From Wikipedia, the free encyclopedia
Բալալայկա (ռուսերեն՝ балалайка, bəɫɐˈɫajkə), ռուսական եռալար (հնում երկլար), ժողովրդական կսմիթային նվագարան։ Իրանը սովորաբար եռանկյունաձև է։ Նվագում են աջ ձեռքի ցուցամատով բոլոր լարերը հնչեցնելով և առանձին լարեր կսմիթելով։ 18-19-րդ դարերում տարածված էր որպես մենանվագ, անսամբլային և նվագակցող գործիք։ 1880-ական թվականներին բալալայկան կատարելագործել է երաժիշտ Վասիլի Անդրեևը։ Ավելի ուշ ստեղծված բալալայկաների ընտանիքը ռուսական ժողովրդական գործիքների նվագախմբի հիմքն է։
Բալալայկա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | Կսմիթային լարային երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321[1] |
դոմրա[2], դոմբրա[3], կոմուզ[4], դութառ[5] |
Ռուսական ամենահայտնի գործիքն է, որը հարմոնի հետ մեկտեղ դարձել է ռուս ժողովրդի երաժշտական ստեղծագործության խորհրդանիշներից մեկը։
Բալալայկա բառի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1688 թվականի ռուսական փաստաթղթերից մեկին[7][8]։ Այն գործածվել է նաև 18-րդ դարի ուկրաինական օրագրերում, որը վկայում է «բալաբայկա նվագող թաթար»-ի մասին[9][10]։ Բալաբայկա (ինչպես այն անվանել են նախկինում) բառը հանդիպում է նաև հարավռուսական բարբառներում և բելառուսերենում։
Վարկածներից մեկի համաձայն, բալալայկա բառը ռուսերեն լեզվում ներմուծված է և գրականության մեջ առաջին անգամ հանդիպում է ռուս բանաստեղծ Վասիլի Մայկովի, 1771 թվականին գրված «Ելիսեյ» պոեմում[11]։ Ռուս գրող և թարգմանիչ Ալեքսանդր Չուդինովի, ինչպես նաև գրող և խմբագիր Ալեքսեյ Միխելսոնի վարկածով, բալալայկա բառն ունի թյուրքական արմատներ և շատ հավանական է, որ այն առաջացել է «բալա» (երեխա) բառից[12][13]։ Մյուս վարկածի համաձայն, այն ունի նախասլավոնական ծագում։ Բալալայկա բառի արմատը վաղուց է հետաքրքրել հետազոտողներին, և ռուսերենի որոշ բառերին նմանությունը ենթադրում է, որ բալալայկա բառն ունի «թեթև», «ոչ լուրջ», «զվարճալի» բառերի իմաստը, որը համապատասխանում է այդ երաժշտական գործիքի բնույթին։ Դարերի ընթացքում բալալայկան գյուղական երաժշտական գործիք էր։ Հատկապես նրանով նվագում էին սկոմորոխները, ծաղրածուները և այլք, ովքեր կատակերգերով ծաղրում էին թագավորներին, եկեղեցական կրոնավորներին և այլոց։
Բալալայկայի ծագման վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չկան։ Ընդունված է համարել, որ այն առաջացել է Ռուսաստանի կովկասյան շրջաններում տարածված դոմրայից[14], միջինասիական դոմբրայից կամ տոպշուրից։ Ամենայն հավանականությամբ, բալալայկան տարածում է գտել 17-րդ դարի վերջերից։
Բալալայկային իր ժամանակակից տեսքը տվել են ռուս երաժիշտ և կոմպոզիտոր Վասիլի Անդրեևը, ինչպես նաև երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներ Սեմյոն Նալիմովն ու Ֆրանց Պասերբսկին։ Անդրեևն առաջարկել է այն պատրաստել եղևնու և հաճարենու փայտից և կարճեցնել մինչև 600-700 մմ-ով։ Պասերբսկու կողմից պատրաստված բալալայկաների ընտանիքը (պիկոլո, պրիմա, ալտ, տենոր, բաս, կոնտրաբաս) դարձավ ռուսական ժողովրդական նվագախմբի հիմքը։ Ավելի ուշ Ֆրանց Պասերբսկին, Գերմանիայում ստացավ բալալայկաներ պատրաստելու արտոնագիր։ Այդպիսով կարելի է ասել, որ գոյություն ունեն երկու տեսակի` ժողովրդական և անդրեևյան բալալայկաներ[15]։
1887 թվականին Վասիլի Անդրեևը կազմակերպեց բալալայկայի առաջին սիրողական խմբակը, իսկ 1888 թվականի մարտի 20-ին, Սանկտ Պետերբուրգում կայացավ խմբակի առաջին ելույթը, որն էլ դարձել է ռուսական ժողովրդական գործիքային նվագախմբի ծննդյան օրը։
Բալալայկայի երկարությունը կազմում է 60-70 սմ-ից (պրիմա) մինչև 1,7 մ (կոնտրաբաս)։ Այն եռանկյունաձև է (18-19-րդ դարերում նաև օվալաձև), կազմված առանձին (6-7) սեգմենտներից։ Լարառիչի գլխիկը թեթևակի թեքված է հետ։ Ժամանակակից բալալայկայի լարառիչն ունի 16-31 մետաղական լադեր (մինչ 19-րդ դարի վերջը` 5-7)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.