From Wikipedia, the free encyclopedia
Ժան Անրի Դյունան (մայիսի 8, 1828[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա - հոկտեմբերի 30, 1910[1][2][3][…], Հայդեն, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա[4]), Կարմիր խաչի հիմնադիր և Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր։ 1864 թվականի Ժնևյան կոնվենցիան հիմնված էր Դյունանի գաղափարների վրա։ 1901 թվականին Ֆրեդերիկ Պասսիի հետ միասին նա արժանացավ Խաղաղության առաջին Նոբելյան մրցանակին՝ այդպիսով դառնալով շվեյցարացի առաջին Նոբելյան դափնեկիր։
Անրի Դյունան ֆր.՝ Jean Henry Dunant | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1910[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Հայդեն, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Զիլֆելդի գերեզմանատուն[5] և Grave of Henry Dunant |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Կալվեն քոլեջ |
Երկեր | A Memory of Solferino? և Notice sur la régence de Tunis? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գրող, կազմակերպության հիմնադիր և վաճառական |
Աշխատավայր | Compagnie genevoise des colonies suisses? |
Ծնողներ | հայր՝ Jean Jacques Dunant?[6], մայր՝ Anne Antoinette Colladon?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Henri Dunant Վիքիպահեստում |
Դյունանը շվեյցարացի գործարար և սոցիալական ակտիվիստ էր։ 1859 թվականին կատարած գործարար ճանապարհորդության ընթացքում ժամանակակից Իտալիայի տարածքում նա դարձավ Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը։ Իր հիշողություններն ու փորձը նա անմահացրեց «Հուշեր Սոլֆերինոյի մասին» աշխատության մեջ, ինչն էլ ոգեշնչեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ստեղծումը 1863 թվականին։
Անրի Դյունանը ծնվել է Ժնևում, Շվեյցարիա, գործարար Ժան-Ժակ Դյունանի և Անտուանետ Դյունան-Կոլլադոնի ընտանիքում։ Նրա ընտանիքը նվիրյալ Կալվինական էր և Ժնևի հասարակության շրջանում ուներ հսկայական ազդեցություն։ Ծնողները մեծ կարևորություն էին տալիս սոցիալական աշխատանքին․ Դյունանի հայրն ակտիվորեն օգնում էր որբերին ու պայմանականորեն ազատ արձակվածներին, մինչդեռ մայրն աշխատում էր հիվանդների և աղքատների հետ։ Հայրն աշխատում էր բանտում և մանկատանը։
Դյունանը մեծացել է կրոնական զարթոնքի ժամանակահատվածում, որը հայտնի է որպես Réveil[20] (ֆր․՝ զարթոնք), և 18 տարեկանում միացել Ժնևյան հասարակությունը հանուն ողորմության շարժմանը։ Հաջորդ տարում ընկերների հետ միասին նա հիմնադրեց այսպես կոչված «Հինգշաբթվա միությունը»՝ երիտասարդների ազատ խումբ, որտեղ հավաքվում էին Աստվածաշունչն ուսումնասիրելու և աղքատներին օգնելու համար, և Դյունանն իր ազատ ժամանակի մեծ մասը զբաղված էր բանտեր այցելություններով և սոցիալական աշխատանքով։ 1852 թվականի նոյեմբերի 30-ին նա հիմնադրեց ԵՄՔԱ-ի Ժնևյան մասնաճյուղը և երեք տարի անց Փարիզում մասնակցեց վերջինիս միջազգային կազմակերպության հիմնադրմանը նվիրված հանդիպմանը։
