Սավանտի համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Սավանտի համախտանիշ երբեմն կրճատ՝ սավանտիզմ (ֆր.՝ savant — «գիտնական»), հազվադեպ հանդիպող իրավիճակ է, որի դեպքում անձն ունի աչքի ըկնող, նորմայից գերազանցող կարողություններ՝ մեկ կամ մի քանի ոլորտներում, հաճախ ունենում է նաև այլ ոլորտներում ուղեղի գործունեության զգալի դեֆիցիտ[1][2][3][4]։ Հանդիպում է շատ հազվադեպ և ուղեկցվում է զարգացման ձևի որոշակի խանգարմամբ, օրինակ՝ մանկական աուտիզմ, կամ Ասպերգերի համախտանիշ կամ մտավոր հետամնացություն։ Առավել հազվադեպ կարող է լինել ուղեղի վրա ազդող գանգուղեղային վնասվածքի կամ հիվանդության հետևանք։
Ոլորտները, որտեղ առավել հաճախ են ի հայտ գալիս ընդունակությունները հետևյալն են՝ երաժշտություն, կերպարվեստ, թվաբանական հաշվարկներ, քարտեզագրություն, բարդ եռաչափ մոդելների կառուցում։
Չնայած նրան, որ այս վիճակը անվանվում է համախտանիշ, նա ընդգրծված չէ բժշկական դասակարգման մեջ[5][6]։
Սավանտի համախտանիշով մարդը կարող է կրկնել մի անգամ լսած տեքստի մի քանի էջ, անսխալ ասել բազմանիշ թվերի բազմապատկման արդյունքը կամ ասել, թե շաբաթվա ինչ օր է, օրինակ, 3001 թվականի հունվարի 1-ը։ Հանդիպում են սավանտներ, ովքեր ունակ են երգել իրենց լսած բոլոր արիաները կամ Լոնդոնի վրա թռիչք կատարելուց հետո նկարել տարածքի քարտեզը, ինչն արեց 29 ամյա Սթիվեն Ուիլթշիրը։ Դրա հետ մեկտեղ, սավանտի համախտանիշի գրանցված դեպքերի մեջ, կան մարդիկ, ովքեր ունեն հատուկ ընդունակություններ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ժամանակի սուր ընկալում և այլն։ Սակայն մնացած ոլորտներում, որտեղ համախտանիշն ի հայտ չի գալիս, այդպիսի մարդը կարող է ցուցադրել ակնհայտ զարգացման հապաղում, մինչև՝ մտավոր հետամնացություն։ Ամենատարածվածը «օրացույցային» սավանտիզմն է, հազվադեպ հանդիպում են ֆենոմենալ հիշողություն ունեցող սավանտներ։ Հանդիպում են նաև հիպերհաշվիչ սավանտներ, ովքեր ունեն գերզարգացած մաթեմատիկական ընդունակություններ[7]։
Հոգեբանական գրականության մեջ, օլիգոֆրեն հիվանդների իմբեցիլ աստիճանում նկարագրվում են բացառիկ հիշողության և «օրացուցային» սավանտիզմի դեպքեր[8]։