Remove ads
իտալացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ամբրոջո Լորենցետտի կամ Ամբրոջո Լաուրատի (իտալերեն՝ Ambrogio Lorenzetti, Ambruogio Laurati, 1290[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] - հունիսի 9, 1348, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4])[5], Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Գործել է մոտավորապես 1317-ից 1348 թվականների միջակայքում։ Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ նրա լավագույն աշխատանքը համարվում է Սիենայի Palazzo Pubblico-ի Sala dei Nove-ում (Իննի սրահում կամ Խորհրդակցությունների սենյակում) նկարած Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը։ Ամբրոջոն նկարիչ Պիետրո Լորենցետտիի կրտսեր եղբայրն է։
Ամբրոջո Լորենցետի | |
---|---|
Ծնվել է | 1290[1][2] |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] |
Վախճանվել է | հունիսի 9, 1348 |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Սիենայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Allegory of Good and Bad Government?, Q3606185? և Annunciation? |
Ուսուցիչ | Դուչչո |
Ambrogio Lorenzetti Վիքիպահեստում |
Ամբրոջո Լորենցետտին զգալի չափով ազդվել է բյուզանդական ու դասական արվեստներից և պատկերավորման իր յուրացրած ձևերն օգտագործելով՝ ստեղծել է նկարչական ինքնատիպ, անհատական ոճ։ Նրա գործերը բացառիկ յուրօրինակ են։ Ամբրոջոյի ապրած ժամանակներում արվեստում անհատականության դրսևորումը ոչ սովորական երևույթ էր, քանի որ արվեստը մեծ կախում ուներ պատվիրատուներից ու վերջիններիս ճաշակից։ Այդուհանդերձ, Լորենցետտին պրպտումներ է կատարել հեռանկարի, մարդկային մարմնի կառուցվածքի, դիմագծերի ուսումնասիրման և դրանց պատկերման նոր ձևերի բացահայտման ասպարեզում, ուսումնասիրել այդ բնագավառում դասական անցյալի վարպետների փորձը՝ իր ավանդը ներդնելով Վերածննդի գաղափարներն ու արտահայտչաձևերը զարգացնելու գործում[6]։ Նրա աշխատանքներում ակնառու կերպով դրսևորվել է նորարարությունը, որ նկատել են իրեն հաջորդած նկարիչներն ու առաջ են տարել։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ամբրոջոյի աշխատանքներում, որոնց բնորոշ է նատուրալիստական շունչը, նկատելի է Սիմոնե Մարտինիի ազդեցությունը։ Փաստաթղթային վկայություններ կան, որ նա մինչև 1321 թվականը եղել է Ֆլորենցիայում, ուր կարող էր վերադարձած լինել նաև Սիենայում մի քանի տարի անցկացնելուց հետո[7]։
Սիենացի վարպետի՝ մեզ հասած ամենավաղ ստեղծագործությունը 1319 թվականին ստեղծած «Տիրամայրը Մանկան հետ» նկարն է։ Նրա գլուխգործոցը՝ Վաղ Վերածննդի աշխարհիկ նկարչության լավագույն գործերից մեկը համարվող Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը, ավել ուշ ժամանակներում է ստեղծվել։ Երեք պատի վրա պատկերված են տարբեր առաքինություններ այլաբանորեն մարմնավորող բազմաթիվ ֆիգուրներ՝ ստեղծելով մի ընդարձակ անսամբլ[8]։ Դիմացի երկու պաննոներում արվեստագետը ստեղծել է քաղաքի ու գյուղի լավ և վատ կառավարման համայնապատկերներ, որոնք կարող են համարվել միջնադարյան բնակավայրերի առօրյայի նկարեն հանրագիտարաններ։ Ի դեպ, վատ կառավարմանը նվիրված հատվածում առաջին անգամ պատկերված է ավազային ժամացույց։
Ամբրոջո Լորենցետին, ինչպես և իր եղբայր Պիետրոն, զոհ է գնացել 1348 թվականի ժանտախտի համաճարակին[9]։ Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է նշանավոր նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների կյանքի ու գործի պատմություններն ամփոփող իր գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.