From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Վիտալևիչ Տրենին (ռուս.՝ Дмитрий Витальевич Тренин, սեպտեմբերի 11, 1955[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 2008-2022 թվականներին եղել է Քարնեգի մոսկովյան կենտրոնի տնօրեն[3]։ Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է։ Լինելով ռուսական ռազմական հետախուզության գնդապետ՝ 21 տարի ծառայել է խորհրդային և ռուսական ցամաքային զորքերում, մինչև 1994 թվականին կմիանար Քարնեգի կենտրոնին[4][5]։
Դմիտրի Տրենին ռուս.՝ Дмитрий Тренин[1] | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1955[2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ (1977)[1] և ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ (1984)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքագետ և սպա |
Dmitri Trenin Վիքիպահեստում |
Հայտնի «Ուժերի նոր բալանս» գրքի հեղինակն է, որը 2022 թվականին Newmag հրատարակչության կողմից հրատարակվել է նաև հայերեն[6]։
Ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում։ 1977 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտը։ 1972-1993 թվականներին Տրենինը ծառայել է խորհրդային և ռուսական զինված ուժերում։ Նա զինվորական պաշտոններ է զբաղեցրել ինչպես Խորհրդային միության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ներառյալ Հռոմում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում առաջին ոչ ՆԱՏՕ-ական ավագ հետազոտողի պաշտոնը[7]։
1978-1983 թվականներին եղել է Գերմանիայում խորհրդային զորախմբի (Պոտսդամ) արտաքին հարաբերությունների բաժնի կապի սպա, իսկ 1983-1993 թվականներին՝ ԽՍՀՄ ՊՆ ռազմական ինստիտուտի ավագ դասախոս։ 1984 թվականին պատմական գիտությունների դոկտոր Յուրի Դավիդովի գիտական ղեկավարությամբ ԽՍՀՄ ԳԱԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի կոչում։ Նրա գիտական աշխատության թեման եղել է «Արևմտյան Բեռլինի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը (70-80-ական թվականներ)»[8]։
1985-1991 թվականներին Տրենինը եղել է Ժնևում միջուկային և տիեզերական զինատեսակների հարցերով խորհրդա-ամերիկյան բանակցություններում խորհրդային պատվիրակության անդամ։ 1993-1997 թվականներին աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ արդեն 1993-1994 թվականներին Բրյուսելի ազատ համալսարանում աշխատել է որպես հրավիրյալ դասախոս։
2008-2022 թվականներին գլխավորել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնը[9]։ 2011 թվականից անդամակցում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդին, որը 2011 թվականին ստեղծվել է Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով[10]։
2008 թվականի դեկտեմբերի 22-ին Տրենինը դարձել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի առաջին ռուսաստանցի տնօրենը[11]։ Տրենինը նաև գլխավորել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի հետազոտական խորհուրդն ու արտաքին ու անվտանգային քաղաքականության ծրագիրը։ 2022 թվականից նա չի աշխատում այդ կառույցում, որն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հեռացել է Ռուսաստանից[5]։
Տրենինը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Միջազգային հարաբերությունների խորհրդի (Մոսկվա, ՌԴ)[12], Միջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիայի (Մոսկվա) և Ռազմական գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ է։ Բացի այդ, նա նաև Մոսկվայի քաղաքագիտության դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է[13]։ Անդամակցում է նաև Եվրոպական առաջնորդության ցանցին[14]։
Տրենինն աջակցում է Ռուսաստանին՝ «Արևմուտքի հետ իր պայքարում»։ Նա նաև քննադատել է այն մարդկանց, որոնք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո լքել էին Ռուսաստանը[15]։
Վերլուծելով Տրենինի ռուս-ուկրաինական ճգնաժամի և ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ թեզերը՝ ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին Տրենինին անվանել է «Կրեմլի էլիտար քարոզիչ, որը թիրախավորել է արևմտյան փորձագիտական լսարանը»[16][17]։
Ամերիկացի լրագրող Ջեյմս Քիրչիքի կարծիքով, որը Տրենինի գլխավորած Քարնեգի մոսկովյան կենտրոնում հետազոտել է 2012 թվականին Վլադիմիր Պուտինի վերընտրությունը, Տրենինը մեծապես սկսել էր ընդունել պուտինամետ դիրքորոշում։ Դա հանգեցրեց ուղեղային կենտրոնի Հասարակական և տարածաշրջանային ծրագրի ղեկավար Նիկոլայ Պետրովի, կենտրոնի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանի և ռուս քաղաքագետ Լիլիա Շևցովայի հրաժարականներին։ Նրանք բոլորը քննադատում էին Պուտինի վարած քաղաքականությունը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.