մարդու հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Աղիների ոլորման ժամանակ աղիքի գալարը ոլորվում է իր շուրջ, իր մեջ ընդգրկելով միջընդերքը, ինչի արդյունքում աղիքային անանցանելիություն[1]։ Ախտանիշներից են որովայնային ցավը, փքվածությունը, փսխումը, փորկապությունը, արյունային կղանքը[1][2]։ Սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանաբար[2]։ Միջընդրքը կարող է այնպես սեղմվել, որ արյան հոսքը դեպի աղու այդ հատվածը կանգ առնի և արդյունքում առաջանա միջընդերային իշեմիա[1]։ Այդ իրավիճակում կարող է լինել տենդ և պերիտոնիտ[2]։
Աղիների ոլորում | |
---|---|
Որովայնի ՀՇ պատկեր, օհակի մեջ է վերցրած աղու ոլորված հատվածը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, փքվածություն, փսխում, փորկապություն, արյունային կղանք[1][2] |
Բժշկական մասնագիտություն | Վիրաբուժություն |
Ռիսկի գործոններ | Աղիքային մալռոտացիա, մեծացած աղիքներ, Հիրշպրունգի հիվանդություն, հղիություն, կպումներ, քրոնիկ փորկապություն[1][3] |
Ախտորոշում | Ռենտգեն ախտորոշում, Համակարգչային շերտագրություն[1] |
Բուժում | Սիգմոիդոսկոպիա, բարիումային հոգնա, աղու մասնահատում[3] |
Բարդություններ | Միջընդերային իշեմիա[1] |
Հաճախություն | 2.5 ամեն 100,000-ից տարեկան[2][4] |
Սկիզբը | Արագ կամ աստիճանաբար[2] |
Volvulus Վիքիպահեստում |
Ռիսկի ֆակտորներից են բնածին դեֆեկտը, որը հայտնի է որպես աղիքային մալռոտացիա, մեծացած աղիքը, Հիրշպրունգի հիվանդությունը, հղիությունը և ներորովայնային կպումները[1]։ Երկարատև փորկապությունը և սննդային թելերի մեծ քանակով սննդակարգը նույնպես կարող են մեծացնել ռիսկը[3]։ Մեծահասակների մոտ ամենաշատ ախտահարվող հատվածն է սիգմայաձև աղիքը, որից հետո երկրորդ ամենատարածվածը կույր աղիքն է[1]։ Երեխաների մոտ բարակ աղիքը ավելի հաճախ է ներգրավվում[5]։ Ստամոքսը նույնպես կարող է ախտահարվել[6]։ Ախտորոշումը կատարվում է բժշկական պատկերավորման մեթոդներով, որոնցից է ռենտգեն ախտորոշումը, համակարգչային շերտագրությունը[1]։
Սկզբնական բուժումը սիգմայաձև աղու ոլորման դեպքում ներառում է սիգմոիդոսկոպիան, կամ բարիումային հոգնան[3]։ Կրկնվելու բարձր հավանականության պատճառով խորհուրդ է տրվում մոտակա երկու օրերի ընթացքում կատարել աղու մասնահատում[3]։ Եթե ոլորումը շատ ծանր է, կամ արյան մատակարարումը կտրված է, ապա պետք է կատարել անհապաղ վիրահատություն[3]։ Կույր աղու ոլորման դեպքում աղու մի մասը անհրաժեշտ է վիրահատական ճանապարհով հեռացնել։ Եթե կույր աղիքը դեռ կենսունակ է, ապա երբեմն այն հնարավոր է լինում բերել նորմալ դիրքի և կարել տեղում[1][3]։
