From Wikipedia, the free encyclopedia
«Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։
Տղամարդիկ | |
---|---|
«Տղամարդիկ» արձանախումբ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 2006 |
Գտնվում է | Ստեփան Զորյան փողոց |
Բարձրություն | 1,80մ |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Մինասյան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | հոկտեմբերի 13, 2007 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։
Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թվականին։ Որպես բնորդ մի քանի անգամ ծառայել է Արամոն, որը շատ նման է հորը՝ Արամի դերակատար Ավետիք Գևորգյանին։
Բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները՝ կինը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը, որդիները Դավիթ և Տիգրան Քեոսայանները, արձանախմբում պատկերվածներից այդ պահին միակ ողջ դերասանը՝ ծանր հիվանդ Արմեն Այվազյանը, որը դրանից մեկ ամիս անց մահացավ[1]։ Արձանը դիտելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ՝ դերասան Հրանտ Թոխատյանը, դրամատուրգ, գրող-երգիծաբան Վահրամ Սահակյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, դերակատարներից Արամի որդին՝ երգիչ Արամոն, նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, այլք[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.