Բալդուին II (Երուսաղեմի արքա)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բալդուին II Երուսաղեմցի (ֆր.՝ Baudouin II de Jérusalem) կամ Բալդուին II դը Բուր (ֆր.՝ Baudouin du Bourg) (մոտ 1058 թվական - 1131 թվական, օգոստոսի 21, Երուսաղեմ), Եդեսիայի կոմս 1100-1118 թվականներին, Երուսաղեմի արքա 1118 թվականից։ Ռեթելի կոմս Հուգոյի և Մելիսենդա դը Մոնլերի որդին։ Ժամանակագիրները Բալդուինին անվանում են Էստաշ Բուլյոնցու, Գոդֆրուա IV Բուլյոնցու և Բոլդուին Բուլյոնցու ազգականը, սակայն նրանց ազգակցության փաստագրական հաստատումներ չեն հայտնաբերվել։ 1096 թվականին միանում է Խաչակրաց առաջին արշավանքին և ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք։
Remove ads
Remove ads
Եդեսիայի կոմս
Մերձավոր Արևելքում քրիստոնեական առաջին պետության՝ Եդեսիայի կոմսության ղեկավար դառնում է Բալդուին Բուլյոնցին, խաչակրաց առաջին արշավանքի գլխավոր մասնակիցներից մեկը։ Նրա կառավարման ժամանաշրջանում Բալդուին դը Բուրը ծառայության մեջ էր Անտիոքի դուքս Բոհեմունդ Տարենտացու մոտ, իսկ երբ Բոհեմունդը 1100 թվականին գերի է ընկնում սելջուկների մոտ, նշանակվում է դքսության խնամակալ և կառավարում էր դուքսի ազգական Թանկրեդ դ'Օտվիլի հետ համատեղ։
Այդ նույն 1100 թվականին մահանում է Երուսաղեմի թագավորության չթագադրված կառավարիչ Գոդֆրուա Բուլյոնցին, որից հետո արքա է ընտրվում Բալդուին Բուլյոնցին։ Մեկնելով Երուսաղեմ, Բալդուինը Եդեսիայի կոմսության իշխանությունը հանձնում է Բալդուին դը Բուրին։ Որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, Բալդուին դը Բուրը կնության է առնում Մորֆիային, Մալաթիայի հայ իշխան Գաբրիելի դստերը։

1104 թվականին Եդեսիան հարձակման է ենթարկվում Մոսուլի էմիր Ջեքերմիշի և Մարդինի կառավարիչ Սուքման իբն Արթուկի բանակների կողմից։ Օգնության կանչելով Անտիոքի և Գալիլեայի խաչակիրներին, Բալդուինը մարտնչում է սելջուկների դեմ Հառանի ճակատամարտում, սակայն ջախջախիչ պարտություն է կրում։ Խաչակիրների բանակը ջախջախվում է, իսկ ինքը՝ Բալդուինը, գերի է տարվում և փակվում Մոսուլի զնդանում։ Նրա բացակայության ժամանակ դքսության խնամակալ է դառնում Թանկրեդ դ'Օտվիլը։ Թանկրեդը և Բոեմունդը չեն փորձում պայմանավորվել սելջուկների հետ Բալդուինի ազատագրման համար և նախընտրում են փրկագնել միայն իրենց սեփական վասալներին։ Բալդուինը գերության մեջ անց է կացնում չորս տարի և ազատվում է շնորհիվ Ժոսլեն դը Կուրտենեի ջանքերի, մորական կողմից իր ոչ հարազատ եղբոր, ով իր ավատատիրոջ համար վճարում է 60 000 դինար փրկագին։
1108 թվականին վերադառնալով Եդեսիա, Բալդուինը հայտնաբերում է, որ Թանկրեդն ամրապնդվել է դքսությունում և չի պատրաստվում նրան վերադարձնել կառավարումը։ Որպեսզի պաշտոնանկ անի Թանկրեդին, Բալդուինը ստիպված է լինում օգնության դիմել Բյուզանդիային և նույնիսկ ժամանակավոր դաշինք կնքել սելջուկների հետ։
Remove ads
Երուսաղեմի արքա

