Օրիգամի
From Wikipedia, the free encyclopedia
Օրիգամի (ճապ.՝ 折り紙, օրի՝ «ծալում», կամի՝ «թուղթ» (կամի դարձել է գամի ռենդակուի պատճառով), բառացի՝ «ծալած թուղթ»), դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, թղթից առարկաներ պատրաստելու հնագույն արվեստ։
Օրիգամիի արվեստի արմատները Հին Չինաստանում են, որտեղ էլ հայտնագործվել է թուղթը։ Ի սկզբանե օրիգամին օգտագործվել է կրոնական ծեսերի ժամանակ։ Երկար ժամանակ արվեստի այս ձևը հասանելի էր միայն հասարակության վերին խավերին, որտեղ լավ ապրելու չափանիշ էր թղթի հետ աշխատելու արվեստին տիրապետելը։
Դասական օրիգամին պատրաստվում է քառակուսի թղթից։
Գոյություն ունեն օրիգամի պատրաստելու տարբեր ձևեր և եղանակներ, բազմապիսի պայմանական նշաններ, որոնք անհրաժեշտ են օրիգամին պատրաստելու ընթացքի սխեմա ձևավորելու համար։ Պայմանական նշանների մեծ մասը կիրառության մեջ է դրվել 20-րդ դարի կեսերին հայտնի ճապոնացի վարպետ Ակիրա Յոսիձավայի կողմից (1911-2005)։
Դասական օրիգամիի պատրաստելը ենթադրում է միայն թղթի օգտագործումը՝ առանց սոսնձի և մկրատի։ Դրա հետ մեկտեղ դժվար մոդելի ձևավորման համար օգտագործվում է սկզբնական թերթի հագեցումը սոսնձային մասսայով, որը պարունակում է մեթիլցելյուլոզա[1]։