From Wikipedia, the free encyclopedia
Վարդագույն կակադու, կամ գալա[1] (լատին․՝ Eolophus roseicapilla[2], հոմ.՝ Eolophus roseicapillus, Kakatoe roseicapillus), կակադուների ընտանիքի թռչուն, ցեղի միակ տեսակն է։
Վարդագույն կակադու | |
Վարդագույն կակադու (արու) | |
Վարդագույն կակադու (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Թութակակերպեր (Psittaciformes) |
Ընտանիք | Cacatuidae |
Ցեղ | Eolophus |
Տեսակ | Վարդագույն կակադու (E. roseicapilla) |
Միջազգային անվանում | |
Eolophus roseicapilla Vieillot, 1817 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Վարդագույն կակադուն կակադուների ամենատարածված տեսակն է[3]. նրա արեալը ներառում է Ավստրալիայի գրեթե ողջ տարածքը, ինչպես նաև Թասմանիան (որտեղ հայտնվել է մարդու շնորհիվ) և մոտակա այլ կղզիներ։ Նախքան եվրոպացիների ժամանումը հիմնականում բնակվել է գետերի հովիտներում՝ մայրցամաքի ներքին, անապատային կլիմա ունեցող շրջաններում։ Ծառերի ու թփերի հատումը, գյուղատնտեսության զարգացումը, ամբարտակների կառուցումը հանգեցրել են վարդագույն կակադուների արեալի զգալիորեն մեծացման։ Դրանում առանձնահատուկ դեր են ունեցել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, որոնք զգալիորեն մեծացրել են թռչունների կերային բազան[4]։ Արագ էքսպանսիայի օրինակն իրենց գրքում ներկայացրել են ավստրալիացի թռչնաբաններ Դենիս Սաունդերսն (Denis Saunders) ու Ջոն Ինգրեմը (John Ingram). եթե 20-րդ դարի սկզբում վարդագույն կակադուները եղել են բավական հազվադեպ հանդիպող թռչուններ մայրցամաքի հարավ-արևմուտքում, ապա դարավերջին, երբ զարգացել է այսպես կոչված «հացահատիկային գոտին» (Wheatbelt), նրանք դարձել են բազմաթիվ և սովորական տեսակ՝ դուրս մղելով ծառերի փչակներում բնադրող թռչունների մյուս տեսակներին[5]։
Սկզբնական շրջանում բնակեցրել են անտառածածկ տարածքներն ու մարգագետինները կիսաանապատային գոտիներում, սակայն ներկայում բնակվում են երկրի բոլոր բաց տարածքներում, սավաննաներում, ներառյալ նաև մշակվող տարածքներն ու լեռները, կիսաանապատային գոտիները, հարթավայրերը, մարգագետիններն ու բացատները, դաշտերը, ցանքատարածությունները, քաղաքները, այգիներն ու գոլֆի մարզադաշտերը։ Հազվադեպ հանդիպում են անտառներում։ Կազմում են փոքր (մինչև 20 առանձնյակից կազմված) կամ մեծ (200-1000 առանձնյակներ) երամներ։ Վարում են նստակյաց կյանք։ Օրվա մեծ մասը հանգստանում են ծառերի սաղարթում՝ միաժամանակ կրծելով նրա կեղևն ու տերևները։ Երեկոյան ջուր խմելուց հետո բաժանվում են զույգերի ու թռչում գիշերելու մշտական վայր։ Անձրևի ժամանակ կազվոմ են գլխիվայր՝ լայն բացված թևերով։ Չորային տարածքներում (Ավստրալիայի հյուսիս) բնակվող թռչունները երաժշտի շրջանում տեղափոխվում են այլ վայր։ Գետնի վրա քայլում են դանդաղ։ ԹՌչուն են արագ, մինչև 70 կմ/ժ արագությամբ։ Սնվում են բույսերի սերմերով, հացահատիկով (հատկապես ցորեն և վարսակ), արևածաղկի սերմերով, մրգերով ու հատապտուղներով (պասիֆլորա, մանգո, պապայա), ընկույզով, արմատներով, ընձյուղներով, բույսերով, ծաղիկներով, բողբոջներով, միջատներով ու նրանց թրթուրներով։ Շատ են սիրում Emex australis։ Սնվում են վաղ առավոտյան և երեկոյան, հիմնականում գետնին՝ հավաքվելով մեծ երամներով։ Սնվելիս թռչուններիս մեկը հսկում է։
Բները գտնվում կաուչուկատու բույսերի բարձր փչակներում։ Նախնտրում են այն փչակները, որ գտնվում են 4-20 մետր բարձրության վրա։ Մուտքը մաքրված է մինչև բնափայտը, իսկ ներսում ծածկված է էվկալիպտի տերևներով։ Դնում են 3-5 ձու, որոնց վրա թխսում են երկու թռչունները, իսկ գիշերները՝ միայն էգերը։ Ճուտերը դուրս են գալիս 1 ամիս (25 օր) անց, իսկ մոտավորապես ևս 1 ամիս (49 օր[6]) անց թռչում են բնից։
Բնից հեռանալուց հետո ճուտերը հավաքվում են այսպես կոչված «մանակապարտեզներում», որոնց կազմում ներառվում է մինչև 100 թռչուն։ Նրանք իրենց ծնողներին ճանաչում են ձայնից և մշտապես վերադառնում են հարազատ բույն կերի հետևից։ Ավելի ուշ ընտանիքները կազմում են մինչև 1000 թռչուններից բաղկացած երամներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.