Ոլորման դեպքերը նկարագրվել են Հին Եգիպտոսում մոտ մ.թ.ա 1550 թվականին[3]։ Ավելի հաճախ առաջանում է Աֆրիկայում, Միջին Արևելքում և Հնդկաստանում[3]։ ԱՄՆ-ում ամեն տարի սա դիտվում է 2-3 մարդու մոտ 100.000 մարդու հաշվարկով[2][4]։ Սիգմայաձև և կույր աղիքի ոլորումը լինում է 30 և 70 տարեկանների միջև[1][7]։ Ելքը կախված է աղիքի կենսունակության աստիճանից[2]։ Հիվանդության անգլերեն անվանումն է անգլ.՝ Volvulus: Այն եկել է լատին․՝ volvere բառից, որը նշանակում է «ոլորվել»[3]։
Անկախ պատճառից, ոլորումը առաջանում է երկու մեխանիզմով՝
Ախտանիշները կարող են տարբերվել, կախված ոլորման տեղակայումից։ Օրինակ՝ կույր աղիքի ոլորումով հիվանդների մոտ հիմնականում լինում են բարակ աղիքի անանցանելիության ախտանիշներ (սրտխառնոց, փսխում, կղանքի և գազերի բացակայություն), որովհետև խցանման հատվածը մոտ է զստակույրաղիքային փականին և բարակ աղիքին։ Սիգմայաձև աղու ոլորման դեպքում առկա է որովայնային ցավ, իսկ փորկապության նշանները լինում են ավելի ակնհայտ։
Ոլորումը առաջացնում է լուրջ ցավ և աղիքի պատի հարաճուն վնասում, գազի և հեղուկի կուտակումով աղիքի խցանված մասում[8]։ Վերջիվերջո սա կարող է բերել աղիքի ախտահարված պատի մեռուկացման (նեկրոզ), ացիդոզի և մահի։ Սա նաև հայտնի է որպես փակված գալարի խցանում, որովհետև աղիքի տվյալ գալարը մեկուսացված է լինում մնացածից։ Սուր ոլորման դեպքում պետք է կատարել շտապ վիրահատություն և ուղղել ախտահարված հատվածը, կամ հեռացնել անկենսունակ հատվածները[8]։
Ոլորումը հաճախ լինում է միջին տարիքի և տարեց մարդկանց մոտ[8]։ Ոլորումը կարող է լինել հազվադեպ բարդություն աղիների հավելյալ գալարներ ունեցողների մոտ։ Այդ դեպքում առկա են լինում հաստ աղու հավելյալ գալարներ[9]։
Սիգմայաձև աղու ոլորումը ամենահաճախ հանդիպող ձևն է[10] և աղիքային անանցանելիության բոլոր դեպքերի 8%-ն է կազմում։ Սիգմայաձև աղու ոլորումը հաճախ է հանդիպում տարեցների և փորկապություն ունեցողների մոտ։ Հիվանդները նշում են որովայնային ցավ, փքվածություն, փորկապություն։
Կույր աղիքի ոլորումը ավելի քիչ է հանդիպում, քան սիգմայաձև աղու ոլորումը և կապված է որովայնի ցավի, բարակ աղու խցանման ախտանիշների հետ։
Ոլորումը նաև կարող է առաջանալ Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող հիվանդների մոտ, հարթ մկանների գործառույթի խանգարման պատճառով։
Աղիների ոլորումը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ (հաճախ երեխաների), որոնք ունեն բնածին արատ։ Առանձին սեգմենտի ոլորում կարող է լինել ցանկացած տարիքի մարդկանց մոտ, որոնց մոտ կա նախատրամադրվածություն, օրինակ՝ կպումներ, ոչ նորմալ զանգվածներ աղու մեջ։ Կույր աղու, լայնական հաստ աղու և սիգմայաձև աղու ոլորումը հանդիպում է քիչ նախատրամադրվածությամբ մարդկանց մոտ, օրինակ՝ հավելյալ հյուսվածքի և քրոնիկական փորկապության պատճառով։
