Վարկ
From Wikipedia, the free encyclopedia
Վարկ (լատին․՝ creditum պարտք, լատին․՝ credere վստահել բառերից) կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։ Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով։ Այն հասարակական հարաբերություն է, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։ Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները։ Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները՝ միայն գրավադրմամբ վարկեր։
Ըստ վարկավորման ժամկետի՝ վարկերը լինում են.
- Կարճաժամկետ (1 տարի).
- Միջին ժամկետային (1-5 տարի).
- Երկարաժամկետ (6-10 տարի).
- Հատուկ երկարաժամկետ (20-40 տարի).
- Հատուկ ժամկետայնության տեսակ, որը տրվում է բանկերին, բրոքերներին, դիլերներին շտապ կարիքների համար։
ԸՍՏ ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹԻ
- Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր։
- Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն)։