Սպուտնիկ 1
From Wikipedia, the free encyclopedia
Սպուտնիկ 1 (ռուսերեն՝ Спутник-1 [ˈsputnʲɪk] «Արբայնակ 1» կամ ПС-1, ռուսերեն՝ Простейший Спутник-1՝ «Պարզագույն արբանյակ 1»)[1], Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Խորհրդային Միությունը այն Երկրի ուղեծիր է ուղարկել 1957 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արբանյակը փայլեցված մետաղից գունդ էր 58 սմ տրամագծով, որի վրա ամրացված էին 4 արտաքին ալեհավաքներ՝ ռադիոազդանշաններ փոխանցելու համար։ Արբանյակը տեսանելի էր Երկրի ամբողջ տարածքում, իսկ ռադիոազդանշանները հնարավոր էր որսալ հեշտությամբ։ Սպուտնիկի արձակումը ԱՄՆ-ում առաջ բերեց «Արբանյակային ճգնաժամը», որին հաջորդեց Սառը պատերազմի մասը կազմող «տիեզերքի համար մրցավազքը»։ Տիեզերքի համար մրցավազքը պատճառ դարձավ քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական և գիտական մի շարք առաջընթացների։
Սպուտնիկը գիտնականներին շատ նոր տեղեկություններ հաղորդեց մթնոլորտի վերին շերտերի խտության և իոնոսֆերայի մասին։
Սպուտնիկ 1-ը տիեզերք արձակվեց Միջազգային երկրաֆիզիկական տարվա ընթացքում՝ Ղազախական ԽՍՀ-ի Տյուրատամի 5-րդ շարքի N 1/5 տեղամասից (այժմ Բայկանուրի տիեզերական թռիչքների կայան)։ Արբանյակի արագությունը 29000 կմ/ժ էր. պահանջվում էր 96.2 րոպե՝ Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտի համար։ Այն ազդանշանները հաղորդում էր 20.005-40.002 ՄՀց հաճախականությամբ[2] ազդանշաններին հետևում էին ամբողջ աշխարհի շատ ռադիոսիրողներ[3]։ Ազդանշանները շարունակվեցին 21 օր, մարտկոցի լիցքը ավարտվեց 1957 թվականի հոկտեմբերի 26-ին[4]։ 1958 թվականի հունվարի 4-ին Սպուտնիկ 1-ը շուրջ 70 մլն կմ Երկրի շուրջը թռչելուց հետո այրվեց Երկրի մթնոլորտով ընկնելիս[5]։