Ֆրիբուր (ֆր.՝ Fribourg) կամ Ֆրայբուրգ (գերմ.՝ Freiburg), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Գտնվում է Շվեյցարական բարձրավանդակի հարավարևմտյան մասում, Զանե (գերմ.՝ Saane, ֆր.՝ Sarine) գետի ափերին, սահմանակցում է Ֆրիբուրգյան Ալպերին։ Զբաղեցնում է 9.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Շվեյցարիայի բազմալեզու բնակավայրերից է. բնակչության մոտավորապես 58 %-ը խոսում է ֆրանսերեն, 22 %-ը՝ գերմաներեն, 5 %-ը՝ իտալերեն։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 38,521 մարդ, որոնց 31.9%-ը օտարերկրացիներ էին[2]։ Ընդ որում՝ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմում էին Ֆրիբուրի համալսարանի ուսանողները։ 2000–ից 2010 թվականներն ընկած տասնամյակում բնակչության թվաքանակն ավելացել է 8.3%-ով։ Ընդսմին՝ միգրացիան կազմել է 8.1%, ծնունդներն ու մահերը՝ 0.9%[3]:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել