![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Revolution_Girl_Style_Now_by_Feral78.jpg/640px-Revolution_Girl_Style_Now_by_Feral78.jpg&w=640&q=50)
Riot grrrl
From Wikipedia, the free encyclopedia
Riot Grrrl (արգլերեն եզրույթ․ արտասանվում է ռայըթ գըռլ), անդերգրաունդային ֆեմինիստական փանք շարժում, որ սկիզբ է առել 1990-ական թվականներին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում[1][2] և խաղաղօվկիանոսային հյուսիսարևելյան մեծ տարածաշրջանում / greater Pacific Northwest[3] ու տարածվել առնվազն 26 արտասահմանյան երկրում[4]։ Ենթամշակութային այս շարժումը համադրել է ֆեմինիզմը, փանք երաժշտությունն ու քաղաքականությունը[5] և հաճախ զուգակցվում է ֆեմինիզմի երրորդ ալիքի հետ, որը երբեմն դիտարկվում է որպես Riot grrrl շարժման զարգացման արդյունք (ճիշտ այդպես էլ ֆեմինիստական չորրորդ ալիքն է առնչվում 2010-ական թվականների փանք երաժշտությանը[6])։ Կարծիք է հայտնվում նաև, որ ժանրը ծագել է ինդի ռոքից՝ կանանց հնարավորություն ընձեռելով արտահայտելու իրենց զայրույթը, ցասումը, ընկճախտը, բնորոշ այլ հույզեր ու զգացումներ[7]։ Շարժումն իր արտահայտությունն է գտել մի կողմից կոշտուկոպիտ, սովորաբար սիրողական եղանակով ստեղծված փանկ ռոքում, մյուս կողմից՝ քաղաքական ակտիվության մեջ, որը ռոքի ժանրը որոշ ժամանակ վերածել է ազդեցիկ ենթամշակույթի։ Բազմաթիվ riot grrrl կատարողներ կենտրոնացել են գենդերային հարաբերությունների հետ այս կամ այն կերպ առնչվող թեմաների վրա ( բռնաբարություն, ընտանեկան բռնություն, միասեռական սեր )՝ դրանք դիտարկելով արմատական դիրքերից։ Սկզբում շարժման առաջնորդներն իրենց դրեցին մեծ երաժշտական բիզնեսից դուրս և կտրվեցին կորպորատիվ շահերից. riot-grrrl կատարողների ձայնագրությունների մեծ մասը թողարկվել է Kill Rock Stars խոսուն անվանումը կրող լեյբլով։
Զանգվածային լրատվամիջոցները riot grrrl շարժմանն սկզբնապես առնչված երաժշտախմբերի մեջ ներառել են Bikini Kill-ը, Bratmobile-ը, Heavens to Betsy-ն, Excuse 17-ը, Slant 6-ը, Emily's Sassy Lime-ը, Huggy Bear-ը, Jack Off Jill-ը, Skinned Teen-ը, որը հետագայում ստեղծել է Riot Goth տերմինը[1][3][8][9][10][11][12]։ Ընդրկված են եղել նաև queercore երաժշտախմբերից Team Dresch-ն ու the Third Sex-ը[1][13]։
21-րդ դարում riot grrrl շարժման հետևորդները վերջնակապես դուրս թռան լրատվամիջոցների ուշադրության կիզակետից և ձեռնամուխ եղան պրակտիկ գործունեություն ծավալելուն՝ կազմակերպելով կանանց երաժշտական փառատոներ, ինքնապաշտպանության դասընթացներ ( «Home Alive» ), օգնություն աշխատանքի տեղավորման հարցում, ընդհատակյա գրականության հրատարակում և այլն։