1849 թվականին 21 տարեկան հասակում Դյունանը ստիպված էր հեռանալ Կալվինական քոլեջից[21]՝ ցածր գնահատականների պատճառով, և նա սկսեց աշակերտել Lullin et Sautter դրամափոխանակող ընկերությունում։ Հաջող ավարտելուց հետո Դյունանը դարձավ բանկի աշխատակից։
1853 թվականին Դյունանը «Սետիֆի գաղութներին» (ֆր․՝ Compagnie genevoise des Colonies de Sétif) նվիրված մի կազմակերպության հանձնարարությամբ այցելեց Ալժիր, Թունիս և Սիցիլիա։ Չնայած կարճ փորձառությանը՝ նա բարեհաջող իրագործեց հանձնարարությունը։ Ճանապարհորդությունից ոգեշնչված՝ նա գրեց իր առաջին գիրքը՝ վերնագրելով այն «Notice sur la Régence de Tunis»։ Գիրքը հրատարակվեց 1858 թվականին։
1856 թվականին Դյունանը հիմնադրեց բիզնես արտասահմանյան գաղութներում աշխատելու նպատակով, իսկ Ֆրանսիայի կողմից օկուպացված Ալժիրում հողի զիջում ստանալուց հետո ստեղծեց եգիպտացորենի մշակմամբ և առևտրով զբաղվող Մոնս-Ջեմիլա գործարաններ (ֆր․՝ Société financière et industrielle des Moulins des Mons-Djémila) ֆինանսական և արդյունաբերական ընկերությունը։ Այնուամենայնիվ, հողային և ջրային իրավունքները հստակորեն նշանակված չէին և գաղութային իշխանություններն այնքան էլ չէին համագործակցում։ Դրա արդյունքում Դյունանը որոշեց դիմել անմիջապես Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդին, ով այդ ժամանակ իր բանակի հետ գտնվում էր Լոմբարդիայում։ Ֆրանսիան կռվում էր Սարդինիայի թագավորության կողմից Ավստրիայի դեմ, որն այդ ժամանակ օկուպացրել էր ժամանակակից Իտալիայի մեծ մասը։ Նապոլեոնի գլխավոր նստավայրը գտնվում էր փոքրիկ Սոլֆերինո քաղաքում։ Դյունանը գովասանքով լի գրություն պատրաստեց Նապոլեոն III-ի համար՝ նպատակ ունենալով ներկայացնել այն կայսերը, իսկ այնուհետև ճանապարհ ընկավ դեպի Սոլֆերինո նրան անձնապես հանդիպելու համար։
Դյունանը Սոլֆերինո ժամանեց 1859 թվականի հունիսի 24-ին՝ նույն օրը, երբ երկու կողմերի միջև մոտակայքում արդեն սկսվել էր ճակատամարտը։ 23 000 վիրավորներ, մահվան շեմին գտնվողներ ու մահացածներ մնացին մարտի դաշտում, և թվում էր ոչ ոք անգամ փորձ չէր անում օգնել։ Ցնցված Դյունանն իր ձեռքը վերցրեց քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց և աղջիկների կողմից վիրավոր և հիվանդ զինվորների խնամքի կազմակերպումը։ Նրանք ունեին համապատասխան նյութերի և իրերի կարիք, և Դյունանը կազմակերպեց անհրաժեշտ պարագաների գնումն ու օգնեց հիմնել ինքնաշեն հիվանդանոցներ։ Նա համոզեց բնակչությանն օգնել զինվորներին առանց խտրականության՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք հակամարտության որ կողմում էին՝ առաջնորդվելով «Բոլորը եղբայրներ են» (իտ.՝ Tutti fratelli) նշանաբանով։ Նրան նաև հաջողվեց ազատել ֆրանսիացիների կողմից գերված ավստրիացի բժիշկներին։
