Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս կամ ՎՀ կամպուս (գերմ.՝ Wirtschaftsuniversität Wien Campus, հապավումը` WU Campus), Եվրոպայում բիզնեսի և տնտեսագիտության վրա մասնագիտացած ամենամեծ համալսարանի` Վիեննայի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի կենտրոնակայան Լեոպոլդշտադտ շրջանում։ Այն գտնվում է նախկին համաշխարհային ցուցահանդեսի հարավ-արևմտյան մասում, իսկ ավելի ուշ՝ տոնավաճառի հրապարակում՝ Վիեննայի Պրատեր հանգստյան գոտու հյուսիսային եզրին։ Համալսարանի օբյեկտների մի մասը կառուցվել է 1937 թվականին այրված Վիեննայի ռոտոնդայի տեղում։
Համալսարանի առաջին կամպուսի գտնվելու վայրը որոշվել է 2007 թվականի հոկտեմբերին։ Միջազգային ճարտարապետական մրցույթը մեկնարկել է 2008 թվականի հունիսի 16-ին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են 2008 թվականի դեկտեմբերին։ Ընդհանուր պլանավորումը շնորհվել է BUSarchitektur (Վիեննա) ճարտարապետական կոլեկտիվին՝ Լաուրա Պ. Սփինադելի ղեկավարությամբ, իսկ հինգ այլ հաղթողներ պարգևատրվել են առանձին բաղադրիչների համար։
Կամպուսի հիմնաքարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ փորման աշխատանքները սկսվել են 2010 թվականի փետրվարին։ Գրադարանի և ուսումնական կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերին։ Համալսարանի կամպուսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբեր 4-ին։ Ծրագրի արժեքը կազմել է 492 միլիոն եվրո։
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի հողատարածքը պատկանել է Wiener Messe GmbH ընկերությանը։ Այն կազմում է 90,000 մ², որից 35.000 մ²-ը կառուցապատված է, իսկ 55.000 մ² հանրությանը հասանելի բաց տարածքներ են։ Բոլոր շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 140,000 մ²։ Բաց տարածքներում կա 232 ծառ, 9900 մ² բազմամյա թփեր և ծաղիկներ, 1659 մ² սիզամարգեր, 720 մ հեծանվահրապարակներ, 982 հեծանիվների կայանատեղեր և ինը խմելու շատրվաններ[1]։
2012 թվականի մայիսին շինարարական աշխատանքների ժամանակ շինհրապարակում հրդեհ է բռնկվել, W2 կամպուսի բաղադրիչի վերին երկու հարկերն այրվել են[2]։ 2014 թվականի հուլիսին և 2015 թվականի հունվարին Գրադարանի և ուսումնական կենտրոնի ճակատից պոկվել են 80 կիլոգրամ քաշով բետոնե սալաքարեր և ընկել գետնին[3]։ Երկու դեպքերից ոչ մեկում տուժվածներ չեն եղել։ Պատճառը հավաքման սխալն է եղել, իսկ վնասը կազմել է 1,5 մլն եվրո[4]։ 2015 թվականի փետրվարին գրադարանի ընթերցասրահի առաստաղից լամպեր են ընկել[5]։
Համալսարանը, ի թիվս այլ բաների, ծառայել է որպես «Բանականության խաղեր» (MindGamers, 2015), «Կյանքի ուղեցույց» (Life Guidance, 2017) և «Հանցագործության վայր՝ շոկ» (Tatort: Schock, 2017) ֆիլմերի նկարահանման վայր։