ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Բատիստ Տավերնիեն (ֆր.՝ Jean-Baptiste Tavernier (1605[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - 1689[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն), թանկարժեք քարերի վաճառական, ճանապարհորդ։
Ժան-Բատիստ Տավերնիե ֆր.՝ Jean-Baptiste Tavernier | |
---|---|
Ծնվել է | 1605[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | 1689[1][2][3][…] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Գերեզման | ենթդ․ Մոսկվա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, վաճառական, գրող և վաճառող |
Ծնողներ | հայր՝ Gabriel Tavernier (II)?[4] |
Jean-Baptiste Tavernier Վիքիպահեստում |
1630-1668 թվականներին իր միջոցներով վեց անգամ դեպի Պարսկաստան և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունների ընթացքում Տավերնիեն, իր հաշվարկների համաձայն, անցել է 60 հազար լիգ կամ 120 հազար մղոն (կազմում է 289680 կմ)։ 1671 թվականին Լյուդովիկոս XIV-ի պատվերով հրատարակում է «Ժան-Բատիստ Տավերնիեի վեց ճանապարհորդությունները» գիրքը։
Տավերնիեն ծնվել է Փարիզում, ֆրանսիացի կամ ֆլամանդացի Հուգենոտների ընտանիքում, որ գաղթել էր Անտվերպեն՝ փախչելով հետապնդումներից և հետագայում վերադարձել էր Փարիզ՝ Նանտի հրովարտակի չեղարկումից հետո։ Դրանով խոստացվում էր պաշտպանել ֆրանսիացի բողոքականներին։ Նրա հայր Գաբրիելը և հորեղբայր Մելքիորը քարտեզագիրներ էին։ Իր գծանկարներից պարզ է դառնում, որ նա ստացել է որոշակի ուսում՝ քարտեզագրության և փորագրության վերաբերյալ։ Բացի դրանից, դեռևս պատանի հասակում նա արդեն շրջագայել էր ամբողջ Եվրոպայում և տիրապետում էր իր մասնագիտության հիմնական հմտություններին։
Տավերնիեն առավելապես հայտնի դարձավ, երբ 1666 թվականին ձեռք բերեց 116 կարատանոց Կապույտ ադամանդ և ապա, երկու տարի անց 120 հազար լիվրով վաճառեց Լյուդովիկոս XIV-ին (համարժեք է 172000 ունցիա մաքուր ոսկու) և ստացավ ազնվականական տիտղոս։ Տավերնիեի գրվածքները ցույց են տալիս, որ նա ձգտել է ծանոթանալ իր ճանապարհին հանդիպած ամեն բանի, զննել ամենայն մանրամասնությամբ, ինչպես մշակութային անթրոպոլոգը։ Դրա շնորհիվ է, որ նրա «Վեց ճանապարհորդություն» գիրքը վաճառվեց մեծ քանակությամբ և թարգմանվեց գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն ու անգլերեն դեռևս իր կյանքի ընթացքում։ Նրա աշխատանքը բազմիցս հիշատակվում է ժամանակակից գիտնականների գրքերում, ովքեր նկարագրել են իրենց դարաշրջանը։
Հորից լսած զրույցները Տավերնիեին մեծապես ոգեշնչում էին, տրամադրում ճանապարհորդության և արդեն 16 տարեկանում նա այցելել էր Անգլիա, Պատմական Նիդերլանդներ ու Գերմանիա։ 1624 թվականին, 18 տարեկանում նա ծառայության է անցնում Հունգարիայի փոխարքայի մոտ։ 1629-ին Ռեթելի դքսի հրավերով, ում մոտ նախկինում եղել էր ուղեցույց և թարգմանիչ, Տավերնիեն ճանապարհորդեց դեպի Մանթուա՝ որպես հրետանու ենթասպա դքսի հոր՝ Նեվերսի դքսի հրամանատարության ներքո, ով պաշարել էր քաղաքը։ Հաջորդ տարում Տավերնիեն, որպես թարգմանիչ, ճանապարհորդեց մի իռլանդացի վարձկանի՝ Կոլոնել Վոլտեր Բուտլերի հետ (սա հետագայում սպանեց Ալբրեխտ ֆոն Վալենշտայնին)։ Իր «Վեց ճանապարհորդություն» գրքում Տավերնիեն նշում է, որ ինքը 1630 թվականին մեկնել էր Բուտլերի հետ՝ Ռեգենսբուրգ ճանապարհորդելու մտադրությամբ` մասնակցելու Ֆերդինանտ II-ի որդու երդմնակալության