Մատաթիա (Անտոն) Գարագաշյան (փետրվարի 11, 1818[1],Կ.Պոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 19, 1903), հայ պատմաբան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարագաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մատաթիա Գարագաշյան արմտ. հայ.՝ Մատաթիա-Անտոն Գարագաշեան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1818[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 1903 (85 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր, կրոնական ծառայող, լեզվաբան և փիլիսոփա |
Կենսագրություն
Անտոն (Մադաթիա) Գարագաշյանը ծնվել է Կ.Պոլսում։ Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է։ Նախնական կրթությունն ստացել է Մխիթարյան Միաբանությանը պատկանող Ղալաթիայի վարժարանում։ 1832 թ. ուղարկվում է Վիեննայի Մխիթարյան դպրոց՝ ուսման մեջ կատարելագործվելու նպատակով։ 1840թ. ստանում է քահանայական «Մադաթիա» տիտղոսը, այնուհետև վանքում վարում է ուսուցչի պաշտոն։ Անտոն Գարագաշյանը 19-րդ դարի վերջի նշանավոր հեղինակներից էր, որը հայ պատմագիտության բնագավառում հիմք դրեց քննադատական ուղությանը։ Վիեննայի Մխիթարյան միաբանության կարկառուն դեմքերից մեկի՝ պաամաբան, թարգմանիչ և լեզվաբան Հովսեփ Գաթըրճյանի (1820—1882) ավագ ընկերն ու գազափարակիցն էր:Վիենայում ուսանելու տարիներին մի խումբ երիտասարդների և Հովսեփ Գաթըրճյանի հետ բաժանում են 5-րդ դարի դասական հայոց լեզուն հետագա ժամանակաշրջանի հայոց լեզվից։ Չնայած Գարագաշյանը ծառայում էր վանքին, սակայն ոգով և սրտով նվիրված չէր նրան։ Այս մասին արձանագրել է «Մուրճ» ամսագիրն ու «Բյուզանդիոն օրաթերթը»։ 1856 թվականին նա հրաժարվում է քահանայությունից և նվիրվում է ստեղծագործական, գիտական աշխատանքին։ Մխիթարյան միաբանության հետ գործակցությունը խզելուց հետո Գարագաշյանը դիմում է ամերիկյան «Պայպլ Հաուզ» բողոքական մինսիոներական կազմակերպությանը՝ աշխատանքի տեղավորվելու ցանկությամբ։ Քառասուն տարուց ավել գործակցում է այդ կազմակերպությանը որպես թարգմանիչ[3]։ XIX դարում առաջին անգամ տպագիր հայատառ գրականության մեջ «Քիմիա» բառը հանդիպում ենք Իգնատիոս Փափազյանի աշխատություններից մեկում, որը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներից էր։ Իսկ Գարագաշյանը առաջին անգամ հայ բնագիտության պատմության էջերում քիմիան և ֆիզիկան դիտել է ինչ-որ տեղ միասնական, քանի որ հաճախ դրանք միևնույն խնդիրներին են անդրադառնում։ Մինչև 1856 թվականը, իբրև Մխիթարյան միաբանության անդամ ծավալել է գիտամանկավարժական գործունեություն։ 1860-ական թվականներին Գարագաշյանը թղթակցում է «Զեփյուռ հայրենյաց» և «Մասիս», իսկ 1870-ական թվականներից նաև «Արևելյան մամուլ և այլ պարբերականների»:1870-ական թվականներից Գարագաշյանի հասարակական-քաղաքական և գիտական ըմբռնումների մեջ որոշակի փոփոխություններ է նկատվում։ Գարագաշյանի սոցիալ-քաղաքական հայացքները ավելի արմատական են դառնում, իսկ փիլիսոփայական դատողությունների մեջ նշմարելի է բեկում էլեկտրոցիզմից դեպի նյութապաշտություն։ Գարագաշյանը մերժում է կրոնական դոգմաները՝ համարելով դրանք «տղայական ու չնչին բան», և մատնացույց է անում այն ուղին, որը որը տանում է դեպի ճշմարտություն[4]։ Գարագաշյանի դիտական հետաքրքրությունների բնագավառները չափազանց ընդգրկուն են՝ լեզվաբանություն, փիլիսոփայություն, պատմություն, թարգմանչական գործունեություն, տրամաբանություն[5]։
Պատմագիտական հայացքներ
Գարագաշյանը այն տեսակետն էր զարգացնում, թե հասարակությունն ունի իր առաջընթացի բնականոն պատճառներն ու օրինաչափությունները։ Իր պատմագիտական աշխատություններում Գարագաշյանը կարողացել է փաստական տվյալների և պատմական աղբյուրների քննադատական վերլուծության հիման վրա հայ ժողովրդի պատմական անցյալը դիտել բնապատմական գործընթաց:Վեր է հանել այն շարժառիթները, որոնք որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համար։ Նա հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների պատժառը փորձել է տեսնել ոչ թե զորավարների ու թագավորների գործողությունների մեջ, այլ Հայաստանի ներքին և արտաքին պայմաններում, դրանց աննպաստ կամ նպաստավոր գործընթացների ներքո[6]։ Գարագաշյանը կարևոր տեղ է հատկացրել արտաքին գործոնին, գտնելով, որ իր պատմական առաջընթացի կամ հետընթացի համար հայ ժողովուրդը