From Wikipedia, the free encyclopedia
Սոլոմոն Գուգենհայմ[7] (անգլ.՝ Solomon R. Guggenheim, փետրվարի 2, 1861[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1949[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի մեկենաս, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր։ Ժամանակակից արվեստին սատարելու նպատակով ստեղծել է Գուգենհայմի հիմնադրամը։ Արվեստի գործեր սկսել է գնել ու հավաքել 1890-ական թվականներից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո թողել է գործարարությունը (բիզնեսը), որպեսզի ամբողջությամբ նվիրվի արվեստի ստեղծագործությունների հավաքչությանը։ Հիմնական ուշադրությունը նվիրել է աբստրակտ արվեստին, բարոնուհի Հիլա ֆոն Ռեբեյի հետ համագործակցելով՝ մինչև 1930-ական թվականների վերջերը ստեղծել է մի մեծ հավաքածու և 1939 թվականին բացել իր առաջին թանգարանը։
Սոլոմոն Գուգենհայմ անգլ.՝ Solomon R. Guggenheim | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 3, 1949[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, ձեռնարկատեր և գործարանատեր |
Ամուսին | Irene Guggenheim? |
Ծնողներ | հայր՝ Meyer Guggenheim?, մայր՝ Barbara Meyer?[5] |
Երեխաներ | Eleanor Guggenheim?[6] և Barbara Josephine Guggenheim? |
Solomon R. Guggenheim Վիքիպահեստում |
Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, խոշոր հանքատեր, մեծահարուստ գործարար Մեյեր Գուգենհայմի ընտանիքում։ Յոթ եղբայր ու երեք քույր է ունեցել[8]։ Սովորել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Կոնկորդիա ինստիտուտում, որն ավարտելով՝ վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի զբաղվի ընտանեկան բիզնեսով՝ լեռնահանքային գործով։ Ալյասկայում հիմնել է «Yukon Gold Company»-ն, 1891 թվականին՝ «Compañia de la Gran Fundición Nacional Mexicana» ընկերությունը[8]։
1895 թվականին ամուսնացել է գործարար Վիկտոր Հենրի Ռոտշիլդի դստեր՝ Իրեն (Այրին) Ռոտշիլդի հետ[9]։ Ունեցել են երեք դուստր՝ Էլեանոր (1896–1992), Գերտրուդա (1898–1966) և Բարբարա (1904–1985)[8]:
1890-ական թվականներից Սոլոմոն Գուգենհայմն սկսել է հավաքել վրձնի հին վարպետների ստեղծագործություններ։ 1919 թվականից թողել է բիզնեսը, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ ժամանակ տրամադրելու արվեստի ստեղծագործությունների հավաքչությանը։ 1926 թվականին ծանոթացել է բարոնուհի Հիլա ֆոն Ռեբայի հետ[10]։ 1930 թվականին երկուսով այցելել են Վասիլի Կանդինսկու՝ գերմանական Դեսաու քաղաքում գտնվող արվեստանոցը, և Գուգենհայմն սկսել է գնել Կանդինսկու աշխատանքները։ Այդ նույն տարում Գուգենհայմն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր ձեռք բերած ստեղծագործությունների հավաքածուն, ընդ որում՝ ցուցադրությունը կազմակերպել էր Նյու Յորքի Պլազա Հոթելում գտնվող իր բնակարանում։ Շարունակելով արվեստի ստեղծագործությունների գնումները՝ նա ձեռք է բերել Ռուդոլֆ Բաուերի, Մարկ Շագալի, Ֆեռնան Լեժեի, Լասլո Մոհոյ-Նադի գործերից մի ամբողջ շարք[10]։
Հետամուտ լինելով ժամանակակից արվեստի ճանաչմանն ու գնահատմանը սատարելու գործին՝ Սոլոմոն Գուգենհայմը 1937 թվականին հիմնել է Գուգենհայմի հիմնադրամը, 1939 թվականին էլ նա ու իր խորհրդական բարոնուհի Ռեբեյը բացել են «Ոչ առարկայական կերպարվեստի թանգարանը», որն ստեղծվել էր իրենց հավաքածուի հիման վրա[8][11]։ Նրանք ձգտել են հավաքածուում ընդգրկել ոչ առարկայական արվեստի՝ այն ժամանակներում հասանելի առավել կարևոր նմուշները, որոնց թվում էին Կանդինսկու «Կոմպոզիցիա 8»-ը (1923), Լեժեի «Ձևերի հակադրություն»-ը (1913) և Ռոբեր Դելոնեի «Միաժամանակյա լուսամուտներ»-ը (1912)[12]։
1940-ական թվականների սկզբներին թանգարանում արդեն ավանգարդ ոճի այնքան շատ գործեր էին կուտակվել, որ ակնհայտ էր դարձել դրանց տեղավորելու համար ընդարձակ շինություն ունենալու անհրաժեշտությունը[13]։ 1943 թվականին Գուգենհայմն ու Ռեբայը ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթին պատվիրել են պատրաստել թանգարանի նոր շենքի նախագծերը[10]։
Սոլոմոն Գուգենհայմը մահացել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին։ 1952 թվականին որոշվել է ժամանակակից արվեստի թանգարանը կոչել նրա անունով։ Թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 1959 թվականի հոկտեմբերի 21-ին[8]։
Գուգենհայմի հիմնադրամը, բացի նյույորքյան թանգարանից, կառավարում է նաև իսպանական Բիլբաո քաղաքում գործող «Գուգենհայմի թանգարանը» և Սոլոմոնի զարմուհի Պեգգի Գուգենհայմի ստեղծած վենետիկյան հավաքածուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.