ակնկալվող արարողությանը։ Սակայն, քանի որ երդմնակալությունը տեղի չունեցավ մինչև 1636 թվականը, հավանաբար, Տավերնիեն այդ արարողությանը մասնակցել է իր առաջին և երկրորդ ճանապարհորդությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Իր սեփական միջոցներով նա այցելեց Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Լեհաստան և Հունգարիա, շրջագայեց այդ երկրների բնակավայրերում, ծանոթացավ դրանց պատմական հուշարձաններին այնքան լավ, որչափ Ֆրանսիայում, Անգլիայում և Պատմական Նիդերլանդներում։ Բացի դրանից, նա արդեն վարժ խոսում էր այդ երկրների հիմնական լեզուներով։
Տավերնիեն այժմ ցանկանում էր ճանապարհորդել Արևելք։ Ռեգենսբուրգում Հայր Ժոզեֆի միջնորդությամբ (սա կարդինալ Ռիշելյեի գործակալն էր և գորշ կարդինալներից) նա միանում է երկու ճանապարհորդի՝ դե Շապեին և դե Սեն Լիբոյին, ովքեր առաջադրանք էին ստացել մեկնել Լևանտի երկրներ։ Նրանց ընկերակցությամբ Տավերնիեն հասավ Կոստանդնուպոլիս 1631 թվականի սկզբներին, որտեղ նա անցկացրեց տասնմեկ ամիս, ապա այցելեց Թոքաթ, Էրզրում, Սեֆյան Պարսկաստանի կազմում մտնող Երևան։ Նրա այս առաջին ճանապարհորդության ամենահեռավոր կետը եղավ Սպահանը։ Նա վերադարձավ Բաղդադ - Հալեպ - Ալեքսանդրետտա - Մալթա ճանապարհով, որտեղից անցավ Իտալիա, և Փարիզ հասավ 1633 թվականին։ Դրան հաջորդած հինգ տարիների մասին մանրամասներ չեն պահպանվել Տավերնիեի կյանքից, բայց նրա ֆրանսիացի կենսագիր Ժորեն պնդում է, որ Տավերնիեն այդ տարիների ընթացքում հավանաբար եղել է Օրլեանի դուքս Գաստոնի տան կառավարիչը։
1638 թվականի սեպտեմբերին Տավերնիեն մեկնում է երկրորդ ճանապարհորդության, որ տևեց մինչև 1643 թվականը։ Նա Հալեպից անցավ Պարսկաստան, ապա Հնդկաստան, մինչև նրա հյուսիսում գտնվող Ագրա քաղաքը, այնտեղից էլ մինչև Գոլքոնդայի թագավորություն։ Նա այցելեց մոնղոլական մեծ խան Շահ Ջահանի արքունիք և կատարեց իր առաջին այցն ադամանդի հանքեր։
Դրանից հետո, որպես թանկարժեք քարերի ու այլ իրերի խոշոր վաճառական, Տավերնիեն ևս չորս անգամ այցելեց Արևելքի երկրներ՝ իր գնորդների ցուցակում ունենալով Արևելքի մեծագույն իշխանների։ Երրորդ ճանապարհորդության ընթացքում (1643–49թթ.) նա հասավ մինչև Ճավա կղզի և վերադարձավ Բարեհուսո հրվանդանով։ Չորրորդ ճանապարհորդության ընթացքում (1651–55թթ.) Տավերնիեն եղավ Ալեքսանդրետտայում, Հալեպում, Բանդեր Աբբասում, Մասուլիպատամում, Գանդիկոայում, Գոլկոնդայում, Սուրհաթում, Ահմեդաբադում, Մոգոկում և այլուր, որտեղից էլ վերադարձավ Պարսկաստանի Բանդեր Աբբաս նավահանգիստ, Սպահան և Փարիզ։ Իր վերջին երկու ճամփորդությունների ընթացքում (1657–1662 և 1664–1668) նա Հնդկաստանից այն կողմ չանցավ։ Այս երկու ճամփորդությունների մանրամասները բավականին կցկտուր են, բայց մեզ բավականին կարևոր պատկերացումներ է տալիս 17-րդ դարում Արևելքի ցամաքային վաճառականական երթուղիների մասին։ Այս վերջին ճանապարհորդությունների շնորհիվ նա առավել նյութական բարեկեցություն և հեղինակություն ձեռք բերեց հայրենիքում։ Նա ներկայացավ Լյուդովիկոս XIV-ին, ում ծառայության տակ լինելով անցել էր 60 հազար լիգ ցամաքային ճանապարհ։ 1662 թվականին Տավերնիեն ամուսնացավ Մադլեն Գուասի՝ փարիզյան մի ոսկերչի դստեր հետ։
