Քրոմատագրաֆիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քրոմատագրաֆիա (հունարեն՝ χρώμα` գույն և ․․․ գրաֆիա), նյութերի խառնուրդների բաժանման, քիմիական վերլուծության և ֆիզիկաքիմիական հետազոտման եղանակ։ Առաջարկել է Մ․ Ս․ Ցվետը (1903)։ Հիմնված է անշարժ ֆազի երկայնքով հոսող ֆազով՝ էլյուենտով հետազոտվող բաղադրիչների տեղաշարժման տարբեր արագությունների վրա։
Տարբերում են՝ ադսորբման քրոմատագրաֆիա, բաշխման քրոմատագրաֆիա, իոնափոխանակային քրոմատագրաֆիա, մոլեկուլային մաղի (էքսկլյուզիոն) քրոմատագրաֆիա, նստվածքագոյացման քրոմատագրաֆիա, խնամակցային (աֆինային) քրոմատագրաֆիա և այլն։ Ըստ շարժվող ֆազի ագրեգատային վիճակի տարբերում են գազային քրոմատագրաֆիա (ներառնում է գազադսորբման և գազահեղուկ քրոմատագրաֆիաները) և հեղուկային քրոմատագրաֆիա։ Գազադսորբման քրոմատագրաֆիաում անշարժ ֆազը կատալիտիկ ակտիվություն չունեցող, համասեռ, պինդ սորբենտ Է, որի մակերևույթի հատկությունները պայմանավորում են բաժանման ընտրողականությունը։ Այն մեծացնելու նպատակով սորբենտի մակերևույթը պատում են հեղուկի թաղանթով՝ ադսորբման–աբսորբման քրոմատագրաֆիա։ Գազահեղուկ քրոմատագրաֆիայում շարժվող ֆազը գազային Է, անշարժը՝ հեղուկ։ Որպես հեղուկ կլանիչներ օգտագործում են ջերմակայուն հեղուկներ և էվտեկտիկ խառնուրդներ։ Հեղուկային քրոմատագրաֆիայում շարժվող ֆազը հեղուկ է, անշարժը՝ պինդ (ադսորբման քրոմատագրաֆիա) կամ հեղուկ (բաշխման քրոմատագրաֆիա)։ Ըստ անշարժ ֆազի երկրաչափական ձևի տարբերում են աշտարակային և հարթաշերտ քրոմատագրաֆիաները, որոնցից առաջինը ներառնում է մազանոթային, երկրորդը՝ նրբաշերտ և թղթի վրա տարբերակները։ Մազանոթային քրոմատագրաֆիան գերազանցապես գազային քրոմատագրաֆիա է․ կլանումն իրականացվում է սորբենտով լցված կամ բաց մազանոթային աշտարակներում (մինչև 2 մմ տրամագծով)։ Եղանակը կիրառվում է բազմաբաղադրիչ խառնուրդները և հատկություններով միմյանցից քրոմատագրաֆիտիչ տարբերվող նյութերը բաժանելու համար, թույլ է տալիս հետազոտել մինչև 10−4-10−8 գ զանգված ունեցող նմուշներ։ Նրբաշերտ քրոմատագրաֆիայում թիթեղի վրա նստեցված սորբենտի բարակ շերտով շարժվող լուծիչի (էլյուենտ) մեջ լուծված բաղադրիչները բաժանվում են շարժման տարբեր արագություններ ունենալու պատճառով։ Եղանակը թույլ է տալիս որոշել 10−9-10−6 գ նյութի առկայությունը նմուշում։ Քրոմատագրաֆիան թղթի վրա ունի բազմաթիվ տարբերակներ, թղթի շերտը կարող է կատարել ինչպես անշարժ ակտիվ ֆազի, այնպես էլ նրա պասսիվ կրողի դերը։ Եղանակը թույլ է տալիս բաժանել 0,001-1 մկգ նյութերը։
Քրոմատագրաֆիական բաժանումը և հետազոտությունը իրականացնում են հատուկ սարքերում՝ քրոմատագրաֆներում։ Քրոմատագրաֆը բաղկացած է աշտարակից և դետեկտորից։ Մտնող խառնուրդի բաղադրիչները շարժվող ֆազի հոսքով տեղաշարժվում են աշտարակի երկայնքով։ Տարբեր արագություններ ունենալու պատճառով նրանք աշտարակի ելքին են հասնում ոչ միաժամանակ։ Ելքի մոտ գտնվող դետեկտորը անընդհատ որոշում է բաղադրիչի պարունակությունը հոսող ֆազում։ Նրա ազդանշանը գրանցվում է ինքնագրող սարքով, ստացվում է քրոմատագրամ, որի օգնությամբ որոշում են բաղադրիչների թիվը, բնույթը և քանակությունը։
Քրոմատագրաֆիական եղանակները լայնորեն կիրառվում են վերլուծական քիմիայում և արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 497)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոմատագրաֆիա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.