From Wikipedia, the free encyclopedia
Սահակ Կարապետի Կարապետյան (մայիսի 29, 1906[1] կամ հունիսի 16, 1906[2], Արմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ, անասնաբույծ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1961), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։
Սահակ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1906[1] կամ հունիսի 16, 1906[2] Արմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1987[2] (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, անասնաբույծ, ընտրասերիչ և պետական գործիչ |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ[1], Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա[1], Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Պաշտոն(ներ) | Հայաստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] և Գերագույն խորհուրդ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1961) և ակադեմիկոս[1][2] (1943) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1933 թվականին ավարտել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահի՝ գիտական գծով տեղակալ (1938-1940), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար (1940-1944), ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և արտաքին գործերի նախարար (1944-1947), ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ (1947-1952)։ 1952-1955 թթ. աշխատել է Հայկական անասնաբուծական և անասնաբուժական ԳՀԻ-ի, իսկ 1955-1957 թվականներին՝ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։
1958 թվականից ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիան (միաժամանակ 1964 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ), 1965 թվականից Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահ, 1970 թվականից՝ Ֆիզիոլոգների միջազգային խորհրդի և թռչնաբույծների համաշխարհային ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ։ Կարապետյանը 1940-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն Խորհրդի և ՀԽՍՀ 2-4 գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բազմացման և վերարտադրական ֆունկցիայի խթանման, թռչունների մթերատվության բարձրացման, թռչնաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հարցերին։ Ապացուցել է, որ լրացուցիչ լուսավորության պայմաններում գյուղատնտեսական թռչունների տարեկան միջին ձվատվությունն ավելանում է 20-25%, իսկ արհեստական աղբյուրներից ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ խթանվում է մատղաշ և հասուն թռչունների աճն ու զարգացումը, բարձրանում՝ մթերատվությունը։ Կարապետյանի այս առաջարկությունները 1953 թվականից կիրառվում են ԽՍՀՄ թռչնաբուծական բոլոր տնտեսություններում՝ որպես պահվածքի ռեժիմի պարտադիր տարր։ Նա հաստատել է, որ ուղեղի մեծ կիսագնդերի երկկողմանի միաժամանակյա հեռացման դեպքում անվերադարձ խախտվում է թռչունների բազմացման օրգանների գործունեությունը, իսկ վերին մակուղեղը հեռացնելիս ոչ թե արագանում է սեռական հասունացման պրոցեսը, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ ընդհակառակը, դանդաղում է և նույնիսկ արգելակվում։
Տեսական և գործնական կարևորություն ունեն կովկասյան գորշ տավարի ցեղի կովերի կաթի յուղայնության և սպիտակուցի քանակի ավելացման ուղղությամբ կատարած հետազոտությունները։ 1946-1974 թվականներին նրա ղեկավարությամբ ստեղծվել է երևանյան հավերի ցեղը, որը ԽՍՀՄ-ում բուծվող մսաձվատու ցեղերի առաջնեկն է։ Որպես պատգամավոր գիտական զեկուցումներով հանդես է եկել ֆիզիոլոգիային և թռչնաբուծությանը նվիրված միջազգային կոնգրեսներում (1958 թվականին՝ Մեքսիկա, 1965 թվականին՝ Ճապոնիա, 1966 թվականին՝ ԽՍՀՄ, 1968 թվականին՝ ԱՄՆ, 1970 թվականին՝ Իսպանիա)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.