Հուլիսի սկզբին վերադառնալով Ժնև՝ Դյունանը որոշեց իր փորձը ներկայացնել գրքում, որի անվանումն էր «Հուշեր Սոլֆերինոյի մասին» (ֆր.՝ Un Souvenir de Solférino): Այն հրատարակվեց 1862 թվականին 1 600 օրինակով և տպագրվեց Դյունան անձնական միջոցներով։ Գրքում նա նկարագրում էր մարտը, դրա արժեքը, հետագա քաոսային հետևանքները։ Նա նաև առաջ քաշեց այն գաղափարը, որ ապագայում պետք է գործի մի չեզոք կազմակերպություն, որը վիրավոր զինվորների համար խնամք կապահովի։ Նա գիրքն ուղարկեց Եվրոպայի բազմաթիվ քաղաքական և ռազմական առաջնորդների։
Դյունանը սկսեց ճամփորդել Եվրոպայով մեկ՝ իր գաղափարները տարածելու նպատակով։ Նրա գիրքը լայն դրական արձագանք ստացավ և ընդունվեց։ Ժնևյան հասարակությունը հանուն հանրային բարեկեցության միության նախագահ Գյուստավ Մուանիեն գիրքը և դրանում առկա առաջարկությունները դարձրեց 1863 թվականի փետրվարի 9-ին կայանալիք կազմակերպության հանդիպման թեմա։ Դյունանի առաջարկությունները քննվեցին և դրականորեն գնահատվեցին մասնակիցների կողմից։ Նրանք ստեղծեցին հինգ հոգուց բաղկացած կոմիտե՝ հետամուտ լինելով հետագայում գաղափարների իրագործմանը։ Կոմիտեի անդամներից մեկը Դյունանն էր։ Մյուս անդամներն էին Մուանիեն, բժիշկ Լուի Ապպիան, ով ուներ ռազմադաշտում աշխատանքի հսկայական փորձ, Ապպիայի ընկեր և գործընկեր Թեոդոր Մոնյուան, ով Ժնևի Հիգիենայի և առողջության հանձնաժողովից էր և Շվեյցարիայի բանակի հանրահայտ գեներալ Գիյոմ Անրի Դյուֆուրը։ 1863 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած նրանց առաջին հանդիպումը ներկայումս համարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հիմնադրման օրը։
Ի սկզբանե Մուանիեն և Դյունանն իրենց պատկերացումների և պլանների շուրջ ունեին բազմաթիվ անհամաձայնություններ և կոնֆլիկտներ։ Մուանիեն Դյունանի գաղափարը խնամք ապահովողների համար չեզոք պաշտպանվածություն ստեղծելու վերաբերյալ համարում էր անիրագործելի և խորհուրդ էր տալիս Դյունանին չպնդել դրա շուրջ։ Սակայն Դյունանը շարունակում էր պաշտպանել այդ դիրքորոշումը իր ճամփորդությունների ժամանակ և բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների հետ զրույցներում։ Դա ուժեղացրեց Մուանիեի ու Դյունանի կոֆլիկտը և հանգեցրեց նրան, որ պրագմատիկ մոտեցում ունեցող Մուանիեն սկսեց հակառակվել երազկոտ իդեալիստ Դյունանի՝ առաջնորդ լինելու հայտին։
1863 թվականի հոկտեմբերին 14 պետություններ մասնակցեցին կոմիտեի կողմից Ժնևում կազմակերպված հանդիպմանը, որի նպատակն էր բարելավել վիրավոր զինվորների նկատմամբ խնամքը։ Դյունանն իրականում արձանագրող առաջնորդ էր, քանի որ Մուանիեն ամեն կերպ փորձում էր նվազեցնել նրա դերը։ Մեկ տարի անց, 1864 թվականի օգոստոսի 22-ին, շվեյցարական խորհրդարանի կողմից կազմակերպված դիվանագիտական կոնֆերանսը նպաստեց 12 պետությունների կողմից Ժնևյան առաջին կոնֆեցիայի ստորագրմանը։ Դյունանը կրկին պատասխանատու էր միայն մասնակիցների հետ կապված հարցերը կազմակերպելու համար։
