ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Քրեյն (անգլ.՝ Stephen Crane, նոյեմբերի 1, 1871[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 5, 1900[1][2][3][…], Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4]), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ամերիկյան պոեզիայում վերլիբրի հիմնադիր։ Մեծ ազդեցություն է գործել անգլիալեզու մշակույթի վրա։
Սթիվեն Քրեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 5, 1900[1][2][3][…] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] |
Գերեզման | Evergreen Cemetery |
Գրական անուն | Johnston Smith[5] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, բեյսբոլիստ, վիպասան և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան, Քլավերքի քոլեջ և The Pennington School? |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Red Badge of Courage? |
Stephen Crane Վիքիպահեստում |
Քրեյնը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում։ Հայրը, որ մեթոդիստ քահանա էր, մահացավ, երբ տղան 10 տարեկան էր։ 1888 թվականին ավարտելով դպրոցը՝ Սթիվենը ուսումը շարունակեց Լաֆայետ քոլեջում, այնուհետև՝ Սիրակուզ քաղաքի համալսարանում։ Պատանության տարիներին նա զբաղվում էր լրագրողական աշխատանքով, բեյսբոլ էր խաղում։ Գրել սկսել է 15 տարեկանից։
1891 թվականին Սթիվենը զրկվեց նաև մորից։ Նա տեղափոխվեց Նյու Յորք, սենյակ վարձեց մի աղքատ թաղամասում, աշխատանքի ընդունվեց թերթերից մեկի խմբագրությունում որպես լրագրող։ Ակնարկագրի նրա վարպետությունը շատ շուտով նկատեցին բոլորը։ Նա ձեռնամուխ եղավ իր առաջին մեծ գործի ստեղծմանը։ Դա վիպակ էր նյույորքյան կահավորված սենյակների կենվորների կյանքի մասին։ Քրեյնի «Փողոցային աղջիկ Մեգգին» գիրքը պատմում էր մի երիտասարդ բանվորուհու մասին, որին իր մտերիմների սառցե անտարբերությունը հասցնում է մարմնավաճառության։ Հրատարակիչներից բազմապատիկ մերժում ստանալով՝ Քրեյնը վիպակը տպագրեց իր սեփական միջոցներով, Ջոնսթոն Սմիթ կեղծանունով։ Գիրքն այնքան էլ լավ չէր վաճառվում, բայց լավն այն էր, որ հավանության էր արժանացել ազդեցիկ գրողներ Հեմլին Գարլանդի և Ուիլյամ Դին Հոուելսի կողմից։ Վերջինս իր գրախոսության մեջ շեշտեց, որ ուրիշ ոչ մի գրողի դեռևս չի հաջողվել այդքան տպավորիչ պատկերել կարիքի ճակատագրական զորությունը։ Գրքի մասին լույս տեսան բազմաթիվ այլ գրախոսություններ ևս, մեծ հետաքրքրություն առաջացավ՝ նպաստելով հեղինակի համբավի տարածմանը։ Նրա նոր ծանոթների մեջ էին ճանաչված այնպիսի գրողներ, ինչպիսիք են Մարկ Տվենը, Ֆրեսիս Բրեթ Հարտը... Այդ նույն ժամանակաշրջանում Քրեյնը, ոգեշնչված Էմիլի Դիքինսոնի ստեղծագործություններով, որոնց նոր-նոր էր ծանոթացել, սկսում է բանաստեղծություններ գրել։ «Սև հեծյալները և այլ տողեր» ժողովածուում ի մի բերված նրա բանաստեղծությունները պոետի թափառումների, փիլիսոփայական ու կրոնական թեմաներով նրա խորհրդածությունների մասին են։ Ուոլտ Ուիթմենից հետո երկրորդը լինելով՝ Քրեյնը կիրառում է ազատ ոտանավորի՝ վերլիբրի տեխնիկան՝ յուրովի մի նոր շունչ հաղորդելով դրան։ Այս առումով հարկ է նշել, որ ոճի տեսակետից Քրեյնն ու Ուիթմենը հակոտնյաներ են։ Քրեյնի բանաստեղծություններին բնորոշ են լակոնիզմը, աֆորիզմային դիպուկությունը, դառը հեգնանքը, զուսպ զգացմունքայնությունը։
Բանաստեղծություններից բացի, Քրեյնը այդ նույն ժամանակաշրջանում գրում է իրեն համաշխարհային հռչակ պարգևած «Խիզախության ալ նշանը» վեպը, որն առ այսօր համարվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին գրված լավագույն վեպը։ Այս ստեղծագործության՝ 1894 թվականին լույս տեսած ամսագրային տարբերակը արժանացավ ընթերցողների ջերմագին, հիացական ընդունելությանը, իսկ գրքային տարբերակը, որը հրատարակվեց 1895 թվականին, հռչակի հետ մեկտեղ զգալի ֆինանսական միջոցներ բերեց նրան։ Այդ նույն տարում Քրեյնը մեկնեց ԱՄՆ արևմտյան նահանգներով և Մեքսիկայով ճամփորդության, որի արդյունքում ստեղծեց լրագրային ակնարկների մի ամբողջ շարք, ինչպես նաև՝ բարձրարժեք այնպիսի պատմվածքներ, ինչպիսիք են «Կապույտ հյուրանոցը», «Թե ինչպես հարսնացուն Ելլո Սքայ եկավ»-ը։ Մեկ տարի