միշտ էլ կախված է եղել հզոր հարևանների ազդեցությունից։ Գարագաշյանը հիմք ընդունելով արտաքին քաղաքական գործոնները, հայ ժողովրդի պատմությունը ենթարկել է հետևյալ պարբերացման՝ նախնական, որը սկսվում է հնագույն շրջանից և շարունակվում է մինչև Տիգրան Մեծ, և պատմական, որը սկսում է Տիգրան Մեծից։ Համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա շարադրելով Հայաստանի պատմությունը,նա, տարաբախտաբար շեղվել է պատմականությունից, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին առնչվելիս անտեսել է հայ ժողովրդի հոծ զանգվածի գործուն մասնակցությունը ազատագրական պատերազմներին:Նա այդ պատերազմները որպես նախարարական պատերազմներ է որակել:Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը նորագույն ժամանակաշրջանի պատմագիտության մեջ պաշտպանել է այդ սխալ տեսակետը:Գարագաշյանը, որպես լուսավորիչ, հանդես է եկել կրոնի և եկեղեցու քննադատությամբ։ Ազգի փրկությունը, նրա կարծիքով, ոչ թե կրոնական այս կամ այն դրույթի պաշտպանությունից է կախված, այլ ՝ ժողովրդի լուսավորության մակարդակից[6]։
Գրական ժառանգություն
Գարագաշյանը հանդես է եկել փիլիսոփայության վերաբերյալ մենագրություններով, որոնց մեջ ուշագրավ է1856թ. լույս տեսած «Համառոտ պատմություն փիլիսոփայության» աշխատությունը։ XIX դարի հայ իրականության մեջ սա առաջին դասագիրքն էր, որը հաջորդաբար հայ ընթերցողին ծանոթություն էր տալիս փիլիսոփայական մտքի պատմությանը՝ սկզբնավորման շրջանից սկսած մինչև իր ապրած ժամանակաշրջանը։ Գարագաշյանը փիլիսոփայական մտքի պատմությունը բաժանում է չորս շրջափուլի՝ նախնի, միջին, արդի և խառը։ Նա հատկապես կարևորել է նորագույն շրջափուլի փիլիսոփայությունը՝ այն համարելով ամենագիտականը:Ըստ Գարագաշյանի ճշմարտությունը բացահայտելու և ապացուցելու իսկական գիտական մեթոդը այս շրջանում է մշակվում։ Գարագաշյանը ճանաչել է Իմանուիլ Կանտին, Ռընե Դեկարտին, Ֆրենսիս Բեկոնին։ Վերոհիշյալ մտածողների պատմական ծառայությունը կարևորելով,Գարագաշյանը գտնվել է նրանց փիլիսոփայական տարասեռ համակարգերի ազդեցության տակ[6]։ Գարագաշյանը, որպես հայ բուրժուազիայի լուսավորիչ և գաղափարախոս, քննադատել է ֆեոդալիզմը և հասարակական առաջադիմության քաղաքական ուժ ժէ համարելլ նոր գաղափարների յուրացումը և լուսավորությունը։ «Նկարագիր ուսմանց» և «Քննական պատմություն հայոց» աշխատություններում դրսևորվել են Գարագաշյանի պատմագիտական հայացքները։ Գարագաշյանը գտնում է, որ պատմությունը մարդկային մտքի զարգացման ձեռք բերած արդյունքներն ու ընթացքը ճիշտ ըմբռնելու միջեց է։ Գարագաշյանը, ձեռնամուխ լինելով Հայաստանի քննական պատմություն ստեղծելու գործին՝ եզրակացրել է, որ իր նախորդները հենվելով մի շարք կողմնակալ փաստերի և առասպելների վրա, հեռացել են պատմական օբյեկտիվությունից։ Գարագաշյանը գիտական պատմություն գրելու համար առաջարկել է օգտվել ազգագրության, հնագիտության, լեզվաբանության և երկրաբանության տվյալներից։ Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» աշխատությունը ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը[7]։ Քննադատել է Մովսես Խորենացոււ «Պատմություն Հայոցը»։ Ցույց տալով, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են, մերժել է հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետերը։ 1841 թվականին Հովսեփ Գաթըրճյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ թարգմանել է «Խօսք վասն տիեզերական պատմութեան» աշխատությունը, արտեղ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների։ «Նկարագիր ուսմանց» աշխատության մեջ անդրադարձել է պատմիչների և առաջին թարգմանությունների լեզվին։ 1860-1890-ական թվականներին 8-10 տպագրության են արժանացել «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Գործնական քերականություն հայ լեզվի», «Համառոտ նոր քերականություն» քերականական ձեռնարկները։ 1890-ական թվականներին հրատարակվել է «Աշխարհագրություն ուսումնական», «Աշխարհագրություն համառոտ քաղաքական» և այլ աշխարհագրական դասագրքերի և ձեռնարկների մի ամբողջ շարք։ 1887 թվականին Հակոբ Գուրգենի հետ, 5-րդ դարի գրաբարով լույս է տեսել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը:Գարագաշյանը թարգմանել է նաև Լաֆոնտենի առակները[8]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.