From Wikipedia, the free encyclopedia
K’Naan (իսկական անվանում` Քեյնան Աբդի Վարսամե (անգլ.՝ Keinan Abdi Warsame), մայիսի 30, 1978 կամ փետրվարի 1, 1978[1], Մոգադիշո, Սոմալի[2]), սոմալա-կանադացի պոետ, ռեփեր և երաժիշտ։ Արժանացել է Juno, Polaris Music Prize և BBC Radio 3 Award for World Music մրցանակներին։ Նրա «Wavin’ Flag» երգը դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը[3]։ Սոմալերենում k’naan նշանակում է «ճանապարհորդ»։
K’Naan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1978 (46 տարեկան) կամ փետրվարի 1, 1978[1] (46 տարեկան) Մոգադիշո, Սոմալի[2] |
Երկիր | Կանադա և Սոմալի |
Ժանրեր | ռեփ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգիչ և մանկագիր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | A&M Octone Records? և A&M Records |
Կրթություն | Յորքի համալսարան |
Կայք | knaanmusic.com |
K'naan Վիքիպահեստում |
K’Naan ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում[4]։ Երաժշտի մորաքույրը սոմալացի հայտնի երգչուհի Magool-ն է, իսկ պապիկը՝ Հաջի Մոհամեդը, գրող էր։ K’Naan-ի մանկությունն անցել է Սոմալիում քաղաքացիական պատերազմի տարիներին, ինչի արդյունքում դժվարությամբ է գոյատևել քաղաքի փողոցներում։ Այդ շրջանում սկսել է հետաքրքրվել հիփ հոփ երաժշտությամբ, որի ձայնագրությունները նրան ուղարկում էր ԱՄՆ արտագաղթած հայրը։ 13 տարեկանում K’Naan-ը մոր, ավագ եղբայր Լիբանի և կրտսեր քույր Սագալի հետ լքել է հայրենիքը՝ կարճ ժամանակով միանալով Հարլեմում գտնվող ազգականներին։ Ընտանիքի ճամփորդության վերջին կետը Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքն էր, որտեղ կա խոշոր կանադա-սոմալական համայնք[5]։ Երաժշտի հարազատները մինչ օրս ապրում են Օնտարիոյում։ Նոր երկրում K’Naan-ը սկսել է սովորել անգլերեն։ Դրան նպաստել են նաև Նասի և Ռակիմի երգերը։ Թեպետ երաժիշտը անգլերեն չգիտեր, սկսել է ռեփ կարդալ՝ նմանակելով անգլալեզու կատարողների կատարման ոճը և տեքստերը[6]։ Ավելի ուշ նա սկսել է ստեղծագործել[7]։ K’Naan-ը կիսատ է թողել դպրոցը, որպեսզի ճանապարհորդի, զարգացնի երաժշտական ունակությունները և վերջին հաշվով վերադառնա Տորոնտո։
Կանադայում K’Naan-ը գտել է ընկեր և ապագա գործընկեր՝ ի դեմս Սոլ Գայի (անգլ.՝ Sol Guy)։ 1999 թվականին Գայը նրան հնարավորություն է տվել հանդես գալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի առջև։ Ասմունքի (spoken word) ոճով ելույթում K’Naan-ը քննադատել է ՄԱԿ-ին Սոմալիում տապալված մարդասիրական առաքելության համար[8]։ Միջոցառման մասնակիցներից մեկը՝ սենեգալցի երգիչ Իուսսու Ն’Դուրը, այնքան էր տպավորվել ելույթով և պատանի երաժշտի քաջությամբ, որ նրան հրավիրել է մասնակցել իր նոր ալբոմի («Building Bridges») ձայնագրմանը։