Դյունանի բիզնեսն Ալժիրում տուժել էր մասամբ այն պատճառով, որ նա չափից դուրս նվիրվել էր իր մարդասիրական գաղափարներին։ 1867 թվականի ապրիլին Crédit Genevois ֆինանսական ընկերության սնանկությունը հանգեցրեց սկանդալի, որի մեջ ներգրավված էր նաև Դյունանը։ Նրան ստիպեցին սնանկություն հայտարարել, և Ժնևի առևտրային դատարանի կողմից Դյունանը դատապարտվեց խաբուսիկ սնանկությունների փորձի մեջ։ Ընկերության մեջ ունեցած ներդրումների պատճառով Դյունանի ընտանիքն ու ընկերներից շատերը ֆինանսական ուժեղ հարված ստացան ընկերության անկման հետևանքով։ Սոցիալական աղմուկը, որը տարածվեց կալվինիզմի մեջ խորտակված Ժնևում, կոչ էր անում Դյունանին հեռանալ կոմիտեից։ 1868 թվականի օգոստոսի 25-ին նրան հեռացրեցին քարտուղարի պաշտոնից, իսկ սեպտեմբերի 8-ին նա հեռացվեց նաև կոմիտեից։ Մուանիեն, ով 1864 թվականին դարձել էր կոմիտեի նախագահը, իր մեծ դերը խաղաց արտաքսման գործում։
1868 թվականի փետրվարին Դյունանի մայրը մահացավ։ Նույն տարում ավելի ուշ նա հեռացվեց նաև ԵՔՄԱ-ից։ Մարտին նա լքեց իր հայրենի քաղաք Ժնևը և չվերադարձավ մինչև կյանքի վերջը։ Հետագա տարիներին Մուանիեն օգտագործեց իր ազդեցությունը՝ փորձելով ապահովել, որ Դյունանը որևէ օգնություն ու աջակցություն չստանա իր ընկերներից։ Օրինակ, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Sciences Morales-ի ոսկյա մեդալը ստացավ ոչ թե Դյունանը, ինչպես նախապես պլանավորված էր, այլ Մուանիեն, Դյուֆուրը և Դյունանը միասին, այնպես, որ մրցանակի գումարն ուղղվեր կոմիտեին։
Դյունանը տեղափոխվեց Փարիզ, որտեղ նա ապրում էր խղճուկ պայմաններում։ Այնուամենայնիվ, նա շարունակում էր հետևել իր մարդասիրական գաղափարներին և պլաններին։ Պրուս-ֆրանսիական պատերազմի (1870–1871) ընթացքում նա հիմնեց Համընդհանուր օգնության միությունը (գերմ.՝ Allgemeine Fürsorgegesellschaft), իսկ այնուհետև Հանուն կարգի և քաղաքակրթության համընդհանուր դաշինքը (գերմ.՝ Allgemeine Allianz für Ordnung und Zivilisation)։ Նա զենքը վայր դնելու բանակցությունների կողմնակիցն էր և պնդում էր, որ պետք է ստեղծվի միջազգային դատարան, որը միջնորդ կհանդիսանա միջազգային հակամարտությունների ժամանակ։ Հետագայում նա աշխատում էր համաշխարհային գրադարանի ստեղծման վրա՝ գաղափար, որն արձագանք ունեցավ այնպիսի ապագա նախագծերում, ինչպիսին է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Իր գաղափարների շարունակական հետապնդման և պաշտպանության ընթացքում նա անուշադրության էր մատնել իր անձնական վիճակն ու եկամուտը՝ ավելի խորանալով պարտքերի մեջ և խուսափելով ծանոթների հետ հանդիպումներից։ Չնայած այն հանգամանքին, որ Դյունանը հանդիսանում