրա հասավ 1988 թվականի ամռանը։ Անվանի բազմաթիվ լատիշներ հրապարակայնորեն հայտարարեցին Լատվիային առավել մեծ ինքնավարության տրամադրմանը իրենց աջակցության մասին։ Լատվիական թերթերն ու ամսագրերը սկսեցին նյութեր հրատարակել Լատվիայի պատմության այն դեպքերի ու իրադարձությունների մասին, որոնք արգելված էին խորհրդային գրաքննության կողմից։ Մասնավորապես՝ գրում էին, թե ինչպես է Լատվիան 1940 թվականին զավթվել խորհրդային զորքերի կողմից։ Լատվիայի ազգային դրոշը, որ արգելված էր խորհրդային տարիներին, վերստին ծածանվեց երկրում։
Ռիգայում 1988 թվականի հունիսի 1-ին և 2-ին կայացած Լատվիայի ստեղծագործական միությունների պլենումում առաջին անգամ բարձրաձայնվեց ժողովրդական ճակատ ստեղծելու գաղափարը։ 1988 թվականի հոկտեմբերի 8-ին ճակատը ձևավորվեց՝ իբրև Լատվիական ԽՍՀ-ի տարածքում վերակառուցմանը համաժողովրդական աջակցություն ապահովող շարժում։ Սկզբնական շրջանում LTF-ն չափավոր դիրքեր էր գրավում և հետապնդում էր բարեփոխված ԽՍՀՄ-ի կազմում Լատվիայի լայն ինքնավարությանը հասնելու նպատակ (այդ շրջանում շարժումը վայելում էր նաև հանրապետության բնակչության գրեթե կեսը կազմող ռուսալեզու ազգաբնակչության և երկրի ղեկավարության որոշ անդամների աջակցությունը)։ Հետագայում Ժողովրդական ճակատը իր առջև նպատակ դրեց Լատվիան դուրս բերել ԽՍՀՄ-ի կազմից, աստիճանաբար հասավ իշխանափոխության և 1989-90 թվականներին անցավ իշխանության գլուխ։
Համագործակցելով Էստոնիայի Ժողովրդական ճակատի և լիտվական «Սայուդիս» շարժման հետ՝ LTF-ը 1989 թվականի օգոստոսի 23-ին իրականացրեց «Բալթյան ուղի» գործողությունը՝ Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի կնքված դաշնագրի 50-ամյակի կապակցությամբ։ Մարդիկ այդ օրը, ձեռք ձեռքի տալով, մի հսկայական շղթա կազմեցին Մերձբալթիկայի ամբողջ տարածքով մեկ։ Մարդկանցով ձևավորված այդ շղթան ձգվում էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի ,,Երկարահասակ Գերման,, անունը կրող աշտարակից մինչև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում գտնվող Գեդիմինասի աշտարակը։
ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հերթական համագումարի պատվիրակների՝ խորհրդային պատմության մեջ առաջին անգամ ազատ անցկացված ընտրությունները Լատվիայում ի ցույց դրեցին Ժողովրդական ճակատի համոզիչ հաղթանակը /այդ ժամանակ LTF-ի անդամների թիվն անցնում էր 250 հազարից/: ԽՍՀՄ-ի ղեկավարությունը, հայտնվելով մերձբալթյան հանրապետությունների ժողովրդական ճակատների հետ դիմակայության մեջ, հարկադրված՝ դիմեց որոշ զիջումների։ Այսպես, օրինակ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի հանձնաժողովը, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա. Ն. Յակովլևի ղեկավարությամբ, ճանաչեց և դատապարտեց Ռիբենտրոպ-Մոլոտով դաշնագրին կից գաղտնի արձանագրության գոյության փաստը։
