From Wikipedia, the free encyclopedia
Տիեզերական կապ, տիեզերական թռչող ապարատների (ՏԹԱ) միջև, դրանց ու երկրային կայանների միջև և Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) միջոցով երկրային կայանների միջև իրականացվող կապ։ Իրականացվում է հաճախականությունների 1-10 Գհց տիրույթում, սահմանային հեռավորությունը՝ մի քանի հարյուր միլիոն կվ։ Տիեզերական կապի երկրային միջոցները հզոր ռադիոընդունիչներ են (տասնյակ կվտ հզորությամբ), արդյունավետ մեծ մակերևույթով (տասնյակ մ², եզակի անտենաներ՝ 2—5 հզ․ մ²) անտենաներ, քիչ աղմուկով ռադիոընդունիչ սարքավորումներ (աղմկային ջերմաստիճանը՝ տասնյակ K)։
ՏԹԱ-ում տեղավորված տիեզերական կապի ապարատները ունեն մեծ հուսալիություն, փոքր զանգված ու ծավալ, ընդունիչի ճառագայթման հզորությունը՝ միավորից մինչև տասնյակ վտ։ Տիեզերական կապի համակարգերը կիրառվում են ինֆորմացիայի (հեռուստաչափական, չափիչ, հեռախոսային, հեռագրական, հեռուստատեսային և այլն), հրամանների ազդանշանների հաղորդման և հետագծային չափումների անցկացման համար։ Տիեզերական կապի համակարգը կարող է գոյություն ունենալ չափիչ միջոցների (հետագծային չափումների համակարգ), հաշվողական կենտրոնի և ՏԹԱ-ի կառավարման համալիրի միասնությամբ։ Տիեզերական կապի ռադիոկանալների համար, կախված դրանց ուղղությունից և նշանակումից, կիրառվում են հաճախականությունների տարբեր տիրույթներ։ Դրանց տեղաբաշխումը և օգտագործման կարգը որոշվում է ռադիոկապի ռեգլամենտով՝ կանոնակարգով (էլեկտրակապի միջազգային միության փաստաթուղթ, որով սահմանված է հաճախականությունների գոտիների բաժանումը և ռադիոկապի տարբեր տեսակների համար դրանց օգտագործման կարգը)։
Նախատեսված է բոլոր տեսակների անհրաժեշտ ինֆորմացիայի երկկողմ հաղորդումն ապահովելու համար։ Հեռավոր ՏԹԱ-ների (ավտոմատ միջմոլորակային կայանների) հետ տիեզերական կապերին բնորոշ են ընդունվող ռադիոազդանշանների ծայրաստիճան փոքր մակարդակներ և փոխադարձ տեսանելիության երկար ժամանակ, քանի որ Երկիր-ՏԹԱ ուղղության փոփոխությունը հիմնականում որոշվում է Երկրի օրական պտույտի արագությամբ։ Առավել մոտ ՏԹԱ-ներին (ԵԱԱ-ներին, տիեզերանավերին, տիեզերական ուղեծրակայաններին) բնորոշ են կապի ուղղության փոփոխության մեծ արագություն, փոխադարձ տեսանելիության փոքր ժամանակ, համեմատաբար փոքր հեռավորություններ և համապատասխանաբար՝ ռադիոազդանշանների բավականաչափ մեծ մակարդակներ։ Երկիր-ՏԹԱ և ՏԹԱ-Երկիր գծերն ունեն տարբեր ինֆորմացիոն բեռնվածություն և տարբեր էներգետիկական պոտենցիալ։ Երկիր-ՏԹԱ գիծն ապահովում է կառավարման հրամանների, հետագծային չափումների ազդանշանների ՏԹԱ հաղորդումը, բնակեցված տիեզերանավերի տիեզերագնացների հետ հեռախոսային, հեռագրական, հեռուստատեսային կապը։ ՏԹԱ-Երկիր գիծը, որպես կանոն, ունի զգալիորեն փոքր էներգետիկական պոտենցիալ, քանի որ ՏԹԱ-ի հաղորդչի հզորությունը փոքր է Երկիր-ՏԹԱ գծի երկրային կայանի ընդունիչի հզորությունից (ՏԹԱ-ում տեղավորված հաղորդչի հզորությունը միավորից մինչև տասնյակ վտ է, իսկ երկրային կայանինը՝ միավորից մինչև տասնյակ կվտ)։ Այնուամենայնիվ ինֆորմացիայի հիմնական հոսքն անցնում է ՏԹԱ-Երկիր գծով։ Դա հարկադրում է ՏԹԱ-ից ինֆորմացիայի ընդունման համար երկրային կետերում կիրառել մեծ արդյունավետ մակերևույթով (տասնյակ մ²) անտենաներ, իսկ միջմոլորակային ՏԹԱ-ներից ազդանշանի ընդունման դեպքում (քանի որ ընդունվող ազդանշանի հզորությունը փոքրանում է հեռավորության քառակուսուն համապատասխան) անհրաժեշտ են հարյուրավոր և հազարավոր մ² արդյունավետ մակերևույթներ։ 2-5 հազար մ² արդյունավետ մակերևույթով եզակի թանկարժեք անտենային համակարգերի միջոցով միջմոլորակային հեռավորություններում կարելի է ապահովել հեռախոսային կապ։ Տիեզերքում գտնվող մարդու հետ ռադիոկապի սկիզբը դրվել է 1961 թվականի ապրիլի 12-ին, երբ տիեզերագնաց-օդաչու Ցու․ Ա․ Գագարինը, մարդկության պատմության մեջ առաջինը «Վոստոկ» տիեզերանավով պտույտ կատարեց Երկրի շուրջը և թռիչքի ընթացքում Երկրի հետ պահպանում էր երկկողմ կայուն հեռախոսա-հեռագրական կապ։ «Վոստոկ» և «Վոսխոդ» տիեզերանավերի հետագա թռիչքների ընթացքում Երկրի հետ ռադիոկապն ավելի է կատարելագործվել և հաջողությամբ փորձարկվել է խմբային թռիչքների տիեզերանավերի միջև։ 1961 թվականի օգոստոսին «Վոստոկ-2» տիեզերանավի թռիչքի ժամանակ տիեզերքից Երկիր է հաղորդվել տիեզերագնաց-օդաչու Դ․ Ս․ Տիտովի հեռուստատեսային պատկերը։ 1962 թվականի օգոստոսին տիեզերագնաց-օդաչուներ Ա․ Գ․ Նիկոլաեի և Պ․ Ռ․ Պոպովիչի խմբային թռիչքն սկիզբ դրեց սովետական տիեզերական հեռուստատեսությանը։
Մեծ հեռավորությունների միջե սովորաբար կապն իրականացվում է ուղիղ տեսանելիության ռադիոռելեային գծերով, որոնք բաղկացած են երկու ծայրային և մի շարք միջանկյալ կետ-վերա-տրանսլյատորներից։ Միջանկյալ կետերի միջև հեռավորությունը որոշվում է ուղիղ տեսանելիության սահմաններով (Երկրի վրա այն սովորաբար 50—70 կմ է)։ Բարձր ուղեծրով պտտվող ԵԱԱ-ում մեկ միջանկյալ վերատրանսլյատորի տեղակայումով կարելի է իրականացնել կապ միմյանցից հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող կետերի միջե։ Կապի ԵԱԱ-ները կարող են կիրառվել ինչպես կապի առանձին գծերում, այնպես էլ ռադիոռելեային գծերի ցանցերում՝ հեռուստատեսային ծրագրերի, բազմականալային հեռախոսության ու հեռագրության և ինֆորմացիայի այլ տեսակների հաղորդման համար։ Կապի համար կարող են օգտագործվել տարբեր ուղեծրերով և տարբեր բարձրությամբ պտտվող ԵԱԱ-ները։ Կապի ԵԱԱ-ների ուղեծրերի հիմնական տարբերակներն են․ շրջանաձև ստացիոնար, խիստ ձգված էլիպտիկ սինխրոն, միջին բարձրության շրջանաձև և ցածր շրջանաձև։
Իրականացվում է միաժամանակ տիեզերքում գտնվող երկու կամ մի քանի տիեզերանավերի անձնակազմերի միջև և տիեզերանավերի անձնակազմերի ու տիեզերական բաց տարածությունում գտնվող տիեզերագնացների միջև ինֆորմացիայի փոխանակման համար։ Բացի այդ, երկու ավտոմատ ՏԹԱ-ների միջև կապ կարող է իրականացվել նաև ազդանշանների վերատրանսլյացիայի, դիրքի չափման, նավագնացության, մոտեցման և շարժման կառավարման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.