Ժան-Բատիստ Տավերնիեն վեց անգամ այցելելով Արևելքի երկրներ, իր ուղևորությունների ընթացքում գրել է ճամփորդական նոթեր և պատկերել բազմաթիվ ուշագրավ գրավյուրներ՝ այդ ամենը հրապարակելով մաս առ մաս։ Իսկ ամբողջական տեսքով «ժան-Բատիստ Տավերնիեի վեց ճանփորդությունները» գիրքը հրատարակվել է 1676 թվականին Փարիզում։ Իր ճանապարհորդությունների ընթացքում լինելով Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանի բնակավայրերում, թողել է նաև հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին հետաքրքիր տեղեկություններ ու փորագրանկարներ։ Նրա շնորհիվ մենք այսօր ունենք Երևանի 17-րդ դարի քարտեզագծված ու հրապարակված առաջին պատկերը (փորագրանկար)։ Այն արվել է 1655 թվականին և տեղ է գտել 1660-ին լույս տեսած ժան-Բատիստ Տավերնիեի «Պարսկական ճանփորդություններ» գրքում։ Իսկ քաղաքի մասին նա գրում է. «Երևանի հիմնական բնակչությունը հայեր են, որոնք քրիստոնեություն են դավանում»։ Գրավյուրի վրա հստակ երևում են Երևանի բերդը, Փոքր բերդը (ներկայիս Նորագյուղ թաղամասը), Դալմայի այգիները, Հրազդան գետը՝ կամուրջով, Գետառը՝ երկու կամուրջներով և Նորքի բարձունքը։ Նկարում պատկերված են քաղաքի թաղամասերը, փողոցները և ամենաուշագրավը՝ եկեղեցին, որը 13-րդ դարի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն են հանդիսանում (ներկայումս պահպանված է միայն Սուրբ Աստվածածինը՝ Աբովյան փողոցի վրա)։ Այս պատկերն արժևորվում է հատկապես այն պատճառով, որ նրա ճամփորդությունից, կատարած փորագրանկարներից ու թողած տեղեկություններից երկու տասնամյակ չանցած՝ 1679 թվականին տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում քանդվեցին Երևանի շինությունների մեծ մասը։
«Վեց ճանփորդություններ» գրքում տեղ է գտել նաև Երևանի համայնապատկերը, որտեղ Տավերնիեն կատարել է տեղանքի շինությունների, ճանապարհների լատինատառ համարակալումներ, իսկ տողատակում նշել, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում։ A- Քաղաքը և ամրոցը, B- Քրիստոնյա հայերի արվարձանը, C- Եկեղեցի (սա Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է), D- Վանք, F- Քարե կամուրջ, G- Քարավանային մեծ ճանապարհը, K- Թավրիզի ճանապարհը, L- Թիֆլիսի ճանապարհը՝ լեռան կողքով։
Այսպիսով, Տավերնիեն ապահովելով իր համար նյութական բարեկեցություն, թագավորի կամքով և սեփական նախաձեռնությամբ, սկսում է զբաղվել իր ճանապարհորդությունների հաշվետվության հրատարակությամբ։ Նա թեև չուներ ճանապարհորդական հատուկ սարքավորումներ ու խոր գիտելիքներ, բայց փոխարենն իր վաճառականական գիտելիքները բավականին հարուստ էին, ուստի իր ճանապարհորդությունների մասին պատմող աշխատությունը չէր կարող ձախողվել և հանրային օգուտ չբերել։ Նա այդ գործը կատարում էր ֆրանսիացի գիտնական, բանաստեղծ և դրամատուրգ Սամուել Շապուզյոյի օգնությամբ և շուտով, 1675 թվականին Փարիզում հրատարակեց «Մեծ Տիրոջ պալատական կյանքի ներքին հարաբերությունները» գիրքը (Nouvelle Relation de l'Intérieur du Sérail du Grand Seigneur)՝ հիմնված Կոստանդնուպոլիս կատարած իր առաջին և վեցերորդ ճանապարհորդությունների ընթացքում կատարած հուշագրությունների վրա։ Այս գրքին հաջորդեց «Ժան-Բատիստ Տավերնիեի վեց ճանապարհորդությունները» գիրքը (Փարիզ, 1676 թ., երկու հատորով) և որպես լրացում՝ «Տարբեր հարաբերությունների մասին» գիրքը (Փարիզ, 1679 թ.): Այս վերջինը պարունակում էր տեղեկություններ Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին, որ նա լսել և գրի էր առել վաճառականներից և ուրիշներից։ Մի փոքր հատված էլ նվիրված էր Տոնկինին (Վիետնամի պատմա-աշխարհագրական շրջաններից մեկը)՝ հիմնված իր եղբայր Դանիելի դիտարկումների վրա։ Դանիելն ուղեկցել էր Ժան Բատիստին իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում և բնակության հաստատվել Բատավիայում։ Այս գրքում նաև պատմվում է հոլանդական «Արևելահնդկական ընկերության» գործակալների դաժան հարձակման մասին, որոնց ձեռքից Տավերնիեն մեկ անգամ չէ, որ չարիք է կրել։
