From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթհ Ալի շահ Ղաջար (1771[1], Դամղան, Սեմնան, Իրան - հոկտեմբերի 23, 1834, Սպահան, Իրան), Իրանի շահ 1797-1834 թթ., Ղաջարական հարստությունից Իրանի երկրորդ տիրակալը, հարստության հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարի զարմիկը։ Երիտասարդ տարիքում հայտնի է եղել որպես Բաբա խան[5]։
Երիտասարդ տարիքից եղել է Աղա Մոհամմադ շահի պաշտոնական ժառանգը։ 1797 թվականի հունիսի 17-ին Շուշիում վերջինիս սպանության լուրը ստացել է Շիրազում, որտեղից փոքր զորքով շարժվել է դեպի Թեհրան, որտեղ կարողացել է գալ իշխանության։ Գահի այլ հավակնորդներից Աղա Մոհամմադ շահի եղբայր Ալիղուլի խանն այդ ընթացքում կուրացվել է։ Պաշտոնապես թագադրվել է 1798 թվականի մարտի 19-ին։ Նոր շահի կողմից Թեհրանում և Շիրազում հատված առաջին դրամների վրա նրա անունը նշվել է որպես Սուլթան Բաբա խան, հետագայում՝ Ֆաթհ Ալի շահ[5]։
Ֆաթհ Ալի շահի օրոք Իրանը բախվեց Ռուսական կայսրության հետ, որը ձգտում էր նվաճել Անդրկովկասը։
Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
1801 թ. վրացական Քարթլի-Կախեթի թագավորությունը միացավ Ռուսաստանին։ 1803 թ. Ռուսաստանին միացվեցին նաև Մեգրելիան և Իմերեթական թագավորությունը։ Ռուսական զորքերի ակտիվ գործողությունները Գանձակի (որը նրանք գրոհով գրավեցին 1804 թ.սկզբին) և ապա Երևանի ուղղությամբ բերեցին 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբին։
Պատերազմն ուներ անբարեհաջող ընթացք պարսիկների համար; 1805 թ. Ռուսաստանին միացվեցին Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունները, 1806 թ. ռուսները գրավեցին Դերբենտի, Ղուբայի և Բաքվի խանությունները։ Պատերազմի վերջին տարվա ընթացքում ռուսները ջախջախեցին թագաժառանք Աբբաս-Միրզայի բանակն Ասլանդուզի ճակատամարտում 1812 թ. և ապա 1813 թ. հունվարին գրոհով գրավեցին Լենքորանը։
Վախենալով ռուսների հետագա առաջխաղացումից` շահը ստիպված եղավ սկսել բանակցություններ և ապա կնքել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով ընդունեց Վրաստանի և Դերբենտի, Ղուբայի, Բաքվի, Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի խանությունների անցումը Ռուսաստանին։
Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
Այս պատերազմում ևս պարսիկները կրեցին ծանր պարտություն։ 1828 թ. ստորագրված Թուրքմենչայի հաշտւոթյան պայմանագրով շահը ստիպված եղավ ոչ միայն վերահաստատել Գյուլիստանի պայմանագրով ամրագրված տարածքային կորուստները, այլ նաև ընդունել Երևանի, Նախիջևանի և Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին։
Երկու պատերազմների արդյունքում Իրանը կորցրեց Արաքս և Կուր դեպի հյուսիս ընկած ողջ տարածքը, ինչպես նաև Թալիշական խանությունը և Սուրմալուի գավառը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.