հայ դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Մովսեսի Սաթյան (հունվարի 5 (18), 1906[1], Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)։
Աշոտ Սաթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5 (18), 1906[1] Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1958[1] (52 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Ժանրեր | երգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1], Հայֆիլմ[1] և Հայաստանի կոմպոզիտորների միություն[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1936)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Աշոտ Սաթյանը ծնվել է 1906 թվականին Մերվ քաղաքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Սաթյանը մտել է Կարմիր Բանակի շարքերը, 1921-1926 թվականներին եղել է փողային նվագախմբի երաժիշտ, այնուհետև նվագախմբի ղեկավար (կապելմայստեր)։ 1926-1930 թվականներին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (Ա. Մայիլյանի ղեկավարությամբ)։ 1930 թվականից բնակվել է Երևանում, 1936 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Սարգիս Բարխուդարյան, Վարդգես Տալյան) և դիրիժորական (դասատու՝ Կոստանտին Սարաջև) դասարանները։ 1930-1939 թթ.՝ Սունդուկյանի անվան թատրոնում երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-1947 թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։ 1947-1952 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ[2][3]։
Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ Գեղամ Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» (1950, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ 1952 թվականին) և «Լեռների երգեր» (1958) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն։ Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային առաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների (1952), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», 1942), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («Դավիթ Բեկ», 1944, «Անահիտ», 1947, «Ում է ժպտում կյանքը», 1952 և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951 թվականին արժանացել է մրցանակի)։ Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով։ Սաթյանը երաժշտություն է գրել Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնի, Երևանի բանվորական, Պատանի հանդիսատեսի, Ադրբեջանական թատրոնի, Կիրովականի պետթատրոնի և այլ թատրոնների բեմադրությունների համար։
Սաթյանի ստեղծագործության առանձնահատկություններից են կոմպոզիտորի սերտ կապը մայրենի ժողովրդական երաժշտության ինտոնացիոն ու ռիթմական հարուստ գանձարանի հետ, մեղեդայնությունը, թեմատիկայի հարստությունը, ձևի և բովանդակության ներդաշնակությունը, երաժշտական լեզվի թարմնությունն ու յուրօրինակությունը։ Սաթյանի ժողովրդայնությանը նպաստել է նրա ստեղծագործական ժանրերի՝ երգային ստեղծագործության և կինոերաժշտության բնագավառում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.