1118 թվականին, Բալդուին Բուլյոնցու մահից հետո, Երուսաղեմի գահը պետք է ըստ ժառանգականության օրենքի անցներ նրա ավագ եղբորը՝ Էստաշ III-ին։ Սակայն Էստաշը գտնվում էր Ֆրանսիայում, և այդ պատճառով Ժոսլեն դը Կուրտենեն համառում է, որ նոր արքա ընտրվի Բալդուին դը Բուրը։ Բալդուինի թագադրումը կայանում է Զատկի կիրակի օրը՝ 1118 թվականի ապրիլի 14-ին, Բեթլեհեմի Ծննդյան բազիլիկայում։
Շուտով թագավորությունը ենթարկվում է մուսուլմանների կրկնակի հարձակման։ Սիրիայի կողմից նրա վրա են հարձակվում սելջուկները, իսկ Եգիպտոսի կողմից՝ Ֆաթիմյանները։ Սակայն Բալդուինին հաջողվում է առանց մարտի մուսուլմաններին դուրս մղել թագավորության տարածքից։
1119 թվականին սելջուկները կրկին հարձակման են անցնում, այս անգամ խախտելով Անտիոքի դքսության սահմանները։ Բալդուինը օգնական ուժերով շարժվում է հյուսիս, սակայն Անտիոքի խնամակալ Ռոջեր Սալերնացին չի սպասում օգնությանը և բանակն ուղղում է մուսուլմաներին ընդառաջ։ Արդյունքում նրա բանակը ջախջախվում է Հալեպի էմիր ալ-Ղազիի զորքի կողմից, իսկ ինքը՝ Ռոջերը, Արյունոտ դաշտի ճակատամարտի ժամանակ սպանվում է դեմքին սրի հարվածով։ Բալդուին II-ը առաջ է ընկնում ալ-Ղազիից և առաջինն է ժամանում Անտիոք, իսկ նույն թվականի ամռանը, Տրիպոլիի կոմս Պոնսի օգնությամբ, սելջուկներին ստիպում է նահանջել։
Այդ ընթացքում թագավորությունում առաջանում են առաջին երկու ռազմական միաբանություներ։ 1113 թվականին հիմնադրվում է Հիվանդախնամների միաբանությունը՝ կրոնական միաբանություն, սկզբնապես կոչված օգնություն ցուցաբերելու աղքատներին և հիվանդ ուխտագնացներին Երուսաղեմի Սուրբ Հովհաննես Ողորմածի հոսպիտալում։ 1118 թվականին հիմնադրվում է Տաճարականների միաբանությունը, իսկ երկու տարի անց Հիվանդախնամների միաբանությունը վերակազմավորվում է և վեր է ածվում հոգևոր-ասպետական միաբանության։ 1120 թվականի հունվարի 16-ին Բալդուինը և Երուսաղեմի հովվապետը խորհուրդ են գումարում Նաբլուսում, որում հաստատվում են թագավորության առաջին գրավոր օրենքները։
1122 թվականին Ժոսլեն դը Կուրտենեն, ով Երուաղեմում Բալդուինի գահակալումից հետո մնացել էր իշխելու Եդեսիայում, գերի է ընկնում սելջուկներին։ Որպեսզի ապահովի Եդեսիայի անվտանգությունը, Բալդուինը շարժվում է դեպի հյուսիս, սակայն, մինչ շրջագայում էր դքսության սահմաններում, նույնպես գերի է ընկնում։ Արքայի բացակայության ժամանակ Երուսաղեմի խնամակալ է նշանակվում Էստաշ Գրանյեն, ով 1123 թվականի մայիսի 29-ին հմտորեն հետ է մղում Ֆաթիմյանների հարձակումը։ 1124 թվականին Բալդուինը ազատվում է գերությունից։
1125 թվականին Երուսաղեմի, Տրիպոլիի և Եդեսիայի միավորված բանակը սելջուկներին ճակատամարտ է տալիս Ազազի մոտ։ Չնայած նրան, որ Մոսուլի կառավարիչ Բուրզուկի բանակը զգալիորեն գերազանցում էր նրանց քանակով, խաչակիրները հաղթանակ են տանում, որի շնորհիվ քրիստոնեական պետություններին հաջողվում է մասնակիորեն վերականգնել ազդեցությունը տարածաշրջանում, կորցրած 1119 թվականին։
1128 թվականին Հալեպը և Մոսուլը միավորվում են էմիր Զանգիի իշխանության տակ։ Հասկանալով, որ այժմ տիրանալ այդ քաղաքներին դարձել է անհնարին, Բալդուինը 1129 թվականին իր դրոշի տակ է զորակոչում տամպլիերներին և շարժվում է Դամասկոսի վրա, սակայն քաղաքը վերցնելու փորձը ձախողվում է։
1131 թվականին Բալդուինը հիվանդանում է և նույն թվականի օգոստոսի 21-ին մահանում։ Նրա մարմինը ամփոփվում է Երուսաղեմի Աստծո Գերեզմանի տաճարում։
Remove ads
Ժառանգներ

Բալդուինի և Մորֆիա Մալաթիացու ժառագները չորս դուստրերն են՝
- Մելիսենդա (1101—1161), Երուսաղեմի թագուհի 1131 թվականից։
- Ալիսա (մոտ 1110 — ?), 1126 թվականին կնության տրվում Բոեմունդ II-ին, Անտիոքի դուքսին։
- Հոդերնա, 1131 թվականին կնության է տրվում Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ին։
- Յովետա, ընդունել է կուսակրոնություն։
1129 թվականին Բալդուինը ստիպված էր ժառանգորդուհի հայտարարել ավագ դուստր Մելիսենդային։ Որպեսզի ամրապնդի գահում նրա դիրքերը, Բալդուինը նրան ամուսնացնում է հզորագույն խաչակիր-ազնվականներից մեկի՝ փորձառու զորահրամանատար կոմս Ֆուլկ Անժուացու հետ, ով այրիացել էր 1126 թվականին։ Դուստրներ Ալիսային և Հոդերնաին կնության է տալիս Անտիոքի և Տրիպոլիի կառավարիչներին՝ դուքս Բոեմունդ II-ին և կոմս Ռայմունդ II-ին։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads