Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Քառասնից Մանկանց վանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում։ Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1241-1256 թվականներին։
Քառասնից Մանկանց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Կազմված է | Աղբյուր նավաքարով, Գավիթ-ժամատուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի և Եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1256 |
Քառասնից Մանկանց վանքը կոչվել է ի հիշատակ 4-րդ դարում նահատակված քառասուն հայ պատանիների (Քառասուն մանկունք կապակցության մեջ մանուկ բառն օգտագործված է պատանի, զինվոր իմաստներով), որոնք Լիկիանոս կայսեր օրոք ծառայել են Սեբաստիայի կայսերական գնդում[2]։ Հրաժարվելով ուրանալ իրենց քրիստոնեական հավատը՝ նրանք ձմռանը նետվել են սառած լիճը և նահատակվել՝ չգայթակղվելով մոտակա տաք բաղնիք գնալու մտքով[3][4]։ Հետագայում սրբերի մասունքների վրա Սեբաստիայում կառուցվել է Քառասնից մանկանց վանքը, որը կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը[5], իսկ Սահակ Պարթև կաթողիկոսը հայոց առաջին տոնացույցում՝ «Կանոնք ընթերցվածոց»-ում, ընդգրկել է «Յիշատակ Քառասնիցն» տոնը մարտի 9-ին[6]։ 470-ական թվականների վերջին կամ 480-ական թվականների սկզբներին Հովհան Մանդակունի կաթողիկոսը տոնացույցի խմբագրման ժամանակ Մեծ պասի կիրակիներից առաջ սահմանել է սրբերի հիշատակի օրեր՝ Քառասնից մանկանց տոնը տեղադրելով հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ այն վերածելով շարժականի[2][7]։
Քառասնից Մանկանց անունով մի շարք եկեղեցիներ ու վանքեր են եղել Արևմտյան Հայաստանում, այդ թվում՝ Սեբաստիա քաղաքում, Խարբերդի, Դերսիմի գավառներում, Կարինում և այլն[8], իսկ Արևելյան Հայաստանում, բացի Դսեղ գյուղի հարևանությամբ եղած եկեղեցին, նույն անունը կրող եկեղեցի կա նաև Օշականի մոտ, որն առավել հայտնի է որպես Մանկանոց Սբ. Սիոն[2][9]։
Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11x8 մ) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահպանվել։ Խարխլված և կիսաքանդ վիճակում են պատերը, թաղերը, գմբեթակիր կամարները։ Վերջիններս խաչաձև հատվում են միմյանց հետ, ինչով եկեղեցին նման է Սանահինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն[10]։ Ավանդատները կրկնահարկ են, երկայնական ձգվածությամբ, և արևելյան կողմում ավարտում են կիսաշրջանաձև խորշերով։ Առաջին հարկի մուտքերը բացվում են աղոթասրահից, իսկ երկրորդ հաարկինը` բեմից։ Որմնամույթերը 1,5 մ դուրս են գալիս երկայնական պատերից և ավարտվում են կիսասյուներով։ Միակ մուտքը եղել է արևմուտքից, ունեցել է հարուստ զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը հարուստ են արձանարություններով, խաչապատկերներով։ Հարավային և արևելյան կողմերում ան հետաքրքիր քանդակներով խաչքարեր։ Տարածքում թափված են պատերի շատ բազմաթիվ բեկորներ, քանդակազարդ քարեր։ Հարավային ավանդատան մուտքի արձանագրությունից պարզվում է, որ ավանդատունը կառուցել է ոմն Դավիթ` 1241 թվականին[10] (ինչպես երևում է եկեղեցու առանձին մասեր կառուցվել են առանձին նվիրատվություններով)։ Բայց կեղեցու մուտքի ճակատակալ քարի արձանագրությունն ասում է, որ 1256 թվականին եկեղեցին օրհնել է Հաղպատի վանահայր Համազասպը։
Ունեցել է ժամատուն, որը չի պահպանվել, սակայն պահպանվել է արձանագրություն ժամատան կառուցողի մասին` այն կառուցել է ոմն Խաչատուր «Ողորմութեամբն Ատուծոյ ես Խաչատուր ծառայ Աստուծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս...»[11]:
1. Եկեղեցու արևմտյա ն մուտքի ճակատակալ քարին առկա է 8 տող արթանագրություն.
Համաձայն արձանագրության Հաղպատի վանքի միաբանության առաջնորդ Գևորգ վարդապետի ցանկությամբ 1256 թվականին Տեր Համազասպը օրհնեց եկեղեցին և տվեց Դսեղի ժողովրդին։
2. Եկեղեցու հարավային պատին, երկու քարի վրա, պատի տարբեր հատվածներում առկա է 5 տող արձանագրություն.