Տրանսցենդենտալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Տրանսցենդենտալիզմ, գրական, փիլիսոփայական, հոգևոր շարժում, որը ձևավորվել է 1820-ականների վերջին և 1830-ական թվականներին Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանում[Ն 1][2][Ն 2]։ Հիմնական հավատը մարդկանց և բնության բնածին բարության մեջ է[1], և թեև հասարակությունը և նրա ինստիտուտները փչացրել են անհատի մաքրությունը, մարդիկ իրենց լավագույնս դրսևորում են, երբ իսկապես «ինքն իր ուժերին է վստահում» և անկախ է։ Տրանսցենդենտալիստներն աստվածային փորձառությունը տեսնում էին առօրյայում, այլ ոչ թե հեռավոր դրախտին հավատալու մեջ։ Տրանսցենդենտալիստները ֆիզիկական և հոգևոր երևույթները դիտում են որպես դինամիկ գործընթացների մաս, այլ ոչ թե դիսկրետ սուբյեկտներ։
Տրանսցենդենտալիզմն առաջին փիլիսոփայական հոսանքներից մեկն է, որն առաջացել է Միացյալ Նահանգներում[4]։ Հետևաբար, դա ամերիկյան փիլիսոփայության պատմության առանցքային սկզբնակետն է։ Սուբյեկտիվ ինտուիցիան վեր դասելով օբյեկտիվ էմպիրիզմից, նրա հետևորդները կարծում են, որ անհատները ունակ են ստեղծել լիովին ինքնատիպ պատկերացումներ` անցյալի վարպետներին քիչ ուշադրություն դարձնելով և հաշվի առնելով։ Դրա վերելքը բողոք էր այն ժամանակվա ինտելեկտուալիզմի և ոգեղենության ընդհանուր վիճակի դեմ[5]: Հարվարդի աստվածաբանության դպրոցում ուսուցանվող Ունիտար եկեղեցու վարդապետությունը սերտորեն կապված էր տրանսցենդենտալիզմին։
Տրանսցենդենտալիզմն առաջացել է «անգլիական և գերմանական ռոմանտիզմից, Յոհան Գոթֆրիդ Հերդերի և Ֆրիդրիխ Շլայերմախերի աստվածաշնչյան քննադատությունից, Դեյվիդ Հյումի թերահավատությունից»[1], ինչպես նաև Էմանուել Կանտի տրանսցենդենտալ փիլիսոփայությունից և գերմանական իդեալիզմից։ Ըստ Փերի Միլլերի և Արթուր Վերսլուիսի` տրանսցենդենտալիզմի տարածման վրա մեծապես ազդել են Էմանուել Սվեդենբորգը և Յակոբ Բյոմեն[6][7]: Մեծ ազդեցություն են ունեցել նաև մտքի և հոգևորության փիլիսոփայության վերաբերյալ հինդու տեքստերը, հատկապես Ուպանիշադները։