Գրիգոր Խլաթեցի (Վկայասեր, Ծերենց, Բզնունեցի) (1349, Խլաթ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ – 1425 թ. մայիսի 27, Ցիպնավանք), նոր վկա, մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ, րաբունապետ։
Կենսագրություն
Ծնվել է 1349 թվականին Խլաթում։ Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ Սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում (1361–1367 թթ.)։ 1367–1377 թվականներին զբաղվել է քարոզչությամբ։ 1378–1386 թվականներին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–1388 թվականներին Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388 թվականից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406 թվականից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն։
Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408 թվականին տեղափոխվել է Մեծոփավանք (1410 թվականից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շարունակել գիտամանկավարժական, գրչական գործունեությունը։ Նրա աշակերտներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վերջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ Գրիգոր Խլաթեցին արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել վարքեր, մեկնություններ, պատմական երկեր։ Հիշատակության արժանի է 1422 թվականին նրա գրած Գանձարանի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է 1386–1422 թվականների պատմական իրադարձությունները Հայաստանում։ Միջնադարում բարձր է գնահատվել Հայսմավուրքի խմբագրման Գրիգոր Խլաթեցու շուրջ կեսդարյա աշխատանքը։ Հայսմավուրքը նա լրացրել և հարստացրել է պատմագրքերից վերցված՝ հայ ժողովրդի կյանքին վերաբերող նյութերով, գրել և լրացումներ արել նոր վկաների մասին, որի համար արժանացել է Վկայասեր անվանը։ Նրա շնորհիվ Հայսմավուրքը մասամբ ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։
Գրիգոր Խլաթեցին 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391 թվականին ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը, 1399–1400 թվականներին՝ խմբագրել Գանձարան ժողովածուն, 1404–1406 թվականներին՝ Ճառընտիրը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521)։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Յիշատակարան աղէտից»-ը, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422 թվականների քաղաքական իրադարձություններին։
Գրիգոր Խլաթեցին եղել է նաև մանրանկարիչ։ Նրա ինքնագրերով մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնց մի մասը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521, 3714) նկարազարդված է իր իսկ ձեռքով։ Գրիգոր Խլաթեցին վայելել է հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է երաժիշտ, գանձասաց, տաղասաց։ Հավաքել է մոռացության մատնված և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ և տեսաբան-խմբագիր կազմել երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած Գանձարանները (Մատենադարան, ձեռ. դդ 8366, 4011 և 5328)։ Գրիգոր Խլաթեցին տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր։
Աշխատություններ
Գրականություն
- Մարաբյան Ս. Տ., Գրիգոր Խլաթեցու պատմագրական երկերը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1977, № 2, էջ 128-136։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու նամակները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1978, № 5, էջ 83-88։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու Տոնականները,- «Էջմիածին», 1985, թիվ 7։
- Մարաբյան Սեդա, Գրիգոր Խլաթեցու ձեռագրական ժառանգությունը,- «Բանբեր մատենադարանի», թիվ 15, Երևան, 1986, էջ 173-190։
- Արտաշես Մաթեւոսյան, Սեդա Մարաբյան, Գրիգոր Ծերենց Խլաթեցի, Երևան, 2000։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.