Անամնեզ հավաքելուց հետո, սովորաբար հեշտ է կատարվում տարբերակիչ ախտորոշում։ Որովայնի ռենտգեն պատկերները կարող են հաստատել աղիների ոլորման առկայությունը, հատկապես եթե երևում են "սուրճի հատիկի", "թեքված ներքին խողովակի" նշանները։ Սրանք վերաբերում են գազով լցված հաստ աղու փակ գալարին, որը ձևավորվել է ոլորման պատճառով։ Ախտորոշման կասկածի դեպքում կատարվում է բարիումով հոգնա, որը ի հայտ է բերում "թռչնի կտուցի" ախտանիշը։
Այդ մասը ցույց է տալիս սուր պատկեր, որը ունի թռչնի կտուցի տեսք։ Թափածակման վտանգի դեպքում հակացուցված է կատարել հոգնա։ Գաստրոգրաֆինը, որը ավելի անվտանգ է, կարելի է օգտագործել բարիումի փոխարեն։
Տարբերակիչ ախտորոշումը կատարում են ավելի հաճախ հանդիպող կարցինոմայից։ Աղիքային խցանումների 80% դեպքերում հայտնաբերվում է ինվազիվ կարցինոմա։ Այն սովորաբար հեշտ ախտորոշվում է էնդոսկոպիկ բիոպսիայով։
Դիվերտիկուլիտը նույնպես ունի նման ախտանիշներ։ Դիվերտիկուլիտը նույնպես կարող է լինել աղիքային օբստրուկցիայի պատճառ[11]։
Էնդոսկոպիայով կարող է կատարվել ճշգրիտ ախտորոշում, չնայած այն կարող է բերել բորբոքված դիվերտիկուլով հատվածի թափածակման։ Համակարգչային Շերտագրությունը ավելի հաճախ կիրառվող մեթոդ է ախտորոշման համար։ Կարող են երևալ թափածակման փոքր մասեր՝ ազատ գազով։
Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի համախտանիշը կարող են բերել աղիքային օբստրուկցիայի։ Օբստրուկցիան կարող է լինել սուր կամ քրոնիկ՝ տարինար շարունակ չբուժված հիվանդության պատճառով, որի արդյունքում առաջանում են սպիական նեղացումներ և խուղակներ։ Հիվանդության պատմությունը օգտակար է աղիների բորբոքային հիվանդությունների ի հայտ բերելու համար։
Այլ հազվադեպ դիտվող համախտանիշները, որոնցից են Օգիվեի համախտանիշը, քրոնիկ փորկապությունը կարող են առաջացնել ենթաօբստրուկցիա[12]։
Սիգմայաձև աղու ոլորման դեպքում կատարում են սիգմոսկոպիա։ Եթե սիգմայաձև աղու լորձաթաղանթը նորմալ տեսք ունի և վարդագույն է, ապա դնում են ռեկտալ խողովակ և կատարում են դեկոմպրեսիա։ Հեղուկի, էլեկտրոլիտների քանակի, սրտի, երիկամների և թոքերի ֆունկցիաների ցանկացած շեղումներ պետք է կարգավորվեն։ Սիգմայաձև աղու ոլորումով մարդուն պետք է տանել վիրահատական սենյակ՝ հետագա վիրահատության նպատակով։ Չվիրահատվելու դեպքում կա ախտադարձի մեծ հավանականություն։
Սեպսիսի դեպքում պետք է կատարել վիրահատություն՝ ռեզեկցիա։
Կույր աղու ոլորման դեպքում կույր աղին կարելի է վերադարձնել իր նորմալ դիրքին։ Այդ պրոցեդուրան կոչվում է ցեկոպեքսիա[1]։ Մինչև խորը իշեմիայի սկսվելը, կույր աղու ոլորումը նաև կարելի է ուղղել լապարոսկոպիայի միջոցով[13]։
Այլ ոլորման տեսակների դեպքում կատարվում է լապարոտոմիա, օրինակ՝ անալ ոլորման դեպքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.