էր Ավստրիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Պրուսիայի և Իսպանիայի կարմիր խաչի ազգային միությունների պատվավոր անդամ, նա գրեթե մոռացվել էր Կարմիր խաչի պաշտոնական շարժման կողմից, որն արագորեն տարածվում էր նոր երկրներում։ Նա ապրում էր աղքատության մեջ, 1874-1886 թվականներին անընդհատ տեղից տեղ էր տեղափոխվում՝ Շտուտգարտ, Հռոմ, Կորֆու, Բազել, Կարլսրուե։ Շտուտգարտում նա հանդիպեց Տյուբինգենի համալսարանի ուսանող Ռուդոլֆ Մյուլլերին, որի հետ ընկերացավ։ 1881 թվականին Շտուտգարտի ընկերների հետ միասին նա առաջին անգամ մեկնեց շվեյցարական փոքրիկ հանգստավայր Հեյդեն գյուղ։ 1887 թվականին Լոնդոնում ապրելու ժամանակ նա սկսեց որոշակի ամսական ֆինանսական աջակցություն ստանալ ընտանիքի հեռավոր անդամներից։ Դա նրան հնարավորություն տվեց ինչ-որ չափով ապահով գոյություն պահպանել և հուլիսին նա մեկնեց Հեյդեն։ Կյանքի մնացած մասը նա անցկացրեց այնտեղ և 1892 թվականի ապրիլին 30-ից հետո նա սկսեց ապրել հիվանդանոց և բուժքուրական տուն հանդիսացող վայրում, որի ղեկավարը բժիշկ Հերման Ալթերն էր։
Հեյդենում նա հանդիպեց երիտասարդ ուսուցիչ Վիլհելմ Շոնդերեգգերին և նրա կնոջը՝ Սուսաննային։ Երիտասարդը ոգեշնչեց Դյունանին արձանագրել իր կյանքի փորձը։ Ուսուցչի կինը Հեյդենում հիմնադրեց Կարմիր խաչի մասնաճյուղ, և 1890 թվականին Դյունանը դարձավ դրա պատվավոր նախագահը։ Շոնդերեգգերի հետ Դյունանը հույս ուներ առաջ տանել իր գաղափարները, հրատարակել իր գրքի նոր հրատարակությունը։ Սակայն նրանց ընկերությունը հետագայում լարվեց Դյունանի անհիմն մեղադրանքների պատճառով, թե իբր Շոնդերեգգերը Ժնևում Մուանիե հետ միասին դավեր էր նյութում Դյունանի դեմ։ Շոնդերեգգերը մահացավ 1904 թվականին ընդամենը 42 տարեկան հասակում։ Չնայած իրենց լարված հարաբերություններին, Դյունանը խորապես ցնցված էր երիտասարդի անսպասելի մահից։ Վիլհելմի և Սուսաննայի հիացմունքը Դյունանի նկատմամբ փոխանցվեց նաև նրանց երեխաներին։ 1935 թվականին նրանց որդի Ռենեն հրատարակեց Դյունանից իր հորն ուղղված նամակների հավաքածուն։
1895 թվականի սեպտեմբերին «St. Gall Die Ostschweiz» թերթի գլխավոր խմբագիր Գեորգ Բաումբերգերը հոդված հրապարակեց կարմիր խաչի հիմնադրի մասին, ում հետ մեկ ամիս առաջ հանդիպել էր Հայդենում և զբոսանքի ժամանակ երկար զրուցել։ Հոդվածը վերնագրված էր «Անրի Դյունան․ Կարմիր խաչի հիմնադիրը» և հրապարակվել էր գերմանական նկարազարդ Über Land und Meer ամսագրում։ Շատ շուտով այն վերահրատարակվեց ամբողջ Եվրոպայում։ Հոդվածը մի յուրօրինակ զարկ էր, որ Դյունանին բերեց նոր ուշադրություն ու աջակցություն։ Նա արժամանացավ շվեյցարական Binet-Fendt մրցանակին և գրություն ստացավ Հռոմի Պապ Լեո 8-րդից։ Ռուսական ցարի այրի Մարիա Ֆեոդորովնայի և այլ անձանց նվիրատվություների շնորհիվ նրա ֆինանսականն վիճակը զգալիորեն բարելավվեց։