անց հրատարակեց իր «Մեգգի» վիպակի երկրորդ տարբերակը՝ մասնակիորեն չափավորելով բարոյախոսական հրայրքը և մեղմացնելով երկախոսությունները։ 1896 թվականի վերջին Քրեյնը մեկնեց Կուբա։ 1897 թ. հունվարի 2-ին այն նավը, որով նա ճամփորդում էր, ջրասուզվեց, և Քրեյնը հրաշքով կարողացավ ափ հասնել։ Հետագայում այս պատմությունը իր արտացոլումը գտավ «Մակույկը բաց ծովում» պատմվածքում։ Այդ նույն տարում լույս տեսան «Ջորջի մայրը» և «Երրորդ մանուշակը» վեպերը, որոնցից առաջինը անառակաբարո զավակի և կրոնավախ մոր հարաբերությունների աստիճանական խզման իրապաշտական պատմությունն է, իսկ երկրորդում ռոմանտիկ գույներով պատկերված են նյույորքցի նկարիչ զույգի սիրային զգացմունքները։ Այս վեպերին հաջորդեց պատմվածքների «Փոքրիկ զորագունդը» ժողովածուն։
1897 թվականին Քրեյնը մեկնում է թուրքա-հունական պատերազմի դաշտ, որտեղից ռեպորտաժներ էր ուղարկում ամերիկյան մի շարք թերթերի։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, նա մեկնեց Անգլիա և բնակություն հաստատեց այնտեղ։ Նրա նոր մտերիմների թվում էին գրողներ Հենրի Ջեյմսը, Ջոզեֆ Քոնրադը, Հերբերթ Ուելսը։ 1898 թվականին լույս տեսավ Քրեյնի,,Մակույկը բաց ծովում» և արկածային այլ պատմվածքներ,, գիրքը, իսկ հաջորդ տարում՝ բանաստեղծությունների «Բարի պատերազմ» ժողովածուն, որտեղ ներառված իմպրեսիոնիստական ճեպանկարներով ու փիլիսոփայական բանաստեղծություններով նա, իր իսկ բնորոշմամբ, պատերազմ է հայտարարում պատերազմին։
Գրողի կյանքի վերջին տարիները մռայլվեցին թոքախտի պատճառով; Բայց նա հարկադրված էր, անտեսելով հիվանդությունը, լարված աշխատել, քանի որ մեծ պարտքեր ուներ, և պարտատերերը հանգիստ չէին տալիս նրան։ Իրար ետևից լույս տեսան «Ակտիվ ծառայության մեջ» վեպը, հոգեբանական պատմվածքների երեք ժողովածուներ՝ «Հրեշը» և այլ պատմվածքներ,,, «Վերքեր անձրևի տակ», «Ուիլոմվիլյան պատմություններ»։ 1900 թվականին Քրեյնն այլևս ի վիճակի չէր գրելու և հիմնականում թելադրում էր իր վերջին պատմվածքները և «Օ՛Ռուդի» վեպը, որը նրա մահից հետո ավարտի հասցրեց Ռ. Բարրը։
Քրեյնը մահացավ 1900 թվականի հունիսի 5-ին գերմանական Բադենվայլեր կուրորտային քաղաքում, որտեղ տարիներ անց այդ նույն հիվանդության պատճաեով իր մահկանացուն կնքեց մեկ այլ նշանավոր գրող ևս՝ Անտոն Չեխովը։ Ապրելով ընդամենը ոչ լրիվ 29 տարի, ստեղծագործելով մեկուկես տասնամյակից էլ կարճ մի ժամանակահատվածում՝ մեծատաղանդ գրողը իր և հետագա սերունդներին հանձնեց բարձրարժեք երկերով հագեցած, գրական հարուստ ժառանգություն, որն ամփոփվում է տասներկու հատորներում։
Սթիվեն Քրեյնի գրական ժառանգության ճակատագիրը կարելի է քիչ թե շատ բարեհաջող համարել։ Նրա ստեղծագործությունները այսօր էլ մեծ ժողովրդականություն են վայելում, հրատարակվում բազմամիլիոնանոց տպաքանակներով, թարգմանվում աշխարհի շատ ու շատ ժողովուրդների լեզուներով։ Ամենից հաճախ և առավել մեծ տպաքանակներով հրատարակվում է,,Խիզախության ալ նշանը,, վեպը։ Բայց Քրեյնը եղել և մնում է նաև կարճ պատմվածքի անգերազանցելի վարպետ, ումից դասեր են քաղել Հեմինգուեյը, Ֆոլքները, Դրայզերը։ Քրեյնի,,Մակույկը բաց ծովում,, և,,Կապույտ հյուրանոցը,, պատմվածքները ընդգրկված են բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն պատմվածքների ցանկում։ Իսկ որպես բանաստեղծ նա իր նորարական շնչով ու ոգով ասես նախանշել է անգլիալեզու պոեզիայի զարգացման ուղին առնվազն մի ամբողջ հարյուրամյակի համար։ Իրենց ստեղծագործության վրա նրա ազդեցությունը խոստովանել են Կարլ Սանդբերգը, Ուիլյամ Կարլոս Ուիլյամսը, Թոմաս Սթերնս Էլիոթը։ Անվանի բանաստեղծ Ջոն Բերիմանը լույս է ընծայել Սթիվեն Քրեյնի կյանքի պատմությունն ամփոփող իր գիրքը։
Քրեյնը, անկասկած, մեր սերնդի լավագույն գրողն է։ - Հերբերթ Ուելս |
Սթիվեն Քրեյնի ստեղծագործություններից «Մակույկը բաց ծովում» և «Չշրջած դեմքը» պատմվածքները հայերեն թարգմանությամբ լույս են տեսել 1989 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «19-րդ դարի ամերիկյան պատմվածք» ժողովածուում (այստեղ «Մակույկը բաց ծովում» պատմվածքը ներկայացված է «Փոքրիկ առագաստանավը» վերնագրով)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.