Քաղաքային դումայի շենք (Քաղաքային տուն) (ռուս.՝ Здание городской думы, Городской дом), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1899 թվականին ճարտարապետ Ա. Ն. Պոմերանցևի նախագծով։ Քաղաքի գլխավոր ճարտարապետական արժեքներից մեկն է[1]։ Սկզբնապես շենքում տեղակայված էին քաղաքային դուման և վարչությունը։ Խորհրդային տարիներին շենքում գտնվել է ԽՄԿԿ մարզային կոմիտեն[2]։ Ներկայում շենքը զբաղեցնում են Դոնի Ռոստովի քաղաքապետարանը և քաղաքային դուման։ Քաղաքային դումայի շենքն ունի դաշնային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[3]։

Արագ փաստեր Քաղաքային դումայի շենք, Տեսակ ...
Փակել

Պատմություն

Thumb
Քաղաքային տունը 1902 թվականին

1890-ական թվականների կեսերին Դոնի Ռոստովի վարչակազմը որոշում է ընդունել քաղաքային դումայի շենքի շինարարության մասին (նախկինում պետդուման գործել է Մաքսիմովի տանը)[4]։ Նախագիծը մշակելու համար հրավիրվել է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Նիկանորովիչ Պոմերանցևը, որը քաղաքում արդեն կառուցել էր մի քանի շենք։ Շենքի նախագծի վերջնական տարբերակը հաստատվել է քաղաքային վարչության կողմից 1896 թվականի վերջում։ 1897 թվականին սկսվել է քաղաքային տան շինարարությունը։ 1899 թվականին շենքը կառուցվել է և օծվել[5]։

Ճարտարապետ Պոմերանցևի հաշվարկներով շինարարությունը պետք է արժենար 586 176 ռուբլի, 16 կոպեկ։ Սակայն դումայում համարեցին, որ այդ գումարը չափազանց մեծ է, և այն անհրաժեշտ է կրճատել։ Դումայի ֆինանսական հանձնաժողովը հաստատեց վերջնական գումարը՝ 513 627 ռուբլի[5]։ Սակայն շինարարության ընթացքում նախահաշիվը էապես գերազանցվեց և կազմեց ավելի քան 600 հազար ռուբլի։

Շենքի առաջին հարկը հանձնվել է վարձակալությամբ որպես առևտրային տարածքներ։ Այնտեղ վաճառվել են կտորեղեն, հեծանիվներ, գրամոֆոններ, պատի պաստառներ, մարմարե իրեր, օպտիկական պարագաներ, զենք, հրուշակեղեն[5]։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերը զբաղեցրել են քաղաքային դուման և քաղաքային վարչությունը[4]։ Քաղաքային դուման բաց էր այցելությունների համար։ Նիստերի դահլիճում հանրությանը հատկացվում էր 200 տեղ օթյակում և 40 տեղ՝ պարտերում պատնեշի հետևում։ Ավելի ուշ այդ պատնեշի հետևում տեղադրվեց սեղան մամուլի համար[5]։

1922 թվականին քաղաքային դումայի շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կորսվել են անկյունային գմբեթները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը ենթարկվել է ավելի լուրջ ավերածությունների, սակայն ավարտից հետո արագ վերականգնվել է[4]։ Շենքում տեղավորված էր ԽՄԿԿ մարզային կոմիտեն։

Ճարտարապետություն և ձևավորում

Քաղաքային տունը Պոմերանցևը կառուցել է էկլեկտիզմի ոգով[4]։ Շենքին թաղամասի լուծում է տրված. նրա հատակագիծն ուղղանկյունաձև է, ունի ներքին բակ։ Պոմերանցևի նախագծերից մեկի համաձայն՝ ներքին բակը պետք է ծածկվեր վրանով, որը պետք է դառնար շենքի ծավալի ճարտարապետական շեշտադրումը։ Նման որոշում Պոմերանցևն օգտագործել է ավելի վաղ Մոսկվայի Վերին առևտրային շարքերի շինարարության ժամանակ[6]։

Շենքն ունի չորս հարկ։ Համաչափ ճակատն ունի հարկային բաժանում, որն ընդգծվում է տարբեր ձևերի և չափսերի պատուհաններով[6]։ Առաջին հարկը զարդարված է կոպտատաշ քարով, քիվը զարդարված է դեկորատիվ ատամնիկներով[4]։ Ճարտարապետը օգտագործել է ճակատի ելուստավորումը էրկերներով։ Շենքի կլորացրած անկյունների վրա կառուցված են բարձր գմբեթներ։ Շենքն առատորեն դեկորացված է բարոկկո ոճի ծեփվածքներով։ Ձևավորման մեջ առկա են վահանազարդեր, մեդալիոններ, բուսական և մարդակերպ տարրեր[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.