Արգենտինայի առաջին կին նախագահը From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Էստելա Մարտինես դե Պերոն կամ Իսաբել Մարտինես դե Պերոն (իսպ.՝ María Estela Martínez de Perón, փետրվարի 4, 1931[1][2][3][…], Լա Ռիոխա, Արգենտինա), Արգենտինայի առաջին կին նախագահը (1974-1976), Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի երրորդ կինը։ Աշխարհում առաջին կին նախագահն է (բայց ոչ առաջինը, որ պետության ղեկավար է եղել)։
Իսաբել Մարտինես դե Պերոն իսպ.՝ María Estela Martínez de Perón | |
Կուսակցություն՝ | Խուստիսիալիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պարուհի |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1931[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Լա Ռիոխա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա և Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Estela Martínez Cartas |
Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իսաբել Մարտինես դե Պերոնը ծնվել է 1931 թվականի փետրվարի 4-ին Արգենտինայի հյուսիս-արևմուտքում` Լա Ռիոխում, բանկային ծառայողների ընտանիքում։ 1938 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ Մարիա Էստելան կրթություն է ստացել Մշակույթի ինստիտուտում` դառնալով ֆրանսերենի և երաժշտության ուսուցչուհի։ Ավելի ուշ նա սկսել է ելույթ ունենալ բեմում Սերվանտեսի անվան ազգային թատրոնի բալետային թատերախմբի կազմում։ Բեմական «Իսաբել» կեղծանվամբ էլ տարիներ անց նա մտել է քաղաքականության բնագավառ։ 1955 թվականին, պաշտոնական տարբերակի համաձայն, նա ծանոթացել է ապագա ամուսնու` գեներալ Խուան Դոմինգո Պերոնի հետ և դարձել նրա քարտուղարը։ Այդ ժամանակ երկրից արտաքսված առաջնորդն ապրում էր Պանամայում, որտեղ Իսաբելը պարուհի էր աշխատում գիշերային ակումբում։ Պերոնի հետ նա Իսպանիա է տեղափոխվել 1960 թվականին։ Եկեղեցու ճնշմամբ Պերոնը ստիպված ամուսնացել է նրա հետ 1961 թվականին, չնայած Իսաբելն ամուսնուց փոքր էր 35 տարով։
Երբ Պերոնը որոշում է վերադառնալ քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում է Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա, ակտիվորեն մասնակցել է պերոնյան շարժմանը և պերոնյան շարժման գործողությունների կոորդինացմանը։ Այս ընթացքում նա ծանոթացել է միստիկ փիլիսոփա Խոսե Լոպես Ռեգայի հետ, ով մինչև Իսաբելի` քաղաքանությունից հեռանալը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։ Կնոջ ազդեցությամբ նախագահ Պերոնը Լոպեսին նշանակել է իր անձնական քարտուղար, իսկ ավելի ուշ` նախարար։ Հետագայում Խոսե Լոպես Ռեգան դարձել է արգենտինյան «Մահվան էսկադրոն» կազմավորման առաջնորդը, որ ներկայացնում էր աջ ռադիկալ «Արգենտինյան հակակոմունիստական միավորումը»։
Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Էվա Պերոնի, Իսաբելը բավական թուլակամ էր և ակտիվ դեր չի ունեցել քաղաքականության մեջ։
Երբ Պերոնը որոշում է 1973 թվականին երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահի պաշտոնում, կնոջը նշանակում է փոխնախագահ։ Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իսաբել Պերոնը պաշտոնական այցերով լինում է Եվրոպայում և երկու անգամ ստանձնում նախագահի պարտակավորությունները, երբ վերջինս այցերով դուրս է գալիս երկրից[5]։ Երբ 1974 թվականի հուլիսին Պերոնը մահանում է, Իսաբել Պերոնը ինքնաբերաբար դառնում է պետության ղեկավարը։ Նրան սատարում էին Արգենտինայի հիմնական քաղաքական կուսակցությունները` ներառյալ կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և ռազմական ուժերը։ Ժողովրդին ուղղված իր կոչով նա Իսաբելը հաստատում է իր վճռականությունը շարունակելու ամուսնու տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը։ Նրա նախագահական պաշտոնավարման ժամանակն ավարտվելու էր 1977 թվականի մայիսի 25-ին, սակայն Իսաբելը Արգենտինայի նախագահի պաշտոնը վարել է 1974 թվականի հուլիսի 1-ից մինչև 1976 թվականի մարտը[5]։ Գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան հեղաշրջում է կազմակերպում, որի արդյունքում Իսաբել Պերոնը զրկվում է իր պաշտոնից` ենթարկվելով տնային կալանքի, իսկ 1981 թվականին արտաքսվում է Իսպանիա։
Իսաբելն աշխարհում առաջին կինն է, որ զբաղեցրել է պետության նախագահի պաշտոնը` չնայած, որ նա չի ընտրվել այդ պաշտոնում, և եղել է երկրի առաջին կին ղեկավարը արևմտյան կիսագնդում։
2007 թվականի հունվարին Արգենտինայում հրահանգ են տալիս ձերբակալել Իսաբել Պերոնին, որին մեղադրում էին սպանություններին և հարյուրավոր արգենտինացիների անհետացմանը մասնակից լինելու մեջ։ Այդ իսկ պատճառով պահանջում են արտահանձնում կատարել[6]։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով 1974-1976 թվականներին «Արգենտինական հակակոմունիստական միավորման» կողմից, որը, ինչպես պնդում են գործել է Իսաբել Պերոնի անձնական թելադրանքով, երկրում մահացել է մոտ 1.500 ձախ ակտիվիստ։
2008 թվականի Իսպանիայի Ազգային դատարանը մերժել է Իսաբել Պերոնին Բուենոս Այրեսին հանձնելու պահանջը` համարելով, որ հայցի վաղեմության ժամկետը սպառվել է, հետևաբար արտահանձնման անհրաժեշտություն չկա[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.