From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի տղաների երգչախումբ (գերմ.՝ Wiener Sängerknaben ), տղաների երգչախումբ, որ տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Աշխարհում ճանաչված տղաների երգչախմբերից մեկն է։ Երգչախմբի տղաներն ընտրվում են ինչպես Ավստրիայից, այնպես էլ այլ երկրներից։
Վիեննայի տղաների երգչախումբ Wiener Sängerknaben | |
---|---|
Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Վիեննայի Մուզիկֆերայն դահլիճում | |
ժանր | դասական, փոփ երաժշտություն |
տարիներ | 1498 - առ այսօր |
երկիր | Ավստրիա |
քաղաք | Վիեննա |
Պաշտոնական կայք | |
Wiener Sängerknaben Վիքիպահեստում |
Երգչախումբը մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Բաղկացած է 10-14 տարեկան մոտ 100 երգիչներից։ Տղաները բաժանված են չորս հիմնական երգչախմբերի, որոնք անվանակոչված են ավստրիացի անվանի կոմպոզիտորներ Անտոն Բրուկների, Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադդեուս Մոցարտի և Ֆրանց Շուբերտի անուններով, և միասին հանդես են գալիս տարեկան մոտ 300 համերգով 500.000 հանդիսականների առջև։ Ցանկացած խումբ հյուրախաղերի է գնում տարեկան 9-11 շաբաթով[1]։ Երգչախմբի կողմից կատարվող հայտնի գործերից են «Good Morning» և «Merry Christmas from Vienna Boys» երգերը։
Երգչախումբը սերում է Վիեննայի արքունիքի տղաների երգչախմբից, որը ձևավորվել է ուշ միջնադարում։ Երգչախումբը ստեղծվել է 1498 թ. հունիսի 30-ին Հաբսբուրգների կայսր Մաքսիմիլիան I-ի գրավոր հրամանով, որում հանձնարարվում էր արքունական ծառայողներին վարձել երգի ուսուցիչ, երկու թավ ձայն ունեցող երգիչ և վեց տղա։ Յուրի Սլատկոնյան դարձավ անսամբլի խմբավարը։ Երգչախումբը պետք է ապահովեր եկեղեցու ժամերգությունը երաժշտական նվագակցությամբ։ Բացի այդ, Հայդն եղբայրները Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երգչախմբի անդամներ էին, իսկ դրա խմբավարն այդ ժամանակ Ջորջ Ռեութեր II-ն էր, ով ծառայեցրել է երգչախումբը կայսերական արքունիքի համար, որն այդ ժամանակ չուներ տղա երգիչներ։
Դարերի ընթացքում երգչախումբն աշխատել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, ներառյալ Հայնրիխ Իսաակը, Պոլ Հոֆհայմերը, Հայնրիխ Իգնազ Բիբերը, Յոհան Ֆուկսը, Անտոնիո Կալդարան, Քրիստոֆ Վիլիբալդ Գլաքը, Անտոնիո Սալիերին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ֆրանց Շուբերտն ու Անտոն Բրուկները[1]։
1920 թ. Ավստրիական կայսրության անկումից հետո Հոֆկապելը (արքունական նվագախումբը) արձակվեց։ Սակայն նվագախմբի այն ժամանակվա ռեկտորը՝ Յոզեֆ Շնիտը, որոշեց պահպանել ավանդույթը։ 1924 թ. պաշտոնապես հիմնադրվեց Վիեննայի տղաների երգչախումբը և ժամանակի ընթացքում վերածվեց պրոֆեսիոնալ երաժշտական խմբի։ Երգչախումբը փոխարինեց կայսրության կադետների ռազմական հագուստը, որը ներառում էր նաև դաշույն, ներկայից կապույտ-կարմիր նավաստու զգեստով[2]։ Հայնց Կառլ Գրուբերը փոփոխված երգչախմբի շրջանավարտներից մեկն է[3]։ 1948 թ. ի վեր Աուգարտենի պալատը հանդիսանում է որպես երգչախմբի փորձերի վայրն ու գիշերօթիկ դպրոցը, որը սկսվում է մանկապարտեզից և ավարտվում միջին դպրոցով։
1961 թ. Ուոլթ Դիսնեյը Աուգարտենի պալատում նկարահանել է Almost Angels դրաման, որը պատմում է Վիեննայի տղաների երգչախմբի մասին։ Դիսնեյը ֆիլմի նկարահանման նպատակով համոզեց ավստրիական կառավարությանը թույլատրել երգչախմբի տղաներին կրել Ավստրիայի ազգային խորհրդանիշն իրենց համազգեստին, և այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր։
Գերալդ Վիրթը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է 2001 թվականից։ Այն ժամանակից ի վեր երգչախումբը հայտնվել է ճնշման տակ՝ արդիականացման պահանջոց և քննադատության է ենթարկվել իր երաժշտական ստանդարտների համար, ինչի հետևանքով երգչախումբը բաժանվել է Վիեննայի պետական օպերայից։ Երգչախումբն առաջին անգամ ստիպված է եղել հանդես գալ ընդունելության համար գովազդով այն բանից հետո, երբ օպերայի ընկերության տնօրեն Իոան Հոլենդերի կողմից ստեղծվում է դրան մրցակից երգչախմբային դպրոց։ Իոան Հոլենդերը բողոքում էր նվազող ստանդարտներից և երգչախմբի հետ վատ հաղորդակցությունից։ Ըստ նրա՝ պետական օպերան հաճախ պատրաստում է տղաներին որոշակի բեմական դերերի համար, սակայն հետո պարզվում է, որ նրանք չեն կարող մասնակցել, քանի որ մեկնել են շրջագայության երգչախմբի հետ։ Մրցակից երգչախմբային դպրոցի ավելի հանգիստ մթնոլորտն ու ելույթների համար իրենց ուղղակիորեն փոխանցվող վճարները գրավել է Վիեննայի տղաների երգչախմբի որոշ տղաների[4]։
Վիեննայի տղաների երգչախումբը որոշեց արդիականացնել իր իմիջը՝ ձայնագրելով փոփ երաժշտություն, ներմուծելով լրացուցիչ համազգեստ և թույլ տալով տղաներին պարել ելույթ ունենալիս[5] 2008 թ., երբ Յուժեն Ջեսերը մահացավ, Վալտեր Նեթիգը դարձավ երգչախմբի տնօրենը։ Գերալդ Վիրթը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է 2001 թվականից, իսկ 2013 թ. դարձավ երգչախմբի տնօրենը[1]։
2010 թ. երգչախմբի երկու երգիչների կողմից արված սեռական բռնությունների մասին պնդումներից հետո Վիեննայի տղաների երգչախումբը բացեց գաղտնի հեռախոսային և էլեկտրոնային թեժ գիծ՝ հնարավորություն տալու երգչախմբի այլ երգիչներին տեղյակ պահելու նման դեպքերի մասին։ Ի հայտ եկան 8 երգիչներ, որոնք հայտնեցին, որ բռնության են ենթարկվել երգչախմբի անձնակազմի կամ այլ անդամների կողմից[6]։
2018 թ. հոկտեմբերի 4-ին Վիեննայի տղաների երգչախումբը համերգով հանդես եկավ Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում ներառված էին Գալուսի, Հենդելի, Հայդնի, Մենդելսոնի, Շուբերտի, Մոխնիկի, Շեչինսկու, Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Բիլլի Ջոելի ստեղծագործությունները[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.