Տավերնիեի կյանքի վերջին շրջանի մասին մանրամասն փաստեր չեն պահպանվել. այդ տարիներին Ֆրանսիայում ժամանակները բարենպաստ չէին բողոքականների համար։ 1684 թվականին կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի հրավերով Տավերնիեն մեկնում է Բրանդենբուրգ՝ քննարկելու նրա սեփականությունը հանդիսացող «Արևելահնդկական ընկերության» կանոնադրությունը։ Կուրֆյուրստը ցանկանում էր, որպեսզի Տավերնիեն ստանձներ այդ ընկերության դեսպանի պաշտոնը Հնդկաստանում։ Կանոնադրությունը, սակայն, չհաստատվեց։ 1679 թվականին Լյուդովիկոս XIV-ն սկսեց լրջորեն խանգարել նրա՝ բողոքական գաղափարներով հագեցած գրվածքների հրատարակությանը։ Նա հիմնեց, այսպես կոչված, Դարձի բյուրո, որը պարգևատրում էր կաթողիկե դավանանք ընդունողներին։ 1685-ի հունվարին Տավերնիեն 138 հազար լիվրով մարկիզ Անրի դյու Քուեսնեին վաճառեց իր Օբոն ամրոցը։ Եվս երեք հազար լիվր էլ ստացավ ձիերի ու կառքերի դիմաց։ Շուտով եկան լավ ժամանակներ Տավերնիեի համար. նույն տարվա հոկտեմբերին Լյուդովիկոս XIV-ը ուժը կորցրած ճանաչեց Նանտի հրովարտակը, որով Ֆրանսիայում հալածվում էին բողոքականները։ Այնուհետև թագավորը վերանայեց ազնվականական ծագման ստուգման կարգը, որը տիտղոսներից զրկել էր այն բողոքականներին, ովքեր հրաժարվել էին կաթողիկե դավանանքն ընդունել։ Տավերնիեն ինքնին Սավուայի դուքսի թեկնածու էր, բայց Լյուդովիկոս XIV-ը սպառնում էր զավթել դքսության տարածքը, եթե դուքսը, որ իր փեսան էր, չընդուներ իր գերիշխանությունը։ 1687 թվականին, չնայած թագավորական հրովարտակն արգելում էր բողոքականներին հեռանալ Ֆրանսիայից, Տավերնիեն մեկնեց Շվեյցարիա։ 1689-ին նա, անցնելով Բեռլինն ու Կոպենհագենը, Շվեդիայի թագավորի տված անձնագրով մուտք գործեց Ռուսաստան։ Մուտքի արտոնագիրը ստորագրել է ցարի Առաջին մինիստրը՝ իշխան Անդրեյ Գալատինը։ Տավերնիեն հավանաբար մտադիր էր ցամաքային ճանապարհով Հնդկաստան անցնել։ Մենք չգիտենք՝ արդյոք նա հանդիպե՞լ է Պետրոս I ցարին, ով այդ ժամանակ ընդամենըն յոթ տարեկան էր։ Միայն գիտենք, որ Տավերնիեն, ինչպես Մոսկվայում բնակություն հաստատած մյուս բոլոր օտարերկրացիները, պետք է ունենար կայսերական հրաման՝ բնակվելու համար օտարականների համար նախատեսված Գերմանական արվարձանում (Немецкая слобода): Պետրոս I-ը հետաքրքրված էր արտասահմանյան ամեն ինչով, ուներ շատ ընկերներ, որ բնակվում էին այդ արվարձանում և 1689 թվականին իր ժամանակի մի զգալի մասն անցկացնում էր այնտեղ։ Տավերնիեն Մոսկվա էր հասել նույն տարվա փետրվարի վերջերին կամ մարտի սկզբներին։ Նա հանրահայտ մարդ էր։ Ուստի, հաշվի առնելով Պետրոս I-ի հետաքրքրությունը արտասահմանյան, և հատկապես՝ եվրոպական ամեն ինչի հանդեպ, զարմանալի կլինի, եթե նրանք իրար հանդիպած չլինեն։ Տավերնիեն վախճանվեց Մոսկվայում 1689 թվականին, 84 տարեկան հասակում։ Նա մեծ ճանապարհորդի կերպար էր, իսկ «Վեց ճանապարհորդություն» գիրքը մեր օրերում էլ մնում է մարդկության թողած ժառանգության գոհարներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.