1990 թվականին անցկացված ընտրություններում LTF-ը և նրան դաշնակցած կազմակերպությունները միասին ստացան Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորական տեղերի երկու երրորդ մասը՝ 201 տեղերից 138-ը, այսպիսով ձեռք բերեցին սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ 1990 թվականի մայիսի 4-ին նորընտիր Գերագույն խորհրդի ընդունած առաջին օրենքը հռչակում էր ժողովրդի ընտրյալների՝ Լատվիայի անկախությունը վերականգնելու մտադրությունը։ LTF-ի նախագահ Դայնիս Իվանսը ընտրվեց Գերագույն խորհրդի փոխխոսնակ, նրա տեղակալ Իվարս Գոդմանիսը՝ հանրապետության վարչապետ։ LTF-ի այլ ղեկավարներ առանցքային պաշտոններ զբաղեցրին կառավարությունում։
1990 թվականի մայիսից մինչև 1991 թվականի օգոստոսը Լատվիան ապրեց անչափ լարված մի ժամանակաշրջան։ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը հրաժարվում էր ճանաչել Լատվիայի անկախությունը, երկրի ու ժողովրդի գլխին կախված էր ռազմական միջամտության սպառնալիքը։ Խորհրդային տանկեր հայտնվեցին Դաուգավա գետի ափերին, մայրաքաղաք Ռիգայի կենտրոնում՝ Հին քաղաքում։ Անզեն մարդիկ փողոցներում բարիկադներ կառուցեցին և գիշեր ու ցերեկ հսկում էին՝ լատիշական երգեր երգելով. հենց այդ պատճառով էլ շարժումն ստացավ ,,Երգեցողության հեղափոխություն,, կամ ,,Երգող հեղափոխություն,, անվանումը։
Ժողովրդական ճակատն իր գլխավոր քաղաքական նպատակին՝ Լատվիայի լիիրավ անկախությանը հասավ 1991 թվականի օգոստոսին, որից հետո լծվեց երկրի սոցիալիստական տնտեսությունը ազատ շուկայական համակարգի վերափոխելու գործին։ Տնտեսական բարեփոխումների իրականացումը չափազանց ցավագին գործընթաց էր, և LTF-ի ղեկավարությունը շատ արագ կորցրեց ժողովրդականությունը ընտրողների շրջանում։ Շատերը, շարժումը լքելով, մտան քաղաքական այլ, նորաստեղծ կազմակերպություններ, որպեսզի խուսափեն ժողովրդականություն չվայելող կառավարության պատճառով հեղինակազրկվելուց։
Լատվիայի Սեյմի՝ 1993 թվականի հունիսին անցկացված ընտրություններում Ժողովրդական ճակատն ստացավ ընտրողների ձայների ընդամենը 2,62 տոկոսը և զրկվեց խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Դրանից հետո LTF-ը վերակազմավորվեց քրիստոնեական-ժողովրդավարական կուսակցության, ստացավ նոր անվանում՝ Քրիստոնեական ժողովրդական կուսակցություն, սակայն դա էլ հաջողություն չբերեց։ Ի վերջո՝ Քրիստոնեական ժողովրդական կուսակցությունը ձուլվեց Քրիստոնեական-ժողովրդավարական միությանը։
Ի մի բերելով Լատվիայի Ժողովրդական ճակատի կարճատև գործունեության արդյունքները՝ կարելի է նշել, որ նրա բոլոր կամ գրեթե բոլոր քաղաքական նպատակները իրականություն են դարձել. Լատվիան ներկայումս անկախ պետություն է, լատիշերենն էլ՝ երկրի միակ պետական լեզուն, քաղաքականությունն ու տնտեսությունը, որ նախկինում կողմնորոշվում էին ԽՍՀՄ-ի ուղղորդմամբ, այժմ ունեն եվրոպական և ազատ շուկայական ուղղվածություն։ Թեև Ժողովրդական ճակատը դադարեցրել է գոյությունը, սակայն նրա շատ ու շատ ակտիվիստներ ներկայումս նույնպես շարունակում են կարևոր դեր խաղալ Լատվիայի քաղաքական կյանքում։
Ռիգայում բացվել և գործում է Լատվիայի Ժովովրդական ճակատին նվիրված թանգարան[1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.