1897 թվականին Շտուտգարտում որպես ուսուցիչ աշխատող Ռուդոլֆ Մյուլլերը գիրք գրեց Կարմիր խաչի ակունքների վերաբերյալ՝ ընդգծելով պաշտոնական պատմությունն ու Դյունանի իրական դերը։ Գիրքը առկա էր նաև Սոլֆերինոյի մասին հուշերի տեքստը։ Դյունանը սկսեց գրել բազմաթիվ հոդվածներ։ Նա հատկապես ակտիվ էր կանանց իրավունքների պաշտպանության հարցում և 1897 թվականին աջակցեց «Կանաչ խաչ» կանանց կազմակերպության հիմնադրմանը, որի միակ հատվածը կարճ ժամանակ ակտիվ էր Բրյուսելում։
1901 թվականին Դյունանն արժանացավ Խաղաղության Նոբելյան առաջին մրցանակին՝ Կարմիր խաչի միջազգային շարժման և Ժնևյան կոնվենցիաների հիմքը դնելու համար։ Նորվեգացի ռազմական բժիշկ Հանս Դաաեն, ով ստացել էր Մյուլլերի գրքի օրինակը, պաշտպանեց Դյունանին Նոբելյան կոմիտեում։ Մրցանակը համատեղության կարգով տրվեց նաև ֆրանսիացի պացիֆիստ Ֆրեդերիկ Պասիին, ով Խաղաղության լիգայի հիմնադիրը և Հանուն կարգի ու քաղաքակրթության դաշինիքի ակտիվ անդամ էր։ Պաշտոնական շնորհավորանքները, որ Դյունանը ստացավ Միջազգային կոմիտեից, վերջապես դարձան նրա հեղինակության վերականգման վկայականը․
Մուանիեն և միջազգային կոմիտեն համատեղ ևս առաջադրվել էին մրցանակի համար։ Չնայած Դյունանն ընտրության ընթացքում վայելում էր բավականին մեծ աջակցություն, նա դեռ այնուամենայնիվ հակասական թեկնածու էր։ Որոշ մարդիկ պնդում էին, որ Կարմիր խաչն ու Ժնևյան կոնվենցիաները պատերազմը դարձրել են ավելի գրավիչ։ Այնուամենայնիվ, Մյուլլերը կոմիտեին ուղղված նամակում պնդում էր, որ մրցանակը պետք է տրվի Դյունանին և Պասիին համատեղ, ով որոշ ժամանակ համարվում էր մրցանակի միակ հավանական թեկնածուն։ Մյուլլերը նաև առաջարկում էր, որ եթե մրցանակը Դյունան շնորհելու հավանականություն կար, ապա դա պետք է կատարվեր շատ շուտ՝ հաշվի առնելով նրա պատկառելի հասակը և առողջական վիճակը։
Մրցանակը բաժանելով խաղաղասեր Պասիի և մարդասեր Դյունանի միջև՝ Նոբելյան կոմիտեն Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի ընտրության նախադեպի հիմք դրեց, ինչը հսկայական հետևանքներ պետք է ունենար հետագայում։ Նոբելի կտակի մի բաժնում նշվում էր, որ մրցանակը պետք է հանձնել այնպիսի անձի, ով աշխատել է նվազեցնել կամ վերացնել գործող բանակները, կամ ուղղակիորեն կազմակերպել է խաղաղություն խրախուսող կոնֆերանսներ, ինչն էլ Պասիի ընտրությունը դարձրել էր ակնհայտ իր խաղաղասիրական աշխատանքի համար։ Մյուս կողմից, միայն մարդասիրական ջանքերի թերևս խիստ պարգևատրումը որոշ անձանց կողմից ընկալվում էր որպես Նոբելի կամքի չափազանց ընդարձակ մեկնաբանում։ Այնուամենայնիվ, Նոբելի կտակի մեկ այլ հատված նախատեսում էր մրցանակը այն անձի համար, ով առավելագույնս նպաստել էր «մարդկանց եղբայրության» ամրապնդմանը, ինչը կարող էր մեկնաբանվել մեծ առումով որպես մարդասիրական աշխատանք, ինչպիսին Դյունանի աշխատանքն էր նաև խաղաղության հաստատման առումով։ Խաղաղության նոբելյան մրցանակի հետագա տարիների բազում դափնեկիրներ կարող են համարվել այս երկու տեսակի աշխատանք կատարողներ՝ ինչպես հստակորեն հիմք էր դրվել Նոբելյան կոմիտեի կողմից 1901 թվականին