Այդ համագործակցությունը K’Naan-ին հնարավորություն է տվել դրսևորել իրեն նաև ՄԱԿ-ի այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ելույթ ունենալ Մոնրեալում ջազի փառատոնի և Halifax Pop Explosion փառատոնի ժամանակ։ 2001 թվականին նա ծանոթացել է պրոդյուսեր Ջերվիս Չրչի (Jarvis Church) հետ և համատեղ ձայնագրել իր դեբյուտային ալբոմը՝ «The Dusty Foot Philosopher»։ Սկավառակը թողարկվել է 2005 թվականին և ընդունվել երաժշտական քննադատների կողմից։ 2006 թվականին ալբոմն արժանացել է Juno Award մրցանակի «Տարվա ռեփ սկավառակ անվանակարգում»[9] և նոմինացվել 2006 Polaris Music Prize մրցանակի։ 2007 թվականին ալբոմն արժանացել է BBC Radio 3 Award for World Music մրցանակի «Նորեկ» կատեգորիայում[10][11]։
2008 թվականին «The Dusty Foot Philosopher» ալբոմը վերաթողարկվել է մի շարք երկրներում և լրացվել նոր միքսերով և DVD-սկավառակով։ Այնուհետև K’Naan-ը մեկնել է սկավառակի շրջագայության՝ զուգահեռաբար աշխատելով հաջորդ՝ «Troubadour» ալբոմի շուրջ։ Երաժիշտը համագործակցել է մի շարք երաժիշտների հետ, այդ թվում՝ Նելլի Ֆուրտադո, Mos Def, The Roots, Dead Prez և այլք։ 2007 թվականին K’Naan-ը Wrasse Records լեյբլում թողարկել է «The Dusty Foot on the Road» երգերի հավաքածուն, որը ձայնագրվել է համաշխարհային շրջագայության ժամանակ[12]։
Երաժշտի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Troubadour»-ը, թողարկվել է 2009 թվականի փետրվարի 24-ին A&M/Octone Records լեյբլում։ Սկավառակի համաշխարհային տարածումն ապահովել է Universal Music Group ընկերությունը։ Նրա երգերը դարձել են որոշ համակարգչային երգերի սաունդրեք․ «Madden NFL 09»-ում օգտագործվել է «ABC’s» երգը, իսկ «FIFA 06»-ում՝ «Soobax»-ը։
K’Naan-ի «Wavin’ Flag» երգի ռեմիքսն այնքան է դուր եկել ունկնդիրներին, որ դարձել է Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմնը[13]։ 2009 թվականի սեպտեմբերի 21-ին երգիչը ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի միջազգային շրջագայության շրջանակներում մեկնել է համաշխարհային շրջագայության[14]։ 2010 թվականի մարտի 21-ին K’Naan-ը այցելել է Մոսկվա[15][16][17][18]։
Քննադատները բնութագրում են K’Naan-ի երաժշտությունը որպես «Բոբ Մառլիի ժառանգության, ողջամիտ ամերիկյան հիփ հոփի և բողոքի աչքի ընկնող պոեզիայի խառնուրդ»[7]։ Նրա ձայնը և կատարման եղանակը համեմատվել է Էմինեմի հետ[6]։ Անձամբ K’Naan-ը բնութագրել է իր ստեղծագործությունը որպես «սուր սոցիալական երաժշտություն»։ Իր երգերում երաժիշտը պատմում է իր հայրենի Սոմալիում ստեղծված բարդ իրադրության մասին և կոչ է անում հրաժարվել բռնությունից և զանգվածային սպանություններից[19]։ K’Naan-ը նաև փորձում է խուսափել ձևամոլությունից[20] և գանգստա ռեփին բնորոշ կլիշեից։
K’Naan-ը ոգեշնչվում է ավանդական սոմալիական երաժշտությունից[21]։ «Troubadour» ալբոմում հստակ նկատվում է եթովպիական երաժիշտների, մասնավորապես՝ ջազմեններ Alemayehu Eshete-ի և Tilahun Gessesse-ի ազդեցությունը[22][23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.