Հանս Դաաեեն հաջողացրեց Դյունանի մասը մրցանակի գումարում՝ 104 000 շվեյցարական ֆրանկ, ավանդ դնել Նորվեգական Բանկում, ինչպես նաև կանխել գումարի հասանելիությունը պարտատերերի համար։ Դյունանն ինքը իր կյանքի ընթացքում երբեք չծախսեց այդ գումարը։
Հետագա տարիներին ստացած մի քանի այլ մրցանակների շարքում 1903 թվականին Դյունանն արժանացավ Հեյդելբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչման։ Նա մինչև մահ ապրեց Հեյդենի բուժքույրական տանը։ Կյանքի վերջին տարիներին Դյունանը տառապում էր դեպրեսիայով և պարանոյա ուներ պարտատերերի և Մուանիեի կողմից հետապնդվելու հարցում։ Լինում էին անգամ օրեր, երբ Դյունանը պնդում էր, որպեսզի խոհարարը փորձի սնունդն իր աչքի առաջ՝ հնարավոր թունավորումից խուսափելու համար։ Վերջին տարիներին նա արհամարհում և քարկոծում էր Կալվինիզմը։ Նրան համարում էին ագնոստիկ[22]։
Դյունանին խնամող բուժքույրերի վկայությունների համաձայն՝ նրա կյանքի վերջին գործողությունը Մուլլերի գրքի օրինակը Իտալիայի թագուհուն անձնական նվիրվածությամբ ուղարկելն էր։ Նա մահացավ 1910 թվականի հոկտեմբերի 30-ին, և նրա վերջին խոսքերն էին․ «Ո՞ւր է կորել մարդասիրությունը»։ Նա իր հակառակորդ Մուանիեից երկար ապրեց ընդամենը երկու ամիս։ Չնայած Նոբելյան մրցանակի համար ԿԽՄԿ-ի կողմից ստացած շնորհավորանքներին՝ երկու մրցակիցները երբեք չհաշտվեցին։
Իր ցանկության համաձայն Դյունանը հուղարկավորվեց առանց որևէ արարողության Ցյուրիխի Սիհլֆելդ գերեզմանատանը։ Կտակում նա գումար էր նվիրաբերել, որպեսզի մշտապես մի ազատ մահճակալ պահեն Հեյդենի բուժքույրական տանը, որը հասանելի կլինի շրջանի աղքատ որևէ քաղաքացու համար, ինչպես նաև գումար էր փոխանցում ընկերներին և Շվեյցարիայի ու Նորվեգիայի բարեգործական կազմակերպություններին։ Մնացած գումարը փոխանցվեց պարտատերերին՝ մասնակիորեն մարելով նրա պարտքերը․ դրանք ամբողջապես մարելու Դյունանի անկարողությունը մեծ բեռ էր նրա համար ընդհուպ մինչև մահը։
Նրա ծննդյան օրը՝ մայիսի 8-ը, նշվում է որպես Կարմիր խաչի և կարմիր մահիկի համաշխարհային օր։ Հեյդենի բուժքույրական տունը ներկայումս Դյունանի թանգարանն է։ Ժնևում և այլ վայրերում կան նրա անունով կոչվող բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, դպրոցներ։ Անրի Դյունան մեդալը տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման մշտական հանձնաժողովի կողմից՝ որպես դրա գերագույն պատվանշան։
Անրի Դյունանի պատվին Շվեյցարիայի երկրորդ ամենաբարձր գագաթը 2014 թվականի հոկտեմբերի 6-ին[23] վերանվանվեց Դյունանշպիտց (Դյունանի պիկ[24])։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.